Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 67-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՍՆԱՆԿՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0018/04/10

    դատարանի որոշում                                               2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0018/04/10

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Սահակյան

                                                          

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                              Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                   Ա. Բարսեղյանի

                                                Վ. Աբելյանի

                                                Ս. Անտոնյանի

                                                Վ. Ավանեսյանի

                                                Մ. Դրմեյանի

                                                Գ. Հակոբյանի

                                                Է. Հայրիյանի

                                                Տ. Պետրոսյանի

                                                Ե. Սողոմոնյանի

                                                       

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Էրեբունու հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2011 թվականի որոշման դեմ` ըստ Տեսչության միջնորդության` «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» ԲԲԸ-ում (այսուհետ` Ընկերություն) բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների ճշտության ստուգում կատարելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերության լուծարման հանձնաժողովը (այսուհետ` Լուծարման հանձնաժողով) պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 20.04.2010 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

22.03.2011 թվականին ներկայացված միջնորդությամբ Տեսչությունը պահանջել է թույլատրել Ընկերությունում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների ճշտության վերստուգում:

Դատարանի 24.03.2011 թվականի որոշմամբ միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.06.2011 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ կետը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը ՀՀ կառավարության որոշմամբ չի լուծարվել, քանի որ Լուծարման հանձնաժողովը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության գույքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, դիմել է դատարան Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությանը սնանկ ճանաչելուց հետո լուծարման վարույթ սկսելու մասին որոշում չի ընդունվել, այսինքն` Ընկերությունը չի գտնվել լուծարման գործընթացում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.06.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` միջնորդությունը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին Դատարանի 20.04.2010 թվականի վճռով հաստատված են համարվել հետևյալ հանգամանքները.

ա. ՀՀ կառավարության 18.12.2008 թվականի թիվ 1525-Ա որոշմամբ Ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում.

բ. Ըստ Ընկերության հաշվապահական հաշվեկշռի` պարտավորությունները կազմել են 97.649.000 ՀՀ դրամ, իսկ ակտիվները` 18.976.000 ՀՀ դրամ (գ.թ. 4-6):

2. Տեսչության պետի 22.03.2011 թվականի միջնորդության համաձայն` «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի 12.03.2011 թվականի թիվ 01/20/3515-11 հանձնարարականի հանձնարարվել է Ընկերությունում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության վերստուգում 01.10.2007-31.12.2008 թվականները ժամանակաշրջանի համար, ուստի ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով, խնդրում եմ Տեսչությանը թույլատրել Ընկերությունում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների ճշտության վերստուգում» (գ.թ. 7):

3. Գործում առկա չէ Ընկերության լուծարման վարույթ սկսելու մասին որոշում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` իրավաբանական անձը կարող է լուծարվել նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ` ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` եթե լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները: Իրավաբանական անձին դատարանով սնանկ ճանաչելու հիմքերը, կարգը, ինչպես նաև սնանկ ճանաչված իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ իրավաբանական անձը կարող է լուծարվել ինչպես նրա հիմնադիրների, այնպես էլ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի որոշմամբ: Նշվածից բացառություն է այն դեպքը, երբ լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար: Այս դեպքում իրավաբանական անձը կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով, որի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում է իրավաբանական անձի լուծարում միայն այն դեպքում, երբ պարտապանի ակտիվները բավարարում են պարտատերերի պահանջները, կամ լուծարվող իրավաբանական անձը պարտավորություններ չունի:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության և լուծարման վարույթում գտնվող պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ստուգման կամ ուսումնասիրության իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում:

Ստուգման կամ ուսումնասիրության իրականացումը թույլատրելու կամ մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:

Պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է, բացառությամբ հարկերի և պարտադիր վճարների գերավճարների առկայությունը պարզելուն ուղղված ուսումնասիրությունների:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենքով սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու, ներկայացված ծրագրի հաստատումը մերժվելու, ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելու, ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթ սկսելու մասին (այսուհետ` պարտապանի լուծարում):

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելելն օրենսդիրը պայմանավորել է պարտապանի լուծարման գործընթացը սկսելու հետ: Այսինքն` լուծարման գործընթացում գտնվող պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն չի թույլատրվում իրականացել, բացառությամբ հարկերի և պարտադիր վճարների գերավճարների առկայությունը պարզելուն ուղղված ուսումնասիրությունների, ընդ որում, պարտապանի լուծարման գործընթաց սկսելու մասին դատարանն ընդունում է որոշում:

Սույն գործով վերաքննիչ բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ առկա է ՀՀ կառավարության 18.12.2008 թվականի թիվ 1525-Ա որոշումը, ըստ որի` Ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Հետևաբար, արդեն իսկ համապատասխան մարմնի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման գործընթաց, որպիսի պայմաններում կիրառելի է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ այն հանգամանքը, որ Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում Դատարան ներկայացրել է Ընկերության լուծարման հանձնաժողովը, նշանակում է, որ Ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությանը սնանկ ճանաչելու 20.04.2010 թվականի վճռով Դատարանը հաստատված է համարել հանգամանքներն այն մասին, որ ՀՀ կառավարության 18.12.2008 թվականի թիվ 1525-Ա որոշմամբ Ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում, և ըստ Ընկերության հաշվապահական հաշվեկշռի` պարտավորությունները կազմել են 97.649.000 ՀՀ դրամ, իսկ ակտիվները` 18.976.000 ՀՀ դրամ:

Ընկերությանը սնանկ ճանաչելուց հետո Տեսչության պետը 22.03.2011 թվականին ներկայացրել է Ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների ճշտության վերստուգում կատարելու թույլտվություն տալու միջնորդություն, որում մասնավորապես նշել է. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի 12.03.2011 թվականի թիվ 01/20/3515-11 հանձնարարականի հանձնարարվել է Ընկերությունում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության վերստուգում 01.10.2007-31.12.2008 թվականները ժամանակաշրջանի համար, ուստի ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով, խնդրում եմ Տեսչությանը թույլատրել Ընկերությունում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների ճշտության վերստուգում»:

Վերոգրյալներից ելնելով և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ ՀՀ կառավարության 18.12.2008 թվականի թիվ 1525-Ա որոշմամբ Ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում, հետևաբար արդեն իսկ համապատասխան մարմնի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման գործընթաց, անհիմն է, քանի որ Լուծարման հանձնաժողովը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության 97.649.000 ՀՀ դրամի պարտավորությունները գերազանցում են 18.976.000 ՀՀ դրամի ակտիվները, Ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով դիմել է դատարան: Այսինքն` Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու փաստով ավարտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կանոնակարգումներով Ընկերությունը լուծարելու գործընթացը, և սկսվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոնակարգումներով Ընկերությանը սնանկ ճանաչելու դատական վարույթը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում չի հիմնավորվում Ընկերության լուծարման գործընթացում գտնվելու հանգամանքը: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ գործում առկա չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Ընկերության լուծարման վարույթ սկսելու մասին դատարանի որոշում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

@hԿ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2011
N ԵԿԴ/0018/04/10
Որոշում