Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎ ...

 

 

040.1582.141111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 2011 թվականի N 1582-Ն

 

i

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «զ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների ստեղծման գործընթացը և ապահովել համապատասխան հանձնաժողովների անհատական կազմերի ու աշխատակարգերի հաստատումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի նոյեմբերի 10-ի

N 1582-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման աշխատանքների կազմակերպումը:

2. Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման գործընթացը` կախված ընդգրկման տարածքից, հետևանքների բնույթից և նշանակությունից, համապատասխանաբար կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության մարզպետների ու համայնքների ղեկավարների որոշումներով ստեղծված և մշտական գործող հանձնաժողովների կողմից:

3. Գնահատման ու հաշվառման են ենթակա արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները:

4. Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները հաշվառվում են դրանց առաջացման պատճառների ուսումնասիրման ու վերացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

5. Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների ընդհանուր հաշվառումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ ըստ ուղղությունների` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման մարմինները:

6. Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման համար`

1) կազմվում է վնասված գույքի ցանկը` նշելով դրանց տեսակը, գտնվելու վայրն ու համառոտ բնութագիրը.

2) ուսումնասիրվում և գնահատվում է վնասված գույքի վիճակը.

3) գնահատվում է գույքին պատճառված վնասի չափը:

7. Եթե արտակարգ իրավիճակների հետևանքով զոհվել են մարդիկ, կամ մարդկանց առողջությանը պատճառվել է վնաս, ապա Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչություններից դեպքի մասին տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով:

8. Տեղեկատվությունը ներառում է`

1) դեպքի օրը, ամիսը, տարեթիվը, ժամը և վայրը.

2) տուժողների ազգանունները, անունները, հայրանունները, նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության և աշխատանքի վայրերը.

3) դեպքի վայր մեկնած` փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի (անձանց) կազմը (անձնական տվյալները).

4) դեպքը բնութագրող այլ հանգամանքներ` իրավիճակը, եղանակային պայմանները և այլն:

9. Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման նպատակով ստեղծվում են`

1) հանրապետական հանձնաժողով (ստեղծվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ).

2) մարզային հանձնաժողովներ (ստեղծվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների որոշումներով).

3) համայնքային հանձնաժողովներ (ստեղծվում են Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների որոշումներով):

10. Հանրապետական, մարզային և համայնքային հանձնաժողովները գործում են հետևյալ ուղղություններով`

1) գյուղատնտեսությանը հասցված վնասների գնահատում.

2) բնակչության գույքին հասցված վնասների գնահատում.

3) ենթակառուցվածքներին հասցված վնասների գնահատում.

4) բժշկասանիտարական հնարավոր վնասների գնահատում:

11. Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների կազմում` ըստ ուղղությունների ընդգրկվում են արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության, կապի և տրանսպորտի, քաղաքաշինության բնագավառների մասնագետներ և մասնագիտացված կառույցների ներկայացուցիչներ, ովքեր պետք է ուսումնասիրեն, հաշվառեն և գնահատեն ստեղծված իրավիճակն ու հավանական վտանգները:

12. Ելնելով հանձնաժողովների աստիճանակարգությունից` համայնքային հանձնաժողովների կողմից կազմված ակտերը քննարկվում են մարզային հանձնաժողովում, և համաձայնեցված ակտերը ներկայացվում են հանրապետական հանձնաժողով: Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների մասին վերջնական տեղեկատվությունն ամփոփում և հրապարակում է արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.11.2011
N 1582-Ն
Որոշում