Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.32-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ       Վարչական գործ թիվ ՎԴ/4584/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/4584/05/08                         2011 թ.

 

Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                    Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ         Մ. Դրմեյանի

                                      Վ. Աբելյանի

                                      Ս. Անտոնյանի

                                      Վ. Ավանեսյանի

                                      Ա. Բարսեղյանի

                                      Գ. Հակոբյանի

                                      Է. Հայրիյանի

                                      Տ. Պետրոսյանի

                                      Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) վճռաբեկ բողոքը` ըստ Ռազմիկ Սահակյանի հայցի ընդդեմ Կադաստրի` պետական մարմնի ապօրինի գործողությունները վիճարկելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի` 24.11.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռազմիկ Սահակյանը պահանջել է անվավեր ճանաչել Կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանման 25.06.2008 թվականի թիվ 118 գրությամբ կառուցապատման իրավունքի գրանցման մերժումը և պարտավորեցնել Կադաստրին գրանցելու կառուցապատման իրավունքը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 24.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է. վճռվել է անվավեր ճանաչել Կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանման 25.06.2008 թվականի թիվ 118 գրությամբ կառուցապատման իրավունքի գրանցման մերժումը և պարտավորեցնել Կադաստրին գրանցելու Ռազմիկ Սահակյանի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 02.06.2008 թվականի թիվ 1226 պայմանագրից ծագող իրավունքները:

ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2009 թվականի որոշմամբ վերադարձվել է Դատարանի 24.11.2008 թվականի վճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը:

Սույն գործով Դատարանի 24.11.2008 թվականի վճռի դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կադաստրը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 10.08.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Ռազմիկ Սահակյանի միջև 02.06.2008 թվականին կնքված պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1226 պայմանագիրը:

Հետևաբար, սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք, այն է` 02.06.2008 թվականին կնքված թիվ 1226 պայմանագիրը, որը դրվել է Դատարանի կողմից վճռի հիմքում, ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 10.08.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել:

Հետևաբար, ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված 10.08.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները` որպես նոր երևան եկած հանգամանքներ, հիմք են Վճռաբեկ դատարանի 08.07.2009 թվականի որոշումը վերանայելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 24.11.2008 թվականի վճիռը, այն փոփոխել` մերժելով հայցը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը.

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 10.08.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը, և անվավեր է ճանաչվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Ռազմիկ Սահակյանի միջև 02.06.2008 թվականին կնքված պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1226 պայմանագիրը (գ.թ. 61-71):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական կամ վերաքննիչ դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե ոչ (տե՛ս ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԿԴ/2397/02/08 գործով որոշումը):

Սույն գործով որպես նոր երևան եկած հանգամանք բողոք բերած անձը ներկայացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 10.08.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Նշված վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը, և անվավեր է ճանաչվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Ռազմիկ Սահակյանի միջև 02.06.2008 թվականին կնքված պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1226 պայմանագիրը: Ընդ որում, նշված պայմանագրի հիման վրա Դատարանը սույն գործով կայացված վճռով պարտավորեցրել է Կադաստրին կատարելու պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի` 10.08.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով վերոնշյալ պայմանագրի անվավեր ճանաչումն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, համարվում է նոր երևան եկած հանգամանք և հիմք է Վճռաբեկ դատարանի 08.07.2009 թվականի որոշումը վերանայելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով Դատարանի` օրինական ուժի մեջ մտած 24.11.2008 թվականի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 24.11.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ՎԴ/4584/05/08
Որոշում