Սեղմել Esc փակելու համար:
{04.07.2011 - 27.10.2018} ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{04.07.2011 - 27.10.2018} ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.07.2011  -ից մինչեւ   27.10.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

04.07.2011 - 27.10.2018

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 25-ին

 

i

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կազմակերպման և լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

 

Հոդված 2. Ազատ տնտեսական գոտիների մասին օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտիների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, մաքսային և հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներից և այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

i
Հոդված 3. Օրենքում կիրառվող հասկացությունները

 

Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացություններն են`

1) ազատ տնտեսական գոտի` սույն օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած հատուկ տարածք, որը համարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս և որտեղ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ստեղծվել տարբեր գործառնական տեսակների ազատ տնտեսական գոտիներ.

2) ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ (այսուհետ` կազմակերպիչ)` բացառապես ազատ տնտեսական գոտու կազմակերպման նպատակով կառավարության ստեղծած (հիմնադրած) կամ կառավարության որոշմամբ ընտրված իրավաբանական անձ, որն ապահովում է ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը և ծառայությունների մատուցումը.

3) ազատ տնտեսական գոտու շահագործող (այսուհետ` շահագործող)` սույն օրենքին համապատասխան բացառապես ազատ տնտեսական գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ մասնաճյուղ, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչություն, որն ունի կառավարության կողմից տրված համապատասխան թույլտվություն և կազմակերպչի հետ կնքված համապատասխան պայմանագիր.

4) լիազոր մարմին` ազատ տնտեսական գոտիների պետական քաղաքականության բնագավառում կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին:

 

i
Հոդված 4. Շահագործողների թույլտվության տրամադրումը և կազմակերպչի ընտրությունը

 

1. Շահագործողների թույլտվության տրամադրումը և դադարեցումը իրականացվում է կառավարության սահմանած կարգով:

i

2. Կառավարության կողմից շահագործողի թույլտվությունը տրվում է շահագործողի ներկայացրած գործարար ծրագրի գնահատման արդյունքում:

3. Շահագործողի ներկայացրած գործարար ծրագրին ներկայացվող պահանջները և գնահատման կարգը սահմանում է կառավարությունը:

4. Շահագործողը թույլտվությամբ չսահմանված այլ տեսակի գործունեություն իրականացնելու համար պետք է ստանա լրացուցիչ թույլտվություն:

5. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան տրամադրված թույլտվությամբ սահմանված պահանջների խախտման կամ չկատարման դեպքում թույլտվությունը դադարեցվում է:

6. Կազմակերպչի ընտրության կարգը և չափանիշները սահմանում է կառավարությունը:

 

i
Հոդված 5. Ազատ տնտեսական գոտու ստեղծումը

 

1. Ազատ տնտեսական գոտին ստեղծվում է կառավարության որոշմամբ:

2. Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշումը պետք է ներառի`

1) ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակը.

2) տարածքի նկարագիրը և սահմանագիծը.

3) գործառնական տեսակը.

4) շահագործողների կողմից իրականացվելիք գործունեության տեսակները.

5) ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետները.

6) կազմակերպչին և շահագործողներին ներկայացվող չափանիշները.

7) ազատ տնտեսական գոտու ստեղծման ներդրումային ծրագիրը.

8) կազմակերպչի անհատական տվյալները, եթե նախապես հայտնի է նա.

9) այլ անհրաժեշտ տվյալներ և պահանջներ:

3. Եթե ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշման ընդունումից հետո` մեկ տարվա ընթացքում, ազատ տնտեսական գոտու գործունեությունը չի մեկնարկվում, ապա ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշումը համարվում է չեղյալ:

 

i
Հոդված 6. Ազատ տնտեսական գոտուն ներկայացվող պահանջները

 

1. Ազատ տնտեսական գոտին պետք է բավարարի հետևյալ պահանջներին`

1) ապահովված լինի բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների, այդ թվում` երկաթուղային տրանսպորտային միջոցների ներսբերման հնարավորությամբ, ավտոկայանատեղով և փակուղով.

2) սահմանազատված լինի կառավարության հաստատած սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան սահմանով.

3) ապահովված լինի մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողություն և մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով.

4) ունենա ազատ տնտեսական գոտու ներսում ապրանքների ազատ տեղաշարժման հնարավորություն.

5) ապահովված լինի անվտանգության, առաջնային բուժօգնության և հակահրդեհային համակարգերով.

6) ունենա անխափան ջրամատակարարում և ջրահեռացում, էներգամատակարարում, գազամատակարարում, աղբահանություն և կապի միջոցներից` առնվազն հեռախոս և ինտերնետ.

7) ապահովված լինի սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանման համապատասխան միջոցներով.

8) ունենա կարանտինային սպասարկման տարածք.

9) ապահովված լինի ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև բեռնման, բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներով, կապի և այլ միջոցներով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները կարող են չպահպանվել դրանց իրագործման տեխնիկական անհնարինության հիմնավորման դեպքում:

 

Հոդված 7. Ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագրի կնքումը

 

1. Կառավարության անունից լիազոր մարմինը կնքում է համապատասխան պայմանագիր կազմակերպչի հետ:

2. Ազատ տնտեսական գոտու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավական ռեժիմը կիրառվում է կառավարության անունից լիազոր մարմնի և կազմակերպչի միջև կնքված պայմանագրում նշված ժամկետից, եթե կառավարության որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

3. Լիազոր մարմնի և կազմակերպչի միջև կնքվող պայմանագիրը ենթակա է հրապարակման լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:

 

Հոդված 8. Լիազոր մարմնի լիազորությունները

 

i

1. Լիազոր մարմինը`

1) կարող է առաջարկել կառավարությանը ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագրում կատարել փոփոխություններ կամ լուծել այն.

2) իրականացնում է հսկողություն ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ.

3) իրականացնում է ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությամբ սահմանված պահանջների համապատասխանության ուսումնասիրություն և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություն է ներկայացնում կառավարություն.

4) պահանջում է կազմակերպչից ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ հաշվետվություններ` կառավարության սահմանած կարգով և ձևով.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ.

6) ներկայացնում է կառավարությանը առաջարկ` ազատ տնտեսական գոտու շահագործողին տրամադրված թույլտվության դադարեցման վերաբերյալ:

 

Հոդված 9. Կազմակերպչի պարտավորությունները

 

1. Կազմակերպչի պարտավորություններն են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատել, օգտագործել ազատ տնտեսական գոտու ինժեներական կառույցները և ենթակառուցվածքները, ինչպես նաև ապահովել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները.

2) պայմանագիր կնքել կառավարությունից թույլտվություն ստացած շահագործողների հետ և իրականացնել պայմանագրի կատարման նկատմամբ հսկողություն.

3) սահմանել ազատ տնտեսական գոտու անվտանգության ներքին կանոնների առանձնահատկությունները.

4) ապահովել ազատ տնտեսական գոտուն սույն օրենքով ներկայացվող պահանջների կատարումը.

5) ապահովել ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու համար սույն օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան կնքած պայմանագրային պարտավորությունների կատարումը.

6) ազատ տնտեսական գոտու նախորդ տարվա գործունեության վերաբերյալ ներկայացնել լիազոր մարմնին հաշվետվություններ` կառավարության սահմանած կարգով.

7) իրականացնել միջոցառումներ` ուղղված ազատ տնտեսական գոտու միջազգային ճանաչմանը և նրանում շահագործողների ներգրավմանը.

8) սահմանել և հրապարակել ազատ տնտեսական գոտու շահագործման կանոնները և իրականացնել պայմանագրով սահմանված այլ պարտավորություններ:

 

Հոդված 10. Շահագործողների պարտավորությունները

 

1. Շահագործողների պարտավորություններն են`

1) ազատ տնտեսական գոտու տարածքի կառուցապատումն իրականացնել նախապես հաստատված նախագծին համապատասխան` համաձայնեցնելով կազմակերպչի հետ.

2) պահպանել ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ազատ տնտեսական գոտու շահագործման կարգի պահանջները.

3) պահպանել ազատ տնտեսական գոտու անվտանգության կանոնները, թույլտվությամբ սահմանված պահանջները և իրականացնել պայմանագրով սահմանված այլ պարտավորություններ:

 

Հոդված 11. Ազատ տնտեսական գոտում սահմանափակումները

 

1. Ազատ տնտեսական գոտում չեն կարող իրականացվել հետևյալ գործունեության տեսակները`

1) ռադիոակտիվ նյութերի արտադրություն և առևտուր.

2) զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրություն ու առևտուր.

3) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թույլտվության թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծում, պահպանում, արտադրություն և առևտուր:

2. Արգելվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքն ազատ տնտեսական գոտի` առանց մաքսային հսկողության:

3. Ֆիզիկական անձանց և տրանսպորտային միջոցների` ազատ տնտեսական գոտի մուտք և ելքը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 12. Ազատ տնտեսական գոտու շահագործումը

 

1. Ազատ տնտեսական գոտու շահագործումն իրականացվում է շահագործողի ու կազմակերպչի միջև կնքված պայմանագրի հիման վրա` կազմակերպչի սահմանած շահագործման կարգին համապատասխան:

2. Ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշմամբ սահմանված գործունեության տեսակներից բացի այլ գործունեության տեսակներ կարող են իրականացնել միայն շահագործող չհանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

Շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունը չի համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս իրականացվող գործունեություն:

 

Հոդված 13. Ազատ տնտեսական գոտում հարկային, մաքսային և արժութային կարգավորումը

 

1. Ազատ տնտեսական գոտում հարկային և մաքսային փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրությամբ` հաշվի առնելով, որ ազատ տնտեսական գոտու շահագործողներին տրվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի, մաքսատուրքի վճարման արտոնություններ:

2. Ազատ տնտեսական գոտում իրականացվող գործարքների, ինչպես նաև շահագործողների և քաղաքացիաիրավական հարաբերությունների այլ սուբյեկտների միջև իրականացվող գործարքների նկատմամբ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում են առանձնահատկություններ:

 

Հոդված 14. Ազատ տնտեսական գոտում պետության կողմից ծառայությունների մատուցումը և վերահսկողության իրականացումը

 

i

1. Ազատ տնտեսական գոտում պետության կողմից մատուցվող ծառայություններն իրականացվում են կառավարության սահմանած` պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով:

2. Պետական ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող համապատասխան պետական մարմիններն ազատ տնտեսական գոտու տարածքում կարող են ունենալ ստորաբաժանումներ:

 

Հոդված 15. Ազատ տնտեսական գոտու լուծարումը

 

1. Ազատ տնտեսական գոտին կարող է լուծարվել`

1) սահմանված ժամկետի լրանալուն պես, եթե կառավարության կողմից ժամկետը երկարաձգելու մասին որոշում չի կայացվում.

2) վաղաժամկետ` կառավարության որոշմամբ, նախապես փոխհատուցելով լուծարման հետևանքով կազմակերպչի և շահագործողների կողմից կրած վնասները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վաղաժամկետ լուծարման գործընթացը կարող է սկսվել դրա մասին որոշում ընդունելուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

 

Հոդված 16. Ազատ տնտեսական գոտում վեճերի լուծումը

 

1. Ազատ տնտեսական գոտու գործունեության հետ կապված վեճերի կարգավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Շահագործողների միջև վեճերի կարգավորումը կարող է իրականացվել նաև միջազգային արբիտրաժի միջոցով:

 

Հոդված 17. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-193-Ն

 

pin
ՀՀ 25.05.2011
N ՀՕ-193-Ն օրենք