Սեղմել Esc փակելու համար:
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՆՅՈՒ ՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՎ ...

 

 

020.0893.150610

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ԲՌՆՈՒԹՅԱՄԲ
ԱՆՀԵՏԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ
ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 15 հունիսի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում ընդունված` Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 07.04.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 2007թ. ապրիլի 10-ին:

2. Կոնվենցիայի նպատակն է կանխարգելել բռնությամբ անհետացումները և պայքարել բռնությամբ անհետացման հանցագործության անպատժելիության դեմ:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

. ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բռնությամբ անհետացման իրականացումը կամ իրականացման փորձը քրեական իրավունքում որպես հանցագործություն որակելու համար, սահմանելով համապատասխան պատժամիջոցներ,

. քրեական իրավունքում սահմանել մեղմացուցիչ հանգամանք այն անձանց նկատմամբ, ովքեր բռնությամբ անհետացման գործողություն կատարելուն մասնակից լինելով հանդերձ, արդյունավետ օժանդակում են անհետացած անձի կենդանի վերադարձմանը կամ բռնությամբ անհետացմանն առնչվող հանգամանքների պարզաբանմանը կամ բռնությամբ անհետացում իրականացնող անձանց ինքնության պարզաբանմանը,

. առանց խախտելու մյուս քրեական ընթացակարգերը ծանրացուցիչ հանգամանքներ դիտարկել անհետացած անձի մահվան կամ հղի կանանց, անչափահասների, հաշմանդամների կամ այլ` մասնավորապես խոցելի անձանց` բռնությամբ անհետացման գործողություն կատարող անձի կամ անձանց նկատմամբ,

. ձեռնարկել համապատասխան միջոցներ անհետացած անձանց փնտրելու, նրանց ազատելու, մահվան դեպքում` նրանց աճյունների տեղը հայտնաբերելու, դրանց նկատմամբ հարգանքի ապահովման և վերադարձման համար,

. ապահովել այնպիսի իրավական համակարգ, որպեսզի բռնությամբ անհետացման տուժողներին իրավունք ընձեռվի ստանալու անհետաձգելի, արդար ու համարժեք փոխհատուցում:

Կոնվենցիայով նախատեսված գործառույթներն իրականացնելու համար պետք է ստեղծվի բռնությամբ անհետացման հարցերով Կոմիտե, որը կազմվելու է բարոյական բարձր հատկանիշներով օժտված, մարդու իրավունքների ոլորտում ճանաչում ունեցող, անկախ ու անկողմնակալ տասը որակյալ փորձագետներից: Նրանք ընտրվելու են գաղտնի քվեարկությամբ` Կողմ պետությունների կողմից` աշխարհագրական հավասարաչափ բաշխմամբ, չորս տարի ժամկետով, և օգտվում են այն նույն արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք տրամադրվում են ՄԱԿ-ի առաքելություններում աշխատող փորձագետներին, ինչպես նշված է ՄԱԿ-ի` Արտոնությունների և անձեռնմխելիության մասին կոնվենցիայում:

Կոնվենցիան բաց է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների միանալու համար:

Կոնվենցիան կիրառվում է` առանց խախտելու միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, ներառյալ 1949թ. օգոստոսի 12-ի` Ժնևի 4 կոնվենցիաներով և 1977թ. հունիսի 8-ի` դրանց կից արձանագրություններով Պայմանավորվող բարձր կողմերի ստանձնած պարտավորությունները:

Կոնվենցիան սահմանում է ուժի մեջ մտնելու, մեկնաբանման կամ կիրառման, երկու և ավելի Կողմ պետությունների միջև բանակցությունների միջոցով չհարթվող տարաձայնությունների դեպքում դատարան դիմելու և կոնվենցիայում փոփոխություններ կատարելու կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2007 թվականի դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում ընդունված` Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

15 հունիսի 2010 թվականի

ՍԴՈ-893

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.06.2010
N ՍԴՈ-893
Որոշում