Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ՄԱՆԿ ...

 

 

i

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ՄԱՆԿԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ,
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Արձանագրության անդամ պետությունները,

համարելով, որ Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի նպատակներին հասնելուն աջակցելու և նրա դրույթները, հատկապես 1-ին, 11-րդ, 21-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ և 36-րդ հոդվածները կենսագործելու համար նպատակահարմար է առավել լայն բնույթ տալ այն միջոցներին, որոնք անդամ պետությունները պետք է ձեռնարկեն մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի պրակտիկայից պաշտպանելու երաշխիքների ապահովման նպատակներով,

համարելով նաև, որ Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայում ճանաչվում է երեխայի իրավունքը տնտեսական շահագործումից և ցանկացած աշխատանք կատարելուց պաշտպանելու նկատմամբ, որը կարող է վտանգ ներկայացնել նրա առողջությանը կամ խոչընդոտ դառնալ նրա կրթություն ստանալուն կամ վնաս հասցնել նրա առողջությանը և ֆիզիկական, մտավոր և հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացմանը,

խիստ մտահոգված լինելով մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի նպատակներով երեխաների միջազգային մաքսանենգ փոխադրման նշանակալի և աճող ծավալներով,

խորապես մտահոգված լինելով մանավանդ երեխաների համար վտանգավոր, լայնորեն տարածված և շարունակվող սեռազբոսաշրջության պրակտիկայից, քանի որ այն անմիջականորեն խթանում է մանկավաճառությունը, երեխաների մարմնավաճառությունը և մանկական պոռնոգրաֆիան,

ընդունելով, որ մի շարք առանձնապես խոցելի երեխաների խմբերը, ներառյալ փոքրահասակ աղջիկները, առավել շատ են ենթարկվում սեռական շահագործման ռիսկի, և որ սեռականորեն շահագործվող երեխաների մեջ փոքրահասակ աղջիկների մասնաբաժինը անհամեմատ բարձր է համարվում,

մտահոգված լինելով ինտերնետում և այլ զարգացող տեխնոլոգիաների շրջանակներում մանկական պոռնոգրաֆիայի աճող մատչելիությամբ և վկայակոչելով Ինտերնետում մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարի Միջազգային համաժողովը Վիեննա, 1999 թ. և, մասնավորապես, նրա այն որոշումը, որը կոչ է անում ամբողջ աշխարհում քրեականացնել մանկական պոռնոգրաֆիա և նրա գովազդ արտադրելը, տարածելը, արտահանելը, փոխանցելը, ներմուծելը, դիտավորությամբ պահպանելը և ընդգծում է կառավարությունների և ինտերնետի ինդուստրիայի միջև ավելի սերտ համագործակցության և գործընկերության կարևոր նշանակությունը,

համարելով, որ մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերացմանը կաջակցի համընդգրկուն մոտեցման ընդունումը, որը հաշվի է առնում այդ երևույթներին նպաստող բոլոր գործոնները, ներառյալ անբավարար զարգացումը, չքավորությունը, տնտեսական անհամաչափությունները, ոչ իրավահավասար սոցիալ-տնտեսական կառուցվածքը, ոչ բարեկեցիկ ընտանիքների առկայությունը, կրթության ցածր մակարդակը, քաղաքների և գյուղական վայրերի միջև տեղաշարժը, սեռային հատկանիշով խտրականությունը, մեծերի անպատասխանատու սեռական վարքը, ավանդույթային պրակտիկայի վնասակար տեսակները, զինված բախումները և երեխաների մաքսանենգ փոխադրումը,

համարելով, որ մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի սպառողական պահանջարկի կրճատման համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել հասարակության տեղեկատվականացման մակարդակը բարձրացնելու համար, և համոզված լինելով նաև բոլոր մասնակիցների միջև գլոբալ գործընկերային հարաբերությունների ամրապնդման կարևոր նշանակության, ինչպես նաև ազգային մակարդակով իրավակիրառական միջոցների ուժեղացման մեջ,

ուշադրության տակ առնելով երեխաների պաշտպանության բնագավառում միջազգային իրավական ակտերի դրույթները, ներառյալ Երեխաների պաշտպանության և միջպետական որդեգրման բնագավառում համագործակցության մասին Հաագայի Կոնվենցիան, Երեխաների միջազգային առևանգման քաղաքացիաիրավական տեսակետների մասին Հաագայի Կոնվենցիան, Ծնողական պատասխանատվության և երեխաների պաշտպանության միջոցների հարցերով իրավասության, կիրառվող իրավունքի, ճանաչման, իրավակիրառման և համագործակցության մասին Հաագայի Կոնվենցիան և Մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի և արգելման ու արմատախիլ անելու ուղղությամբ անհետաձգելի միջոցառումների մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 182 Կոնվենցիան,

ոգեշնչված լինելով Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի համընդհանուր աջակցությամբ, որը վկայում է երեխայի իրավունքների խրախուսման և պաշտպանության գործին ընդհանուր նվիրվածության մասին,

ընդունելով Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի կանխման գործողությունների Ծրագրի և 1996 թ. օգոստոսի 27-31-ը տեղի ունեցած առևտրային նպատակներով երեխաների սեռական շահագործման դեմ Համաշխարհային կոնգրեսի կողմից ընդունված Հռչակագրի և Գործողությունների պլանի, ինչպես նաև այդ հարցով համապատասխան միջազգային մարմինների այլ որոշումների և հանձնարարականների դրույթների իրականացման կարևոր նշանակությունը,

պատշաճորեն հաշվի առնելով երեխայի պաշտպանության և ներդաշնակ զարգացման համար յուրաքանչյուր ժողովրդի ավանդույթների և մշակութային արժեքների կարևոր նշանակությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Անդամ պետությունները արգելում են մանկավաճառությունը, երեխաների մարմնավաճառությունը և մանկական պոռնոգրաֆիան, ինչպես դա նախատեսված է սույն Արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Արձանագրության նպատակների համար`

ա) մանկավաճառություն նշանակում է` ցանկացած գործողություն կամ գործարք, որի միջոցով երեխան ցանկացած անձի կամ անձանց խմբի կողմից փոխանցվում է այլ անձի կամ անձանց խմբի` վարձատրության կամ ցանկացած այլ հատուցման դիմաց,

բ) երեխաների մարմնավաճառություն նշանակում է` երեխայի օգտագործումը սեռական բնույթի գործունեության մեջ` վարձատրության կամ ցանկացած այլ տեսակի հատուցման դիմաց,

գ) մանկական պոռնոգրաֆիա նշանակում է` որևէ միջոցով երեխայի ցանկացած ցուցադրում, որը կատարում է իրական կամ մոդելավորված բացահայտ սեռական գործողություններ, կամ երեխաների սեռական օրգանների ցանկացած ցուցադրում գլխավորապես սեռական նպատակներով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ, իբրև նվազագույն, հետևյալ արարքները և գործունեության տեսակները լրիվ չափով ընդգրկված լինեն իր քրեական իրավունքով` անկախ նրանից` այդ հանցագործությունները կատարվել են ազգային, թե անդրազգային մակարդակով կամ անհատական կամ կազմակերպված կարգով`

ա) 2-րդ հոդվածում սահմանված մանկավաճառության ենթատեքստում`

i) ցանկացած միջոցով երեխա առաջարկելը, փոխանցելը կամ ստանալը`

ա. երեխային սեռական շահագործման,

բ. վարձատրության դիմաց երեխայի օրգանների հանձնման,

գ. հարկադիր աշխատանքներում երեխայի օգտագործման նպատակով,

ii) որդեգրմանը վերաբերող կիրառելի միջազգային իրավական ակտերի խախտումով, որպես միջնորդ` երեխայի որդեգրմանը համաձայնելուն անօրինական հակելը,

բ) երեխային առաջարկելը, ստանալը, փոխանցելը կամ տրամադրելը` 2-րդ հոդվածով սահմանված` երեխայի մարմնավաճառության նպատակներով,

գ) վերոհիշյալ նպատակներով, որոնք սահմանված են 2-րդ հոդվածով, երեխաների պոռնոգրաֆիա արտադրելը, բաշխելը, տարածելը, ներմուծելը, արտահանելը, առաջարկելը, վաճառելը կամ պահելը:

2. Հաշվի առնելով մասնակից պետության ազգային օրենսդրության դրույթները` համանման դրույթներ են կիրառվում այդ արարքներից յուրաքանչյուրի կատարման ոտնձգության, ինչպես նաև այդ արարքներից յուրաքանչյուրի կատարման օժանդակության կամ հանցակցության նկատմամբ:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն այդ հանցագործությունների համար նախատեսում է պատժի համապատասխան միջոցներ` ելնելով դրանց ծանրության աստիճանից:

4. Հաշվի առնելով իր ազգային օրենսդրության դրույթները` յուրաքանչյուր մասնակից պետություն համապատասխան դեպքերում միջոցներ է ձեռնարկում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների համար իրավաբանական անձանց պատասխանատվությունը բացահայտելու ուղղությամբ: Նկատի ունենալով մասնակից պետության իրավական սկզբունքները` իրավաբանական անձանց այդ պատասխանատվությունը կարող է լինել քրեական, քաղաքացիական կամ վարչական:

5. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ իրավական և վարչական միջոցները` ապահովելու համար, որ բոլոր անձինք, ովքեր երեխայի որդեգրմանն առնչում ունեն, գործեն կիրառելի միջազգային իրավական ակտերի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն այնպիսի միջոցներ է ձեռնարկում, որոնք կարող են անհրաժեշտ լինել 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավասությունը հաստատելու համար` այն դեպքերում, երբ այդպիսի հանցագործությունները կատարվում են իր տարածքում կամ այդ պետությունում գրանցված ծովային կամ օդային նավում:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք կարող են անհրաժեշտ լինել 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավասության հաստատման համար` հետևյալ դեպքերում.

ա) երբ ենթադրյալ հանցագործը հանդիսանում է այդ պետության քաղաքացի կամ անձ, որի սովորական բնակության վայրը գտնվում է իր տարածքում,

բ) երբ զոհը հանդիսանում է այդ պետության քաղաքացի:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է նաև այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել վերոհիշյալ հանցագործությունների նկատմամբ իր իրավասությունը հաստատելու համար, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր տարածքում, և ինքը նրան չի հանձնում մեկ այլ մասնակից պետության այն հիմքով, որ հանցագործությունը կատարվել է իր քաղաքացիներից որևէ մեկի կողմից:

4. Սույն Արձանագրությունը չի բացառում ներպետական իրավունքին համապատասխան իրականացվող ցանկացած քրեական իրավասություն:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործությունները, որպես հանձնում առաջացնող հանցագործություն, ենթակա են ներառման հանձնման մասին ցանկացած պայմանագրի մեջ, որը գոյություն ունի մասնակից պետությունների միջև, ինչպես նաև, որպես հանձնում առաջացնող հանցագործություններ, ներառվում են հանձնման մասին ցանկացած պայմանագրի մեջ, որոնք հետագայում կկնքվեն նրանց միջև` այդ պայմանագրերով սահմանված պայմաններին համապատասխան:

2. Եթե մասնակից պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, հանձնման մասին խնդրանք է ստանում մյուս մասնակից պետությունից, որի հետ չունի հանձնման մասին պայմանագիր, ապա նա այդպիսի հանցագործությունների նկատմամբ սույն Արձանագրությունը կարող է դիտել որպես իրավական հիմք` հանձնման համար: Հանձնումն իրականացվում է այն պետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններին համապատասխան, որին ուղղված է հանձնման մասին խնդրանքը:

3. Մասնակից պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, իրենց միջև հարաբերություններում այդպիսի հանցագործությունները, այն պետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններին համապատասխան, որին ուղղված է հանձնման մասին խնդրանքը, դիտում են որպես հանձնում առաջացնող հանցագործություններ:

4. Մասնակից պետությունների միջև այդպիսի հանցագործությունները հանձնման նպատակների համար դիտարկվում են ոչ միայն դրանք կատարվելիս դրանց կատարման վայրում, այլ նաև այն պետությունների տարածքներում, որոնք պարտավոր են իրենց իրավասությունը հաստատել 4-րդ հոդվածին համապատասխան:

5. Եթե հանձնման մասին խնդրանքը ստացվում է 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործություններից մեկի առնչությամբ, և եթե մասնակից պետությունը, որին ուղղված է այդպիսի խնդրանքը, հանցագործին, նրա քաղաքացիության հիմքով, չի հանձնում կամ չի հանձնելու, ապա այդ պետությունը պատշաճ միջոցներ է ձեռնարկում քրեական հետապնդում հարուցելու նպատակով գործն իր իրավասու մարմիններին փոխանցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Մասնակից պետությունները միմյանց առավելագույն օգնություն են ցույց տալիս 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործությունների նկատմամբ սկսված հետաքննությունների կամ քրեական հետապնդման կամ հանձնման ընթացակարգերի կապակցությամբ, ներառյալ հիշյալ դատավարական գործողությունների կատարման համար անհրաժեշտ, իրենց մոտ առկա ապացույցների ստացման գործում աջակցություն ցույց տալը:

2. Մասնակից պետությունները սույն հոդվածի 1-ին կետով իրենց պարտավորությունները կատարում են` ղեկավարվելով փոխադարձ իրավական օգնության մասին ցանկացած պայմանագրով կամ այլ պայմանավորվածությամբ, որը կարող է գոյություն ունենալ նրանց միջև: Այդպիսի պայմանագրերի կամ պայմանավորվածությունների բացակայության դեպքում մասնակից պետությունները միմյանց օգնություն են ցույց տալիս իրենց ներպետական իրավունքին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Մասնակից պետությունները, իրենց ազգային օրենսդրության դրույթներին համապատասխան`

ա) անհրաժեշտության դեպքերում միջոցներ են ձեռնարկում` ապահովելու հետևյալի առգրավումը և բռնագրավումը`

i) այնպիսի գույքի, ինչպիսիք են նյութերը, միջոցները և այլ սարքավորումը, որն օգտագործվում է սույն Արձանագրությամբ նախատեսված հանցագործությունների կատարման կամ կատարմանն աջակցելու համար,

ii) այդպիսի հանցագործությունների կատարման հետևանքով ստացված եկամուտների,

բ) կատարում են «ա» կետի i ենթակետում նշված գույքի կամ եկամուտների առգրավման կամ բռնագրավման վերաբերյալ մյուս մասնակից պետության խնդրանքները,

գ) միջոցներ են ձեռնարկում այդպիսի հանցագործությունների կատարման համար օգտագործվող շինությունները ժամանակավոր կամ մշտական հիմքով փակելու ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Մասնակից պետությունները սույն Արձանագրությամբ արգելվող պրակտիկայի զոհ դարձած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության համար քրեական դատավարության բոլոր փուլերում պատշաճ միջոցներ են ձեռնարկում, մասնավորապես, հետևյալ ճանապարհով`

ա) զոհ երեխաների խոցելիության ճանաչման և նրանց բացառիկ կարիքների ճանաչման համար ընթացակարգերի հարմարեցման, այդ թվում` որպես վկա` նրանց առանձնահատուկ պահանջների,

բ) զոհ երեխաներին իրենց իրավունքների, իրենց դերի մասին, պահելու, դատավարության ժամկետների և ընթացքի մասին և իրենց գործերով որոշում կայացնելու մասին տեղեկացման,

գ) այն բանի ապահովման, որ դատավարության ընթացքում զոհ երեխաների կարծիքները, պահանջները և հիմնահարցերը, այն դեպքերում, երբ շոշափվում են նրանց անձնական շահերը, ներկայացվեն և քննարկվեն ազգային օրենսդրության դատավարական նորմերին համապատասխան,

դ) դատավարության բոլոր փուլերում զոհ երեխաներին պատշաճ օժանդակություն ցույց տալու ծառայություններ տրամադրելու,

ե) անհրաժեշտության դեպքերում զոհ երեխաների անձնական կյանքի և անձի պաշտպանության և, ազգային օրենսդրության համապատասխան, այնպիսի տեղեկության անցանկալի տարածումից խուսափելու նպատակով միջոցներ ձեռնարկելու, որը կարող է հանգեցնել զոհ երեխաների անձի բացահայտմանը,

զ) անհրաժեշտության դեպքերում` վախեցնելուց և ներգործության միջոցներ կիրառելուց զոհ երեխաների, ինչպես նաև նրանց ընտանիքների և նրանց անունից հանդես եկող վկաների պաշտպանությունն ապահովելու,

է) զոհ երեխաներին փոխհատուցում տրամադրելու մասին գործերով որոշումներ կայացնելու և կարգադրությունների ու վճիռների կատարման չափազանց մեծ ուշացումներ թույլ չտալու:

2. Մասնակից պետություններն ապահովում են, որ զոհի իրական տարիքի հետ կապված կասկածների առկայությունը չխոչընդոտի քրեական հետաքննության սկսմանը, ներառյալ զոհի տարիքը պարզելու նպատակով հետաքննությունը:

3. Մասնակից պետությունները ապահովում են, որ քրեական դատավարության համակարգում երեխաների հետ վարվելիս, որոնք համարվում են սույն Արձանագրությամբ նախատեսված հանցագործությունների զոհ, առաջնահերթ ուշադրություն դարձվի երեխայի շահերի լավագույն պահպանմանը:

4. Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում սույն Արձանագրությանը համապատասխան արգելված հանցավոր գործողությունների զոհ երեխաների հետ աշխատող անձանց պատշաճ պատրաստականության, մասնավորապես, իրավաբանական և հոգեբանական ապահովման համար:

5. Մասնակից պետություններն անհրաժեշտության դեպքերում միջոցներ են ձեռնարկում այն անձանց և/կամ կազմակերպությունների անվտանգության և անձեռնմխելիության ապահովման ուղղությամբ, ովքեր զբաղվում են կանխարգելիչ գործունեությամբ և/կամ այդպիսի հանցագործությունների զոհերի պաշտպանությամբ և վերականգնմամբ:

6. Ոչինչ սույն հոդվածում չի մեկնաբանվում որպես վնաս պատճառող կամ արդար և անաչառ դատաքննության նկատմամբ մեղադրյալի իրավունքներին հակասող:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Սույն Արձանագրության մեջ նշված հանցագործությունների կանխարգելման նպատակով մասնակից պետությունները ընդունում և ամրապնդում են, կիրառում և քարոզում են օրենքներ, վարչական միջոցներ, սոցիալական ռազմավարություններ և ծրագրեր: Հատուկ ուշադրություն է դարձվում այն երեխաների պաշտպանությանը, ովքեր հատկապես խոցելի են այդպիսի պրակտիկայից:

2. Մասնակից պետությունները աջակցում են հասարակայնության լայն շրջանակների, ներառյալ երեխաները, իրազեկման բարձրացմանը բոլոր համապատասխան միջոցների օգտագործմամբ տեղեկատվականացման, սույն Արձանագրության մեջ նշված հանցագործությունների նախազգուշական միջոցների և դրանց վնասակար հետևանքների առնչությամբ լուսավորման և ուսուցման ապահովման ճանապարհով: Սույն հոդվածով իրենց պարտավորությունների կատարման ընթացքում մասնակից պետությունները խրախուսում են հասարակության և, մասնավորապես, երեխաների և զոհ երեխաների մասնակցությունը այդպիսի տեղեկատվական-լուսավորչական և ուսումնական ծրագրերում, այդ թվում` միջազգային մակարդակով:

3. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները այդպիսի հանցագործությունների զոհերին հարկ եղած ցանկացած օգնություն ցույց տալն ապահովելու նպատակով, ներառյալ նրանց լիակատար սոցիալական վերաինտեգրումը և նրանց լիակատար ֆիզիկական և հոգեբանական վերականգնումը:

4. Մասնակից պետությունները ապահովում են, որ սույն Արձանագրության մեջ նշված հանցագործությունների բոլոր զոհ երեխաները, առանց որևէ խտրականության, հասու լինեն հասցված վնասի համար իրավաբանական պատասխանատվություն կրող անձանցից փոխհատուցում ստանալու պատշաճ ընթացակարգերին:

5. Մասնակից պետությունները պատշաճ միջոցներ են ձեռնարկում սույն Արձանագրության մեջ նշված հանցագործությունները քարոզող նյութերի արտադրության և տարածման գործնական արգելման ապահովման ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ` մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության, մանկական պոռնոգրաֆիայի և երեխաների սեռազբոսաշրջության հետ կապված արարքների կատարման մեջ մեղավոր անձանց նախազգուշացման, բացահայտման, հետաքննության, քրեական հետապնդման և պատժելու նպատակներով բազմակողմ, տարածաշրջանային և երկկողմ պայմանավորվածությունների կնքման միջոցով: Մասնակից պետությունները աջակցում են նաև միջազգային համագործակցությանը և համակարգմանը իրենց մարմինների, ազգային և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների միջև:

2. Մասնակից պետությունները աջակցում են միջազգային համագործակցության զարգացմանը, որն ուղղված է զոհ երեխաներին օգնություն ցույց տալուն` նրանց ֆիզիկական և հոգեբանական վերականգնման, սոցիալական վերաինտեգրման և հայրենադարձության գործում:

3. Մասնակից պետությունները աջակցում են միջազգային համագործակցության ամրապնդմանը` այնպիսի հիմնական պատճառները վերացնելու նպատակով, ինչպիսիք են չքավորությունը և անբավարար զարգացումը, որոնք խորացնում են երեխաների խոցելիությունը` որպես երեխաների առևտրի, երեխաների մարմնավաճառության, մանկական պոռնոգրաֆիայի և երեխաների սեռազբոսաշրջության օբյեկտներ:

4. Մասնակից պետությունները, որոնք դրա համար համապատասխան հնարավորություններ ունեն, առկա բազմակողմ, տարածաշրջանային, երկկողմ կամ այլ ծրագրերի շրջանակներում ցույց են տալիս ֆինանսական, տեխնիկական կամ այլ օգնություն:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Արձանագրության դրույթներից որևէ մեկը չի ազդում երեխայի իրավունքների ավելի նպաստավոր դրույթների իրականացմանը, որոնք կարող են պարունակվել`

ա) մասնակից պետության օրենսդրության մեջ,

բ) այդ պետության համար գործող միջազգային իրավունքի նորմերում:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն այդ մասնակից պետության համար սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, Երեխայի իրավունքների հարցերով Կոմիտեին զեկույց է ներկայացնում, որը պարունակում է սույն Արձանագրության դրույթների իրականացման նպատակներով իր կողմից ձեռնարկված միջոցների մասին համընդգրկուն տեղեկատվություն:

2. Համընդգրկուն զեկույց ներկայացնելուց հետո յուրաքանչյուր մասնակից պետություն, Կոնվենցիայի 44-րդ հոդվածին համապատասխան, Երեխայի իրավունքների հարցերով Կոմիտեին ներկայացվող զեկույցներում ընդգրկում է Արձանագրության իրականացմանը վերաբերող ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն: Արձանագրության մասնակից մյուս պետությունները զեկույց են ներկայացնում յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

3. Երեխայի իրավունքների հարցերով Կոմիտեն մասնակից պետություններից կարող է պահանջել սույն Արձանագրության իրականացմանը վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Սույն Արձանագրությունը բաց է յուրաքանչյուր պետության ստորագրման համար, որը հանդիսանում է Կոնվենցիայի մասնակից կամ այն ստորագրել է:

2. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման և բաց է յուրաքանչյուր պետության միանալու համար, որը հանդիսանում է Կոնվենցիայի մասնակից կամ ստորագրել է այն: Վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու օրվանից երեք ամիս հետո:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը սույն Արձանագրությունը վավերացնում կամ դրան միանում է դրա ուժի մեջ մտնելուց հետո, սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալուց հետո մեկ ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր տեղեկացնելու միջոցով, որն այնուհետ այդ մասին տեղեկացնում է Կոնվենցիայի մյուս մասնակից պետություններին և Կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո` մեկ տարի անց:

2. Այդպիսի չեղյալ հայտարարելը մասնակից պետությանը չի ազատում սույն Արձանագրությամբ ստանձնած պարտավորություններից ցանկացած այն հանցագործության նկատմամբ, որը կատարվել է մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելը: Հավասարապես այդպիսի չեղյալ հայտարարելը ոչ մի կերպ չի խոչընդոտում ցանկացած հարցի հետագա քննարկմանը, որը մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելը արդեն գտնվում է Կոմիտեի քննարկման ներքո:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է ուղղում առաջարկել և այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այնուհետև Գլխավոր քարտուղարն առաջարկված ուղղումն ուղարկում է մասնակից պետություններին` խնդրելով նշել` արդյոք նրանք արտահայտվում են այդ առաջարկների քննարկման և դրանով քվեարկության անցկացման նպատակով մասնակից պետությունների համաժողով գումարելու օգտին: Եթե, այդպիսի հաղորդման ժամկետից սկսած, չորս ամսվա ընթացքում մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդը կողմ է արտահայտվում այդպիսի համաժողովին, ապա Գլխավոր քարտուղարը գումարում է այդ համաժողովը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո: Յուրաքանչյուր ուղղում, որն ընդունվում է այդ համաժողովում ներկա գտնվող և մասնակցող մասնակից պետությունների մեծամասնությամբ, ներկայացվում է Գլխավոր ասամբլեայի հաստատմանը:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված ուղղումը ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դրա հաստատվելուց և մասնակից պետությունների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ դրա ընդունվելուց հետո:

3. Երբ ուղղումն ուժի մեջ է մտնում, այն պարտադիր է դառնում մասնակից պետությունների համար, որոնք այն ընդունել են, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում սույն Արձանագրության դրույթները և ցանկացած նախորդող ուղղումը, որոնք նրանց կողմից ընդունվել են:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Սույն Արձանագրությունը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ կհանձնվի Միավորված ազգերի կազմակերպության արխիվներին:

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Արձանագրության հաստատված պատճենները կուղարկի սույն Կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին և Կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին:

 

ՈՒժի մեջ է մտել 30.07.2005 թ.

 

 

pin
25.05.2000
Արձանագրություն