ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1864/05/09
Վարչական գործ թիվ ՎԴ/1864/05/09 2010 թ.
Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի հուլիսի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Թովմասյանի և Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 04.02.2010 թվականի վճռի դեմ` ըստ Նարինե, Լիանա, Օֆելյա Թովմասյանների հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Գագիկ Թովմասյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման, Արամ Թովմասյանի` Երևանի քաղաքապետի 03.12.2008 թվականի թիվ 5631-Ա որոշումը, 17.02.2009 թվականի անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Թովմասյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, Գագիկ Թովմասյանի և Արամ Թովմասյանի միջև 18.04.2009 թվականին կնքված թիվ 1648 անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և պայմանագրի հիման վրա Արամ Թովմասյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Երևանի քաղաքապետին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նարինե, Լիանա, Օֆելյա Թովմասյանները պահանջել են մասնակի անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 03.12.2008 թվականի թիվ 5631-Ա որոշումը, 17.02.2009 թվականի անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Թովմասյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, անվավեր ճանաչել Գագիկ Թովմասյանի և Արամ Թովմասյանի միջև 18.04.2009 թվականին կնքված անշարժ գույքի թիվ 1648 նվիրատվության պայմանագիրը և պայմանագրի հիման վրա Արամ Թովմասյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, պարտավորեցնել Երևանի քաղաքապետին ընդունելու բարենպաստ վարչական ակտ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` Գագիկ և Արամ Թովմասյանների միջև 18.04.2009 թվականին կնքված թիվ 1648 անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը մասնակի` նվիրված գույքի 3/8 մասով, պայմանագրի հիման վրա 21.04.2009 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական Է4-8 մատյանի 000261 համարի տակ Գագիկ և Արամ Թովմասյանների անվամբ կատարված բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի` յուրաքանչյուրը 3/8 մասերով ճանաչվել է անվավեր, իսկ հայցը մնացած մասով մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Գագիկ Թովմասյանը և Երևանի քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Ըստ Գագիկ Թովմասյանի վճռաբեկ բողոքի Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, 3-րդ հոդվածի 4-րդ մասը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը, հիմք ընդունելով Օֆելյա և Լիանա Թովմասյանների կողմից տրված և թիվ 8 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից կնքված համաձայնագիրը, ինչպես նաև Նարինե, Օֆելյա և Լիանա Թովմասյանների անձնագրերի պատճեններում առկա հաշվառման նշումները, եզրահանգել է, թե վերջիններս Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի թիվ 42 տունը փաստացի տիրապետում են որպես սեփական գույք և այդ տան նկատմամբ Գագիկ Թովմասյանից բացի, պետք է ճանաչվեր նաև նրանց սեփականության իրավունքը: Մինչդեռ հայցվորների կողմից վիճելի գույքը որպես սեփականը չտիրապետելու հանգամանքը հաստատվում է հետևյալ փաստերով.
. վիճելի հասցեի տունը կառուցվել է 1938 թվականին,
. վիճելի տունը կառուցել է Գագիկ Թովմասյանի պապը` Թովմաս Թովմասյանը, իսկ
հետագա կառուցման աշխատանքները կատարել է Գագիկ Թովմասյանի հայրը`
Վազգեն Թովմասյանը` 1958-1997 թվականներին,
. Վազգեն Թովմասյանը և Օֆելյա Շավարշյանը Գագիկ Թովմասյանի ծնողներն են,
հետևաբար ծնողների մահից հետո վերջինս նրանց առաջին հերթի ժառանգն է,
. Նարինե Թովմասյանն ի սկզբանե չի բնակվել վիճելի տանը, այլ 1985 թվականին
ամուսնանալուց հետո տեղափոխվել է ամուսնու հայրական տուն, իսկ
աղջիկներից Օֆելյա Թովմասյանը 2006 թվականին ամուսնացել է և մինչ օրս
չի բնակվում վիճելի տանը,
. հայցվորները չեն մասնակցել վիճելի տան կառավարմանը`չեն կառուցել և չեն
կատարել կապիտալ վերանորոգման աշխատանքներ կամ այլ անբաժանելի
բարելավումներ, ինչպես նաև հոգ չեն տարել գույքի պահպանման համար` չեն
վճարել հողի հարկի կամ գույքահարկի վճարումներ,
. Վազգեն Թովմասյանը, կառավարել և հոգ է տարել գույքի պահպանման համար`
կատարել է գույքահարկի, հողի հարկի վճարումները: Անշարժ գույքի բարեխիղճ
տիրապետողը և սեփականատերը Վազգեն Թովմասյանն է:
2. Ըստ Քաղաքապետի վճռաբեկ բողոքի Դատարանը սխալ է մեկնաբանել Օրենքի 1-ին հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Համաձայն թաղային լիազոր ներկայացուցչի 12.08.2009 թվականի տեղեկանքի, Նարինե և Լիանա Թովմասյանները վիճելի տանը բնակվել են մինչև 2008 թվականի նոյեմբերը, իսկ Օֆելյա Թովմասյանը` մինչև 2006 թվականի փետրվարը: Այսինքն` վերջիններս նշված հասցեի գույքը փաստացի չեն տիրապետել: Նման պարագայում, երբ հայցվորները չեն բնակվել Սարի թաղի 6-րդ շենքի հ 42 տանը, այսինքն` փաստացի չեն տիրապետում, հետևաբար «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում ամրագրված պայմաններից մեկի` տիրապետման փաստի բացակայության դեպքում նույնաբովանդակ վարչական ակտը կհակասեր վերը նշված օրենքին և կառաջացներ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմք, այն է` հայցվորներին կտրամադրվեր ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել և փոփոխել Դատարանի 04.02.2010 թվականի վճիռը` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի թիվ 42 տունը կառուցվել է 1938 թվականին, որի զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմում է 133,99 քմ (հատոր 2-րդ գ.թ. 32, 98):
2) Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի թիվ 42 տան սեփականատերն էր Գագիկ Թովմասյանի պապը` Թովմաս Թովմասյանը, որի մահից հետո գույքը տիրապետել է Գագիկ Թովմասյանի հայրը` Վազգեն Թովմասյանը (հատոր 1-ին, գ.թ. 63-66, 18-21):
3) Վազգեն Թովմասյանը և Օֆելյա Շավարշյանը Գագիկ Թովմասյանի ծնողներն են, որոնք մահացել են համապատասխանաբար 20.09.1997 թվականին և 12.10.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ.145):
4) Գագիկ Թովմասյանը և Նարինե Թովմասյանն ամուսնացել են 1985 թվականին, համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են երկու դուստր` Օֆելյա Թովմասյան` ծնված 1985 թվականին, և Լիանա Թովմասյան` ծնված 1986 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 14, 142, հատոր 2-րդ, գ.թ. 8):
5) Նարինե և Լիանա Թովմասյանները Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի թիվ 42 տանը բնակվել են 1985 թվականից մինչև 2008 թվականի նոյեմբեր ամիսը, իսկ Օֆելյա Թովմասյանը` 1985 թվականից մինչև 2006 թվականի փետրվար ամիսը: Համաձայն թիվ 8 տեղամասի լիազոր ներկայացուցչի 28.07.2009 թվականի տեղեկանքի` Երևանի Սարի Թաղի 6-րդ շարքի թիվ 42 տանը միակ հաշվառված բնակվողը Գագիկ Թովմասյանն է, իսկ նույն հասցեում հաշվառված Նարինե, Լիանա, Օֆելյա Թովմասյանները ներկայումս չեն բնակվում (հատոր 1-ին, գ.թ. 143, հատոր 2-րդ, գ.թ. 53):
6) Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի թիվ 42 տանը Գագիկ Թովմասյանը հաշվառվել է 16.12.1989 թվականին, Նարինե Թովմասյանը` 1985 թվականին, Օֆելյա Թովմասյանը` 2002 թվականին, Լիանա Թովմասյանը` 2003 թվականին (հատոր 2-րդ գ.թ. 36, 37):
7) Երևանի քաղաքապետի 03.12.2008 թվականի թիվ 5631-Ա որոշմամբ Սարի Թաղի 6-րդ շարքի թիվ 42 տան նկատմամբ վերականգնվել է Գագիկ Թովմասյանի գույքային իրավունքները, ճանաչվել է նրա սեփականության իրավունքը, որի հիման վրա 17.02.2009 թվականին տրվել է սեփականության իրավունքի թիվ 2603274 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 8-11):
8) 18.04.2009 թվականի «Անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագրի» համաձայն` Գագիկ Թովմասյանը Արամ Թովմասյանին է նվիրել Երևանի Սարի Թաղի 6-րդ շարքի թիվ 42 տան զ-ը, որի հիման վրա վերջինիս 21.04.2009 թվականին տրվել է թիվ 2628489 սեփականության իրավունքի վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 72-75):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
«Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված և նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում) այն անհատական բնակելի տները և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում Երևանի քաղաքապետի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ, եթե նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են, և դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը:
Վերոհիշյալ իրավանորմերից բխում է, որ վերոնշյալ օրենքով կարգավորվում են օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տների (օրինական կառույցների), դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերի և (կամ) հողհատկացման հիմքերի պահպանված չլինելու դեպքում օրինական կառույցի սեփականատիրոջ իրավունքների վերականգնման հարցերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
Դատարանը, հիմնվելով վիճելի հասցեում հայցվորների հաշվառման փաստի և «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի վրա, եկել է այն եզրահանգման, որ Երևանի քաղաքապետի 03.12.2008 թվականի թիվ 5631-Ա որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ, քանի որ անտեսվել է հայցվորների կողմից ևս վիճելի գույքը որպես սեփականը տիրապետելու, դրա նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հանգամանքը:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի թիվ 42 տունը կառուցվել է 1938 թվականին, որի սեփականատերն էր Գագիկ Թովմասյանի պապը` Թովմաս Թովմասյանը, որի մահից հետո գույքը տիրապետել է Գագիկ Թովմասյանի հայրը` Վազգեն Թովմասյանը: Վերջինիս, ապա իր կնոջ` Օֆելյա Թովմասյանի մահից հետո որպես վերջիններիս առաջին հերթի ժառանգ վիճելի գույքը տիրապետել է նրանց որդին` Գագիկ Թովմասյանը: Այսինքն` Գագիկ Թովմասյանին է անցել վիճելի գույքի սեփականատեր հանդիսացող իր իրավանախորդների` այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման համար ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավունքները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը սույն գործով կիրառելի չէ և վերաբերում է այն դեպքերին, երբ գույքը ձեռք է բերվել համատեղ ամուսնության ընթացքում: Մինչդեռ, սույն գործով վեճի առարկան Գագիկ Թովմասյանի իրավանախորդների սեփականությունն էր, որոնց մահից հետո այդ գույքի փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ է համարվում Գագիկ Թովմասյանը, որի իրավունքներն էլ բացառապես կարող էր վերականգնվել վիճելի գույքի նկատմամբ:
Վերոգրյալից հետևում է, որ վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի առաջացման համար միայն այդ հասցեում հաշվառվելը և բնակվելը բավարար չեն «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար, քանի որ օրենքը կարգավորում է ոչ թե սեփականության իրավունքի ծագման, այլ արդեն իսկ ծագած սեփականության իրավունքի վերականգնման խնդիրը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.02.2010 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել` Նարինե, Լիանա, Օֆելյա Թովմասյանների հայցը մերժել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Նարինե, Լիանա, Օֆելյա Թովմասյաններից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` հայցադիմումի և 20.000 ՀՀ դրամ` վճռաբեկ բողոքի համար չվճարված պետական տուրքի գումարներ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան