Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ1/0122/05/08

    դատարանի որոշում                                               2011 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ1/0122/05/08

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Ա. Առաքելյան

                              

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                                                         

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Սոնսիլվ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.06.2011 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կապանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 08.09.2008 թվականի թիվ 1032310 ստուգման ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` շահութահարկի գծով 42.424.700 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու մասով, անվավեր ճանաչել Տեսչության 08.09.2008 թվականի թիվ 1032310 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի 14.12.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.07.2010 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 14.12.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ռ. Սարգսյան, դատավորներ` Ա. Միրզոյան, Լ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 15.11.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.06.2011 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.11.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տեսչությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ կառավարության 11.04.2000 թվականի թիվ 161 որոշման «ա» կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 11.04.2000 թվականի թիվ 161 որոշման «բ» կետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը, 23-րդ հոդվածի 1-ին մասը, 24-րդ հոդվածը, 25-րդ հոդվածի 1-ին մասը, 35-րդ հոդվածը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իրավական գնահատական չի տվել սույն գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող գրավոր ապացույցներին, մասնավորապես` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 29.07.2009 թվականի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմանը, որով հաստատվել է վիճարկվող ստուգման ակտով Ընկերությանն առաջադրված 18.998.900 ՀՀ դրամ շահութահարկը չհիմնավորված լինելու փաստը:

Ավելին, Վերաքննիչ դատարանը չի վերլուծել գործում առկա փորձագիտական եզրակացություններում նշված այն փաստերը, որոնք պարունակում են մասնագիտական գիտելիքներ այն դեպքում, երբ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.07.2010 թվականի որոշմամբ արձանագրվել է, որ 27.03.2009 և 20.05.2009 թվականների փորձագիտական եզրակացությունները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պակաս հավանական են դարձնում սույն վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող փաստի` Ընկերության մոտ շահութահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորության գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցների:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.06.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը ճիշտ է կիրառել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը և այդ օրենքի կիրառումն ապահովող ՀՀ կառավարության 11.04.2000 թվականի թիվ 161 որոշման պահանջները: Նշված որոշումից հետևում է, որ եթե հիմնական միջոցի վրա կատարված ծախսերը գերազանցում են այդ հիմնական միջոցի սկզբնական արժեքի 10%-ը, ապա այդ ծախսերը դիտվում են որպես կապիտալ բնույթի ծախսեր, ուստի այդ ծախսերը ենթակա են ամորտիզացման` համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի: Հետևաբար, Ընկերության կողմից վարձակալված հիմնական միջոցների վրա 118.743.000 ՀՀ դրամի չափով կատարված ծախսերը համարվում են կապիտալ, այլ ոչ թե ընթացիկ ծախսեր:

Ընդ որում, փորձագետների հետևությունները` շահութահարկի գծով Ընկերության կողմից լրացուցիչ պարտավորություն չունենալու վերաբերյալ, հիմնավորված չեն, քանի որ այդ եզրահանգումները չեն բխում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, ՀՀ կառավարության 11.04.2004 թվականի թիվ 161 որոշման պահանջներից, իսկ տվյալ շահութահարկը որոշելիս չեն կարող կիրառվել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի դրույթները և հաշվապահական հաշվառման ստանդարտները:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 29.07.2009 թվականի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն առնչություն չունի սույն վարչական գործի հետ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 07.08.2008 թվականի թիվ 1032310 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որի արդյունքներով 08.09.2008 թվականին կազմված թիվ 1032310 ակտի 1-ին կետով արձանագրվել է հետևյալը. «Ձեռնարկությունը 2007թ. շահութահարկի հաշվարկով ցույց է տվել ընդամենը համախառն եկամուտ` 730.748.000 ՀՀ դրամ, իսկ ընդամենը համախառն եկամտից նվազեցումները` 687.634.000 ՀՀ դրամ: Ներկայացված փաստաթղթերի ստուգմամբ պարզվեց, որ 183.728.000 ՀՀ դրամը հանդիսացել է հիմնական միջոցների վրա կատարված ծախսեր: Պարզվեց նաև, որ Ընկերությունը սեփական հիմնական միջոցներ չունի և իր գործունեությունն իրականացնում է վարձակալած միջոցների միջոցով, որոնց արժեքը, համաձայն հիմնական միջոցների հանձնման-ընդունման ակտերի, կազմում է ընդամենը` 649.850.000 ՀՀ դրամ: Ձեռնարկությունը, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի դրույթները և ՀՀ կառավարության 161 որոշմամբ (փոփ. 01.07.04թ. թիվ 1042-Ն որոշում) նախատեսված դրույթները, ընթացիկ տարում հիմնական միջոցների վրա (այդ թվում` վարձակալված) կատարված ծախսերը սահմանված չափի 10%-ը` 64.985.000 ՀՀ դրամը գերազանցող մասը դիտել է որպես ընթացիկ ծախսեր, գումարով 118.743.000 ՀՀ դրամ և չի դիտել որպես կապիտալ բնույթի ծախսեր` նվազեցնելով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից: Ձեռնարկությունը 2007թ. հարկվող շահույթը որոշելիս «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն պետք է կատարեր ամորտիզացիոն մասհանումներ 23.748.600 ՀՀ դրամ, որը չի կատարել, արդյունքում 2007թ. Ընկերությունը հարկվող շահույթը պակաս է հաշվարկել` 94.994.400 ՀՀ դրամով, որի շահութահարկը կազմում է` 18.998.900 ՀՀ դրամ, կամ 2007թ. շահութահարկը պակաս է հաշվարկվել 18.998.900 ՀՀ դրամով: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի` հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի գումարը` 18.998.900 ՀՀ դրամ տուգանք, հարկի ամբողջ գումարի չափով խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն հարկատեսակի գծով հարկվող օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար տուգանք նույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված հաշվապահական հաշվառում չդիտելու կամ սահմանված կարգով խախտումներով այն վարելու համար 10%` 1.899.900 ՀՀ դրամ և նույն օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0,15%-ի չափով` գումարով 2.527.000 ՀՀ դրամ: Տույժի հաշվարկը կատարվել է` հաշվի առնելով գերավճարի առկայությունը»: Արդյունքում, Ընկերությանը շահութահարկի գծով առաջադրվել է 42.424.700 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` ներառյալ տույժերի և տուգանքների գումարը (հատոր 1-ին, գ.թ. 29-34):

2) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 27.03.2009 թվականի Հմ 08-1360 եզրակացության համաձայն` շահութահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրումը զուտ հաշվապահական և հարկային հաշվառման տեսանկյունից դիտվել է անհիմն: Տվյալ եզրակացությամբ նաև նշվել է, որ Ընկերության շահութահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրումը կատարվել է միայն ՀՀ կառավարության 11.04.2000 թվականի թիվ 161 որոշման պահանջներից ելնելով, այն էլ ոչ լիարժեք ելակետային տվյալների կիրառմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 31-53):

3) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 20.05.2009 թվականի կրկնակի դատահաշվապահական փորձաքննության Հմ 13270909 եզրակացության համաձայն` 08.09.2008 թվականի թիվ 1032310 ակտով Ընկերությանը շահութահարկի գծով լրացուցիչ պարտավորության առաջադրումը չի հիմնավորվել: Տվյալ փորձաքննության արդյունքում համալիր հետազոտվել են Ընկերության վերաբերյալ նախապատրաստված նյութերը, այդ թվում` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 27.03.2009 թվականի թիվ 08-1360 փորձագետի եզրակացությունը, Ընկերության հարկային գործի, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, առաջադրված հարցերին առնչվող և հետազոտվող ժամանակաշրջանում գործող հարկային օրենսդրությունը, ՀՀ հաշվապահական ստանդարտները, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ՀՀ կառավարության 11.04.2000 թվականի թիվ 161 որոշումը (հատոր 2-րդ, գ.թ. 12-29):

4) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունը 29.07.2009 թվականի որոշմամբ, հիմք ընդունելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 27.03.2009 թվականի թիվ 08-1360 և «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 20.05.2009 թվականի թիվ 13270909 փորձագիտական եզրակացությունները, գտել է, որ Տեսչության 08.09.2008 թվականի թիվ 1032310 ստուգման ակտով Ընկերությանն առաջադրված 18.998.900 ՀՀ դրամ շահութահարկը հիմնավորված չէ, որի հիման վրա էլ Ընկերության տնօրենի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, և քրեական հետապնդում չի իրականացվել (հատոր 2-րդ, գ.թ. 62-63):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելն է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

Տվյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ոչ իրավաչափ է դիտում նաև այն վարչական ակտը, եթե ներկայացվել են այնպիսի փաստաթղթեր, որոնցից ակնհայտ է, որ տվյալ վարչական ակտով ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում: Ընդ որում, տվյալ ակտի ոչ իրավաչափ` անվավեր լինելու հանգամանքը կարող է ճանաչվել ինչպես այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, այնպես էլ դատական կարգով (տե՛ս ըստ հայցի «Յուպիտեր» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գորիսի տարածքային հարկային տեսչության` 20.05.2009 թվականի թիվ 1000041 ստուգման ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի թիվ ՎԴ1/0073/05/09 որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ Դատարանի կողմից բազմակողմանի հետազոտվել և գնահատվել են գործում առկա «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 27.03.2009 թվականի թիվ 08-1360 և «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 20.05.2009 թվականի թիվ 13270909 փորձագիտական եզրակացությունները, ինչպես նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Սույն գործի փաստերի համաձայն` վիճարկվող ստուգման ակտով Տեսչության կողմից Ընկերության նկատմամբ շահութահարկի գծով 42.424.700 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն է առաջադրվել այն բանի համար, որ Ընկերությունը հիմնական միջոցների վրա (այդ թվում` վարձակալված) կատարված ծախսերը սահմանված չափի 10%-ը` 64.985.000 ՀՀ դրամը, գերազանցող մասը դիտել է որպես ընթացիկ ծախսեր, գումարով 118.743.000 ՀՀ դրամ և չի դիտել որպես կապիտալ բնույթի ծախսեր` նվազեցնելով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից: Ընկերությունը 2007 թվականի հարկվող շահույթը որոշելիս «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն պետք է կատարեր 23.748.600 ՀՀ դրամի չափով ամորտիզացիոն մասհանումներ, որը չի կատարել: Արդյունքում, 2007 թվականին Ընկերությունը հարկվող շահույթը պակաս է հաշվարկել 94.994.400 ՀՀ դրամով, որի շահութահարկը կազմում է 18.998.900 ՀՀ դրամ:

Մինչդեռ սույն գործում առկա «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 27.03.2009 թվականի Հմ 08-1360, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 20.05.2009 թվականի կրկնակի դատահաշվապահական փորձաքննության թիվ 13270909 եզրակացություններով Ընկերությանն առաջադրված 18.998.900 ՀՀ դրամ շահութահարկը դիտվել է չհիմնավորված: Ավելին, նշված եզրակացություններով հաստատված հանգամանքներն ընդունվել են նույն մարմնի` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մեկ այլ ստորաբաժանման` հետաքննության վարչության կողմից, որի 29.07.2009 թվականի որոշմամբ Տեսչության 08.09.2008 թվականի թիվ 1032310 ստուգման ակտով Ընկերությանն առաջադրված 18.998.900 ՀՀ դրամ շահութահարկը հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ Ընկերության տնօրենի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, և քրեական հետապնդում չի իրականացվել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության Տեսչության 08.09.2008 թվականի թիվ 1032310 ստուգման ակտով պետք է ընդունվեր այլ որոշում, հետևաբար վիճարկվող ստուգման ակտի` շահութահարկին վերաբերող մասը ենթակա է անվավեր ճանաչման:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.06.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` «Սոնսիլվ» ՍՊԸ-ի հայցը բավարարել. մասնակիորեն` շահութահարկի գծով 42.424.700 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու մասով, անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կապանի տարածքային հարկային տեսչության 08.09.2008 թվականի թիվ 1032310 ստուգման ակտը:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կապանի տարածքային հարկային տեսչությունից հօգուտ «Սոնսիլվ» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կապանի տարածքային հարկային տեսչությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես նախորդ վճռաբեկ բողոքի, 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի, ինչպես նաև 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես սույն վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2011
N ՎԴ1/0122/05/08
Որոշում