Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 69-ՐԴ ԵՎ 71-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 69-ՐԴ ԵՎ 71-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0823/02/10  

    դատարանի որոշում                                              2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0823/02/10

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան         

                       Ն. Բարսեղյան        

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էլվիրա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ Արմեն Գրիգորյանի հայցի ընդդեմ Էլվիրա Գրիգորյանի` ալիմենտի չափը փոփոխելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Գրիգորյանը պահանջել է նվազեցնել հօգուտ Էլվիրա Գրիգորյանի որպես երեխաների` Դավիթ և Լիյա Գրիգորյանների բռնագանձվելիք ալիմենտի չափը և սահմանել այն յուրաքանչյուր երեխայի համար ամսական 100.000 ՀՀ դրամ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 17.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2010 թվականի որոշմամբ Էլվիրա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է Դատարանի 17.07.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` Արմեն Գրիգորյանից հօգուտ Էլվիրա Գրիգորյանի որպես նրանց անչափահաս երեխաների` Դավիթ և Լիյա Գրիգորյանների բռնագանձվելիք ալիմենտի չափ սահմանել յուրաքանչյուր երեխայի համար ամսական 150.000 ՀՀ դրամ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էլվիրա Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Գրիգորյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արմեն Գրիգորյանն ամուսնացել է 22.05.2009 թվականին, այսինքն` ալիմենտ բռնագանձելու մասին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.04.2009 թվականի վճռի կայացման պահից մեկ ամիս հետո: Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին համատեղ դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո: Նշվածից հետևում է, որ Արմեն Գրիգորյանը 1.400 ԱՄՆ դոլարի չափով ալիմենտ վճարելու պատրաստակամությունը հայտնելու պահին գիտեր, որ ամուսնանալու է, ավելին, արդեն իսկ դիմում էր ներկայացրել ամուսնության գրանցման համար:

Վերաքննիչ դատարանն Արմեն Գրիգորյանի մոր` Ռիմմա Տարասովայի հիվանդության հանգամանքը ևս դիտել է որպես Արմեն Գրիգորյանի գույքային ու ընտանեկան դրության փոփոխություն, ինչը բոլորովին անհիմն է, քանի որ Ռիմմա Տարասովան 2001 թվականից հաշմանդամ է, և Արմեն Գրիգորյանն այդ մասին ալիմենտի չափի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու պահին նույնպես գիտեր:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արմեն Գրիգորյանի գույքային ու ընտանեկան դրությունը 22.04.2009 թվականից` ալիմենտի բռնագանձման մասին վճռի կայացման պահից մինչ այժմ չի փոփոխվել, ինչպես նաև առկա չեն ուշադրության արժանի շահեր:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ ալիմենտի չափի կտրուկ նվազումը բացասական կանդրադառնա ինչպես երեխաների կենսամակարդակի, այնպես էլ նրանց հոգեկան աշխարհի վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել` Արմեն Գրիգորյանից հօգուտ Էլվիրա Գրիգորյանի որպես նրանց անչափահաս երեխաների` Դավիթ և Լիյա Գրիգորյանների բռնագանձվելիք ալիմենտի չափ սահմանելով յուրաքանչյուր երեխայի համար ամսական 700 ԱՄՆ դոլարին համարժեք 250.000 ՀՀ դրամ կամ նշված որոշումն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Անձն ամուսնացած է համարվում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում ամուսնության գրանցման պահից, իսկ սույն գործի փաստերով հաստատվում է, որ 22.04.2009 թվականին Արմեն Գրիգորյանն ամուսնացած չէր: Բացի այդ, Արմեն Գրիգորյանն ալիմենտ վճարելու պատրաստակամության մասին հայտարարությունն արել է ոչ թե 22.04.2009 թվականին, այլ դրանից բավական ժամանակ առաջ, երբ նոր ընտանիք կազմելու որևէ մտադրություն չի ունեցել:

Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի մոր` Ռիմմա Տարասովայի խնամքի կարիք ունենալուն, ապա այդ հանգամանքը հիմնավորվում է նաև Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2010 թվականի վճռով:

Այսպիսով, նշված հանգամանքներն արդեն իսկ վկայում են Արմեն Գրիգորյանի ընտանեկան և գույքային դրության փոփոխության փաստի մասին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.04.2009 թվականի վճռով որոշվել է Արմեն Գրիգորյանից հօգուտ Էլվիրա Գրիգորյանի որպես վերջինիս խնամքին գտնվող նրանց երեխաների` Դավիթ Գրիգորյանի (ծնված` 03.09.1997 թվականին) և Լիյա Գրիգորյանի (ծնված` 07.08.2002 թվականին) բռնագանձել ալիմենտ կայուն դրամական գումարով` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով (գ.թ. 6-7):

2) 22.05.2009 թվականի ամուսնության թիվ 127579 վկայականի համաձայն` Արմեն Գրիգորյանը և Քրիստինե Բարսեղյանն ամուսնացել են, որի մասին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 22.05.2009 թվականին կատարվել է թիվ 221 գրանցումը (գ.թ. 8):

3) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2010 թվականի վճռով Արմեն Գրիգորյանից հօգուտ Ռիմմա Տարասովայի որպես ալիմենտ բռնագանձվել է ամսական 200.000 ՀՀ դրամ (գ.թ. 49-50):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և՛ դրամական կայուն գումարով, և՛ բաժիններով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով ...:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանն ալիմենտի չափը նվազեցնելու կամ ավելացնելու դեպքում պարտավոր է հաշվի առնել ոչ միայն կողմերի ընտանեկան, այլ նաև նրանց գույքային դրության` վաստակի և (կամ) այլ եկամտի փոփոխությունը, որի ապացուցման պարտականությունը, ինչպես նաև չապացուցման դեպքում դրա բացասական հետևանքները պետք է կրի այդ փաստը վկայակոչած կողմը: Այսինքն` նշված հանգամանքներն ինքնուրույն ապացուցման ենթակա են, և միայն կողմի ընտանեկան դրության փոփոխությունը դեռևս բավարար չէ նրա գույքային դրության` վաստակի և (կամ) այլ եկամտի փոփոխության վերաբերյալ որևէ փաստ հաստատված համարելու և եզրահանգում կատարելու համար:

Սույն գործով Վերաքննիչ դատարանն ալիմենտի չափը նվազեցնելու և յուրաքանչյուր երեխայի համար ամսական 150.000 ՀՀ դրամ սահմանելու հիմքում դրել է Արմեն Գրիգորյանի ընտանեկան դրության փոփոխությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել Արմեն Գրիգորյանի և Քրիստինե Բարսեղյանի 22.05.2009 թվականին գրանցված ամուսնությունը, ինչպես նաև Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2010 թվականի վճռով Արմեն Գրիգորյանից հօգուտ Ռիմմա Տարասովայի որպես ալիմենտ ամսական 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու հանգամանքը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ միայն Արմեն Գրիգորյանի ընտանեկան դրության փոփոխությունը չի կարող հաստատել նաև վերջինիս գույքային դրության փոփոխությունը, քանի որ այդ փաստը կարող էր հաստատվել միայն Արմեն Գրիգորյանի վաստակի և (կամ) այլ եկամտի վերաբերյալ համապատասխան ապացույցներով, որպիսիք սույն գործով չեն ներկայացվել, ինչի բացասական հետևանքները պետք է կրի վերջինս:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի վկայակոչած Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2010 թվականի վճռին, ապա այն վկայում է Արմեն Գրիգորյանի կողմից լրացուցիչ ծախսեր կրելու հանգամանքը, որը սակայն չի կարող հիմք հանդիսանալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.04.2009 թվականի վճռով վերջինիս նկատմամբ սահմանված կայուն դրամական գումարով ալիմենտի չափի նվազեցման համար` Արմեն Գրիգորյանի գույքային դրության` վաստակի և (կամ) այլ եկամտի վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, քանի որ նշված նորմի կիրառման համար անհրաժեշտ իրավական հիմքի` Արմեն Գրիգորյանի գույքային դրության` վաստակի և (կամ) այլ եկամտի վերաբերյալ համապատասխան ապացույցի բացակայության պայմաններում նվազեցրել է վերջինիս նկատմամբ սահմանված ալիմենտի չափը:

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում, քանի որ տվյալ դեպքում Արմեն Գրիգորյանի գույքային դրության` վաստակի և (կամ) այլ եկամտի փոփոխության վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում դրանք սույն գործի լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով ներկայացված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2010 թվականի որոշումը և այն փոփոխել. Արմեն Գրիգորյանի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.04.2011
N ԵԱՔԴ/0823/02/10
Որոշում