Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ, 82-ՐԴ ԵՎ 85-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0003/04/09

    դատարանի որոշում                                              2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0003/04/09

 

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                    Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ         Ս. Անտոնյանի

                                      Վ. Աբելյանի

                                      Վ. Ավանեսյանի

                                      Ա. Բարսեղյանի

                                      Մ. Դրմեյանի

                                      Գ. Հակոբյանի

                                      Է. Հայրիյանի

                                      Տ. Պետրոսյանի

                                      Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռադիկ Ենգիբարյանի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2010 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Ռոբերտ Հարությունյանի ընդդեմ Ռադիկ Ենգիբարյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռոբերտ Հարությունյանը պահանջել է Ռադիկ Ենգիբարյանին ճանաչել սնանկ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2009 թվականի վճռով Ռադիկ Ենգիբարյանը ճանաչվել է սնանկ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.08.2009 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ (այսուհետ` Կառավարիչ) է նշանակվել Գագիկ Բարխուդարյանը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 17.05.2010 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Խորհրդային հարկային տեսչության, Ռուդիկ Առաքելյանի պահանջների գրանցումը մերժվել է, և հաստատվել է Ռադիկ Ենգիբարյանի պահանջների վերջնական ցուցակը, ըստ որի`չապահովված «Է» հերթի պարտատերեր են գրանցվել Ռոբերտ Հարությունյանը` 87.000.000 ՀՀ դրամ և Հայկ Հարությունյանը` 26.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտավորությունների չափով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2010 թվականի որոշմամբ Դատարանի 17.05.2010 թվականի որոշումը մասնակիորեն` Ռուդիկ Առաքելյանի պահանջի գրանցումը մերժելու մասով, բեկանվել է և փոփոխվել` Ռուդիկ Առաքելյանի դիմումը բավարարվել է. Ռադիկ Ենգիբարյանի նկատմամբ պահանջների վերջնական ցուցակում հաստատվել է Ռուդիկ Առաքելյանի պահանջը` 578.200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 3.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամի և 25.000.000 ՀՀ դրամի չափով` որպես չապահովված «Է» հերթի պահանջ: Որոշման մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Բարխուդարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Հայկ Հարությունյանը և Ռուդիկ Առաքելյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 82-րդ և 85-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ռուդիկ Առաքելյանը պահանջը ներկայացրել է թերթում հայտարարություն տալուց հետո 41-րդ օրը, այսինքն` օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո: Դա նշանակում է, որ այդ պահանջը հիմնավորված լինելու դեպքում անգամ համարվում է ստորադաս չապահովված պահանջ` համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի, ինչն էլ բացառում է այն նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված պահանջներին դասելը: Ռուդիկ Առաքելյանի պահանջը կարող էր «է» հերթի դասվել միայն այն դեպքում, եթե դատարանը սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը համարեր հարգելի: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը ոչ միայն հարգելի չի համարել ժամկետը բաց թողնելու պատճառը, այլև այդ հանգամանքն ընդհանրապես վերլուծության չի ենթարկել, այնինչ դա կարևոր է պահանջն այս կամ այն հերթին դասելու համար: Բացի այդ, նշված հանգամանքին անդրադառնալու դեպքում հնարավոր չէր ժամկետը բաց թողնելու Ռուդիկ Առաքելյանի պատճառաբանությունը հարգելի համարել, քանի որ «Հայաստանի Հանրապետություն» թերթը ԼՂՀ-ում վաճառվելու փաստական հանգամանքը հանրահայտ է և չի կարող վիճարկվել: Անհիմն է նաև Ռուդիկ Առաքելյանի մյուս պատճառաբանությունն այն մասին, որ ինքն ունի ռուսական կրթություն և հայերեն չի կարդում, քանի որ դիմումին կից ներկայացված լիազորագրից և նրա ստորագրությունը պարունակող հայերեն տեքստով գործում առկա այլ փաստաթղթերից ակնհայտ է, որ նա հայերենին տիրապետում է:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2010 թվականի որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանների հիմնավորումները

Ռուդիկ Առաքելյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ Ղարաբաղում 60-ական թվականներին հայերի համար հայերեն լեզվով ուսուցում չի կազմակերպվել, և նա դպրոց է գնացել այդ թվականներին ու սովորել ռուսերեն լեզվով: Ինչ վերաբերում է գործում առկա հայերեն լեզվով կազմված ստացականներն ստորագրելուն, ապա դրանք ստորագրել է Ռադիկ Ենգիբարյանը, որին ինքը վստահել է, իսկ լիազորագիրն ստորագրել է առանց կարդալու և նոտարին չի հայտնել հայերեն կարդալ չկարողանալու մասին:

Հայկ Հարությունյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ Ռուդիկ Առաքելյանը միջնորդություն է ներկայացրել պահանջ ներկայացնելու համար սահմանված բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին: Դատարանի կողմից միջնորդությունը քննարկվել է, սակայն արդյունքում առանձին որոշում չի կայացվել, ինչի արդյունքում խախտվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2009 թվականի վճռով Ռադիկ Ենգիբարյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 45-48):

2. Ռադիկ Ենգիբարյանին սնանկ ճանաչելու, պարտատերերի առաջին ժողով նշանակելու և պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգի մասին հայտարարությունը տրվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթի 19.08.2009 թվականի համարում (հատոր 1-ին, գ.թ. 95):

3. Ռուդիկ Առաքելյանը 29.09.2009 թվականին պահանջ է ներկայացրել դատարան, որով խնդրել է հարգելի համարել այն ներկայացնելու համար սահմանված բաց թողնված ժամկետը և 223.409.000 ՀՀ դրամի պահանջը գրանցել համապատասխան հերթում (հատոր 1-ին, գ.թ. 104):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու համար դատավորը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կառավարչին, պարտապանին, պարտատերերին ծանուցում է պատշաճ կարգով: Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պատճառների հարգելիության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

Վերոնշյալից հետևում է, որ պարտատերերի կողմից իրենց պահանջները ներկայացնելու համար օրենքը սահմանում է մեկամսյա ժամկետ: Միաժամանակ, օրենսդիրը նախատեսել է այդ ժամկետը վերականգնելու հնարավորություն, որի դեպքում դատարանը պետք է որոշի պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը, ելնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից, պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելուց հետո միայն կարող է անդրադառնալ պահանջը համապատասխան հերթում գրանցելու կամ գրանցումը մերժելու հարցին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Վերոնշյալից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը դատարանը որոշում է` հիմք ընդունելով գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները, ինչպես նաև գործով կիրառման ենթակա իրավական ակտերը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտատիրոջ կողմից ժամկետը լրանալուց հետո պահանջ ներկայացնելու դեպքում որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ համարվում է պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիության պարզումը:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2009 թվականի վճռով Ռադիկ Ենգիբարյանը ճանաչվել է սնանկ: Ռադիկ Ենգիբարյանին սնանկ ճանաչելու, պարտատերերի առաջին ժողով նշանակելու և պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգի մասին հայտարարությունը տրվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթի 19.08.2009 թվականի համարում: Ռուդիկ Առաքելյանը 29.09.2009 թվականին պահանջ է ներկայացրել դատարան, որով խնդրել է հարգելի համարել այն ներկայացնելու համար սահմանված բաց թողնված ժամկետը և 223.409.000 ՀՀ դրամի պահանջը գրանցել համապատասխան հերթում:

Դատարանը մերժել է Ռուդիկ Առաքելյանի պահանջը, ուստի չի անդրադարձել այն ներկայացնելու համար սահմանված ժամկետը պահպանված լինելու հարցին:

Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով պահանջը սահմանված ժամկետում ներկայացնելու հարցին, բավարարել է Ռուդիկ Առաքելյանի դիմումը և հաստատել է վերջինիս պահանջը` որպես չապահովված «Է» հերթի պահանջ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը չի անդրադարձել այն հարցին, իսկ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հիշյալ պահանջը գրանցելու համար սահմանված բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար առկա էր Ռուդիկ Առաքելյանի դիմումը, միևնույն ժամանակ Կառավարչի համապատասխան առարկությունը, որպիսի պարագայում, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի, Դատարանը պարտավոր էր որոշել ապացուցման ենթակա համապատասխան փաստը, այն է` ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի լինելու հարցը:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.1-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2010 թվականի որոշման` Ռուդիկ Առաքելյանի պահանջը «Է» հերթում ընդգրկելու մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ԵԱՆԴ/0003/04/09
Որոշում