Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ԴԱՎԹԱՇԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋ ...

 

 

020.0947.050411

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 5 ապրիլի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 71-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 09.11.2010թ. սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003թ. ապրիլի 18-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2003թ. ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003թ. օգոստոսի 1-ից:

ՀՀ քրեական օրենսգրքի` «Վաշխառությունը» վերտառությամբ 213-րդ հոդվածը սահմանում է.

«1. Վաշխառությունը` պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը`

1) որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ,

2) որը կատարվել է որպես արհեստ,

3) որը կատարվել է տուժողի անչափահաս լինելը կամ մտավոր զարգացման թերություններն օգտագործելով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով»:

2. Սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի կողմից հարուցվել և քննվել է թիվ 10128209 քրեական գործը: Հարուցված քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել Վ. Ազիզյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 2010թ. մարտի 1-ին քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի կողմից նույն թվականի մարտի 3-ին քրեական գործն ընդունվել է վարույթ: 03.11.2010թ. դատավոր Վ. Ռշտունին կայացրել է քրեական գործի վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում` վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի սահմանադրականությունը:

3. Դիմողը, պնդելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 3, 14.1, 18 և 31-րդ հոդվածներին, որպես վիճարկվող հոդվածի հակասահմանադրականության հիմնական փաստարկ վկայակոչում է, նախ` այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305 և 313-րդ հոդվածներով արդեն իսկ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված և քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող վաշխառության երկընտրելի արարքների համար քաղաքացիաիրավական պատասխանատվություն, և երկրորդ` պետության կողմից պաշտպանվող տնտեսական շահերի դեմ ուղղված` կամովին երկկողմ պայմանագիր կնքելու դեպքում օրենսդիրը քրեական պատասխանատվություն է սահմանում կողմերից միայն մեկի` փոխատուի համար, դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով ամրագրված` օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը:

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին և հղում կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածին` դիմողը գտնում է, որ օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում` «ծանր կացություն» եզրույթը, 2-րդ մասի 2-րդ կետում` «որը կատարվել է որպես արհեստ» բառակապակցությունը չեն բխում իրավական որոշակիության սկզբունքից: Ըստ դիմողի` օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում` «ծանր կացություն» եզրույթը խիստ գնահատողական է, բազմիմաստ, իսկ 2-րդ մասի 2-րդ կետում` «որը կատարվել է որպես արհեստ» բառակապակցությունն առաջադրում է հարց, թե ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով պարբերաբար գումարներ տրամադրող անձին պետք է ենթարկել վարչական պատասխանատվության` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար, թե քրեական պատասխանատվության` վաշխառությունը որպես արհեստ կատարելու համար: Իսկ եթե` քրեական պատասխանատվության, ապա` ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով, 188-րդ հոդվածով, թե երկու հոդվածներով միաժամանակ:

4. Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը` հետևյալ պատճառաբանությամբ: «Վաշխառության քրեականացումը պայմանավորված է գործունեության այս տեսակը քրեականացնելու և դրա դեմ քրեաիրավական մեթոդներով պայքարելու հանրային պահանջով, որի հիմքում նախ և առաջ ընկած է արարքի հանրային վտանգավորության և արարքի նկատմամբ սոցիալական վերահսկողության այլ միջոցների համեմատությամբ դրա քրեականացման նպատակահարմարության հիմնավորումը: Արարքի քրեականացումը հասարակական հարաբերությունների կարգավորվածությունն ապահովող առավել ընդհանուր սոցիալական գործընթացի` սոցիալական վերահսկողության համակարգի տարր է: Վաշխառության քրեականացումը համարժեք պատասխանն է այն վնասին, որը գործունեության այս տեսակը հասցնում է մի կողմից տնտեսական հարաբերություններին, մյուս կողմից նպաստում այլ` առավել վտանգավոր հանցագործությունների կատարմանը»: Պատասխանողը նաև պնդում է, որ վաշխառության քրեականացումն ունի նաև կանխիչ նշանակություն, քանի որ քրեաիրավական արգելքի բովանդակությունը հասարակական գիտակցության մեջ արմատավորելու, հանցավոր վարքագծի կարծրատիպեր ձևավորելու միջոցով իրականացվում է ինչպես գործունեության այս տեսակի կանխման գործառույթ, այնպես էլ կանխվում են հասարակական ավելի մեծ վտանգավորություն ունեցող հանցագործությունները, որոնք վաշխառության անմիջական հետևանք կարող են լինել:

5. Վիճարկվող հոդվածը զետեղված է ՀՀ քրեական օրենսգրքի` «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 22-րդ գլխում: Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հանրային վտանգավորությունը` հատկապես վերափոխվող տնտեսական համակարգերի համար, դրսևորվում է նրանում, որ դրանք խախտում են տնտեսության ոլորտի իրավակարգը, տնտեսական շրջանառության առանձին մասնակիցների, հասարակության, պետության տնտեսական շահերը, գույքային վնաս են պատճառում տնտեսավարող սուբյեկտներին և առանձին քաղաքացիների:

Վաշխառության հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է երկու արարքով, որոնցից թեկուզև մեկի կատարումը բավական է արարքը հանցագործություն որակելու համար: Այն է` առաջին` պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, և երկրորդ` անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը:

Հանցագործության սուբյեկտիվ կողմը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ:

Հանցագործության սուբյեկտ կարող է հանդիսանալ 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն` վիճարկվող` ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների, այսինքն` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված վաշխառության վերաբերյալ գործերը համարվում են հանրային հետապնդման գործեր:

6. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև դիմողի հարցադրումները, հարկ է համարում օրենսգրքի վիճարկվող դրույթները դիտարկել ՀՀ քրեական և քաղաքացիական օրենսդրության խնդիրների համատեքստում:

ՀՀ քրեական օրենսգրքի` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրները» վերտառությամբ 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրներն են, ի թիվս այլնի, հանցավոր ոտնձգություններից մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հանցագործությունների կանխումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Քաղաքացիական օրենսդրության սկզբունքները» վերտառությամբ 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների վերլուծությունը թույլ է տալիս բացահայտել նաև ՀՀ քաղաքացիական օրենսդրության խնդիրները: ՀՀ քաղաքացիական օրենսդրության խնդիրներն են, ի թիվս այլնի, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացումը, խախտված իրավունքների վերականգնման և դրանց դատական պաշտպանության ապահովումը:

ՀՀ քրեական և քաղաքացիական օրենսդրության խնդիրների համադրված վերլուծությունից բխում է, որ քրեական օրենսդրության միջոցով օրենսդիրն իր առջև դրել է հանցագործությունների կանխման միջոցով հանցագործությունների հետևանքով իրավունքների և ազատությունների խախտումների կանխման խնդիր, իսկ քաղաքացիական օրենսդրության դեպքում օրենսդիրն իր առջև դրել է խախտված իրավունքների վերականգնման ապահովման խնդիր, ինչը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա են քաղաքացիական իրավունքների խախտման դեպքում քաղաքացիական դատավարության կարգով նշված իրավունքների վերականգնման համար նախադրյալներ հանդիսացող նորմեր: Այդպիսիք են, մասնավորապես, դիմողի կողմից վկայակոչված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305 և 313-րդ հոդվածները, որոնք նախադրյալներ են հանդիսանում օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքի կամ ստրկացուցիչ գործարքի հետևանքով խախտված իրավունքները քաղաքացիական դատավարության կարգով վերականգնելու համար:

Ինքնանպատակ չէ այն հանգամանքը, որ, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, որտեղ օգտագործվում է «խախտված իրավունքների վերականգնման» բառակապակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «պաշտպանել իրավունքները» բառակապակցությունը, ինչը նշանակում է, որ քրեական օրենսդրությունն ունի նախականխիչ նշանակություն և քրեական օրենսդրության միջոցով օբյեկտիվորեն հնարավոր չէ վերականգնել արդեն իսկ խախտված իրավունքները: Այդ է պատճառը նաև, որ օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել է քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի ինստիտուտը, որի միջոցով գործնականում ապահովվում է հանցագործության հետևանքով խախտված իրավունքների վերականգնումը:

Վերոգրյալից բխում է, որ կոնկրետ արարքի համար միաժամանակ քրեական և քաղաքացիական պատասխանատվություն սահմանող նորմերն ունեն տարբեր առարկաներ, և դրանց միջոցով օրենսդիրը լուծում է տարբեր խնդիրներ. քաղաքացիական պատասխանատվության սահմանումը չի բացառում քրեորեն պատժելի արարքի համար պատասխանատվության սահմանումը:

Ընդ որում, այս կամ այն արարքի հանրային վտանգավորության գնահատումը և դրա քրեականացումը գտնվում են օրենսդրի բացառիկ իրավասությունների տիրույթում` հաշվի առնելով խնդրի համակարգային լուծումը և ելնելով վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության հստակ տարանջատման ու համադրված կանոնակարգման անհրաժեշտությունից:

Օրենսդիրն իրավակիրառողին չի ընձեռում քաղաքացիական և քրեական պատասխանատվություն սահմանող նորմերի միջև ընտրություն կատարելու հնարավորություն: Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի վերաբերյալ գործերը հանդիսանում են մասնավոր հետապնդման գործեր, արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի առկայության դեպքում գործարքի կողմ հանդիսացող մասնավոր անձին է հնարավորություն վերապահված ընտրություն կատարելու նշված արարքը կատարած, գործարքի մյուս կողմ հանդիսացող մասնավոր անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու համար հայց կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համար համապատասխան հայտարարություն ներկայացնելու միջև: Բոլոր դեպքերում, օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարք կնքած անձը կարող է և պարտավոր է իմանալ, որ տվյալ արարքի համար սահմանված է ոչ միայն քաղաքացիական, այլ նաև քրեական պատասխանատվություն:

i

7. Ինչ վերաբերում է դիմողի այն հարցադրմանը, որ պետության կողմից պաշտպանվող տնտեսական շահերի դեմ ուղղված` կամովին երկկողմ պայմանագիր կնքելու դեպքում օրենսդիրը քրեական պատասխանատվություն է սահմանում կողմերից միայն մեկի` փոխատուի համար, դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով ամրագրված` օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված հարցադրումն անհիմն է: Սահմանադրական դատարանն իր` 04.05.2010թ. ՍԴՈ-881 որոշման մեջ անդրադարձել է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը և հետևողականորեն առաջ է տարել այն տեսակետը, որ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը վերաբերում է համեմատելի իրավիճակներում գտնվող միևնույն կատեգորիայի անձանց, մինչդեռ տվյալ դեպքում փոխատուն և փոխառուն որակական տարբեր վիճակներում են:

i

8. Իրավական որոշակիության վերաբերյալ դիմողի հարցադրումների առնչությամբ սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր` ՍԴՈ-747 և ՍԴՈ-780 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, սույն գործով կրկին անգամ ընդգծում է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացությունների բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում` «ծանր կացություն» բառակապակցության և դրա բնորոշ հատկանիշների բովանդակության բացահայտմանը: Ընդ որում, նշված բառակապակցությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով տվյալ գործի բոլոր կոնկրետ փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից: Գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս իրավիճակը և պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը, կոնկրետ դեպքում` փոխառուն, գտնվել է ծանր կացության մեջ: Ինչ վերաբերում է օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում` «որը կատարվել է որպես արհեստ» բառակապակցության վերաբերյալ դիմողի հարցադրմանը, ապա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը բարձրացնում է իրավունքի կիրառման հարց:

9. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը, վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածը` ամբողջությամբ, և պահպանելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, չի անդրադարձել և որևէ հիմնավորում չի ներկայացրել վիճարկվող հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի առնչությամբ, քանի որ այն կոնկրետ քրեական գործի շրջանակներում կիրառելի չէ:

Նշված հանգամանքը հիմք է տալիս եզրահանգելու, որ սույն գործի վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մասով ենթակա է կարճման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով` որպես տվյալ կոնկրետ իրավանորմի սահմանադրականության հարցով ոչ իրավասու սուբյեկտի կողմից ներկայացված դիմումի հիման վրա քննության ընդունված գործ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 68 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` գործի վարույթը` ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մասով, կարճել:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

5 ապրիլի 2011 թվականի

ՍԴՈ-947

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
05.04.2011
N ՍԴՈ-947
Որոշում