Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 176...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 176-ՐԴ, 279-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2304/02/10

    դատարանի որոշում                                              2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2304/02/10

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Նազարյան

                                           

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                               

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանի ներկայացուցիչ Կիմա Սարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանի ընդդեմ Գայանե և Ռուբեն Զուլումյանների` 28.12.2006 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Երևանի Մաշտոցի պողոտայի 18-րդ շենքի թիվ 9 հասցեում գտնվող բնակարանը սնանկ ճանաչված Հարություն Զուլումյանին վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանը պահանջել է պատասխանողներ Գայանե և Ռուբեն Զուլումյաններից սնանկ ճանաչված Հարություն Զուլումյանին հետ վերադարձնել 28.12.2006 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Հարություն Զուլումյանի կողմից Գայանե և Ռուբեն Զուլումյաններին նվեր տրված (անհատույց փոխանցված) Երևանի Մաշտոցի պողոտայի 18-րդ շենքի թիվ 9 հասցեում գտնվող բնակարանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 11.07.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.10.2011 թվականի որոշմամբ Գայանե և Ռուբեն Զուլումյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 11.07.2011 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գայանե և Ռուբեն Զուլումյանների ներկայացուցիչ Նարինե Սարգսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ կետը, 176-րդ հոդվածի 2-րդ կետը, 279-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 29-րդ և 54-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ընդհանրապես չի անդրադարձել սույն գործով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կիրառելիությանը, սնանկության գործերով կառավարչի լիազորությունների իրականացման հարցին: Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, այլապես կնկատեր, որ կատարված անհատույց գործարքն է Հարություն Զուլումյանի սնանկության պատճառ հանդիսացել:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցի բավարարման առումով Դատարանի դիրքորոշումն իրավաչափ համարվել չի կարող, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհատույց փոխանցումների վերադարձման լիազորությունը չի կարող վերաբերել անշարժ գույքին: Այնինչ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում: Այսինքն` Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման այն մասին, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհատույց փոխանցումների վերադարձման լիազորությունը չի կարող վերաբերվել անշարժ գույքին: Բացի այդ, նվիրատվության պայմանագիրն ինքնին անհատույց գործարք է, գույքի անհատույց փոխանցում, ուստի սնանկության գործերով կառավարիչը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի համաձայն, կարող է դատական կարգով հետ ստանալ անհատույց փոխանցված գույքը, տվյալ դեպքում անշարժ գույքը:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ պարտապանին զրկել է սնանկ վիճակից դուրս բերելու` «Սնանկության մասին» ՀՀ օրենքով երաշխավորված միակ հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.10.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը ճիշտ որոշում է կայացրել, և վճռաբեկ բողոքը չի պարունակում այնպիսի դատական սխալների մասին հիմնավորված փաստարկներ, որոնք կարող են հիմք ծառայել որոշումը բեկանելու համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ կետի, 176-րդ հոդվածի 2-րդ կետի, 279-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները Վերաքննիչ դատարանի կողմից խախտված լինելու մասին բողոքում բերված փաստարկները հիմնավորված չեն, իսկ գործում առկա բոլոր ապացույցները հետազոտվել ու գնահատվել են բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ: Այսինքն Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս հանգել է ճիշտ եզրակացության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 04.10.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է Հարություն Զուլումյանից հօգուտ Վահե Սիմոնյանի բռնագանձել 400.000 ՌԴ ռուբլուն բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ (հատոր 1, գ. թ. 9):

2) 28.12.2006 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն` Հարություն Զուլումյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևանի Մաշտոցի պողոտա 18-րդ շենքի թիվ 9 բնակարանը նվիրել է իր երեխաներին` Գայանե և Ռուբեն Զուլումյաններին (հատոր 1, գ.թ. 10, 59):

3) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.08.2010 թվականի վճռով Հարություն Զուլումյանը ճանաչվել է սնանկ, իսկ նույն դատարանի 22.09.2010 թվականի որոշմամբ Աղասի Արսենյանը նշանակվել է Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ (հատոր 1, գ. թ. 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձ պարտապանի հետ փոխկապակցված են համարվում նրա ամուսինը, նրանց հետ երկու աստիճան ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը և նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0026/02/08):

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 04.10.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է Հարություն Զուլումյանից հօգուտ Վահե Սիմոնյանի բռնագանձել 400.000 ՌԴ ռուբլուն բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ:

Հարություն Զուլումյանը, հանդիսանալով Երևանի Մաշտոցի պողոտայի 18-րդ շենքի թիվ 9 բնակարանի սեփականատեր, 28.12.2006 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով նշված բնակարանը նվիրել է իր երեխաներ Գայանե և Ռուբեն Զուլումյաններին:

Հարություն Զուլումյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.08.2010 թվականի վճռով ճանաչվել է սնանկ, իսկ նույն դատարանի 22.09.2010 թվականի որոշմամբ Աղասի Արսենյանը նշանակվել է Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ:

Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 29-րդ և 54-րդ հոդվածները` հաստատված համարելով, որ կառավարիչն իրավունք ունի դիմելու դատարան` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով:

Վերաքննիչ դատարանը վճիռը բեկանելիս և հայցը մերժելիս պատճառաբանել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի մեկնաբանության համաձայն` օրենսդիրը տվյալ նորմով սնանկության գործով կառավարչին իրավունք է վերապահել որոշակի ժամանակահատվածում (սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում) հետ ստանալ պարտապանի կատարած անհատույց փոխանցումները: Սակայն նշված նորմով օրենսդիրը չի մանրամասնել, թե ինչպիսի գույքի մասին է խոսքը` շարժական, թե` անշարժ: ԵՎ եկել է այն եզրահանգման, որ հայցի բավարարման առումով Դատարանի դիրքորոշումն իրավաչափ համարվել չի կարող, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհատույց փոխանցումների վերադարձման լիազորությունը չի կարող վերաբերվել անշարժ գույքին, իսկ տվյալ պարագայում հայցվորի կողմից պահանջվող անհատույց փոխանցումը 28.12.2006 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա Գայան» և Ռուբեն Զուլումյանների անվամբ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված են սեփականության իրավունքի դադարման հիմքերը: Տվյալ նորմի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Սույն պարագայում հայցի բավարարման հիմքում դրված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը սեփականության իրավունքի դադարման հիմք չի սահմանում, այլ պարզապես սնանկության գործով կառավարչին տվյալ նորմով իրավունք է վերապահում հետ ստանալ սնանկ ճանաչված անձի կողմից կատարված անհատույց փոխանցումները, որոնք կատարվել են սնանկության մասին դիմումը ներկայացնելուց մեկ տարվա ընթացքում, իսկ պարտապանի հետ փոխկապակցված անձանց պարագայում 5 տարվա ընթացքում կատարված անհատույց փոխանցումներն են ենթակա հետ վերադարձման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով: Ընդ որում, կատարված փոխանցումները հետ ստանալու հիմքում դրված է այն հանգամանքը, որ դրանք պետք է փոխանցված լինեն պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում և անհատույց: Այդ փոխանցումները կարող են լինել նաև ոչ դրամային, այսինքն` այլ գույքային փոխանցումներ, այդ թվում` ապրանքներ, արժեթղթեր, շարժական և անշարժ գույք: Կառավարիչն այդ իրավունքը դատական կարգով կարող է իրականացնել պարտապանին սնանկ ճանաչելուց հետո, բայց ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում, ինչն էլ սույն գործով արել է Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով չի սահմանափակվում այն գույքի շրջանակը, որի վերաբերյալ կատարված փոխանցումները կառավարչի հայցով կարող են հետ ստացվել, հետևաբար անհիմն է Վերաքննիչ դատարանի պնդումն այն մասին, որ վերոնշյալ հոդվածը չի կարող կիրառվել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցումների դեպքի համար:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, համաձայն որի` հայցի բավարարման հիմքում դրված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը սեփականության իրավունքի դադարման հիմք չի սահմանում, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու դեպքում պարտատերերի պահանջների բավարարման կարգը և դադարման հիմքերը, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով, որի նպատակը պարտապանի գույքի հավաքագրումն է` սնանկության վարույթի ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման նպատակով: Այսինքն` նշված նորմը սահմանում է սեփականության իրավունքի դադարման ինքնուրույն հիմք:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 29-րդ և 54-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, և որոնց կիրառման դեպքում կառավարչի պահանջը պետք է բավարարվեր, որն իրավացիորեն իրականացրել էր Դատարանը:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 13.10.2011 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2011 թվականի վճռին:

2. Գայանե և Ռուբեն Զուլումյաններից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.03.2012
N ԵԿԴ/2304/02/10
Որոշում