Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 107-ՐԴ ԵՎ 135-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ՏԴ2/0009/06/11

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՏԴ2/0009/06/11

Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                     Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ          Ե. Դանիելյանի

                                       Հ. Ասատրյանի

                                       Հ. Ղուկասյանի

                                       Ա. Պողոսյանի

                                       Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                   Մ. Պետրոսյանի

    մասնակցությամբ ներկայացուցիչ       Ե. Մարգարյանի

 

    2011 թվականի դեկտեմբերի 22-ին                ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հարություն Լարվենտի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի օգոստոսի 24-ի որոշման դեմ մեղադրյալ Հ. Խաչատրյանի պաշտպան Շ. Բրեյդիի և ներկայացուցիչ Ե. Մարգարյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հուլիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 56104411 քրեական գործը:

2011 թվականի հուլիսի 27-ին Հարություն Լարվենտի Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:

2. 2011 թվականի հուլիսի 27-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով մեղադրյալ Հ. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը երկու ամիս ժամկետով:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել, է և մեղադրյալ Հ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

3. Մեղադրյալ Հ. Խաչատրյանի պաշտպան Շ. Բրեյդիի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 27-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի օգոստոսի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Հ. Խաչատրյանի պաշտպան Շ. Բրեյդին և Ե. Մարգարյանը:

2011 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մեղադրյալ Հ. Խաչատրյանի պաշտպան Շ. Բրեյդիի և Ե. Մարգարյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Հ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության անդամ, 2011 թվականի գարնանը խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից (տե՛ս Նյութեր, էջ 4):

6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Դատաքննությամբ նա հայտնեց, որ հրաժարվում է զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, քանի որ իր հավատքը թույլ չի տալիս անդամակցել զինվորական կառույցներին: Վերը նշվածով, դատարանի համոզմամբ հիմնավորվում է Հարություն Խաչատրյանի առնչությունը կատարված իրավախախտմանը, և առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ մեղադրյալը կատարել է այն հանցանքը, որում նա մեղադրվում է: Հարություն Խաչատրյանին մեղսագրվող հանցագործության համար նախատեսվում է կալանք առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկում առավելագույնը երեք տարի ժամկետով» (տե՛ս Նյութեր, էջ 18):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) քննության ընթացքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որոնցով հիմնավորվում է մեղադրյալի առնչությունը կատարված արարքին, ինչպես նաև մեղադրյալին մեղսագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այն որ մեղսագրվող արարքն ուղղված է ՀՀ կառավարման կարգի դեմ, հաշվի է առնվել մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ այն արարքի համար, որով նրան մեղադրանք է առաջադրվել, որպես պատիժ նախատեսվում է 1 տարուց ավելի ժամանակով ազատազրկում, ինչը մեծացնում է հավանականությունը, որ մնալով ազատության մեջ մեղադրյալը կարող է կատարել քրեական օրենքով արգելված նոր արարք և խուսափել պատասխանատվությունից: Բացի այդ, իր բացատրությունում և ցուցմունքներում մեղադրյալը հետևողականորեն պնդել է այն, որ ինքը չի պատրաստվում կատարել իր քաղաքացիական պարտականությունը` կապված այլընտրանքային ծառայության հետ: Այնուհետև, Վերաքննիչ դատարանում ստացված տեղեկությունների համաձայն` Հարություն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան և Դատարանի «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» 2011 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնվել է նույնը» (տե՛ս Նյութեր, էջ 85):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոք բերած անձինք փաստարկել են, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը, այն է` վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում, մասնավորապես, 2010 թվականի հուլիսի 23-ին ընդունված Տարոն Հակոբի Պիրապյանի վերաբերյալ թիվ ԱՐԴ1/0028/06/10 որոշմանը:

9. Ի հիմնավորումն իրենց վերոնշյալ փաստարկի` բողոքաբերները նշել են, որ ինչպես սույն, այնպես էլ Տ. Պիրապյանի գործով մեղադրյալները հանդիսացել են Եհովայի վկաներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, մինչդեռ վերջիններս նշել են, որ պատրաստ են կատարել եվրոպական չափանիշներին համապատասխանող այլընտրանքային քաղաքացիական ծառայություն:

Փաստարկելով, որ նշված այլընտրանքային ծառայությունն ապահովելու պարտականությունը Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է Եվրոպայի խորհրդին անդամակցելով` բողոքաբերները նշել են, որ ՀՀ-ում այլընտրանքային ծառայությունը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: ՈՒստի, զինվորական վերահսկողության ներքո իրականացվող այլընտրանքային ծառայության ծրագրին մասնակցելուց հրաժարվելու համար Հ.Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու արդյունքում խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները:

Հիմք ընդունելով վերոնշյալ փաստարկը` բողոք բերած անձինք նշել են, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի, ինչպես նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 9-ի հոդվածի 5-րդ կետի հիման վրա ՀՀ կառավարության կողմից պետք է փոխհատուցվեն հետապնդման հետևանքով Հ.Խաչատրյանին պատճառված վնասները, այս կապակցությամբ բողոքաբերները վկայակոչել են Բայաթյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2011 թվականի հուլիսի 7-ին կայացված վճիռը (գանգատ թիվ 23459/03) և նշել, որ ՀՀ կառավարությունը պետք է համապատասխան կերպով փոխհատուցի իրենց պաշտպանյալին հետապնդելու արդյունքում պատճառված վնասները:

10. Համադրելով Տ. Պիրապյանի և սույն գործի փաստական հանգամանքները` բողոք բերած անձինք նշել են, որ երկու դեպքերում էլ ստորադաս դատարաններն անդրադարձել են միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի ընդհանուր շարադրանքին` չնշելով որևէ ապացույց, որը կհաստատեր կալանքի անհրաժեշտությունը: Ավելին, սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, չի նշել որևէ ապացույց, որը կարդարացներ Հ. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու հիմնավորվածությունը, ինչպես նաև չի անդրադարձել այլ խափանման միջոց ընտրելու հնարավորությանը: Այս կապակցությամբ բողոքաբերները նշել են, որ մեղադրյալը 20 տարեկան է, ապրում է ծնողների հետ, օրինապահ անձնավորություն է և երբևէ չի մեղադրվել քրեական հանցանքի կամ վարչական զանցանքի կատարման մեջ, ավելին, զինվորական կոմիսարիատից ուղարկված ծանուցագրին ի պատասխան` Հ. Խաչատրյանը գրություն է ուղարկել, որում նշել է, որ հանդիսանում է Եհովայի վկա և իր կրոնապես դաստիարակված խիղճը թույլ չի տալիս իրեն մասնակցել զինվորական ծառայությանը, սակայն պատրաստ է կատարել եվրոպական չափանիշներին համապատասխանող իսկական քաղաքացիական ծառայություն:

11. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 27-ի և Վերաքննիչ դատարանի 2011 թվականի օգոստոսի 24-ի որոշումները, վերացնել Հ. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը և նրան ազատ արձակել կալանքից, ինչպես նաև ՀՀ կառավարությանը պարտավորեցնել Հ. Խաչատրյանին վճարել 33 եվրո` կալանավայրում անցկացրած յուրաքանչյուր օրվա դիմաց:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

I. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանները հիմնավոր կասկածի որոշման հարցում.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Հ. Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելիս դատարանն իրավասու՞ է արդյոք անդրադառնալ անձին առաջադրված մեղադրանքի էությանը և հիմնավորվածությանը:

13. Վճռաբեկ դատարանն Ա.Ավետիսյանի վերաբերյալ որոշման մեջ դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, մարդու այլ հիմնական իրավունքների հետ մեկտեղ, ՀՀ Սահմանադրությամբ ճանաչվում է անօտարելի և բարձրագույն արժեք (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված): ՈՒստի մարդու այդ հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիքները կանոնակարգող իրավադրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքները հարգելու, մարդու իրավունքների սահմանափակման միջոցով հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքներից:

(...)

Ընդ որում, անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս, ինչպես նաև կալանքի ժամկետը երկարացնելիս պետք է հաստատվի հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռություն, և որը պետք է բխի անձի` ազատությունից զրկելու հետ կապված կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակների միջև համամասնության ողջամիտ հարաբերակցության անհրաժեշտությունից» (տե՛ս Ասլան Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ և 22-րդ կետերը):

Վճռաբեկ դատարանը մեկ այլ` Վ. Գևորգյանի վերաբերյալ որոշման մեջ դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ կետի, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ անձի կալանավորումը կհամարվի օրինական և հիմնավորված միայն այն դեպքում, երբ հաստատվի`

ա) անձի առնչությունն իրեն մեղսագրվող հանցագործությանը (հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը) և

i

բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը:

(...) [Կ]ալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր է անդրադառնալ կալանավորման պայմանների և հիմքերի առկայությանը: Կալանավորման պայմանը փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի կիրառումը: Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը, որի առկայությունը հավաստելուց հետո միայն հնարավոր է անդրադառնալ կալանավորման հիմքերին:

(...)

Դիրքորոշում սահմանելով այն մասին, որ կասկածը պետք է լինի ողջամիտ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած» ձևակերպումը չի ենթադրում, որ մեղադրյալի մեղավորությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է ունենալ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու բավարար ապացույցներ, ինչն ավելի բարձր ապացուցողական չափանիշ է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կասկածը հիմնավոր կհամարվի նաև ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայության դեպքում, ընդ որում, անհրաժեշտ է ունենալ նաև բավարար հիմքեր` եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձը կասկածվում է: Այլ կերպ` կասկածը կարող է համարվել հիմնավոր միայն այն դեպքում, երբ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնող պաշտոնատար անձը` քննիչը կամ դատախազը, կասկածվող անձի կատարած գործողությունների (անգործության) վերաբերյալ կներկայացնի տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև կհիմնավորեն, որ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, համընկնում է իրեն վերագրվող հանցանքի դեպքին» (տե՛ս Վահրամ Գևորգյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-րդ և 21-րդ կետեր):

Զարգացնելով վերը մատնանշված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր կասկածը պետք է ապահովվի անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի հիմնավորված և օրինաչափ սահմանափակումը, իսկ դատական վերահսկողությունը լինի երաշխիք այդ իրավունքի անհիմն սահմանափակումները կանխելու համար:

Այսինքն` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն` հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր: Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի:

Այլ կերպ` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան:

14. Մինչդատական վարույթում դատական վերահսկողության էությանը և խնդիրներին Վճռաբեկ դատարանը Ներսես Միսակյանի վերաբերյալ որոշման մեջ սահմանել է, որ «(...) Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները» (տե'ս Ներսես Միսակյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ԱՐԴ1/0003/11/08 ապրիլի 10-ի որոշման 12-րդ կետը):

15. Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով սույն որոշման 13-րդ կետում տրված մեկնաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտավորությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապված հարցեր: Առաջին` առկա՞ են արդյոք կասկածը հիմնավորող տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն անձի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, երկրորդ` դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, առերևույթ համընկնում է քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցակազմի հատկանիշներին:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատաքննության ընթացքում մեղադրյալը հայտնել է, որ կրոնական նկատառումներով հրաժարվում է զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, գտել է, որ մեղադրյալն առնչություն ունի կատարված իրավախախտմանը, հետևաբար առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ նա կատարել է իրեն մեղսագրված հանցանքը:

Անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը` Վերաքննիչ դատարանը ևս փաստարկել է, որ առկա են ապացույցներ, որոնցով հիմնավորվում է մեղադրյալի առնչությունը կատարված արարքին: Հ.Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առել նաև այն, որ մեղադրյալը հետևողականորեն պնդել է, որ չի պատրաստվում կատարել իր քաղաքացիական պարտականությունը` կապված զինվորական կամ այլընտրանքային ծառայության հետ (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը Հ.Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց են ընտրել` հիմք ընդունելով այն, որ առկա են փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ, որոնք հիմնավորում են Հ.Խաչատրյանի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը, որն առերևույթ համապատասխանում է քրեական օրենսգրքով չթույլատրվող համապատասխան հանցակազմի հատկանիշներին:

17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն իրավացիորեն իրենց որոշումները հիմնավորել են` հաստատելով հիմնավոր կասկածի առկայությունը և անձի արարքի ու նրան մեղսագրվող հանցանքի կապը:

18. Ինչ վերաբերում է բողոքաբերների այն փաստարկին, որ ՀՀ-ում այլընտրանքային ծառայությունը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բարձրացված հարցի քննարկումը ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակից դուրս է գտնվում:

 

II. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման հիմքում դրվող հանգամանքները.

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալ Հ. Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս որպես որոշման հիմնավորվածություն Հ. Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու և վերջինիս կողմից 2011 թվականի օգոստոսի 19-ին կայացված` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը նույնը թողնելու հանգամանքները շարադրելը:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(...)խափանման միջոց կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1. թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում»:

Վ. Գևորգյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն անդրադառնալով քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ հոդվածներում սահմանված կալանավորման կիրառման հիմքերին` դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...)Անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանափակման հիմքերը սահմանող` վերևում մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանափակումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, անձին ազատությունից զրկելու` օրենքով թույլատրված հիմքերի ցանկը սպառիչ է, հետևաբար` անձին ազատությունից զրկելը, որը տեղի չի ունենում օրենքով նախատեսված կարգով, կամ սահմանված հիմքերի շրջանակում, կամայական է և անօրինական: ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանափակման յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ապահովել այդ սահմանափակման օրինականությունն ու հիմնավորվածությունը» (տե՛ս Վահրամ Գևորգյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 18-րդ կետ):

Կալանավորման` որպես խափանման միջոցի ընտրության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև Ա. Ճուղուրյանի վերաբերյալ որոշման մեջ և վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ: (...)» (տե՛ս Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը):

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ. Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումն անփոփոխ թողնելիս Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Հ. Խաչատրյանի կալանավորման հիմքերին, ի թիվս մեղադրյալի կողմից նոր հանցանքներ կատարելու և պատասխանատվությունից խուսափելու հավանականության մասին հետևությունների, նշել է նաև այն, որ Հ.Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և վերջինիս կողմից 2011 թվականի օգոստոսի 19-ին կայացված` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնվել է նույնը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

22. Սույն որոշման 20-րդ կետում տրված մեկնաբանությունների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 21-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումներն անթույլատրելի է հիմնավորել այդ անձի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկված լինելու և դատարանի կողմից գործը դատական քննության նշանակելու փուլում կալանքի վերաբերյալ որոշում կայացված լինելու հանգամանքով, քանի որ այդ հիմնավորումը չի բխում կալանավորման թույլատրելի հիմքերը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

23. Սույն որոշման նախորդ կետում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 21-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր Հ. Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման հիմքում դնել նրա վերաբերյալ քրեական գործը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված լինելու և դատարանի կողմից 2011 թվականի օգոստոսի 19-ին կայացված` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ Հ. Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը նույնը թողնելու հանգամանքները:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքները պետք է հանել Հ. Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի շարքից:

24. Սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգման առկայության պայմաններում վերլուծելով Հ. Խաչատրյանի կալանավորման հիմնավորվածության հարցը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների որոշումներում հիմնավորված է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պայմանների և հիմքերի առկայությունը: Նշված հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս արձանագրելու, որ սույն որոշման 21-րդ կետում նշված կալանավորման հիմքի բացակայության պայմաններում ևս Հ.Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ստորադաս դատարանների որոշումները հիմնավորված են: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն են բողոքաբերների փաստարկներն այն մասին, որ սույն գործով ստորադաս դատարանները չեն հիմնավորել Հ. Խաչատրյանի կալանավորման անհրաժեշտությունը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Հարություն Լարվենտի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 27-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի օգոստոսի 24-ի որոշումը թողնել օրինական ուժ մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.12.2011
N ՏԴ2/0009/06/11
Որոշում