Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻ ...

 

 

020.0831.160909

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 սեպտեմբերի 2009 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 31.08.2009 թ. սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում` համաձայնագրի մասնակից թվով վեց պետությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության) և Եվրոպական զարգացման բանկի (այսուհետ` Բանկ) միջև: Համաձայնագիրը կնքվել է Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագրի և դրանում նախանշված հիմնական խնդիրների իրականացման, այն է` համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքներն ազգային տնտեսությունների համար հաղթահարելու, դրանց ֆինանսական և տնտեսական կայունությունն ապահովելու և հակաճգնաժամային հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) մասնակից պետությունների տնտեսությունների միասնականացման գործընթացի հետագա խորացմանն աջակցելու նպատակով:

2. Համաձայնագրով կողմերը սահմանել են Հիմնադրամի միջոցների համատեղ կառավարման կարգը: Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթներն իրականացնում է Բանկը: Սահմանված է, որ այդ գործառույթներն իրականացնելիս Բանկն առաջնորդվում է բացառապես Հիմնադրամի մասնակիցների շահերով և Հիմնադրամի ստեղծման նպատակներով, գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Հիմնադրամի միջոցների արդյունավետ կառավարումն ապահովելու համար: Համաձայնագրի 1-ին հոդվածի, ինչպես նաև Բանկի հիմնադիր փաստաթղթերի համաձայն Հիմնադրամի միջոցների և գործառնությունների նկատմամբ, սահմանված իրավազորության շրջանակներում, կիրառվում են Բանկի անձեռնմխելիության, առավելությունների, արտոնությունների վերաբերյալ նախատեսված նորմատիվ կանոնները:

3. Համաձայնագրով Բանկն իրավասու է տնօրինել Հիմնադրամի բոլոր, այդ թվում` Հիմնադրամի մասնակիցների կենտրոնական (ազգային) բանկերի հաշիվներին փոխանցված դրամական միջոցները` այդ բանկերի հետ կնքվող բանկային հաշվի համապատասխան պայմանագրերի հիման վրա, ընդ որում, Հիմնադրամի միջոցների նկատմամբ մասնակիցների սեփականության իրավունքը Բանկին չի փոխանցվում: Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն Բանկն իր ունեցվածքով պատասխանատու չէ Հիմնադրամի գործառնությունների իրականացման շրջանակներում Հիմնադրամի մասնակիցների անունից իր ստանձնած պարտավորությունների համար` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պարտավորությունների ստանձնման դեպքում Բանկը խախտել է Հիմնադրամի փաստաթղթերի դրույթները:

Հիմնադրամի միջոցների տնօրինման շրջանակներում Բանկը Հիմնադրամի մասնակիցների անունից իրավասու է իրականացնել մի շարք իրավաբանական գործողություններ (գործառնություններ), որպիսիք նախատեսված են համաձայնագրի 2-րդ հոդվածում: Հիմնադրամի միջոցները Բանկի կողմից ենթարկվում են հաշվապահական հաշվառման` համաձայնագրի 3-րդ հոդվածում նախանշված կանոններով:

Հիմնադրամի միջոցների վարչական կառավարումը և Հիմնադրամի խորհրդի (Հիմնադրամի կառավարման մարմնի), փորձագիտական խորհրդի հետ գործակցությունը Բանկն իրավասու է իրականացնել համաձայնագրի 4-րդ հոդվածում նախատեսված նորմերի (ընթացակարգի) շրջանակներում:

Համաձայնագրի 5, 6 և 7-րդ հոդվածների դրույթներին համապատասխան նախատեսված են Հիմնադրամի միջոցների տնօրինման օրինականությունը (նպատակայնությունը, հիմնավորվածությունը) ստուգելու, ֆինանսական հաշվետվությունները հաստատելու և Հիմնադրամի միջոցների օգտագործման հետ կապված հակաիրավական հնարավոր գործողությունների կանխման համապատասխան գործընթացներ:

Համաձայնագրի եզրափակիչ դրույթներում նախատեսված են համաձայնագրի ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարելու, կողմերի միջև հնարավոր վեճերը լուծելու վերաբերյալ նորմեր:

4. Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պատշաճ կերպով կատարել համաձայնագրի դրույթներից բխող իր պարտավորությունները:

5. Համաձայնագրում ամրագրված դրույթները և դրանցից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2009 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում ստորագրված` Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 սեպտեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-831

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.09.2009
N ՍԴՈ-831
Որոշում