Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 24-ՐԴ, 2 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/1702/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/1702/05/08                                 2009 թ.

Նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ա. Մաթևոսյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Բաղդասար Ասմանգուլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.12.2008 թվականի վճռի դեմ` ըստ Բաղդասար Ասմանգուլյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Կենտրոն թաղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), Արտավազդ Թորգոմյանի` Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 838-Ա որոշման քաղվածքի թիվ 858 կետը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բաղդասար Ասմանգուլյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 838-Ա որոշման քաղվածքի թիվ 858 կետը, որպես իրավական հետևանք անվավեր ճանաչել նաև վիճելի ավտոտնակի նկատմամբ Արտավազդ Թորգոմյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բաղդասար Ասմանգուլյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 24-րդ հոդվածի 1-ին, 25-րդ հոդվածի 1-ին, 26-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 70-րդ հոդվածը, կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 55-րդ հոդվածը, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի կատարել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որն անհրաժեշտ էր Դատարանի ներքին համոզմունքը ձևավորելու համար, և չի պարզել գործի համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, ինչի հետևանքով հաստատված չի համարել, որ վիճելի ավտոտնակը տեղադրված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, ինչը հաստատվում է լուսանկարներով և 17.06.2005 թվականի թիվ 4840-2005 գլխավոր հատակագծով:

Դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 55-րդ հոդվածը, սակայն սույն գործով պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը վեճի առարկա չէ:

Վիճելի ավտոտնակի նկատմամբ չէր կարող ճանաչվել սեփականության իրավունքը նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, քանի որ նշված հոդվածով սահմանված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում չի թույլատրվում ճանաչել կառուցապատողի սեփականության իրավունքը: «Քաղաքային և գյուղական բնակավայրերի նախագծում և կառուցապատում» շինարարական նորմերի և կանոնների համաձայն` առանձնատանը կից կառուցապատման շրջաններում բնակելի տարածքների պատուհաններից մինչև հարևան հողատարածքներում տեղակայված տնտեսական կառույցներ (ավտոտնակ, բաղնիք) պետք է լինի մեկ մետրից ոչ պակաս: Ինչպես երևում է գլխավոր հատակագծից և լուսանկարներից` ավտոտնակի և բողոք բերած անձի տան միջև ընդհանրապես միջանցիկ տարածք չի պահպանվել, ավտոտնակը տանը կից է, ինչը հանգեցնում է ավտոտնակին կից սեփականության իրավունքով պատկանող տան օգտագործման, տնօրինման և տիրապետման իրավունքի խախտմանը:

ՈՒստի դատարանի կողմից չպետք է հիմք ընդունվեր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.03.2005 թվականի մասնագիտական եզրակացությունը, քանի որ դրա` գլխավոր հատակագծի և լուսանկարների հետ համեմատությունից պարզ է դառնում, որ նշված եզրակացությունը հակասում է նշված շինարարական նորմերի և կանոնների պահանջներին:

Դատարանը, պատճառաբանելով, որ բողոք բերած անձը չի ներկայացրել վիճարկվող որոշմամբ իր իրավունքների սահմանափակման վերաբերյալ որևէ ապացույց, անտեսել է այն հանգամանքը, որ վիճարկվող որոշման համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման բեռը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կրում է վարչական մարմինը:

2) Դատարանը չի կիրառել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, պարզելով, որ վիճարկվող որոշումն ընդունվել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժը կորցնելուց հետո, չի կիրառել նշված օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը և հիմք է ընդունել նույն հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Կադաստրի 22.02.2005 թվականի թիվ 2 պաշտոնական պարզաբանումը, ինչը հիմնավոր չէ, քանի որ վերջինս դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և տվել է այլ մարմնի գործողության վերաբերյալ գնահատական:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կադաստրի աշխատակազմի Մարաշի տարածքային ստորաբաժանման ղեկավարի 08.02.2005 թվականի թիվ 195 գրությամբ Երևանի քաղաքապետին է ներկայացվել նույն ստորաբաժանման կողմից սպասարկվող տարածքում հաշվառված Նար-Դոսի 1 նրբանցքի հասցեում գտնվող ինքնակամ շինության և հողամասի հատակագիծը (գ.թ. 45, 110):

2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.03.2005 թվականի մասնագիտական եզրակացության համաձայն` նշված ինքնակամ կառույցը համապատասխանում է քաղաքաշինական և հողային նորմերի պահանջներին, և առաջարկվել է ճանաչել ինքնակամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը հողի վարձակալության պայմանով (գ.թ. 44, 109):

3) 17.06.2005 թվականի թիվ 4840-2005 գլխավոր հատակագծով սահմանվել են վերոնշյալ ինքնակամ տեղադրված ավտոտնակի զբաղեցրած հողահատվածի սահմանները (գ.թ. 6):

4) Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 838-Ա որոշման 1-ին հավելվածի 858-րդ կետով ճանաչվել է Արտավազդ Թորգոմյանի սեփականության իրավունքը Նար-Դոսի 1-ին նրբանցքի հասցեում գտնվող 12.6 քմ մակերեսով մետաղական ավտոտնակի նկատմամբ, իսկ դրանով զբաղեցրած 12.6 քմ հողատարածքը տրամադրվել է վարձակալության իրավունքով (գ.թ. 4-5, 42-43, 108):

5) Նշված ավտոտնակի և դրանով զբաղեցրած հողատարածքի նկատմամբ համապատասխանաբար սեփականության և վարձակալության իրավունքները 23.08.2005 թվականին գրանցվել է Կադաստրում` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4Կ-11 մատյանի 000024 համարի տակ (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2002126) (գ.թ. 61-65):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 22.02.2005 թվականին) 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վրա ինքնակամ կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ ճանաչվում է կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ և չեն հակասում քաղաքաշինական նորմերին:

i

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը կազմում են քաղաքաշինական բնագավառի իրավական ակտերի համակարգի բաղկացուցիչ մասը և հիմք են ծառայում փորձաքննության, քաղաքաշինական գործունեության վերահսկողության, վիճելի հարցերի լուծման համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար:

«Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001 թվականի թիվ 82 հրամանով, որը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 12.11.2001 թվականին (պետական գրանցում թիվ 11701172), սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված (ընդունված) հանրապետական, ինչպես նաև միջպետական շինարարական նորմերը (ցանկը կցվում է):

Նշված ցանկում ընդգրկված է նաև ՍՆԻՊ 2.07.01-89-ը, որի համաձայն` առանձնատանը կից կառուցապատման շրջաններում բնակելի տարածքների պատուհաններից մինչև հարևան հողատարածքներում տեղակայված տնտեսական կառույցներ (ավտոտնակ, բաղնիք) պետք է լինի մեկ մետրից ոչ պակաս: Նշված շինարարական նորմերը և կանոնները պարտադիր են քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար:

Մինչդեռ սույն գործի լուծման համար Դատարանը չի կիրառել նշված շինարարական նորմերն ու կանոնները և վիճարկվող որոշումն այդ նորմերին ու կանոններին հակասելու վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումները հերքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.03.2005 թվականի մասնագիտական եզրակացությամբ:

Ավելին, հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արտավազդ Թորգոմյանի ավտոտնակի զբաղեցրած հողամասը գտնվում է բողոք բերած անձին պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի սահմաններից դուրս` Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող հողի վրա, և բողոք բերած անձի որևէ իրավունքի սահմանափակման մասին ապացույց չի ներկայացվել:

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով վարչական մարմինը, տվյալ դեպքում` Երևանի քաղաքապետարանն է կրում վիճարկվող որոշման համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:

Այսպիսով, սույն գործի փաստերից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը չի պարզել սույն գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող այն հարցը, թե Արտավազդ Թորգոմյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահին վիճելի ավտոտնակը, տեղադրված լինելով բողոք բերած անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից, արդյո՞ք չի հանգեցնում կամ չի հանգեցնի նշված հողամասի և նրան պատկանող տան օգտագործման և տնօրինման իրավունքի խախտմանը, չի սահմանափակում արդյո՞ք բողոք բերած անձի իրավունքները, ինչպես նաև չի ուսումնասիրել գործում առկա 17.06.2005 թվականի թիվ 4840-2005 գլխավոր հատակագիծը, որով սահմանված են ինքնակամ տեղադրված ավտոտնակի զբաղեցրած հողահատվածի սահմանները բողոք բերած անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասի և տան համեմատությամբ:

Հետևաբար, Դատարանի եզրահանգումն այն մասին, որ «... Բաղդասար Ասմանգուլյանի իրավունքների սահմանափակման մասին խոսք լինել չի կարող, մանավանդ, որ Արտավազդ Թորգոմյանի իրավունքները գրանցվել են ավելի վաղ, քան Ասմանգուլյանի իրավունքները», անհիմն է:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի իրավունքների սահմանափակման փաստի վերաբերյալ անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու համար Դատարանը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ և չի օգտվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իր իրավասությունից, որի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես, պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված պայմաններին բավարարող շենքերի, շինությունների նկատմամբ օրենքի գործողության ժամկետում իրավունքները չգրանցելու դեպքում դրանց հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ:

Նշված օրենքով, ինչպես նաև որևէ այլ իրավական ակտով չէր կանոնակարգվել մինչև օրենքի ուժը կորցնելը ներկայացված դիմումների քննության կարգը, որի հետևանքով առաջացել էր հակասություն, քանի որ մինչև օրենքի ուժը կորցնելը ներկայացված դիմումները նույն օրենքի իմաստով համարվում էին պատշաճ ժամկետում ներկայացված:

i

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում:

Նույն օրենքի 2-րդ մասի «ա» ենթակետի համաձայն` իրավական ակտերի պաշտոնական պարզաբանումներ կարող են տալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած իրավական ակտը կիրառող գործադիր իշխանության մարմինը` ընդ որում, մեկ բնագավառի վերաբերյալ պարզաբանումներ տալու իրավունք ունի միայն մեկ մարմին:

Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում գույքի նկատմամբ իրավունքները գրանցող գործադիր իշխանության մարմինը Կադաստրն է, որը և նշված հակասությունները վերացնելու նպատակով տվել է պաշտոնական պարզաբանում:

Հետևաբար, անհիմն է բողոք բերած անձի պատճառաբանությունն այն մասին, որ Կադաստրը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և տվել է այլ մարմնի գործողությունների վերաբերյալ գնահատական:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով ՀՀ վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2.-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.12.2008 թվականի վճիռը, և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.03.2009
N ՎԴ/1702/05/08
Որոշում