Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.32-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 08-1713

    դատարանի որոշում                                            2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1713

Նախագահող դատավոր` Վ. Թորոսյան

    Դատավորներ`        Ն. Հովսեփյան

                       Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի      

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի        

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անդրանիկ Այվազյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Դավիթ Փոլադյանի ընդդեմ Անդրանիկ Այվազյանի, Անահիտ Առաքելյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` անշարժ գույքի բաժնեմասի նկատմամբ Անդրանիկ Այվազյանի սեփականության իրավունքը ճանաչելու, հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը բաժնեմասի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 25.04.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 08-1713 որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դավիթ Փոլադյանը պահանջել է ճանաչել Անդրանիկ Այվազյանին Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 106 շենքի թիվ 10 բնակարանի սեփականատեր, Անահիտ Առաքելյանի կողմից Անդրանիկ Այվազյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն վաճառել հրապարակային սակարկություններով և բռնագանձում տարածել ստացված գումարի` Անդրանիկ Այվազյանի բաժնի վրա:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 09.01.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է. վճռվել է Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 106 շենքի թիվ 10 բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների` Անահիտ Առաքելյանի և Անդրանիկ Այվազյանի միջև, նրանց բաժիններին համաչափ: Անդրանիկ Այվազյանի նշված բնակարանում ունեցած 1/2 բաժնեմասի դիմաց ստացված գումարն ուղղել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի թիվ 07-2920 վճռով սահմանված 138.663 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի մարմանը: Գործի վարույթն ըստ հայցի Դավիթ Փոլադյանի ընդդեմ Անդրանիկ Այվազյանի, Անահիտ Առաքելյանի, երրորդ անձ Կադաստրի` անշարժ գույքի բաժնեմասի նկատմամբ Անդրանիկ Այվազյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով կարճվել է Դավիթ Փոլադյանի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.04.2008 թվականի որոշմամբ Անահիտ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.01.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անդրանիկ Այվազյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դավիթ Փոլադյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը սույն գործով Անահիտ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 09.01.2008 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի` 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, իսկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի` 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքում դրվել է Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի` 07.07.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Անդրանիկ Այվազյանին և Դավիթ Փոլադյանին վերաբերող մասով Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը ճանաչվել է անվավեր, որն օրինական ուժի մեջ է մտել 18.09.2009 թվականին:

ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2010 թվականի թիվ 3-248(ՎԴ) որոշմամբ բեկանվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Նշված որոշմամբ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը բեկանելու հանգամանքը նոր երևան եկած հանգամանք է, որն էական նշանակություն ունի Վերաքննիչ դատարանի 25.04.2008 թվականի որոշումը վերանայելու և այն բեկանելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Անդրանիկ Այվազյանը Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք չի բերել, իսկ Վերաքննիչ դատարանն Անահիտ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ: Հետևաբար Անդրանիկ Այվազյանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ չէր կարող վճռաբեկ բողոք ներկայացնել, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նման հնարավորություն չի ընձեռում:

Բացի այդ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման, քանի որ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման և իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու մասով, որպես` շահագրգիռ անձ, Դավիթ Փոլադյանը կարող էր դիմել դատարան, անկախ այն հանգամանքից, թե Անդրանիկ Այվազյանից հօգուտ Դավիթ Փոլադյանի գումար բռնագանձելու վերաբերյալ վճիռ առկա է, թ» գործը քննության փուլում է: Այսինքն` կարևորն այն հանգամանքն է, որ Անդրանիկ Այվազյանը կեղծ գործարքով չազատվի պարտավորությունների կատարումից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճռով Անդրանիկ Այվազյանից հօգուտ Դավիթ Փոլադյանի բռնագանձվել է 102.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` հիմնական պարտքի և 36.663 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` տոկոսների գումարները, ինչպես նաև դադարած է ճանաչվել Դավիթ Փոլադյանի կողմից Անդրանիկ Այվազյանին 28.04.2002 թվականին տրված ստացականում նշված պարտավորությունը: Նշված վճռի հիմքում դրվել է Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը (գ.թ. 5-12):

2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 07.07.2009 թվականի որոշմամբ Անդրանիկ Այվազյանի հայցն ընդդեմ Դավիթ Փոլադյանի` էական նշանակության ազդեցության տակ կնքված գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին բավարարվել է մասնակիորեն: Որոշվել է Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը «այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու» մասով` Անդրանիկ Այվազյանին և Դավիթ Փոլադյանին վերաբերող մասով, ճանաչել անվավեր, իսկ հայցը մնացած մասով` մերժել:

3) Վճռաբեկ բողոքին կից ներկայացված ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2010 թվականի թիվ 3-248(ՎԴ) որոշմամբ բեկանվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

4) Սույն գործով Վերաքննիչ դատարանը 25.04.2008 թվականի որոշմամբ Անահիտ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 09.01.2008 թվականի վճիռն անփոփոխ թողնելու հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի` 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը (գ.թ. 168-172):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը 25.04.2008 թվականի թիվ 08-1713 որոշմամբ Անահիտ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 09.01.2008 թվականի թիվ 2-2604 վճիռն անփոփոխ թողնելու հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի` 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 07-2920 վճիռը:

Սույն գործով Անդրանիկ Այվազյանը, որպես նոր երևան եկած հանգամանք, ներկայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2010 թվականի թիվ 3-248(ՎԴ) որոշումը, որով բեկանվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի` 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 07-2920 վճիռը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2010 թվականի թիվ 3-248(ՎԴ) որոշումը սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով նոր երևան եկած հանգամանք է, քանի որ տվյալ վճռով վերացվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի` 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 07-2920 վճիռը, այսինքն` այն դատական ակտը, որը դրվել է Վերաքննիչ դատարանի 25.04.2008 թվականի թիվ 08-1713 որոշման հիմքում:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 25.04.2008 թվականի թիվ 08-1713 որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2008 թվականի թիվ 08-1713 որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2011
N 08-1713
Որոշում