Սեղմել Esc փակելու համար:
ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԴԴԱՏՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                               ԵԿԴ/0211/01/10  

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0211/01/10

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

    Դատավորներ`        Ե. Դարբինյան    

                       Ա. Հովհաննիսյան  

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Կ. Աբրահամյանի

 

    2011 թվականի հուլիսի 13-ին                         ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի մարտի 30-ի որոշման դեմ մեղադրող Հ. Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2010 թվականի ապրիլի 17-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 69102210 քրեական գործը` մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գործով չպարզված անձանց կողմից ապօրինի կերպով հրազեն հանդիսացող ատրճանակներ ձեռք բերելու և կրելու դեպքերի առթիվ:

2010 թվականի ապրիլի 20-ին թիվ 69102210 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 69103410 քրեական գործը` անհայտ անձի կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ, և այն միացվել է թիվ 69102210 քրեական գործին:

Նախաքննության մարմնի 2010 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ Գևորգ Շահենի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Բորիկի Հարությունյանը, Գարեգին Մարտինի Համբարձումյանը, Մխիթար Միհրանի Էլոյանը, Մհեր Հակոբի Նշանյանը, Հարություն Անդրանիկի Քոչոյանը, Միսակ Ռաֆիկի Ստեփանյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2010 թվականի օգոստոսի 2-ին թիվ 69102210 քրեական գործից անջատվել է մեղադրյալներ Գ. Հարությունյանի, Ա. Հարությունյանի, Գ. Համբարձումյանի, Մ. Էլոյանի, Մ. Նշանյանի, Հ. Քոչոյանի, Մ. Ստեփանյանի վերաբերյալ մասը, այն առանձնացվել է առանձին վարույթում, և դրան շնորհվել է թիվ 69102210/6 համարը:

2010 թվականի օգոստոսի 5-ին թիվ 69102210/6 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով ամբաստանյալ Գ. Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 9 (ինը) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Գ. Հարությունյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով:

Ամբաստանյալներ Գ. Համբարձումյանը, Մ. Էլոյանը, Մ. Նշանյանը, Հ. Քոչոյանը, Մ. Ստեփանյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել են ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով, իսկ Ա. Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 9 (ինը) ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալներ Գ. Համբարձումյանի, Մ. Էլոյանի, Մ. Նշանյանի, Մ. Ստեփանյանի, Հ. Քոչոյանի և նրա պաշտպան Վ. Էլբակյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի մարտի 30-ի որոշմամբ Գ. Համբարձումյանի, Մ. Էլոյանի, Մ. Նշանյանի, Մ. Ստեփանյանի վերաքննիչ բողոքները մերժել է, իսկ Հ. Քոչոյանի և նրա պաշտպան Վ. Էլբակյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, պատժի մասով բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճիռը, ամբաստանյալներ Գ. Համբարձումյանին, Մ. Էլոյանին, Մ. Նշանյանին, Մ. Ստեփանյանին, Հ. Քոչոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել է տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի մարտի 30-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել մեղադրող Հ. Մարտիրոսյանը, որը Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցներ` ամբաստանյալներ Գ. Համբարձումյանը և Մ. Նշանյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի հիման վրա` քրեական գործի վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել և իրենց ազատել նշանակված պատժից:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. 2010 թվականի ապրիլի 17-ին` ժամը 17.50-ի սահմաններում, Գ. Հարությունյանը, Ա. Հարությունյանը, Գ. Համբարձումյանը, Մ. Էլոյանը, Մ. Նշանյանը, Հ. Քոչոյանը, Մ. Ստեփանյանն այլ անձանց հետ հավաքվել են Երևան քաղաքի Դավիթ Բեկի 186/2 հասցեում գործող «Քրեյզի հորս» սրճարանի մոտ, որտեղ իրենց ավտոմեքենաներն անկանոն կերպով կայանել են Դավիթ Բեկ փողոցի մայթեզրից քիչ հեռու` երթևեկելի մասում, որով խոչընդոտներ են ստեղծել նշված փողոցով ընթացող բազմաթիվ տրանսպորտային միջոցների համար: Այնուհետև, անտեսելով այն հանգամանքը, որ դեպքի վայրում գործում են հասարակական սննդի կետ, սրճարան, ավտոլվացման, ավտոտեխսպասարկման կետեր, քիչ հեռվում գտնվում են գործող եկեղեցի, բազմահարկ, բազմաբնակարան շենքեր, իսկ «Քրեյզի հորս» սրճարանից ոչ հեռու գտնվում է հոծ երթևեկությամբ փողոց, մոտ 10 րոպե շարունակ վիճաբանել, ապա քաշքշել և հարվածել են միմյանց, տվել փոխադարձ հայհոյանքներ: Իրենց այդ գործողություններով նրանք ակնհայտորեն խախտել են հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերը, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք են արտահայտել հասարակության` դեպքի վայրում աշխատող անձանց, անցորդների, ինչպես նաև վիճաբանության և կռվին ականատես դարձած բազմաթիվ անձանց նկատմամբ (տե՛ս Քրեական գործ, հատոր 3-րդ, էջ 430):

6. Դավիթ Բեկի 186/2 հասցեն գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի տարածքում (տե՛ս Երևանի քաղաքապետարանի պաշտոնական վեբ-կայքը` հttp://www.yerevan.am/edfiles/files/map/map_yerevan.pdf):

7. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ սույն գործով մեղադրյալները տարածքային ընդդատության փոփոխման համաձայնություն չեն տվել, ինչպես նաև բացակայում է ընդդատությունը փոխելու մասին գործը քննող դատարանի որոշումը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Ըստ բողոքի հեղինակի` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն օբյեկտիվ ստուգման և գնահատման չի ենթարկել ամբաստանյալներ Գ. Համբարձումյանի, Մ. Էլոյանի, Մ. Նշանյանի, Հ. Քոչոյանի և Մ. Ստեփանյանի կողմից կատարված հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները, ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Բողոք բերած անձը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը, բնույթը, որոնք բարձրացրել են ամբաստանյալների կատարած հանցագործության վտանգավորության աստիճանը:

9. Վերոշարադրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Վերաքննիչ դատարանը, ճիշտ քրեաիրավական գնահատական տալով ամբաստանյալների կողմից կատարված խուլիգանական գործողություններին, սահմանել է ակնհայտ մեղմ պատիժ: ՈՒստի, խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի մարտի 30-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` ամբաստանյալներ Գ. Համբարձումյանի, Մ. Էլոյանի, Մ. Նշանյանի, Հ. Քոչոյանի և Մ. Ստեփանյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու համար:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Վճռաբեկության սահմանները և ընդդատության կանոնների խախտման հայտնաբերումը.

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված հարցը վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատժին: Դրա հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ հարցից բացի, սույն գործով առկա է իրավական խնդիր` կապված սույն գործի ընդդատության հետ, և առանց ընդդատության հարցի քննարկման Վճռաբեկ դատարանը չի կարող անդրադառնալ սույն գործի ըստ էության քննությանը վերաբերող այլ, այդ թվում` ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատժի հարցերին:

Վերը նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործերի ընդդատության կանոնների կապակցությամբ սույն գործով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

11. ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով քննարկման ենթակա առաջին իրավական հարցը հետևյալն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածում շարադրված բեկանման հիմքի` գործի քննության ընդդատության խախտումը ստորադաս դատարաններում քննարկման և հետագայում բողոքարկման առարկա չհանդիսանալու դեպքում Վճռաբեկ դատարանն արդյոք կարող է այդ հարցը քննարկման առարկա դարձնել:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարան, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի` (...) դատական ակտերը`վճռաբեկ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետի համաձայն` «Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` (...) խախտվել է գործի քննության ընդդատությունը»:

13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրելով «բոլոր դեպքերում» ձևակերպումը` օրենսդիրը արտահայտել է այդ կանոնն իմպերատիվ դարձնելու կամք` անկախ վերադաս դատարաններում վարույթի սահմանները որոշող իրավանորմերից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մաս և 415-րդ հոդվածի 1-ին մաս): Այլ կերպ, եթե վերադաս դատարանը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա իրավասու է ուղղել այդ դատական սխալը` կաշկանդված չլինելով դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով:

Նույնը վերաբերում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված հիմքերին, որոնցով «հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման». նշված ձևակերպումը ևս վկայում է նշված հիմքերն իմպերատիվ դարձնելու օրենսդրի կամքի մասին:

i

14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախորդ կետում տրված օրենքի մեկնաբանությունները ոչ միայն պայմանավորված են օրենքի իմաստի տառացի ընկալմամբ, այլև արտահայտում են քրեական դատավարությունում իրավաչափ շահերի ողջամիտ հավասարակշռությունը:

Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասում և 415-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված իրավանորմերն ըստ էության ամրագրում են Վճռաբեկ դատարանում դատական վերանայման սահմանափակ բնույթը և հետապնդում են իրավաչափ նպատակ. ապահովել կողմերի հետևողականությունն իրենց նյութաիրավական ու դատավարական շահերի պաշտպանության գործում:

Այնուհանդերձ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ և 415-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումները չեն կրում և չեն կարող կրել բացարձակ բնույթ, քանի որ կողմերի իրավական հետևողականության ապահովման իրավական շահին հակակշիռ իրավական շահը` դատական սխալների ուղղումը, որոշակի պայմաններում կարող է էապես մեծարժեք լինել, որպես գերակա հանրային շահ: ՈՒստի, հիմնարար բնույթ կրող դատական սխալների հայտնաբերման պարագայում Վճռաբեկ դատարանն իրավասու է դուրս գալ բողոքարկման սահմաններից և վերացնել այդ դատական սխալները:

ՈՒստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասում և 415-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այլ իրավանորմերի համատեքստում, օրինակ` անվերապահ դատավարական խախտումների պարագայում դատական ակտի բեկանում նախատեսող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մաս), քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում:

15. Գործերի պատշաճ ընդդատությունը, որպես արդար դատաքննության անհրաժեշտ բաղկացուցիչ, հիմնարար իրավական արժեք է: Դրա հիմնարար բնույթը բխում է արդար դատաքննության ինստիտուցիոնալ տարրից` անկախ, անկողմնակալ, իրավասու և օրենքի հիման վրա ստեղծված դատարան ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունից: Իսկ այդ պարտականությունն իր հերթին, ըստ էության, ամրագրված է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող այնպիսի նորմատիվ ակտերում, ինչպիսիք են ՀՀ Սահմանադրությունը (19-րդ հոդված), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (14-րդ հոդված) և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան (6-րդ հոդված):

Ավելին, Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի «Դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ (2010)12 Հանձնարարականում (հաստատվել է 2010 թ. նոյեմբերի 17-ին) ևս ընդգծվում է, որ դատարանում գործերի բաշխումը պետք է կատարվի օբյեկտիվ, նախապես սահմանված չափանիշի հիման վրա` երաշխավորելու համար անկախ և անկողմնակալ դատավոր ունենալու իրավունքը: Այդ գործընթացի նկատմամբ կողմերը կամ գործով շահագրգռված այլ անձինք ներգործություն ունենալ չեն կարող (տե՛ս նշված Հանձնարարականի 24-րդ կետը):

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, կենսագործելով պատշաճ ընդդատության հիմնարար իրավական արժեքը, սահմանում է, որ «Ոչ ոք չի կարող զրկվել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով» (24-րդ հոդվածի, 5-րդ մաս):

16. Պատշաճ ընդդատության հիմնարար իրավական նշանակությունն այն է, որ յուրաքանչյուր կոնկրետ քրեական գործը քննող դատարանի որոշման հստակ կանոնների առկայությունը և դրանց կանխատեսելի գործադրումն անհրաժեշտ պայման են կողմնակի դիտորդի մոտ այնպիսի համոզմունք ձևավորելու համար, որ տվյալ կոնկրետ քրեական գործը քննող դատարանը և դատավորը նախատրամադրվածություն չունեն, և տվյալ գործը վարույթ ընդունելիս սուբյեկտիվիզմն ու կամայականությունը բացառված են եղել:

Այսպիսով, քրեական գործերի ընդդատության որոշման հստակ, կամայականությունը բացառող կանոնների առկայությունը և գործադրումը պարտադիր նախապայման են արդարադատության մատչելիության պատշաճ երաշխավորման համար:

17. Սույն որոշման 12-16-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անգամ գործի քննության ընդդատության խախտումը ստորադաս դատարաններում բողոքարկման առարկա չհանդիսանալու դեպքում վերադաս դատարանը պարտավոր է այդ հարցը քննարկման առարկա դարձնել:

 

II. Սույն քրեական գործի ընդդատությունը.

 

18. Ընդդատության կանոնները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածներով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն`

«1. Առաջին ատյանի դատարաններին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են համապատասխան առաջին ատյանի դատարանի դատական տարածքում:

2. Տևող հանցագործությունը համարվում է կատարված այն տարածքում, որտեղ այն ավարտվել է: Շարունակվող հանցագործությունը համարվում է կատարված այն տարածքում, որտեղ կատարվել է քրեական օրենսգրքով չթույլատրված վերջին արարքը:

(...) «:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատարանը, պարզելով, որ ստացված գործն ընդդատյա չէ իրեն, այն ուղարկում է ըստ ընդդատության:

2. Եթե սույն օրենսգրքի 44-րդ, 47-րդ կամ 48-րդ հոդվածով նախատեսված ընդդատության կարգի խախտումը հայտնաբերվում է դատական քննության ժամանակ, ապա կողմերի համաձայնությամբ դատարանն իրավասու է գործը թողնել իր վարույթում: Կողմերից մեկի առարկության դեպքում գործի կատարված դատական քննությունը չեղյալ է համարվում, և գործն ուղարկվում է ըստ ընդդատության»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական գործի ընդդատությունը կարող է փոխվել բոլոր մեղադրյալների համաձայնությամբ, եթե տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցող անձանցից շատերը բնակվում են տվյալ առաջին ատյանի դատարանի դատական տարածքից դուրս:

2. Ընդդատությունը փոխելու որոշումը համապատասխան դեպքում ընդունում է գործը քննող դատարանը»:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է քրեական գործի տարածքային ընդդատության որոշման հիմնական կանոնը, որի համաձայն` այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք ավարտվել են որևէ դատական տարածքի սահմաններում (ներառյալ տևող հանցագործությունները), ընդդատյա են տվյալ առաջին ատյանի դատարանին` անկախ հանցանքը սկսվելու վայրից և մինչդատական վարույթն իրականացրած մարմնի նստավայրից:

20. Նշված կանոնից օրենսդիրը բացառություն է նախատեսում միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

ա) քրեական դատավարությանը մասնակցող անձանցից շատերը բնակվում են տվյալ առաջին ատյանի դատարանի դատական տարածքից դուրս,

բ) տարածքային ընդդատության փոփոխման համաձայնություն են տվել բոլոր մեղադրյալները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մաս):

Ընդ որում, վերոնշյալ դեպքերում ընդդատությունը փոխելու մասին որոշումն ընդունում է գործը քննող դատարանը:

21. Իսկ եթե ընդդատության կարգի խախտումը հայտնաբերվել է դատական քննության ժամանակ և կողմերը չեն առարկում, որ գործի քննությունը շարունակվի այդ դատարանում, դատարանն իրավասու է գործը թողնել իր վարույթում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մաս):

Այս կանոնը պետք է մեկնաբանվի ընդդատության հիմնարար արժեքի իրավական նշանակությանը համապատասխան. այն չպետք է հիմք հանդիսանա առերևույթ կամայականության համար: Այսինքն` այս կանոնը պետք է կիրառվի միայն այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող դատարանը գործը վարույթ ընդունելիս չգիտեր և չէր կարող իմանալ, որ տվյալ գործն իրեն ընդդատյա չէ: Դա վերաբերում է միայն այն դեպքերին, երբ սխալ ընդդատության մասին վկայող հանգամանքն ի հայտ է եկել դատաքննության ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում: Իսկ եթե սխալ ընդդատության մասին վկայող հանգամանքները քրեական գործը դատարան ուղարկելիս արդեն իսկ եղել են գործի նյութերում, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը չի կարող կիրառվել: Դրա փոխարեն պետք է կիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասը և գործն ուղարկվի ըստ ընդդատության:

Եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասն ավելի լայն մեկնաբանվի, ապա դատարանին հնարավորություն կտրվի առանց իրավական հիմքի վարույթ իրականացնել, որից հետո փորձել օրինականացնել այդ առանց իրավական հիմքի վարույթը:

ՈՒստի, երբ ընդդատության խախտումն ի սկզբանե ակնհայտ է, ապա վարույթն իրականացնող դատարանը պարտավոր է գործն ուղարկել ըստ ընդդատության: Իսկ երբ ընդդատության սխալ լինելու փաստն ի հայտ է եկել ապացույցների դատական հետազոտման արդյունքում, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված ընթացակարգի գործադրմամբ գործը կարող է մնալ այն քննող դատարանի վարույթում:

Ընդ որում, գործն ըստ ընդդատության ուղարկվելու փաստը խոչընդոտ չէ, որպեսզի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի կիրառմամբ, պատշաճ դատարանը գործը փոխանցի այլ, այդ թվում` վարույթն ընդդատության խախտումով սկսած դատարան:

22. Սույն գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալներ Մ. Ստեփանյանին, Մ. Էլոյանին, Մ. Նշանյանին, Գ. Համբարձումյանին և Հ. Քոչոյանին մեղսագրվող հանցագործություններն սկսվել և ավարտվել են Երևան քաղաքի Դավիթ Բեկի 186/2 հասցեում գործող «Քրեյզի հորս» սրճարանի մոտ, որը գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի տարածքում (տե՛ս սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերը):

Մինչդեռ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ սույն գործով մեղադրյալները տարածքային ընդդատության փոփոխման համաձայնություն չեն տվել, ինչպես նաև բացակայում է ընդդատությունը փոխելու մասին գործը քննող դատարանի որոշումը:

23. Սույն որոշման 21-րդ կետի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե անգամ բոլոր մեղադրյալները տարածքային ընդդատության փոփոխման համաձայնություն տված լինեին և առկա լիներ ընդդատությունը փոխելու մասին գործը քննող դատարանի որոշումը, ապա ընդդատության փոխումն իրավաչափ համարվել չէր կարող, քանի որ ընդդատության խախտումն ի սկզբանե ակնհայտ էր:

24. Սույն որոշման 19-21-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 22-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործի քննությունը չի իրականացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընդդատության կանոնների պահպանմամբ: Ստորադաս դատարաններն անտեսել են տարածքային հատկանիշներով քրեական գործի ընդդատության որոշման կանոնները, չեն պարզել, թե որ դատարանին է ընդդատյա գործը:

25. Հիմք ընդունելով սույն որոշման մեջ առկա հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործով թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում չի պահպանվել քրեական գործերի ընդդատության կարգը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն` հիմք է կայացված դատական ակտերը բեկանելու և գործն ըստ ընդդատության ուղարկելու համար:

26. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից բարձրացված նյութական իրավունքի ենթադրյալ խախտման հարցին, որը դրսևորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջների չկիրառման և արդյունքում ամբաստանյալների նկատմամբ ակնհայտ մեղմ պատիժ նշանակելու ձևով, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արձանագրված դատավարական խախտումն ազդեցություն է ունեցել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության և արդյունքում նաև նրանց նկատմամբ նշանակված պատժի վրա, ուստի մինչև վերը նշված դատավարական իրավունքի խախտման վերացումն անհնար է անդրադառնալ բողոքաբերի կողմից բարձրացված նյութական իրավունքի ենթադրյալ խախտման հարցին:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406 հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Միսակ Ռաֆիկի Ստեփանյանի, Մխիթար Միհրանի Էլոյանի, Մհեր Հակոբի Նշանյանի, Գարեգին Մարտինի Համբարձումյանի, Հարություն Անդրանիկի Քոչոյանի մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի մարտի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.07.2011
N ԵԿԴ/0211/01/10
Որոշում