Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԱՌԱՔՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԱՌԱՔՈՒՄԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ...

 

 

040.0557.070998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 557

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԱՌԱՔՈՒՄԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների որակի և մաքսային արժեքի որոշման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նախաառաքումային ստուգման համակարգի ներդրման համար հայտարարել միջազգային մրցույթ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նախաառաքումային ստուգման համակարգի ներդրման միջազգային մրցույթի պայմանները (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նախաառաքումային ստուգման համակարգի ներդրման միջազգային մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման ժամկետ սահմանել մինչև 1998 թվականի հոկտեմբերի 1-ը:

4. Ստեղծել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նախաառաքումային ստուգման համակարգի ներդրման մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

5. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նախաառաքումային ստուգման համակարգի ներդրման մրցութային հանձնաժողովին`

ա) եռօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նախաառաքումային ստուգման համակարգի ներդրման միջազգային մրցույթին մասնակցելու հրավեր ուղարկել ստուգման գործակալությունների միջազգային ֆեդերացիայի նախաառաքումային ստուգման կոմիտեի անդամ ընկերություններին` նրանց ծանուցելով նշված մրցույթի պայմանները.

բ) ստացված հայտերն ամփոփել և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նախաառաքումային ստուգման համակարգի ներդրման միջազգային մրցույթի արդյունքները հաստատել մինչև 1998 թվականի հոկտեմբերի 15-ը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մաքսային արժեքի որոշման ժամանակ նախաառաքումային ստուգմամբ որոշված մաքսային արժեքը հիմք ընդունելու հնարավորություն նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

i

բ) մինչև նախաառաքումային ստուգման համակարգի ներդրումը, «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի չորրորդ մասի համաձայն, հայտարարագրում ապրանքատիրոջ կողմից ապրանքների և այլ առարկաների ոչ իրական արժեք կամ գին նշվելու դեպքում ապրանքների ծագման երկրի նույն կամ համանման ապրանքների գործող մեծածախ գները որոշելու նպատակով առաջնորդվել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների փաստացի արձանագրված մաքսային արժեքներով` վերջիններս յուրաքանչյուր եռամսյակ հրապարակելով մամուլում:

(6-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 15.04.99 թիվ 223 որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

սեպտեմբերի 7-ի թիվ 557 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԱՌԱՔՈՒՄԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետև` կառավարություն) հայտարարում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների որակի և մաքսային արժեքի նախաառաքումային ստուգման համակարգի ներդրման միջազգային մրցույթ (այսուհետև` մրցույթ)` մրցույթի հաղթողի հետ կնքելով եռամյա ժամկետով պայմանագիր: Պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ ևս երեք տարով:

2. Մրցույթին մասնակցելու հայտ (այսուհետև` հայտ) կարող են ներկայացնել նախաառաքումային ստուգում իրականացնող այն ընկերությունները, որոնք`

ա) հայտ ներկայացնող որևէ այլ ընկերության մասնաճյուղ, դուստր ընկերություն կամ համատեղ ձեռնարկության մասնակից չեն.

բ) ստուգման գործակալությունների միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչված լինեն որպես նախաառաքումային ստուգման ընկերություն (անդամակցեն նախաառաքումային ստուգման կոմիտեին):

3. Մրցույթի մասնակիցը կատարում է հայտի նախապատրաստման և ներկայացման հետ կապված բոլոր ծախսերը:

4. Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նախաառաքումային ստուգման համակարգի ներդրման մրցութային հանձնաժողովին (այսուհետև` մրցութային հանձնաժողով) պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան մինչև 1998 թվականի հոկտեմբերի 1-ը:

5. Մրցույթի պայմանների հետ կապված տեղեկություններ ստանալու համար մրցույթի հնարավոր մասնակիցը կարող է գրավոր դիմել մրցութային հանձնաժողովին` ոչ ուշ, քան հայտերի ներկայացման ժամկետից մեկ շաբաթ առաջ:

6. Կառավարությունը հայտերի ներկայացման ժամկետից ամենաուշը յոթ օր առաջ ցանկացած ժամանակ կարող է փոփոխություններ և լրացումներ կատարել մրցույթի պայմաններում, ինչի մասին մրցութային հանձնաժողովը գրավոր տեղեկացնում է մրցույթի բոլոր հնարավոր մասնակիցներին: Այդ կապակցությամբ կառավարությունը կարող է վերանայել մրցույթի անցկացման ժամկետները:

7. Հայտերը ներկայացվում են, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի և մրցույթի մասնակցի միջև թղթակցությունը վարվում է անգլերեն լեզվով:

8. Մրցույթի հայտերն ուժի մեջ են կառավարության որոշմամբ սահմանված մրցույթի անցկացման օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում: Ավելի կարճ ժամկետով ներկայացվող փաստաթղթերը մրցութային հանձնաժողովի կողմից ճանաչվում են մրցույթի պայմաններին և ժամկետներին չհամապատասխանող:

9. Մրցութային հանձնաժողովը կարող է առանձին բացառիկ դեպքերում երկարաձգել հայտերի` ուժի մեջ լինելու ժամկետը:

10. Կառավարությունը կարող է փոփոխել հայտերի ընդունման ժամկետը, ինչի մասին մրցութային հանձնաժողովը գրավոր տեղեկացնում է մրցույթի բոլոր հնարավոր մասնակիցներին:

 

II. Մրցույթի հայտերը ներկայացնելը

 

11. Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի հայտի մեկ բնօրինակ:

12. Հայտի բնօրինակի բոլոր էջերը պետք է մրցույթի մասնակցի կողմից կնքված (ստորագրված) լինեն:

13. Մրցութային հանձնաժողովը հայտերի գնահատման համար էական նշանակություն ունեցող ջնջումներով, ուղղումներով և նման այլ թերություններով հայտերը չի քննարկում:

14. Հայտերը հասցեագրվում են մրցութային հանձնաժողովի նախագահին:

Հայտը գրանցվում է մրցութային հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

15. Մրցույթի մասնակիցը հայտը ներկայացնում է կնքված ծրարով: Հայտի` նախաառաքումային ստուգման համակարգի կիրառման համար առաջարկվող վճարին վերաբերող մասը ներկայացվում է առանձին ծրարով «Գնային առաջարկ» նշումով, և ներառվում հայտի ընդհանուր ծրարում, իսկ մյուս մասը հայտի ընդհանուր ծրարում առանձին ծրարով` «Նախաառաքումային ստուգման պայմանագրի վերաբերյալ տեխնիկական առաջարկություն» մակագրությամբ:

16. Ծրարի վրա պետք է նշված լինեն «Նախաառաքումային ստուգման մրցութային հանձնաժողովին» , «Չբացել մինչև 1998 թվականի հոկտեմբերի 1-ը» և «Գաղտնի» բառերը:

17. Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներից ուշ ստացված հայտերը վերադարձվում են դիմողին` ծրարը բացելու միջոցով դիմողի ինքնությունն ու հասցեն պարզելուց հետո:

 

III. Հայտում կատարվող փոփոխությունը

կամ հայտը հետ վերցնելը

 

18. Մրցույթի մասնակիցը կարող է հայտում կատարել փոփոխություն կամ այն հետ վերցնել միայն` մինչև հայտերը ներկայացնելու ժամկետը մրցույթի մասնակցի կողմից մրցութային հանձնաժողովից դրա մասին գրավոր ծանուցում ստանալու դեպքում:

19. Հայտում փոփոխություններ կատարելու կամ հայտը հետ վերցնելու վերաբերյալ ծանուցումը պետք է հասցեագրված լինի մրցութային հանձնաժողովի նախագահին:

 

IY. Հայտի բովանդակությունը

 

20. Հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`

ա) միայն ընկերության տնօրինության տակ գտնվող գրասենյակների թիվը.

բ) միայն ընկերության տնօրինության տակ գտնվող լաբորատորիաների թիվը.

գ) ընկերության հիմնական աշխատողների թիվը.

դ) ստանդարտների միջազգային կազմակերպության տված` ընկերության համապատասխան գործունեության սերտիֆիկատի առկայությունը.

ե) 1996 և 1997 թվականներին աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունները.

զ) նախաառաքումային ստուգման բնագավառում գործունեության տևողությունը (տարիների թիվը).

է) իրականացված նախաառաքումային ստուգման մասին պայմանագրերի ցանկը և դրանց դադարեցման պատճառները.

ը) ներմուծման դիտարկման և համապատասխան տուրքերի գնահատման նախաառաքումային ստուգման` ստուգման գործակալությունների միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչված գործող պայմանագրերի թիվը.

թ) այն պայմանագրերի թիվը, որտեղ որպես միակ ծառայություն մատուցող հանդես է գալիս ընկերությունը.

ժ) Հայաստանի Հանրապետություն ներմուծման գործում առևտրական գործընկեր հանդիսացող երկրներում միայն ընկերության տնօրինության տակ գտնվող և գործող լաբորատորիաների և գրասենյակների (առանց համատեղ ձեռնարկությունների գործընկերների, գործակալների կամ փոխկապակցված անձանց) առկայությունն այն երկրներում, որտեղից Հայաստանի Հանրապետություն կատարվում է ներմուծում.

ժա) ընկերության գործունեության փորձը` ներմուծման ծավալներով Հայաստանի Հանրապետությանը համանման երկրներում.

ժբ) գործունեության փորձը ծովային սահման չունեցող երկրներում.

ժգ) առևտրի համաշխարհային կազմակերպության նախաառաքումային ստուգման համաձայնագրի պահանջների պահպանման ունակությունը.

ժդ) 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերության կառավարման մարմինների կառուցվածքը և այլ ընկերության կամ կազմակերպության կողմից տնօրինվող բաժնետոմսերի թիվը, այդպիսի ընկերության կամ կազմակերպության գործունեության ոլորտը.

ժե) ընկերության կողմից սպասարկված և սպասարկվող երկրներում` անավարտ դատական գործերի առկայությունը:

21. Մրցույթին ներկայացվող տեխնիկական առաջարկներում պետք է նաև նշվի`

ա) Հայաստանի Հանրապետություն արտահանող երկրների ցանկի (կցվում է) հիման վրա` այն երկրները, որոնցում ընկերությունն ունի համապատասխան ռեզիդենտ.

բ) նախաառաքումային ստուգման մասին անվերապահ եզրակացության (այսուհետև` ԱԵ) ձևը.

գ) մաքսային արժեքի որոշման մեթոդոլոգիան, համակարգն ու ընթացակարգը և առևտրի համաշխարհային կազմակերպության արժեքորոշման կանոններին դրա առնչությունը:

22. Հայտում պետք է մանրամասն նկարագրվեն նախաառաքումային ստուգման հայտատուի կողմից առաջարկվող ընթացակարգը, նշվի դրա համար անհրաժեշտ ժամկետը:

23. Հայտը կարող է պարունակել նաև մաքսային եկամուտների վերահամադրման համակարգի, մաքսային համակարգի աշխատողների ուսուցման, վերապատրաստման և տեխնիկական օժանդակության վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև այլ այնպիսի տեղեկություններ, որոնք, մրցույթի մասնակցի կարծիքով, կարող են հետաքրքրել մրցութային հանձնաժողովին:

24. Հայտում նախաառաքումային ստուգման առաջարկվող ընթացակարգը պետք է երաշխավորի`

ա) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների քանակի և որակի` պայմանագրային պայմաններին համապատասխանությունը պարզելու նպատակով ապրանքների նախաառաքումային դիտարկումը` անհրաժեշտության դեպքում զուգակցելով լաբորատոր փորձարկումների և վերլուծությունների հետ.

բ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների իրական մաքսային արժեքի որոշման համար անհրաժեշտ արժանահավատ տվյալների ու փաստաթղթերի տրամադրումը.

գ) միջնորդներին վճարվող միջնորդավճարների (այդպիսիների առկայության դեպքում) ճշտության ստուգումը.

դ) անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հայտի հիման վրա, արտահանող երկրներում հնարավոր արտահանման լրավճարների (սուբսիդիաներ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տեղեկացումը` ներկայացնելով ապրանքները և օժանդակելով լրավճարների չափը որոշելու հարցում.

ե) տեղեկությունների տրամադրումն այն դեպքերի մասին, երբ մաքսային արտոնություններից օգտվելու նպատակով ապրանքների ծագման երկիրը քողարկելու համար ապրանքներն առաքվում են երրորդ պետության միջոցով.

զ) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման վերաբերյալ ընթացիկ տեղեկությունների տրամադրումը.

է) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ծածկագրերը` համաձայն Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործող արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, ծածկագրերի և դրանց համաձայն մաքսային գանձումների մեծության որոշումը.

ը) մաքսային գանձումների մեխանիզմը կատարելագործելու և ներմուծման գործող ընթացակարգերը պարզեցնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելը.

թ) պայմանագրի ստորագրումից հետո 12 ամսվա ընթացքում մաքսային ձևակերպումների ընթացակարգերի, փաստաթղթերի ձևերի և կարևոր այլ խնդիրների վերանայումը` իրավիճակը վերլուծելու համար, Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգի հետագա արդիականացումը: Այդ նպատակով ներկայացվող հաշվետվությունում պետք է ներկայացվեն նաև արտաքին առևտրի պարզեցման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, որոնց իրականացմամբ, պայմանագրային ժամկետի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունն ի վիճակի կլինի արդյունավետորեն իրականացնելու Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի և դասակարգման որոշմանն առնչվող բոլոր գործառնությունները.

դ) ըստ պահանջի` մանրամասն վիճակագրական տեղեկություններ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.

ժա) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանն օժանդակումը խախտումների հետաքննության գործում և, մասնավորապես, նման դեպքերի վերաբերյալ իրական տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելը:

25. Հայտերի ուսումնասիրման, գնահատման և համեմատման նպատակով մրցութային հանձնաժողովն իր հայեցողությամբ կարող է դիմել մրցույթի մասնակցին` մրցույթին ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ անհրաժեշտ բացատրություններ ներկայացնելու համար, որը, ինչպես նաև դրա վերաբերյալ պատասխանը, պետք է լինեն գրավոր:

 

Y. Մատուցվող ծառայությունները

 

26. Մրցույթի հաղթողի կողմից մատուցվող հիմնական ծառայություններն են`

ա) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նախաառաքումային ստուգումը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ԱԵ ձևի մշակումը և ներդրումը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենքների հնարավոր կամ փաստացի խախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն իրազեկումն ըստ սահմանված ընթացակարգի.

դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված` ամսական և ամփոփ վիճակագրություններ ներկայացնելը.

ե) Հայաստանի Հանրապետություն ներմուծման վերաբերյալ արժեքորոշումների և սակագնային դասակարգման համակարգչային ֆայլերի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը մատչելիության ապահովումը.

զ) ԱԵ տալու գործարքների վերաբերյալ ամենօրյա ամփոփ տեղեկատվություններ ներկայացնելը մագնիսական կրիչներով.

է) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը խորհրդատվության մատուցումը` մաքսային և նախաառաքումային ստուգման ընթացակարգերի համադրելիությունն ապահովելու համար:

27. Նախաառաքումային ստուգման ծառայությունների մատուցման ընթացակարգի մանրամասները, նախաառաքումային ստուգման ենթակա ապրանքների ցանկը, դրա համար անհրաժեշտ ժամկետը և մյուս պայմանները կսահմանվեն մրցույթի հաղթողի հետ կնքվող պայմանագրում:

 

YI. Հայտերի համեմատումը և գնահատումը

 

28. Մրցույթին ներկայացվող հայտերը գնահատվում են երեք փուլով` նախնական գնահատում, տեխնիկական առաջարկությունների մանրամասն և ըստ էության գնահատում և գնային առաջարկությունների համեմատում:

29. Նախնական գնահատման ժամանակ դիտարկվում են ներկայացված հայտերի`

ա) ներկայացման պայմանները բավարարելը.

բ) սույն պայմանների 12-րդ կետում նշված ձևով ստորագրված լինելը.

գ) ընկերության վերաբերյալ գրքույկներից և հրապարակումներից բացի, հայտի և կից բոլոր նյութերի անգլերեն լեզվով լինելը.

դ) առևտրական, ապահովագրական, բեռնափոխադրող կամ արդյունաբերական ընկերությունից ընկերության անկախությունը և նախաառաքումային ստուգումը մեկ այլ ընկերության կողմից չտնօրինվելու հավաստումը.

ե) հայտ ներկայացնողի կողմից մրցույթի պայմանների ընդունումը:

30. Տեխնիկական առաջարկների մանրամասն և ըստ էության քննարկման ժամանակ մրցութային հանձնաժողովը քննարկում է միայն այն հայտերը, որոնք կհամարվեն մրցութային բոլոր պայմանները բավարարող:

31. Գնային առաջարկությունների համեմատման ժամանակ քննարկվում են միայն այն հայտերը, որոնք գնահատման նախորդ երկու փուլում համարվել են բավարար և տեխնիկական առաջարկությունների մանրամասն և ըստ էության գնահատման ժամանակ մրցութային հանձնաժողովի սահմանած չափանիշների համաձայն ստացել են առավելագույն միավորներ:

 

YII. Եզրափակիչ դրույթներ

 

32. Մրցույթի մասնակիցը մրցույթի անցկացման պահից մինչև մրցույթի հաղթողի հայտարարելը հայտերի կապակցությամբ չի կարող դիմել մրցութային հանձնաժողովին:

33. Հայտերի համեմատման և գնահատման ընթացքի վրա մրցույթի մասնակցի ազդեցության ցանկացած փորձ կհանգեցնի նրա ներկայացրած հայտի անվավեր ճանաչմանը:

34. Մրցութային հանձնաժողովը մրցույթի մասնակիցների հետ կարող է առանձին բանակցել` հայտերում ներառված տեղեկությունների ճշգրտման, նախաառաքումային ստուգման հնարավոր տարբերակների քննարկման շուրջ:

35. Մրցույթի հաղթողը հայտարարվելուց հետո մրցութային հանձնաժողովն իրավունք ունի մրցույթի մյուս մասնակիցներին ընդունված որոշման վերաբերյալ բացատրություններ չտալու:

36. Եթե մրցույթի հաղթողը որևէ պատճառով անկարող լինի կատարել մրցույթի հաղթողի պարտականությունները, կամ մրցույթի արդյունքների ամփոփումից և մրցույթի հաղթողը հայտարարվելուց հետո հայտնաբերվեն այնպիսի հանգամանքներ, որոնց հայտնի լինելը նախկինում կարող էր հանգեցնել մրցույթի այլ մասնակցի մրցույթի հաղթող հայտարարմանը, մրցութային հանձնաժողովը կարող է չեղյալ համարել մրցույթի արդյունքները և մրցույթի հաղթող ճանաչել մրցույթի այն մասնակցին, որի ներկայացրած հայտը նույն պայմաններին համապատասխան կհամարվի լավագույնը` նախապես հաղթող ճանաչված մրցույթի մասնակցից հետո:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

սեպտեմբերի 7-ի թիվ 557 որոշմամբ

 

ԿԱԶՄ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԱՌԱՔՈՒՄԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Է. Սանդոյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

                    (հանձնաժողովի նախագահ)

 

Վ. Ավանեսյան      - ՀՀ տնտեսական և  կառուցվածքային բարեփոխումների

                    նախարար

 

Հ. Գևորգյան       - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

 

Մ. Ձավարյան       - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի առաջին

                    տեղակալ

 

Հ. Գևորգյան       - ՀՀ մաքսային վարչության պետ

 

Ղ. Մեհրաբյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման,

                    չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ

 

(կազմը փոփ. 11.12.98 թիվ 792 որոշում)

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

Ադրբեջանի Հանրապետություն

 

Ավստրալիա

 

Ավստրիայի Հանրապետություն

 

Բահամյան Կղզիների Համագործակցություն

 

Բելգիայի Թագավորություն

 

Բելառուսի Հանրապետություն

 

Բրազիլիայի Դաշնակցային Հանրապետություն

 

Բուլղարիայի Հանրապետություն

 

Գանայի Հանրապետություն

 

Գերմանիայի Դաշնակցային Հանրապետություն

 

Դանիայի Թագավորություն

 

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

 

Զաիրի Հանրապետություն

 

Զամբիայի Հանրապետություն

 

Էկվադորի Հանրապետություն

 

Էստոնիայի Հանրապետություն

 

Թաիլանդի Թագավորություն

 

Թուրքիայի Հանրապետություն

 

Թուրքմենստան

 

Ինդոնեզիայի Հանրապետություն

 

Իռլանդիա

 

Իսլանդիայի Հանրապետություն

 

Իսպանիայի Թագավորություն

 

Իսրայելի Պետություն

 

Իտալիայի Հանրապետություն

 

Իրանի Իսլամական Հանրապետություն

 

Լատվիայի Հանրապետություն

 

Լեհաստանի Հանրապետություն

 

Լիբանանի Հանրապետություն

 

Լիխտենշտայնի Իշխանություն

 

Լիտվայի Հանրապետություն

 

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն

 

Կանադա

 

Կատարի Պետություն

 

Կիպրոսի Հանրապետություն

 

Կոնգոյի Ժողովրդական Հանրապետություն

 

Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն

 

Կորեայի Հանրապետություն

 

Հարավաֆրիկյան Հանրապետություն

 

Հարավսլավիայի Միութենական Հանրապետություն

 

Հնդկաստանի Հանրապետություն

 

Հունաստանի Հանրապետություն

 

Հունգարիայի Հանրապետություն

 

Ղազախստանի Հանրապետություն

 

Ղրղզստանի Հանրապետություն

 

Ճապոնիա

 

Մալայզիա

 

Մակեդոնիա

 

Միավորված Արաբական Էմիրություններ

 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

 

Մոլդովայի Հանրապետություն

 

Նեպալի Թագավորություն

 

Նիդերլանդների Թագավորություն

 

Նոր Զելանդիա

 

Նորվեգիայի Թագավորություն

 

Շվեդիայի Թագավորություն

 

Շվեյցարական Համադաշնություն

 

Չեխիայի Հանրապետություն

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

 

Պակիստանի Իսլամական Հանրապետություն

 

Ռումինիայի Հանրապետություն

 

Ռուսաստանի Դաշնություն

 

Սինգապուրի Հանրապետություն

 

Սիրիայի Արաբական Հանրապետություն

 

Սլովակիայի Հանրապետություն

 

Սլովենիայի Հանրապետություն

 

Վիետնամի Ժողովրդական Հանրապետություն

 

Վրաստան

 

Տաջիկստանի Հանրապետություն

 

Ուզբեկստանի Հանրապետություն

 

Ուկրաինա

 

Քուվեյթի Պետություն

 

Օմանի Սուլթանություն

 

Ֆինլանդիայի Հանրապետություն

 

Ֆրանսիայի Հանրապետություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.09.1998
N 557
Որոշում