i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի որոշում |
ՎԴ/2459/05/09 2010 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/2459/05/09 |
|
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան |
|
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս.Սարգսյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի |
|
Վ.Աբելյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Ե. Խունդկարյանի |
|
Է. Հայրիյանի |
|
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 27.07.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ոստիկանության ընդդեմ Սիմոն Փիլոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ Սիմոն Փիլոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ոստիկանության` 22.09.2008 թվականի թիվ 548377 և 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշումներն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ոստիկանությունը պահանջել է բռնագանձել Սիմոն Փիլոսյանից 15.000 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սիմոն Փիլոսյանը պահանջել է առ ոչինչ ճանաչել Ոստիկանության 22.09.2008 թվականի թիվ 548377 և 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշումները:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.07.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը և 57-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը դուրս է եկել հայցի հիմքի շրջանակներից, քանի որ ներկայացվել է ակտերն առ ոչինչ ճանաչելու պահանջ, մինչդեռ Դատարանն անդրադարձել է վիճարկվող ակտերի անվավերությանը:
Դատարանը հաշվի չի առել Սիմոն Փիլոսյանի կողմից արձանագրությունը ստորագրած լինելու հանգամանքը, որով հաստատվում է նրա առարկություն չունենալու և իրավախախտման փաստն ընդունելու հանգամանքը:
Բացի այդ, Դատարանն անտեսել է, որ որոշումները համապատասխանում են վարչական ակտի ձևին և բովանդակությանը, քանի որ նրանցում նշված է ինչպես այն ընդունող մարմինը, այնպես էլ ակտի հասցեատերը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 27.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Ոստիկանության 22.09.2008 թվականի թիվ 548377 որոշմամբ Սիմոն Փիլոսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկվել է 3.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ. թ. 4):
2. Ոստիկանության 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշմամբ Սիմոն Փիլոսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկվել է 3.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ. թ. 10):
3. Հակընդդեմ հայցադիմումով Սիմոն Փիլոսյանը պահանջել է առ ոչինչ ճանաչել Ոստիկանության 22.09.2008 թվականի թիվ 548377 և 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշումները (գ. թ. 9):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առ ոչինչ լինելը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
i
Նույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում իրավահարաբերությունների առկայության կամ բացակայության կամ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն առ ոչինչ լինելու մասին:
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերը նշված հոդվածների վերլուծությանը:
i
Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատարանը գործը հարուցում, քննում և լուծում է միմիայն հայցի հիման վրա և միմիայն հայցի շրջանակներում: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ տարանջատում է վիճարկման և ճանաչման հայցերի տեսակները: Հետևաբար այդ հայցերից որևէ մեկի ներկայացման դեպքում Դատարանը պարտավոր է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը որոշել դրա շրջանակներում: Մասնավորապես` այն դեպքում, երբ ներկայացվում է վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու (ճանաչման հայց) վերաբերյալ հայցադիմում, ՀՀ վարչական դատարանն իրավասու է վճիռ կայացնել վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն առ ոչինչ լինելու մասին կամ մերժել այդպիսի հայցադիմումը և իրավասու չէ իր հայեցողությամբ փոփոխել հայցապահանջը` վարչական ակտը ճանաչելով անվավեր (վիճարկման հայց), (տե՛ս Մարտին Զորյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` 26.03.2009 թվականի թիվ 857351 որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի թիվ ՎԴ/2514/05/09 որոշումը):
Սույն գործով Սիմոն Փիլոսյանը հակընդդեմ հայցադիմումով պահանջել է առ ոչինչ ճանաչել Ոստիկանության 22.09.2008 թվականի թիվ 548377 և 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշումները:
Մինչդեռ, Դատարանը քննել և վճիռ է կայացրել Ոստիկանության 22.09.2008 թվականի թիվ 548377 և 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշումներն անվավեր ճանաչելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սիմոն Փիլոսյանը Ոստիկանության 22.09.2008 թվականի թիվ 548377 և 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջ չի ներկայացրել: Հետևաբար Դատարանը, անվավեր ճանաչելով Ոստիկանության 22.09.2008 թվականի թիվ 548377 և 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշումները, դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից:
Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմնավորումներին չի անդրադառնում, քանի որ սույն գործով Դատարանն ըստ էության չի իրականացրել Սիմոն Փիլոսյանի ներկայացրած հայցի քննություն:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 27.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Մ. Դրմեյան |
|
Ե. Խունդկարյան |
|
Է. Հայրիյան |
|
Տ. Պետրոսյան |