Սեղմել Esc փակելու համար:
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱ ...

13.03.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   13.03.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 13.03.00 թիվ 111 որոշում)

i

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 1971 թվականի թիվ 62

 

i

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

Հայկական ՍՍՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքին համապատասխան հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմինների մասին կից Կանոնադրությունը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ

1971 Թ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 62 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Խնամակալության և հոգաբարձության մարմինների խնդիրներն են` ապահովել ծնողների մահվան կամ այլ պատճառով առանց ծնողական խնամքի մնացած անչափահաս երեխաների դաստիարակությունը, անչափահաս երեխաների անձնական, գույքային իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև հասակավոր այն անձանց անձնական, գույքային իրավունքների և շահերի պաշտպանությունը, որոնք առողջական վիճակով չեն կարող ինքնուրույն կերպով իրականացնել իրենց իրավունքները և կատարել իրենց պարտականությունները:

2. Խնամակալության և հոգաբարձության մարմիններ են հանդիսանում աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, գյուղական և ավանային սովետների գործադիր կոմիտեները:

Խնամակալության և հոգաբարձության ֆունկցիաների իրականացումը հանձնարարվում է անչափահաս անձանց նկատմամբ` ժողովրդական կրթության բաժիններին, դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց նկատմամբ` առողջապահության մարմիններին և, ըստ իրենց առողջական վիճակի, խնամակալության կարիք ունեցող անձանց նկատմամբ, սոցիալական ապահովության բաժիններին:

3. Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության նկատմամբ ընդհանուր ղեկավարություն ու վերահսկողություն են իրականացնում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը և աշխատավորների դեպուտատների վերադաս սովետների գործադիր կոմիտեները, որոնք քննության են առնում խնամակալական և հոգաբարձական մարմինների գործողությունների նկատմամբ եղած բողոքները և անհրաժեշտության դեպքում վերացնում նրանց ընդունած որոշումները:

4. Հայկական ՍՍՀ Լուսավորության մինիստրությունը, Հայկական ՍՍՀ Առողջապահության մինիստրությունը և Հայկական ՍՍՀ Սոցիալական ապահովության մինիստրությունը իրենց իրավասության սահմաններում, համապատասխանաբար աշխատանք են տանում տեղավորելու առանց ծնողների մնացած երեխաներին և այն երեխաներին, որոնց ծնողները չեն ապահովում նրանց պատշաճ դաստիարակությունը, ինչպես նաև այն անձանց, որոնք անգործունակ են ճանաչված հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով, և այն անձանց, որոնք առողջական վիճակով կարիք ունեն խնամակալության. աշխատանք են տանում նշված անձանց իրավունքների պահպանման գծով և մեթոդական օգնություն են ցույց տալիս խնամակալության և հոգաբարձության ֆունկցիաներ իրականացնող մարմիններին, կազմում են Կենտվիճվարչության և համապատասխան մինիստրությունների կողմից սահմանված ձևերով ամփոփ հաշվետվություններ:

5. Խնամակալության և հոգաբարձության մարմինները իրենց գործունեությամբ ղեկավարվում են ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների Ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներով, Հայկական ՍՍՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքով, ինչպես նաև ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենսդրական մյուս ակտերով, սույն կանոնադրությամբ, ՍՍՀՄ Լուսավորության մինիստրության, ՍՍՀՄ Առողջապահության մինիստրության և Հայկական ՍՍՀ Լուսավորության մինիստրության, Հայկական ՍՍՀ Առողջապահության մինիստրության և Հայկական ՍՍՀ Սոցիալական ապահովության մինիստրության այն հրամաններով, հրահանգներով ու մեթոդական ցուցումներով, որոնք վերաբերում են խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությանը:

 

II. ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ, ԱՎԱՆԱՅԻՆ, ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ՍՈՎԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Աշխատավորների դեպուտատների գյուղական, ավանային սովետների գործադիր կոմիտեները, որպես խնամակալության, հոգաբարձության մարմիններ`

ա) հայտնաբերում են առանց ծնողական խնամքի մնացած` 18 տարին չլրացած երեխաներին և այն երեխաներին, որոնց ծնողները չեն ապահովում նրանց պատշաճ դաստիարակությունը, ինչպես նաև չափահաս այն անձանց, որոնք առողջական վիճակով կարիք ունեն խնամակալության և հոգաբարձության.

բ) նշանակում են խնամակալներ և հոգաբարձուներ, ազատում իրենց վրա դրված պարտականությունները չկատարող խնամակալներին ու հոգաբարձուներին և նշանակման կամ ազատման մասին որոշման պատճենը մեկ ամսվա ընթացքում ուղարկում աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործադիր կոմիտեի համապատասխան բաժնին.

գ) ապահովում են խնամակալության կամ հոգաբարձության կարիք զգացող անձանց ժամանակավոր տեղավորումը և նրանց գույքի պահպանումը.

դ) նախապատրաստում են անհրաժեշտ փաստաթղթեր խնամակալություն և հոգաբարձություն նշանակելու համար, անհրաժեշտության դեպքում փաստաթղթեր են նախապատրաստում երեխաներին մանկական հիմնարկներում, իսկ դրա կարիքն ունեցող հասակավորներին` համապատասխան հիմնարկներում տեղավորելու համար.

ե) վերահսկում են խնամակալների և հոգաբարձուների վրա դրված պարտականությունների կատարմանը.

զ) հետևում են խնամակալված հոգեկան հիվանդների նկատմամբ մշտական բժշկական հսկողությանը.

է) ապահովում են խնամակալվածների անձնական և գույքային իրավունքների պահպանումը.

ը) խնամակալներին (հոգաբարձուներին) թույլտվություն են տալիս խնամակալվածների անունից կատարելու կենցաղային սահմաններից դուրս գործարքներ, այդ թվում նոտարական հաստատման ենթակա պայմանագրեր կնքելու, խնամակալվածին պատկանող իրավունքներից հրաժարվելու, գույքը բաժանելու կամ օտարելու վերաբերյալ գործարքներ, եթե այդ գործարքների գումարը չի գերազանցում 100 ռուբլուց. այն դեպքերում, երբ գործարքի գումարը անցնում է 100 ռուբլուց կամ պահանջվում է բնակարանի փոխանակման թույլտվություն, իրենց եզրակացությունն են ներկայացնում աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործադիր կոմիտեին.

թ) բավարար հիմքերի առկայության դեպքում սահմանափակում են խնամակալվողի ավանդների վրա կարգադրություն անելու նկատմամբ ծնողներից որևէ մեկի կամ խնամակալի իրավունքները, ինչպես նաև 15-ից մինչև 18 տարեկան անչափահասներին սահմանափակում կամ զրկում են իրենց աշխատավարձը, թոշակը ինքնուրույն կերպով տնօրինելու իրավունքից.

ժ) միջոցներ են ձեռնարկում պետական հիմնարկներում կամ խնամակալի (հոգաբարձուի) մոտ տեղավորված խնամակալվածների զբաղեցրած բնակելի տարածությունը պահպանելու ուղղությամբ, իսկ այն դեպքերում, երբ այն ենթակա է հանձնման` մանկական հիմնարկից դուրս գալուց հետո խնամակալվածին բնակելի տարածությամբ ապահովելու համար.

ի) խնամակալվածին պահելու համար նշանակում և վճարում են նպաստ.

լ) խնամակալներին և հոգաբարձուներին օգնություն են ցույց տալիս խնամակալվածներին պահելու, նրանց ամառային հանգիստը կազմակերպելու և աշխատանքի տեղավորելու գործում.

խ) խնամակալներին և հոգաբարձուներին տալիս են համապատասխան վկայականներ.

ծ) քննության են առնում խնամակալների և հոգաբարձուների գործողությունների վերաբերյալ բողոքները.

կ) դատական գործեր են հարուցում ծնողներին իրենց ծնողական իրավունքից զրկելու կամ առանց ծնողական իրավունքից զրկելու` երեխաներին նրանցից վերցնելու վերաբերյալ.

հ) կատարում են տեղավորման ենթակա անձանց հաշվառում, վարում խնամակալվածների անձնական գործերը և սահմանված ձևով հաշվետվություններ ներկայացնում աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործկոմի համապատասխան բաժնին:

7. Աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետների գործադիր կոմիտեները, որպես խնամակալության և հոգաբարձության մարմիններ`

ա) միջոցներ են ձեռնարկում 18 տարին չլրացած առանց ծնողների խնամքի մնացած երեխաներին և այն երեխաներին, որոնց ծնողները չեն ապահովում նրանց պատշաճ դաստիարակությունը, ինչպես նաև առողջական վիճակով հոգաբարձության և խնամակալության կարիք ունեցող չափահաս անձանց հայտնաբերելու և տեղավորելու ուղղությամբ.

բ) նշանակում են խնամակալներ և հոգաբարձուներ, ազատում են իրենց պարտականությունները չկատարող խնամակալներին և հոգաբարձուներին.

գ) վերահսկում են խնամակալների և հոգաբարձուների կողմից նրանց վրա դրված պարտականությունների կատարումը.

դ) իրականացնում են խնամակալվածների, ինչպես նաև ընտանիքում դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններ չունեցող երեխաների անձնական և գույքային իրավունքների պահպանումը.

ե) խնամակալվածներին պահելու համար նշանակում են նպաստներ.

զ) կատարում են որդեգրում.

է) թույլատրում են անչափահասների ազգանունների փոփոխում օրենքում նշված դեպքերում.

ը) խնամակալներին (հոգաբարձուներին) թույլտվություն են տալիս խնամակալվածի անունից կատարելու կենցաղային սահմաններից դուրս գործարքներ, այդ թվում նոտարական հաստատման ենթակա պայմանագրեր կնքելու, խնամակալներին պատկանող իրավունքներից հրաժարվելու, գույքը բաժանելու, բնակարանը փոխելու և գույքը օտարելու վերաբերյալ գործարքներ.

թ) բավարար հիմքերի առկայության դեպքում սահմանափակում են խնամակալվողի ավանդների վրա կարգադրություն անելու նկատմամբ ծնողներից որևէ մեկի կամ խնամակալի իրավունքը, ինչպես նաև անչափահասներին սահմանափակում կամ զրկում են իրենց աշխատավարձը կամ թոշակը ինքնուրույն կերպով տնօրինելու իրավունքից.

ժ) միջոցներ են ձեռնարկում պետական հիմնարկներում կամ խնամակալի (հոգաբարձուի) մոտ տեղավորված խնամակալվածների զբաղեցրած բնակելի տարածությունը պահպանելու ուղղությամբ, իսկ այն դեպքերում, երբ այն ենթակա է հանձնման` մանկական հիմնարկից դուրս գալուց հետո խնամակալվածին բնակելի տարածությամբ ապահովելու համար.

ի) սոցիալական ապահովության բաժնի միջնորդությամբ խնամակալներին (հոգաբարձուներին) ամրացվում են բնակելի այն տարածությունները, որոնք գտնվում են խնամակալվողի օգտագործման տակ:

Շրջանային բաժանում ունեցող քաղաքներում սույն կանոնադրության 7-րդ կետով նախատեսված ֆունկցիաները կատարում են աշխատավորների դեպուտատների համապատասխան շրջանային սովետների գործադիր կոմիտեները:

Շրջանային բաժանում ունեցող քաղաքների աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետների գործկոմները իրենց ենթակա տերիտորիայում ղեկավարում են խնամակալության և հոգաբարձության գործերը և լուծում են աշխատավորների դեպուտատների շրջանային (տվյալ քաղաքի մեջ մտնող) սովետների գործադիր կոմիտեների գործողությունների վերաբերյալ բողոքները:

Ժողովրդական կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության բաժիններ չունեցող աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետների գործադիր կոմիտեները իրագործում են միայն այն ֆունկցիաները, որոնք դրված են աշխատավորների դեպուտատների գյուղական և ավանային սովետների գործադիր կոմիտեների վրա (սույն կանոնադրության 6-րդ կետ):

8. Աշխատավորների դեպուտատների շրջանային սովետների գործադիր կոմիտեները.

ա) իրենց իրավասության ենթակա տերիտորիայում ղեկավարում են խնամակալության և հոգաբարձության գործերը.

բ) կատարում են երեխաների որդեգրումներ.

գ) լուծում են անչափահասների ազգանունների փոփոխման հարցը.

դ) խնամակալվողին պահելու համար նշանակում են նպաստ.

ե) ապահովում են խնամակալվողի, ինչպես նաև ընտանիքում դաստիարակվելու համար անհրաժեշտ պայմաններ չունեցող երեխաների անձնական գույքային իրավունքները.

զ) խնամակալողներին (հոգաբարձուներին) թույլատվություն են տալիս կատարելու կենցաղային սահմաններից դուրս գործարքներ, այդ թվում նոտարական հաստատմանը ենթակա պայմանագրեր կնքելու, խնամակալվածին պատկանող իրավունքներից հրաժարվելու, գույքը բաժանելու, բնակարանը փոխելու և գույքը օտարելու վերաբերյալ գործարքներ.

է) միջոցներ են ձեռնարկում պետական հիմնարկներում կամ խնամակալի (հոգաբարձուի) մոտ տեղավորված խնամակալվածների զբաղեցրած բնակելի տարածությունը պահպանելու ուղղությամբ, իսկ այն դեպքերում, երբ այն ենթակա է հանձնման` մանկական հիմնարկից դուրս գալուց հետո խնամակալվածին բնակելի տարածությամբ ապահովելու համար.

ը) սոցիալական ապահովության բաժնի միջնորդությամբ խնամակալներին (հոգաբարձուներին) ամրացվում է բնակելի այն տարածությունը, որը գտնվում է խնամակալվողի օգտագործման տակ.

թ) լուծում են քաղաքային (շրջանային ենթակայության), ավանային և գյուղական սովետների գործկոմների` որպես խնամակալության և հոգաբարձության մարմինների, գործողությունների վերաբերյալ բողոքները և անհրաժեշտության դեպքում վերցնում նրանց ընդունած որոշումները:

Այն դեպքերում, երբ գյուղական բնակավայրը գտնվում է աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի ենթակայության տակ, սույն կանոնադրության 7-րդ կետով նախատեսված ֆունկցիաները, համապատասխանաբար, լուծվում են աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի կողմից:

Երբ աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործկոմի գտնվելու բնակավայրում չկան ինքնուրույն գյուղական, ավանային կամ քաղաքային սովետների գործկոմներ, աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործադիր կոմիտեն այդ տերիտորիայում բնակվող անձանց նկատմամբ կատարում է սույն կանոնադրության 7-րդ կետով նշված ֆունկցիաները:

 

III. ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԺՈՂԿՐԹԲԱԺԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Անչափահասների անձնական և գույքային իրավունքները ժամանակին պաշտպանելու համար շրջանային (քաղաքային) ժողկրթբաժինները`

ա) հայտնաբերում են առանց ծնողական խնամքի մնացած 18 տարին չլրացած երեխաներին և այն երեխաներին, որոնց ծնողները չեն ապահովում նրանց պատշաճ դաստիարակությունը, և միջոցներ են ձեռնարկում նրանց տեղավորելու համար.

բ) ապահովում են առանց ծնողական խնամքի մնացած անչափահաս երեխաների ժամանակավոր տեղավորումը և նրանց ունեցվածքի պահպանումը.

գ) ընտրում են ծնողական խնամքից զրկված երեխաների տեղավորման ձևերը (խնամակալության հանձնել, որդեգրել, մանկական հիմնարկներում տեղավորել).

դ) տեղավորման կարիք ունեցող անչափահասներին ՍՍՀՄ Լուսավորության մինիստրության կողմից սահմանված ձևերով վերցնում են հաշվառման և վարում նրանց անձնական գործերը և ՍՍՀՄ Կենտվիճվարչության սահմանած ձևերով ամփոփ հաշվետվություն են կազմում իրենց իրավասությանը ենթակա ամբողջ տերիտորիայի համար:

10. Խնամակալության և հոգաբարձության հանձնված անչափահասների իրավունքներն ու շահերն ապահովելու համար շրջանային (քաղաքային) ժողովրդական կրթության բաժինները`

ա) ընտրում են անչափահասի դաստիարակությունը, նրա անձնական և գույքային իրավունքների պաշտպանությունն ապահովելու ընդունակ խնամակալներ (հոգաբարձուներ).

բ) աշխատավորների դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետի գործադիր կոմիտե են ներկայացնում խնամակալներ (հոգաբարձուներ) նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իրենց եզրակացության և ստուգման ակտի հետ միասին.

գ) խնամակալներին (հոգաբարձուներին) տալիս են խնամակալական վկայականներ.

դ) խնամակալներին (հոգաբարձուներին) մշտական օգնություն են ցույց տալիս խնամակալվածների դաստիարակության, նրանց ամառային հանգստի կազմակերպման, աշխատանքի տեղավորման գծով և այլն.

ե) խնամակալվածին պահելու համար խնամակալին (հոգաբարձուին) վճարում են աշխատավորների դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետի գործադիր կոմիտեի կողմից նշանակված նպաստը.

զ) պաշտպանում են խնամակալվածի գույքային իրավունքները և խնամակալներին (հոգաբարձուներին) թույլտվություն են տալիս խնամակալվածի անունից կատարելու կենցաղային սահմաններից դուրս գործարքներ, այդ թվում նոտարական հաստատման ենթակա պայմանագրեր կնքելու, խնամակալվածին պատկանող իրավունքներից հրաժարվելու, գույքը բաժանելու և օտարելու վերաբերյալ գործարքներ, այդ գործարքների գումարը չի գերազանցում 100 ռուբլուց, երբ գործարքի գումարը գերազանցում է 100 ռուբլուց կամ պահանջվում է բնակարանի փոխանակման, բնակելի տարածության ամրացման կամ հատկացման մասին թույլտվություն, իրենց եզրակացությունը ներկայացնում են շրջանային սովետի գործադիր կոմիտեին.

է) բավարար հիմքերի առկայության դեպքում սահմանափակում են խնամակալվողի ավանդների վրա կարգադրություն անելու նկատմամբ ծնողներից որևէ մեկի կամ խնամակալի իրավունքները, ինչպես նաև անչափահասներին սահմանափակում կամ զրկում են իրենց աշխատավարձը կամ թոշակը ինքնուրույն կերպով տնօրինելու իրավունքից.

ը) մշտական հսկողություն են սահմանում խնամակալի (հոգաբարձուի) ընտանիքում խնամակալվածի դաստիարակության նկատմամբ.

թ) քննության են առնում խնամակալների (հոգաբարձուների) գործողությունների վերաբերյալ բողոքները.

ժ) անհրաժեշտ դեպքերում աշխատավորների դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետի գործադիր կոմիտեի առաջ հարց են հարուցում խնամակալին (հոգաբարձուին) ազատելու իր վրա դրված պարտականությունների կատարումից.

ի) խնամակալի (հոգաբարձուի) կողմից խնամակալությունը (հոգաբարձությունը) չարամտորեն օգտագործելու, ինչպես նաև խնամակալին առանց հսկողության թողնելու և անհրաժեշտ օգնություն ցույց չտալու դեպքում անհրաժեշտ նյութերը հանձնում են դատախազին` օրենքով սահմանված կարգով մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:

11. Որդեգրման տրվող անչափահասների իրավունքներն ու շահերը ապահովելու համար աշխատավորների դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետների գործադիր կոմիտեների ժողովրդական կրթության բաժինները`

ա) ստանում են անչափահասին որդեգրելու վերաբերյալ դիմումը և ստուգում են` բավարարում են արդյոք որդեգրման համար դիմող անձինք այն պահանջներին, որոնք ներկայացվում են որդեգրողներին, պահանջելով հետևյալ փաստաթղթերը`

տեղեկանք որդեգրողների բնակության վայրից` զբաղեցրած բնակելի մակերեսի և նրա վրա բնակվող անձանց թվի մասին.

տեղեկանք որդեգրողների աշխատանքի վայրից` աշխատանքի բնույթի, աշխատավարձի չափի /թոշակառուներից կենսաթոշակի չափի/ մասին և բնութագիր.

տեղեկանք բուժական հիմնարկից` որդեգրողների և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների առողջական վիճակի մասին.

որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը.

տեղեկանք որդեգրվողի և նրա ծնողների բնակավայրից` զբաղեցրած բնակելի մակերեսի չափի և նրա վրա բնակվող անձանց թվի մասին.

եթե որդեգրվողը ծնողներ ունի` նրանց համաձայնությունը.

եթե որդեգրվողի 10-ը տարին լրացել է` նրա համաձայնությունը, բացառությամբ Հայկական ՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 117 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից.

եթե երեխան ծնողներ չունի` որբությունը հաստատող փաստաթուղթ.

բ) ստուգում է որդեգրման պատճառներն ու շարժառիթները.

գ) ուսումնասիրում են որդեգրողների ընտանեկան, բնակարանային և կենցաղային պայմաններն ու կազմում համապատասխան ակտ.

դ) պարզում են, օրենքով նախատեսված դեպքերում, նաև ծնողների, խնամակալների /հոգաբարձուի/ և որդեգրողի ամուսնու համաձայնության առկայությունը.

ե) որդեգրման հնարավորության մասին իրենց եզրակացությունը ստուգման ակտի հետ միասին ներկայացնում են աշխատավորների դեպուտատների շրջանային /քաղաքային/ սովետի գործադիր կոմիտեի քննարկմանը.

զ) հետևում են որդեգրողի ընտանիքում որդեգրվածի դաստիարակությանը.

է/ անհրաժեշտ դեպքերում հայց են ներկայացնում դատարան` որդեգրումը վերացնելու կամ որդեգրումը ոչ օրինական ճանաչելու վերաբերյալ և եզրակացություն են տալիս որդեգրումը վերացնելու կամ ոչ օրինական ճանաչելու վերաբերյալ այլ անձանց կողմից հարուցված գործերով:

12. Ծնողներ ունեցող անչափահասների անձնական և գույքային իրավունքներն ապահովելու համար շրջանային ժողովրդական կրթության բաժինները`

ա) երեխայի ազգանվան (անվան) վերաբերյալ ծնողների մեջ համաձայնություն չլինելու դեպքում ցուցում են տալիս զագսի մարմիններին, թե ինչ ազգանուն (անուն) պետք է տալ երեխային.

բ) օրենքով սահմանված դեպքերում աշխատավորների դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետի գործկոմին ներկայացնում են իրենց եզրակացության հետ միասին անհրաժեշտ փաստաթղթեր անչափահասի ազգանունը փոփոխելու վերաբերյալ.

գ) լուծում են երեխայի դաստիարակության վերաբերյալ ծնողների միջև եղած տարաձայնությունները.

դ) միջոցներ են ձեռնարկում ապահովելու երեխաներից անջատ ապրող ծնողի իրավունքը երեխաների հետ կապ ունենալու և նրանց դաստիարակությանը մասնակցելու գործում, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես սահմանափակում են այդ իրավունքը.

ե) աշխատանք են տանում այն ծնողների հետ, որոնք ընտանիքում չեն ապահովում երեխաների պատշաճ դաստիարակությունը.

զ) անհրաժեշտության դեպքում գործ են հարուցում դատարան ծնողական իրավունքից զրկելու կամ առանց ծնողական իրավունքից զրկելու երեխաները նրանցից վերցնելու վերաբերյալ.

է) եզրակացություն են տալիս ծնողական իրավունքից զրկելու, ծնողներից կամ այլ անձանցից երեխաներին վերցնելու, ծնողական իրավունքները վերականգնելու, վերցված երեխաները ծնողներին վերադարձնելու, ինչպես նաև ծնողների միջև ծագած այն վեճերի առթիվ, թե ում մոտ պիտի ապրեն անչափահաս երեխաները.

ը) մասնակցում են երեխաների դաստիարակության հետ կապված դատական գործերի քննությանը.

թ) մասնակցում են երեխաներին հանձնելու կամ վերցնելու վերաբերյալ դատարանի որոշումների կատարմանը.

ժ) լուծում են ծնողական իրավունքից զրկված զնողների` երեխաների հետ տեսակցելու հարցը:

13. Իրենց վրա դրված պարտականությունները կատարելու համար ժողովրդական կրթության շրջանային (քաղաքային) բաժիններն իրավասու են.

ա) պահանջել պետական կամ հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև առանձին քաղաքացիներից ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկանքներ.

բ) ուսումնասիրել այն անձանց հաղորդումները, որոնք կարող են անհրաժեշտ տեղեկություններ տալ անչափահաս երեխաների իրավունքներն ու շահերը պահպանելու մասին.

գ) անչափահաս երեխաների իրավունքների ու շահերի պահպանության հարցերով զրույցի և բացատրության կանչել ծնողներին, ինչպես նաև այլ քաղաքացիների.

դ) դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև անչափահասների իրավունքների և շահերի պաշտպանումն ապահովելու համար մասնակցել դատական պրոցեսներին:

14. Սույն կանոնադրության 9-13-րդ կետերում նշված աշխատանքները դրված են շրջանային (քաղաքային) ժողկրթբաժինների անչափահասների իրավունքների պաշտպանության գծով հասարակական տեսուչների վրա:

15. Իրենց առողջական վիճակով ՍՍՀՄ Լուսավորության մինիստրության սիստեմում սովորելու ոչ ենթակա անչափահաս երեխաների հայտնաբերումը, նրանց իրավունքների և շահերի պահպանումը, այդ երեխաներին Սոցիալական ապահովության մինիստրության կամ Առողջապահության մինիստրության սիստեմում գտնվող մանկական հիմնարկներում տեղավորելը կամ խնամակալության հանձնելը կատարում են համապատասխանաբար սոցիալական ապահովության և առողջապահության բաժինները:

16. Հայկական ՍՍՀ Լուսավորության մինիստրությունը, իսկ Երևան քաղաքում նաև աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործկոմի ժողկրթբաժինը`

ա) ղեկավարություն ու վերահսկողոություն են իրականացնում շրջանային (քաղաքային) ժողկրթբաժինների գործունեության նկատմամբ.

բ) քննության են առնում նրանց գործունեության վերաբերյալ բողոքները և անհրաժեշտության դեպքում վերացնում նրանց ընդունած որոշումները.

գ) անչափահաս երեխաների իրավունքների պահպանման վերաբերյալ ստանում են ամփոփ հաշվետվություններ հանրապետության, շրջանի (քաղաքի) գծով:

 

IV. ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

17. Շրջանային (քաղաքային) առողջապահության բաժինները`

ա) հայտնաբերում են առողջական վիճակով խնամակալության կարիք ունեցող հոգեկան հիվանդներին և տկարամիտներին.

բ) կատարում են խնաամակալության և հոգաբարձության կարիք ունեցող անձանց հաշվառում և վարում նրանց գործերը.

գ) նախապատրաստում են անհրաժեշտ նյութեր և գործ են հարուցում դատարան քաղաքացուն անաշխատունակ կամ սահմանափակ աշխատունակ ճանաչելու մասին, ինչպես նաև մասնակցում են այլ անձանց կողմից հարուցված այդպիսի գործերի քննությանը.

դ) ստանալով դատարանի հաղորդումը քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ վճիռը օրինական ուժի մեջ մտնելու մասին, ընտրում են այնպիսի անձանց, որոնք ընդունակ են իրականացնելու խնամակալությունը (հոգաբարձությունը), իսկ մինչև խնամակալի (հոգաբարձուի) նշանակումը անմիջականորեն կատարում են խնամակալի (հոգաբարձուի) վրա դրվող իրավունքներն ու պարտականությունները.

ե) խնամակալ (հոգաբարձու) նշանակելու համար աշխատավորների դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետների գործկոմներին են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր.

զ) խնամակալներին (հոգաբարձուներին) տալիս են խնամակալական վկայականներ.

է) սիստեմատիկ հսկողություն են իրագործում խնամակալվածի կյանքի պայմանների ու խնամակալների կողմից իրենց վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ, իսկ խնամակալվածը առողջանալու դեպքում` նրան գործունակ ճանաչելու վերաբերյալ խնամակալի կողմից ժամանակին հարց հարուցելու նկատմամբ.

բ) խնամակալվածին ցույց են տալիս անհրաժեշտ բժշկական օգնություն և հետևում են, որ նրա նկատմամբ իրականացվեն մշտական բժշկական դիտումներ.

թ) խնամակալներին վճարում են աշխատավորների դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետների գործկոմների կողմից նշանակված նպաստը` խնամակալվածին պահելու համար.

ժ) պահպանում են խնամակալվածի գույքային իրավունքները և օրենքով նախատեսված դեպքերում խնամակալներին գործարքներ կատարելու թույլտվություն են տալիս.

ի) քննության են առնում խնամակալների (հոգաբարձուների) գործողությունների վերաբերյալ բողոքները.

լ) անհրաժեշտության դեպքում աշխատավորների դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետների գործկոմների առջև միջնորդություն են հարուցում խնամակալներին (հոգաբարձուներին) իրենց վրա դրված պարտականություններից ազատելու վերաբերյալ.

խ) խնամակալի (հոգաբարձուի) կողմից խնամակալությունը (հոգաբարձությունը) չարամտորեն օգտագործելու, ինչպես նաև անգործունակ խնամակալվածին առանց հսկողության թողնելու և անհրաժեշտ օգնություն ցույց չտալու դեպքում նյութերը հանձնում են դատախազին` օրենքով սահմանված կարգով մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:

18. Իրենց վրա դրված պարտականությունները կատարելու համար շրջանային (քաղաքային) առողջապահության բաժինները իրավասու են.

ա) պահանջել պետական կամ հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև առանձին քաղաքացիներից ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկանքներ.

բ) ուսումնասիրել այն անձանց հաղորդումները, որոնք կարող են անհրաժեշտ տեղեկություններ տալ անչափահաս երեխաների իրավունքներն ու շահերը պաշտպանելու մասին.

գ) խնամակալվածի իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով զրույցի և բացատրության հրավիրել հարազատներին, ինչպես նաև այլ քաղաքացիների.

դ) դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև մասնակցել խնամակալվածի իրավունքների ու շահերի և պաշտպանությունն ապահովելու հետ կապված դատական պրոցեսներին:

19. Սույն կանոնադրության 17-18 կետերում թվարկված առողջապահության շրջանային (քաղաքային) բաժինների աշխատանքները դրվում են խնամակալության և հոգաբարձության գծով հանձնաժողովների վրա:

Խնամակալական և հոգաբարձական հանձնաժողովները կազմակերպվում են ներվոհոգեբուժական կամ հոգեբուժական հիմնարկների բազայի վրա, իսկ հոգեբուժական հիմնարկները հեռու լինելու դեպքում` անմիջականորեն շրջանային (քաղաքային) առողջապահության բաժնին կից:

Խնամակալական ու հոգաբարձական հանձնաժողովի կազմը հաստատվում է աշխատավորների դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետի գործկոմի կողմից:

Խնամակալների և հոգաբարձուների ընտրությունը (17-րդ կետի «դ» ենթակետ) անմիջականորեն իրականացնում է շրջանային (քաղաքային) առողջապահության բաժինը:

20. Հայկական ՍՍՀ Առողջապահության մինիստրությունը, իսկ Երևան քաղաքում նաև աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործկոմի առողջապահության բաժինը ղեկավարություն ու վերահսկողություն են իրականացնում շրջանային (քաղաքային) առողջապահության բաժինների նկատմամբ, քննության են առնում նրանց գործունեության վերաբերյալ բողոքները և անհրաժեշտության դեպքում վերացնում նրանց ընդունած որոշումները:

 

V. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԲԱԺԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

21. Սոցիալական ապահովության շրջանային (քաղաքային) բաժինները.

ա) հայտնաբերում են իրենց առողջական վիճակով խնամակալության կարիք ունեցող անձանց.

բ) այդ անձանց համար ընտրում են խնամակալներ և աջակցում խնամակալության ձևակերպմանը.

գ) խնամակալներ նշանակելու համար նախապատրաստում են անհրաժեշտ փաստաթղթեր և ներկայացնում աշխատավորների դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետի գործկոմի հաստատմանը.

դ) կատարում են խնամակալվածների հաշվառումը և վարում նրանց անձնական գործերը (քարտերը).

ե) խնամակալներին տալիս են վկայական նրանց խնամակալ նշանակելու մասին.

զ) վճարում են աշխատավորների դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետի գործկոմի կողմից նշանակված նպաստները` խնամակալվածներին պահելու համար.

է) հետազոտում են խնամակալվածի կյանքի պայմանները և ստուգում խնամակալների կողմից իրենց պարտականությունների կատարումը.

ը) քննում են խնամակալների գործողությունների վերաբերյալ բողոքները.

թ) անհրաժեշտության դեպքում աշխատավորների դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետի գործկոմի առջև միջնորդություն են հարուցում խնամակալներին իրենց պարտականություններից ազատելու վերաբերյալ.

ժ) խնամակալների կողմից իրենց պարտականություններն ազնվորեն ու բարեխղճորեն կատարելու դեպքում միջնորդություն են ներկայացնում աշխատավորների դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետի գործկոմի խնամակալվածի օգտագործման տակ գտնվող բնակարանը խնամակալին (հոգաբարձուին) ամրացնելու մասին:

2. Իրենց վրա դրված պարտականությունները կատարելու համար շրջանային (քաղաքային) սոցիալական ապահովության բաժիններին իրավունք է վերապահվում`

ա) պահանջել ցանկացած անձանցից, հիմնարկներից ու կազմակերպություններից ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկանքներ.

բ) ստուգել և հարցում անել այն անձանց, ովքեր կարող են անհրաժեշտ տեղեկություններ տալ խնամակալվածի շահերը ապահովելու վերաբերյալ.

գ) դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև դատական պրոցեսների ժամանակ հանդես գալ խնամակալվողի շահերի և իրավունքների պաշտպանությունը իրականացնելու համար:

23. Իր աշխատանքի ընթացքում սոցիալական ապահովության բաժինը հենվում է հասարակական լայն խավերի վրա, ընդգրկելով հասարակության ներկայացուցիչներին, առանձին հանձնարարություններ կատարելու համար:

24. Հայկական ՍՍՀ Սոցիալական ապահովության մինիստրությունը, իսկ Երևան քաղաքում նաև աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժինը, ղեկավարություն ու վերահսկողություն են իրականացնում շրջանային (քաղաքային) բաժինների նկատմամբ, քննության են առնում նրանց գործողությունների նկատմամբ բողոքները և անհրաժեշտության դեպքում վերացնում նրանց ընդունած որոշումները:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
05.02.1971
N 62
Որոշում