Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ, 51- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0101/02/08

    դատարանի որոշում                                              2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0101/02/08

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

Դատավորներ` Ա. Մկրտչյան

Ն. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              

2009 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ադոլֆ Շահվերդյանի օրինական ներկայացուցիչ Նաիրա Շահվերդյանի և նրա ներկայացուցիչ Նելլի Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Լիլիթ Հակոբյանի ընդդեմ Ադոլֆ Շահվերդյանի` Ռոզա Ղազարյանին 13.04.2006 թվականից մինչև 04.09.2006 թվականն ընկած ժամանակահատվածում անգործունակ ճանաչելու, Ռոզա Ղազարյանի կողմից 13.04.2006 թվականից մինչև 04.09.2006 թվականն ընկած ժամանակահատվածում կնքված (կատարված) գործարքները, այդ թվում 14.07.2006 թվականին կատարված Շենգավիթի նոտարական տարածքի նոտարի կողմից վավերացված կտակի կարգադրությունը (գրանցված սեղանամատյանում` թիվ 4327), դրանից բխող ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն առոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լիլիթ Հակոբյանը պահանջել է 13.04.2006 թվականից մինչև 04.09.2006 թվականն ընկած ժամանակահատվածում Ռոզա Ղազարյանին ճանաչել անգործունակ, 13.04.2006 թվականից մինչև 04.09.2006 թվականն ընկած ժամանակահատվածի ընթացքում Ռոզա Ղազարյանի կողմից 14.07.2006 թվականին կատարված և Շենգավիթի նոտարական տարածքի նոտարի կողմից վավերացված կտակի կարգադրությունը, դրա հիման վրա ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը ճանաչել առոչինչ:

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.06.2008 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2008 թվականի որոշմամբ Դատարանի 02.06.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Դատարանի 02.04.2009 թվականի վճռով Լիլիթ Հակոբյանի դիմումը` 13.04.2006 թվականից մինչև 04.09.2006 թվականն ընկած ժամանակահատվածում Ռոզա Ղազարյանին անգործունակ ճանաչելու և 13.04.2006 թվականից մինչև 04.09.2006 թվականն ընկած ժամանակահատվածի ընթացքում Ռոզա Ղազարյանի կողմից 14.07.2006 թվականին կատարված և Շենգավիթ նոտարական տարածքի նոտարի կողմից վավերացված կտակի կարգադրությունն անվավեր ճանաչելու մասով, մերժվել է, իսկ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.07.2009 թվականի որոշմամբ Լիլիթ Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Դատարանի 02.04.2009 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Ռոզա Ղազարյանը ճանաչվել է անգործունակ 13.04.2006 թվականից մինչև 04.09.2006 թվականն ընկած ժամանակահատվածում: Լիլիթ Հակոբյանի պահանջը Ռոզա Ղազարյանի կողմից 14.07.2006 թվականին կատարված և Շենգավիթ նոտարական տարածքի նոտարի կողմից վավերացված կտակի կարգադրությունը և դրա հիմքով տրված ժառանգության իրավունքի վկայագիրն առոչինչ ճանաչելու մասով, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ադոլֆ Շահվերդյանի ներկայացուցիչները:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Լիլիթ Հակոբյանի ներկայացուցիչ Աշոտ Ոսկանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, 51-րդ, 52-րդ, 132-րդ, 170-րդ և 172-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ, 1193-րդ հոդվածները, «Հոգեբուժության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 40-րդ և 56-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառվեր:

Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն փաստը, որ Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է համարվել այն փաստը, որ Նոտարը ծանոթացել է կտակարարի հիվանդության պատմությանը, զրուցել է նրա հետ և համոզվել, որ վերջինս գործունակ է և նրա գործունակությունը որևէ կասկած չի առաջացրել: Նոտարը կտակը կազմելիս պահպանել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 40-րդ և 56-րդ հոդվածները և վավերացրել է գործունակ անձի կտակը: Ընդ որում, կտակը կազմվել է նաև վկա Լյուդմիլա Սաֆարյանի մասնակցությամբ, որը դատաքննության ընթացքում տվել է բացատրություն: Հաշվի չի առնվել ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈՒռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի 15.10.2007 թվականի թիվ 01/10 գրությունը: Վերաքննիչ դատարանը գնահատելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 11.04.2008 թվականի թիվ 07-1081 եզրակացությունը, հանգել է սխալ եզրահանգման:

Ռոզա Ղազարյանը իր կենդանության օրոք երբևիցե հոգեկան խանգարման հիվանդությամբ չի տառապել, նրան անգործունակ ճանաչելու վերաբերյալ երբևէ դատարանում գործ չի քննվել, և այդ հարցի վերաբերյալ առկա չէ դատարանի վճիռ, ընդհակառակը, Ռոզա Ղազարյանը մինչև իր մահը եղել է գիտակից վիճակում և մշտապես հասկացել է իր գործողությունների նշանակությունը:

Հետևաբար, Ռոզա Ղազարյանին մահից հետո անգործունակ ճանաչելու վերաբերյալ Լիլիթ Հակոբյանի պահանջը անհիմն է, քանի որ օրենսդիրը հստակ սահմանել է, որ քաղաքացին միայն իր կենդանության օրոք կարող է հոգեկան խանգարման հետևանքով և դատարանի վճռով անգործունակ ճանաչվել, որի հիմքը կարող է հանդիսանալ միայն կենդանի քաղաքացուն նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննության նշանակումը, որից հետո նրա նկատմամբ դատարանի անգործունակ ճանաչելու վճռի հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմինը նշանակում է խնամակալ, այսինքն` մահացած մարդու նկատմամբ խնամակալ չի կարող նշանակվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 10.07.2009 թվականին որոշման` Ռ. Ղազարյանին 13.04.2006 թվականից մինչև 04.09.2006 թվականն ընկած ժամանակահատվածում անգործունակ ճանաչելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Քաղաքացուն անգործունակ ճանաչելու գործերի վարույթի մյուս մասերը կամ այլ իրավական ակտեր չեն պարունակում մահացած անձին անգործունակ ճանաչելու պահանջը ներկայացնելն արգելող նորմեր: ՀՀ վճռաբեկ դատարանը 28.09.2006 թվականի քաղ. գործ թիվ 3-1816 (Ա) որոշմամբ որպես հիմնավոր ապացույց է ճանաչել դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի տված հետմահու բժշկական եզրակացությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ռոզա Ղազարյանը տառապել է աջ գագաթային բլթի ուռուցքով (ֆիբրոզ մենինգիոմա անապլազիայի տեղամասերով), ինչի կապակցությամբ 13.04.2006 թվականին ենթարկվել է վիրահատության` ռեզեկցիոն տրեպանացիա` ուռուցքի հեռացումով (գ.թ. 9):

2) Ռոզա Ղազարյանը Երևանի Մանթաշյան փողոցի 8-րդ շենքի թիվ 1 բնակարանը 14.07.2006 թվականին կտակել է թոռանը` Ադոլֆ Շահվերդյանին (հատոր առաջին գ.թ. 14):

3) Ռոզա Ղազարյանը մահացել է 04.09.2006 թվականին (հատոր առաջին գ.թ. 14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու իրավունակությունը, քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը` (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:

Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:

Նույն օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատավորը, նրա հոգեկան վիճակը պարզելու համար, նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն: Դատահոգեբուժական փորձաքննության անցկացումից այն անձի ակնհայտ խուսափելու դեպքում, որի նկատմամբ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործ է հարուցվել, դատարանը որոշում է կայացնում քաղաքացուն հարկադիր կարգով դատահոգեբուժական փորձաքննություն ուղարկելու մասին:

Նույն օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Քաղաքացին կարող է կանչվել դատական նիստի, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը:

Նույն օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմինը նշանակում է խնամակալ:

Վերոնշյալ հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխի կանոններին համապատասխան կարող է քննության առնվել միայն նրա կենդանության ժամանակ:

Սույն գործի փաստերի համաձայն` Ռոզա Ղազարյանը մահացել է 04.09.2006 թվականին, մինչդեռ հայցվորի կողմից վիճարկվում է հանգուցյալ Ռոզա Ղազարյանի գործունակությունը 13.04.2006 թվականից մինչև նրա մահը` 04.09.2006 թվականն ընկած ժամանակահատվածը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գծով Ռոզա Ղազարյանին 13.04.2006 թվականից մինչև 04.09.2006 թվականն ընկած ժամանակահատվածում անգործունակ ճանաչելու վերաբերյալ հայցը դատարանում քննության ենթակա չէ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի առաջին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում վկայակոչված Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1816(Ա) որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ գործը որևէ առնչություն չունի սույն վեճի հետ: Նշված գործի վճռի վերանայման համար հիմք էր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի բժշկական եզրակացությունը և օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով անվավեր էր ճանաչվել լիազորագիրը:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 10.07.2009 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով` գործի վարույթը կարճելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2009 թվականի որոշման` Ռոզա Ղազարյանին 13.04.2006 թվականից մինչև 04.09.2006 թվականն ընկած ժամանակահատվածում անգործունակ ճանաչելու մասը և այդ մասով սույն քաղաքացիական գործով վարույթը կարճել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2009 թվականի որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2009
N ԵՇԴ/0101/02/08
Որոշում