Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՄԱՆԵ ...

 

 

020.0921.191010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ՈՐՈՇՄԱՆ 8-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան 19 հոկտեմբերի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 71-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դիմումների հիման վրա` «Համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ վճռաբեկ դատարանի` 11.06.2010թ. սահմանադրական դատարանում մուտքագրված թիվ 4-170 և 4-171 դիմումներն են:

Սահմանադրական դատարանը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով, իր` 2010թ. հունիսի 18-ի ՍԴԱՈ-67 աշխատակարգային որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի ՎԴ1-Ե4684 և ՎԴ1-Ե4685 դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը միավորել է` որոշելով դրանք քննել դատարանի նույն նիստում: Սահմանադրական դատարանի 2010թ. հուլիսի 20-ի ՍԴԱՈ-81 աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունը հետաձգվել է և նշանակվել 19.10.2010թ.:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, դատական գործերը, հետազոտելով «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումն ընդունվել է 2009 թվականի հունիսի 19-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից ստորագրվել` 2009 թվականի հունիսի 19-ին և ուժի մեջ մտել 2009 թվականի հունիսի 20-ին:

«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման վիճարկվող 8-րդ կետի երկրորդ ենթակետը սահմանում է. «Համաներումը չկիրառել ... այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժաչափը կրճատվել է, կամ որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատիժը կրելուց ազատվել են ներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման մասին որոշումներով, կամ որոնց նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական գործերը կարճվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման մասին որոշումներով, և կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հանցագործությունների համար դատվածությունը մարելուց հետո անցել է 10 տարի»:

2. Նախկինում համաներման հիմքով պատասխանատվությունից ազատված քաղաքացիներ Ա. Սիմոնյանի և Ա. Դալլաքյանի նկատմամբ համապատասխանաբար Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. հուլիսի 21-ի որոշմամբ և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. օգոստոսի 18-ի որոշմամբ կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշումը: Գեղարքունիքի մարզի և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանների նշված որոշումները բողոքարկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. դեկտեմբերի 25-ի որոշումներով վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ առաջին ատյանի դատարանների որոշումները թողնվել են օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի որոշումները ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բողոքարկվել են ՀՀ վճռաբեկ դատարան:

Վերաքննիչ բողոքներում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը գտել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. հուլիսի 21-ի և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. օգոստոսի 18-ի որոշումներն անհիմն են ու ենթակա են բեկանման, քանի որ դրանցով թույլ է տրվել դատական սխալ: Շեշտվում է, որ Արմեն Սիմոնյանի նկատմամբ 01.09.2006թ. ՀՀ ԱԱԾ-ի կողմից որոշում է կայացվել համաներման ակտի հիմքով քրեական գործը կարճելու մասին, իսկ Արմեն Դալլաքյանի նկատմամբ նույն հիմքով 2003թ. հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժվել է: Դատախազությունը գտել է, որ երկու դեպքում էլ առաջին ատյանի դատարաններն այս հանգամանքները հաշվի չեն առել և չեն կիրառել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սահմանափակումները` համաներումը չկիրառելու հիմքերի առնչությամբ:

Համաձայն քրեական գործերի նյութերի` երկու դեպքում էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նույնաբնույթ որոշում է կայացրել` մերժելով վերաքննիչ բողոքները` արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «...անձի նկատմամբ դատվածությունը կարող է մարվել կամ հանվել միայն վերջինիս նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի /մեղադրական դատավճռի/ առկայության պայմանում»: Եվ քանի որ Արմեն Սիմոնյանի և Արմեն Դալլաքյանի նկատմամբ «...մեղադրական դատավճիռ առկա չէ և դատվածությունը մարելու խնդիր առաջանալ չի կարող, որպեսզի հանգամանքը ...համաներումը չկիրառելու հիմք համարվել չի կարող, հետևաբար ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու հիմքեր չկան»: Փաստորեն, առաջին և վերաքննիչ ատյաններում դատական պրակտիկան հիմք է ընդունել այն կանխադրույթը, որ եթե անձը դատվածություն չունի, ապա նրա նկատմամբ համաներման սահմանափակումներ չեն կարող լինել:

3. Դիմող կողմն առաջադրում է իրավական երկու խնդիր.

նախ` եթե «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի համատեքստում համաներում կիրառելու արդյունքում անձը դատվածություն չունի, ապա նրա նկատմամբ համաներում պետք է տարածվի, թե՞ ոչ, և արդյո՞ք այդ իրավանորմի ձևակերպումը չի հակասում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա իրավական ակտերին ներկայացվող որոշակիության և կանխատեսելիության պահանջներին,

երկրորդ` նշված անձանց նկատմամբ համաներում չկիրառելու դեպքում չի՞ խախտվի, արդյոք, ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածը, որի համաձայն` բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:

Դիմող կողմը «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթների առնչությամբ գտնում է, որ համաձայն առկա իրավակարգավորման` «& եթե անձը չի առարկում կիրառել համաներումը, որի արդյունքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, կամ կարճվում է քրեական գործը և արդյունքում նա չի ունենում դատվածություն, ապա այդ անձը զրկվում է հետագայում իր նկատմամբ համաներում կիրառելու հնարավորությունից: Իսկ եթե նույն հանցանքը կատարած անձը համաներում կիրառելու դեմ առարկում է և դատապարտման արդյունքում ունենում է դատվածություն, ապա նրա դատվածությունը մարելուց 10 տարի անցնելուց հետո նրա նկատմամբ համաներումը կիրառվում է»: Ըստ դիմողի` «Փաստորեն նույն դիտավորյալ հանցագործությունը կատարած անձինք, որոնց նկատմամբ նախկինում կիրառվել է համաներում, կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելիս հայտնվում են անհավասար վիճակում, որի արդյունքում խախտվում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը»:

Դիմողի կարծիքով` քննարկվող որոշման վիճարկվող դրույթներն առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, քանի որ «Համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ կետի երկրորդ ենթակետի ձևակերպման պայմաններում հնարավոր չէ ապահովել օրենքի առջև բոլորի հավասարությունը, իրավական ակտի որոշակիությունը և կանխատեսելիությունը: Դիմողի պնդմամբ` համաներման չկիրառումն այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ դիտավորյալ հանցագործության համար քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական գործերը կարճվել են ՀՀ ԱԺ համաներման մասին նախկին որոշումներով, կդիտվի որպես իրավական ակտի տարածական մեկնաբանում և կհանգեցնի նրանց սահմանադրական իրավունքների խախտման: Միաժամանակ դիմողը գտնում է, որ «...դատվածությունը մարելուց հետո 10 տարի անցնելն անալոգիայով (համանմանությամբ) չի կարելի տարածել նաև այն անձանց վրա, որոնց նկատմամբ դիտավորյալ հանցագործության համար քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական գործերը կարճվել են ՀՀ Ազգային ժողովի համաներման մասին որոշումներով, քանի որ դա ակնհայտորեն կհակասի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին»: Ըստ դիմողի` դա կհակասի նաև նույն օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, որի համաձայն` անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են ֆիզիկական անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտավորություն կամ պատասխանատվություն:

4. Ըստ պատասխանողի` ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` դիտավորյալ հանցագործության համար քրեական հետապնդում չհարուցելու, կամ քրեական գործով վարույթը կարճելու դեպքում դատվածություն չի կարող առաջանալ, ուստիև` «Համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված բացառությունն այս դեպքերի վրա չի կարող տարածվել:

Պատասխանողը գտնում է, որ հիմնավորված չէ նաև դիմողի մոտեցումն առ այն, որ վիճարկվող իրավանորմի ձևակերպումը հակասում է իրավական ակտին ներկայացվող որոշակիության և կանխատեսելիության պահանջներին: Հանդիսանալով իրավական ակտերի պարտադիր հատկանիշ` իրավական որոշակիությանը ներկայացվող պահանջները չեն կարող նույն կերպ տարածվել նաև համաներման ակտի վրա, քանզի անձը հանցանք կատարելու պահին չի կարող և չպետք է կանխատեսի համաներման ակտի ընդունման հնարավորությունը: Անձի վարքագիծը հիմնվում է կանխատեսելի և խիստ որոշակի քրեական օրենսգրքի վրա, սակայն հանցագործությունը կատարելուց հետո նա չի կարող և չպետք է կանխատեսի համաներման հնարավորությունը:

Ինչ վերաբերում է վիճարկվող նորմի առնչակցությանը ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, ապա այս կապակցությամբ պատասխանողը գտնում է, որ համաներումն արտադատական ակտ է, որի կիրառման օրենսդրական հիմքերը նախատեսված չեն: Այսինքն` հարցի կարգավորումն ամբողջությամբ թողնված է պետական իշխանության բարձրագույն մարմնի հայեցողությանը: Յուրաքանչյուր դեպքում օրենսդրի հայեցողությանն է թողնված ինչպես համաներում հայտարարելու նպատակահարմարության և հանցանք կատարած անձանց շրջանակի որոշումը, այնպես էլ համաներման կիրառման պայմանների և բացառությունների սահմանումը: Կոնկրետ հանցագործությունների և հանցանք կատարած անձանց շրջանակի, համաներման կիրառման պայմանների և բացառությունների սահմանումը չի կարող դիտվել ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով երաշխավորված սահմանադրական սկզբունքի խախտում: ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածը խտրականությունն արգելում է դրանում նշված հիմքերից որևէ մեկով: Նշված հոդվածը, չսահմանափակվելով խտրականությունն արգելող հիմքերի սպառիչ ցանկով, խտրականությունն արգելում է նաև անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հիմքով: Դրանք վերաբերում են բացառապես անձնական կամ սոցիալական բնույթի հանգամանքներին, ուստիև` համաներման ակտի հիմքում ընկած չափանիշների վրա տարածվել չեն կարող:

Վերոնշյալ հիմնավորումներով պատասխանողը գտնում է, որ վիճարկվող նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի մտահոգությունը «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի առկա ձևակերպման, հատկապես բացառության մասի, առնչությամբ` հիմնավոր է, և նման ձևով այն կիրառելու պարագայում կարող է խտրական իրավիճակ ստեղծվել: Այս հարցում, ըստ գործի նյութերի, տարակարծություն չի արտահայտել նաև ՀՀ դատախազությունը: Վերջինիս հարցադրումն այն է, որ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները հաշվի չեն առնվել:

Միաժամանակ, ակնհայտ է, որ համաներման ակտն ընդունողի հայեցողական լիազորությունը կարող է իրացվել միայն իրավաչափ լուծումների ու ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքների շրջանակներում` բացառելով նաև խտրականության որևէ դրսևորում: Վիճարկվող նորմն ունի հասցեատերերի հիմնականում երկու խումբ, այն է` անձինք, ում նկատմամբ համաներումը նախկինում կիրառվել է նախաքննության փուլում, և անձինք, ում նկատմամբ համաներումը կիրառվել կամ ներում է շնորհվել մեղադրական դատավճռի կայացումից հետո: Վիճարկվող նորմի կարգավորման առարկայի տեսանկյունից այս երկու խումբ անձինք համանման իրավիճակում են, քանի որ նրանց համար ընդհանուր է այն իրավակարգավորումը, որը հիմք է հանդիսանում նրանց նկատմամբ համաներումը չկիրառելու համար` ելնելով արդեն մեկ անգամ պետության մարդասիրական վերաբերմունքից օգտված լինելու փաստից:

Սակայն նշյալ անձանց քրեական պատասխանատվությունից ազատելուն առնչվող հարցերի իրավակարգավորման շրջանակներում նրանց նկատմամբ կարող է տարբերակված մոտեցում դրսևորվել միայն օբյեկտիվ և ողջամիտ արդարացման դեպքում:

Վիճարկվող նորմում օրենսդրի վերաբերմունքն այդ անձանց նկատմամբ արտահայտվում է երկու հիմնական հարցի իրավակարգավորման առնչությամբ.

ա) այն անձանց շրջանակը որոշելիս, ում նկատմամբ համաներման ակտը չի կիրառվում,

բ) համաներումը չկիրառելու վերաբերյալ ընդհանուր կանոնից բացառություն սահմանելիս:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ համաներումը չկիրառելով ե՛ւ նախկինում նախաքննության փուլում համաներման հիմքով պատասխանատվությունից ազատված անձանց նկատմամբ, ե՛ւ համաներման կամ ներման հիմքով պատժից մասամբ կամ ամբողջությամբ ազատված դատապարտյալների նկատմամբ` օրենսդիրը գործել է օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելման սկզբունքին համահունչ` ապահովելով նույնական վերաբերմունք համանման իրավիճակում գտնվող անձանց առնչությամբ: Մինչդեռ նույն հետևողականությունը չի դրսևորվել համաներումը չկիրառելու վերաբերյալ ընդհանուր կանոնից բացառությունը նման ձևով սահմանելիս և «...որոնց նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար քրեական հետապնդում չի հարուցվել» դրույթը սույն իրավակարգավորման համատեքստում ներկայացնելիս:

Այսուհանդերձ, քննության առարկա գործով խնդիրը վերաբերում է կոնկրետ քրեական գործերի լուծմանը և դրանց շրջանակներում կիրառվելիք նորմի սահմանադրականության վերաբերյալ հարց առաջադրելուն: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքերով սույն գործի վարույթը ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ.

առաջին` «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթները` անկախ բացառության պարագայից, միանշանակ նախատեսում են, որ համաներում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, «...որոնց նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական գործերը կարճվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման մասին որոշումներով»: Նույն կետով նախատեսված բացառությունը` «...բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հանցագործությունների համար դատվածությունը մարելուց հետո անցել է 10 տարի», նախ` չի վերաբերում այն անձանց, որոնց նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական գործերը կարճվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման մասին որոշումներով, և ապա` չի վերաբերում նաև սահմանադրական դատարան վճռաբեկ դատարանի դիմումների ներկայացման համար առիթ հանդիսացած քրեական գործերին, քանի որ բացառությունը հստակ ժամկետային սահմանափակում ունի: Անկախ բովանդակային մեկնաբանություններից, նշված քրեական գործերով Արմեն Սիմոնյանի նկատմամբ նախորդ համաներումը կիրառվել է վերջին համաներումից 3 տարի առաջ, իսկ Արմեն Դալլաքյանի նկատմամբ` 6 տարի առաջ: Հետևաբար, քրեական գործերի լուծումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից պայմանավորված չէ նշված բացառությամբ,

երկրորդ` ՀՀ վճռաբեկ դատարանն ըստ էության վերացական վերահսկողության կարգով է բարձրացնում վեճի առարկա դրույթի սահմանադրականության հարցը, որի իրավասությունը նախատեսված չէ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով: Վերջինիս 1-ին մասով սահմանված է, որ դատարանները կարող են սահմանադրական դատարան դիմել նորմատիվ ակտի այն դրույթների սահմանադրականության հարցով, «...որոնք ենթակա են կիրառման իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով», իսկ համաձայն նույն հոդվածի 5-րդ մասի` դիմողը պետք է հիմնավորի, որ «...այդ գործի լուծումը կարող է իրականացվել միայն վիճարկվող դրույթի կիրառմամբ»: Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ գործերի լուծման առումով իրավական որևէ անորոշություն առկա չէ: Ինչպես նշվեց, «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետում հստակ սահմանված է, որ համաներում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, «...որոնց նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական գործերը կարճվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման մասին որոշումներով»: Նման իրավիճակը դատվածության հանգամանքի հետ որևէ առնչություն չունի: Իսկ բացառության քննարկումն այս գործերի լուծման համատեքստում որևէ գործնական իրավական հետևանք ունենալ չի կարող, քանի որ այդ դրույթը թե՛ սահմանադրական և թե՛ հակասահմանադրական ճանաչելու դեպքում, միևնույն է, «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետը կբացառի վերոնշյալ հիմքերով համաներման կիրառումը: Ընդ որում, դատական պրակտիկայում չի կարող ենթադրվել, որ եթե համարժեք բացառություն նախատեսված չէ, ապա նախատեսված սահմանափակումը կիրառելի չէ, ինչը քննության առարկա քրեական գործերի շրջանակներում տեղ է գտել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների մոտեցումներում,

երրորդ` ՀՀ վճռաբեկ դատարանի առաջադրած 1-ին հարցի պատասխանը` «եթե «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի համատեքստում համաներում կիրառելու արդյունքում անձը դատվածություն չունի, ապա նրա նկատմամբ համաներում պետք է տարածվի, թե՞ ոչ, և արդյո՞ք այդ իրավանորմի ձևակերպումը չի հակասում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա իրավական ակտին ներկայացվող որոշակիության և կանխատեսելիության պահանջներին», կարող է տրվել իր իսկ իրավազորության շրջանակներում,

չորրորդ` բարձրացվում է այնպիսի իրավական ակտի նորմի սահմանադրականության խնդիր, որը, նորմատիվ ակտ լինելով հանդերձ, ունի էական լուրջ առանձնահատկություն` այն առնչվում է կոնկրետ անձանց ու կոնկրետ իրավիճակների, օբյեկտիվ իրավունքի պաշտպանության խնդիրներ չի լուծում: Մինչդեռ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով: Հետևաբար, դատական պրակտիկան չի կարող անտեսել տվյալ կոնկրետ գործին առնչվող այնպիսի հանգամանքներ, որոնք վերաբերում են համաներումը կիրառելու սահմանափակումներին (օրինակ` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր` 2009թ. հուլիսի 21-ի որոշման հիմքում դրել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի և 12-րդ կետի 1-ին ենթակետի «բ» կետի դրույթները` առանց անդրադարձ կատարելու նույն որոշման 8-րդ կետին, եզրահանգելով, որ «...բացակայում են համաներումը կիրառելու սահմանափակումները»): Այս հարցի շուրջ ծագած վեճն իրավական նորմի կիրառման և ոչ թե սահմանադրականության խնդիր է:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60, 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դիմումների հիման վրա` «Համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 հոկտեմբերի 2010 թվականի

ՍԴՈ-921

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.10.2010
N ՍԴՈ-921
Որոշում