Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/5525/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/5525/05/08                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 29.10.2008 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 131.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 131.200 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 83.000 ՀՀ դրամի չափով, իսկ եկամտահարկի գծով առաջադրված 34.000 ՀՀ դրամ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջադրված 14.200 ՀՀ դրամ տույժերի մասով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 24-րդ և 26-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Դատարանը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն տույժերը հաշվարկված լինելու փաստի ապացուցումը վեճի լուծման համար համարելով էական, չի պահանջել ներկայացնելու այդ փաստի ապացույցները և չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ` ապացույցներ ձեռք բերելու համար, այլ փաստը վիճելի է դիտել` բավարարվելով գործում առկա գրավոր ապացույցների հետազոտմամբ:

Փաստորեն, Դատարանը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը և 26-րդ հոդվածը, փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատված լինելու մասին ներքին համոզմունք ձևավորելու նպատակով չի պահանջել լրացուցիչ ապացույցներ, ինչի արդյունքում գործի նյութերը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակի` հայցը մերժելու մասով, բեկանել Դատարանի 29.10.2008 թվականի վճիռը և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

Դատարանը գործում առկա գրավոր ապացույցներով ապացուցված չի համարել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքն այն մասին, որ Ընկերությանը եկամտահարկի գծով առաջադրված 34.000 ՀՀ դրամ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջադրված 14.200 ՀՀ դրամ տույժերը հաշվարկվել են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` Տեսչությունից չպահանջելով նշված փաստը հավաստող ապացույցներ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես, պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով Դատարանը, մերժելով հայցի` եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջադրված տույժերի մասը, պատճառաբանել է, որ գործում առկա գրավոր ապացույցներով չապացուցվեց, որ Ընկերությանը եկամտահարկի գծով առաջադրված 34.000 ՀՀ դրամ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջադրված 14.200 ՀՀ դրամ տույժերը հաշվարկվել են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, տվյալ փաստի ապացուցման բեռը դնելով Տեսչության վրա, պետք է վերջինիցս պահանջեր ներկայացնելու նշված փաստի ապացույցները:

Մինչդեռ, Դատարանը, առանց Տեսչությունից համապատասխան ապացույցներ պահանջելու, այդ փաստը հիմնավորված չի համարել` այդ հանգամանքը դնելով հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն իսկ անդրադարձել է նշված իրավական խնդրին (Տես օրինակ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության հայցի ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին, թիվ ՎԴ3/0207/05/08 (2008 թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն, Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 29.10.2008 թվականի վճռի` հայցը մերժելու մասը, և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.04.2009
N ՎԴ/5525/05/08
Որոշում