ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0056/02/08
դատարանի որոշում 2011 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0056/02/08
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2011 թվականի ապրիլի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ազգուշ Մելքոնյանի, Գոհար, Արայիկ Տոնոյանների և Ալվարդ Նախոյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Արամ Խաչատրյանի ընդդեմ Ազգուշ Մելքոնյանի, Արայիկ և Գոհար Տոնոյանների, Ալվարդ Նախոյանի` առանց փոխհատուցման բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու և վտարելու պահանջների մասին, և հակընդդեմ հայցի` Արամ Խաչատրյանի անվամբ տրված բնակելի տան տեխնիկական անձնագիրը 50%-ի չափով անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 19.06.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արամ Խաչատրյանը պահանջել է Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 տան նկատմամբ առանց փոխհատուցման դադարեցնել Ազգուշ Մելքոնյանի, Արայիկ, Գոհար Տոնոյանների և Ալվարդ Նախոյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը և նրանց վտարել նշված տնից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ազգուշ Մելքոնյանը, Արայիկ և Գոհար Տոնոյանները, Ալվարդ Նախոյանը պահանջել են 50%-ի չափով Արամ Խաչատրյանի անվամբ տրված տեխնիկական անձնագիրը` Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 տան շինությունների և հողամասի նկատմամբ, անվավեր ճանաչել և այդ չափով ճանաչել իրենց սեփականության իրավունքը նշված տան նկատմամբ:
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Ազգուշ Մելքոնյանի, Արայիկ և Գոհար Տոնոյանների ու Ալվարդ Նախոյանի բնակելի տան օգտագործման իրավունքն առանց փոխհատուցման դադարեցնել Արամ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 հասցեում գտնվող տան նկատմամբ և նրանց ընտանիքի անդամների հետ միասին վտարել նշված բնակարանից: Ազգուշ Մելքոնյանի, Արայիկ և Գոհար Տոնոյանների ու Ալվարդ Նախոյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Արամ Խաչատրյանի` Արամ Խաչատրյանի անվամբ Երևանի Վ. Միրաքյան նրբանցքի թիվ 16 բնակելի տան տեխնիկական անձնագիրը 50 տոկոսով անվավեր ճանաչելու, այդ մասի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի 16.03.2009 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել: Որոշվել է հայցը բավարարել մասնակիորեն. Ազգուշ Մելքոնյանը, Ալվարդ Նախոյանը, Արայիկ և Գոհար Տոնոյանները վտարվել են Արամ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 հասցեից: Հայցն առանց փոխհատուցման բնակօգտագործման իրավունքը դադարեցնելու մասով մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 04.11.2009 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 19.06.2009 թվականի որոշման դեմ Ազգուշ Մելքոնյանի, Գոհար, Արայիկ Տոնոյանների և Ալվարդ Նախոյանի վճռաբեկ բողոքը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանի 19.06.2009 թվականի որոշման դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ազգուշ Մելքոնյանը, Գոհար և Արայիկ Տոնոյանները և Ալվարդ Նախոյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 26.02.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ազգուշ Մելքոնյանի, Գոհար և Արայիկ Տոնոյանների, Ալվարդ Նախոյանի հայցը բավարարվել է մասնակիորեն, և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Ազգուշ Մելքոնյանի, Գոհար և Արայիկ Տոնոյանների սեփականության իրավունքը Երևան քաղաքի Միրաքյան նրբանցքի թիվ 16 տան առաջին հարկում գտնվող և հայցվորների կողմից փաստացի զբաղեցված օրինական տարածքների և այդ շինության տակ գտնվող հողամասի կեսի նկատմամբ: Այսինքն` հաստատվել է այն հանգամանքը, որ իրենք վիճելի տան և հողատարածքի սեփականատերերն են:
Հետևաբար, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 26.02.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները` որպես նոր երևան եկած հանգամանքներ, հիմք են Վերաքննիչ դատարանի 19.06.2009 թվականի որոշումը վերանայելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 19.06.2009 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը.
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 26.02.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով ըստ հայցի Ազգուշ Մելքոնյանի, Գոհար և Արայիկ Տոնոյանների ու Գոհար Նախոյանի ընդդեմ Արամ Խաչատրյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, Ազգուշ Մելքոնյանի, Գոհար և Արայիկ Տոնոյանների հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 հասցեում գտնվող տան առաջին հարկում գտնվող և հայցվորների կողմից փաստացի զբաղեցրած օրինական տարածքների նկատմամբ և այդ շինության տակ գտնվող հողամասի կեսի նկատմամբ (ըստ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 06.03.2008 թվականի թիվ ԿՂ-1288 գրությանը կից հատակագծի) ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Ազգուշ Մելքոնյանի, Գոհար և Արայիկ Տոնոյանների սեփականության իրավունքը: Նույն հասցեում գտնվող 70 քմ տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ հայցվորների պահանջը, ինչպես նաև Ալվարդ Նախոյանի հայցը մերժվել են (հատոր 4-րդ, գ.թ. 3-6):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
i
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ (տե՛ս ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ 02-2397(ԵԿԴ) գործով որոշումը):
Սույն գործով որպես նոր երևան եկած հանգամանք բողոք բերած անձինք ներկայացրել են Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 26.02.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը:
Տվյալ վճռով մասնակիորեն բավարարվել է Ազգուշ Մելքոնյանի, Գոհար և Արայիկ Տոնոյանների ու Գոհար Նախոյանի հայցն ընդդեմ Արամ Խաչատրյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին և վճռվել Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 հասցեում գտնվող տան առաջին հարկում գտնվող և հայցվորների կողմից փաստացի զբաղեցրած օրինական տարածքների նկատմամբ և այդ շինության տակ գտնվող հողամասի կեսի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Ազգուշ Մելքոնյանի, Գոհար և Արայիկ Տոնոյանների սեփականության իրավունքը: Այսինքն` որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված` Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 26.02.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ազգուշ Մելքոնյանը, Գոհար և Արայիկ Տոնոյանները ճանաչվել են վեճի առարկա գույքի` Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 հասցեում գտնվող տան համապատասխան մասի սեփականատերեր: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի 19.06.2009 թվականի որոշմամբ որոշվել է Ազգուշ Մելքոնյանին, Արայիկ և Գոհար Տոնոյաններին, Ալվարդ Նախոյանին վտարել Երևանի Միրաքյան նրբանցքի թիվ 16 հասցեից:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 26.02.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, համարվում է նոր երևան եկած հանգամանք և հիմք է Վճռաբեկ դատարանի 04.11.2009 թվականի որոշումը վերանայելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.06.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2009 թվականի որոշումը: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան