Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 1985 թվականի թիվ 729

 

i

ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ օրենքների հավաքածուի հրատարակման կապակցությամբ և Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի 103 հոդվածին համապատասխան Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել հանրակացարանների առդիր օրինակելի կանոնադրությունը:

2. Սահմանել, որ բացառիկ դեպքերում, բնակելի տները կարող են վերասարքավորվել որպես հանրակացարաններ միայն Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թույլտվությամբ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

1985 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 729

ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Աշխատանքի կամ սովորելու ժամանակաշրջանում բանվորների, ծառայողների, ուսանողների, սովորողների, ինչպես նաև այլ քաղաքացիների բնակության համար կարող են օգտագործվել հանրակացարանները: Որպես հանրակացարաններ տրամադրվում են հատուկ կառուցված կամ այդ նպատակով վերասարքավորված բնակելի տները:

2. Հանրակացարանները բացվում ու բնակեցվում են շահագրգռված մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների ու համապատասխան հանրապետական արհմիութենական մարմինների միջնորդություններով, ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային կամ քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեներում դրանց գրանցումից հետո միայն:

Հանրակացարանները գրանցելիս ժողովրդական դեպուտատների համապատասխան սովետի գործադիր կոմիտեն ստուգում է հատկացվող շենքի համապատասխանությունը հանրակացարաններ ստեղծելու, սարքավորելու, պահելու սանիտարական նորմաներին, ինչպես նաև սույն կանոնադրության պահանջներին:

Եթե որպես հանրակացարան հատկացվող շենքը չի համապատասխանում հիշյալ պահանջներին, գործադիր կոմիտեն դրանք չի գրանցում:

3. Հանրակացարանում բնակելի տարածությունները կարող են լինել մահճակալային տիպի, երբ մեկ սենյակում բնակվում է մի քանի անձ, որոնցից յուրաքանչյուրն զբաղեցնում է առանձին մահճակալ, կամ սենյակային տիպի, երբ յուրաքանչյուր բնակչին (ընտանիքի անդամների հետ) հատկացվում է առանձին սենյակ բոլոր կամ մասնակի հարմարություններով: Եթե հանրակացարանում բնակվող ընտանիքը կազմված է ավելի քան երեք մարդուց, նրան կարող է հանրակացարանում հատկացվել երկսենյականոց բնակարան:

Միևնույն հարկում չի կարելի սարքավորել մահճակալային ու սենյակային տիպի բնակելի տարածություններ:

4. Հանրակացարաններում բնակելի մակերեսը բանվորներին, ծառայողներին, ուսանողներին, սովորողներին, ինչպես նաև մյուս քաղաքացիներին հատկացվում է նրանց աշխատանքի կամ ուսման ժամանակամիջոցի համար, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի, արհմիութենական կոմիտեի և կոմերիտմիության կոմիտեի համատեղ որոշմամբ` պահպանելով հանրակացարանների համար սահմանված նորման:

Չի թույլատրվում ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հանրակացարաններում բնակեցնել ու գրանցել այն քաղաքացիներին, որոնք աշխատանքային հարաբերություններ չունեն տվյալ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ:

Այն պաշտոնատար անձինք, ովքեր բնակելի մակերես են հատկացնում հանրակացարանների մասին օրինակելի կանոնադրությամբ սահմանված պահանջների խախտումով, պատասխանատվություն են կրում սահմանված կարգով:

5. Հանրակացարանների շենքերում մեկ բնակվողի համար բնակելի մակերեսի չափը պետք է կազմի 6 քառակուսի մետր:

Մահճակալային տիպի բնակելի տարածությունում արգելվում է նույն սենյակում բնակեցնել տարբեր սեռի անձանց:

6. Բնակելի մակերես հատկացնելու մասին որոշման հիման վրա ադմինիստրացիան տալիս է հանրակացարանում բնակություն հաստատելու իրավունքի օրդեր, թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևով:

7. Այն անձանց, ովքեր հանրակացարանից դուրս են եկել ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ, զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նույն ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն կամ ուսումնական հաստատություն վերադառնալու դեպքում պետք է նորից բնակելի մակերես հատկացվի հանրակացարանում:

 

II. ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԲՆԱԿԵՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

8. Առաջնահերթ կարգով հանրակացարանում բնակեցվում են.

ա) ասպիրանտուրան, կլինիկական օրդինատուրան, բարձրագույն միջնակարգ մասնագիտական, պրոֆեսիոնալ-տեխնիկական և մյուս ուսումնական հաստատություններն ավարտած ու ըստ նշանակման աշխատանքի ուղարկված անձինք, եթե դա կապված է բնակության այլ վայր մեկնելու հետ.

բ) մանկատների և գիշերօթիկ դպրոցների որբ սաները.

գ) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները.

դ) Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և զոհված կամ անհայտ կորած զինվորների (պարտիզանների) և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ընտանիքները.

ե) Սովետական Միության հերոսները, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, ինչպես նաև Փառքի, Աշխատանքային փառքի և «ՍՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» շքանշանների բոլոր երեք աստիճաններով պարգևատրված անձինք.

զ) որոշ խրոնիկական հիվանդությունների այն ծանր ձևերով տառապող անձինք, որոնք թվարկված են ՍՍՀ Միության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվող հիվանդությունների ցուցակում.

է) աշխատանքի I և II խմբերի հաշմանդամները և զինծառայողների թվից I և II խմբերի հաշմանդամները.

ը) պետական կամ հասարակական պարտականություններ կատարելու, մարդկային կյանքը փրկելու, սոցիալիստական սեփականության և իրավակարգի պահպանման գծով ՍՍՀՄ քաղաքացու պարտքը կատարելու ժամանակ զոհված, կամ դժբախտ պատահարի հետևանքով արտադրությունում զոհված անձանց ընտանիքները.

թ) արտադրության ոլորտում երկար ժամանակ բարեխիղճ աշխատած բանվորները և ծառայողները.

ժ) այն մայրերը, որոնց շնորհվել է «Հերոսուհի մայր» կոչում, հինգ և ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքները և միայնակ մայրերը.

ի) այն ընտանիքները, որտեղ ծնվել են երկվորյակներ.

լ) այն երիտասարդ ընտանիքները, որոնք առաջին անգամ ամուսնացել են մինչև 30 տարեկան հասակը:

9. Բանվորների, ծառայողների, ուսանողների և սովորողների, ինչպես նաև այլ քաղաքացիների բնակեցումը հանրակացարաններում և նրանց գրանցումը սահմանված կարգով կատարում է հանրակացարանի պարետը կամ նրա ֆունկցիաները կատարող անձը` ադմինիստրացիայի տված օրդերի հիման վրա:

Հանրակացարանի պարետը կամ նրա ֆունկցիաները կատարող անձը պարտավոր է բնակեցվողին ցույց տալ նրան հատկացված բնակելի տարածությունը (մահճակալը) և տալ հանրակացարանի մուտքի իրավունքի անցագիր:

10. Սանիտարական ստուգում չանցած անձանց հանրակացարանում բնակեցնելն արգելվում է:

11. Հանրակացարանները կոմպլեկտավորվում են կահույքով, տնային գործածության և կուլտուր-կենցաղային այլ առարկաներով, որոնք անհրաժեշտ են հանրակացարաններում ապրող անձանց բնակության, պարապմունքների և հանգստի համար, ըստ տիպային նորմաների:

Հանրակացարանները կահույքով, անկողնային պարագաներով և այլ գույքով կահավորելը, կահույքի և գույքի մաշվածքը որոշելը, դրանք ձեռք բերելու, ինչպես նաև հանրակացարանները նորոգելու միջոցների ծախսման նորմաները որոշելը կատարվում են տիպային նորմաներին համապատասխան:

Կահույքը, անկողնային պարագաները և մյուս գույքը հանրակացարանում բնակվողներին տրվում են ստորագրությամբ:

Հանրակացարանում բնակվողները պարետի կամ նրա ֆունկցիաները կատարող անձի համաձայնությամբ կարող են օգտվել նաև սեփական գույքից և կուլտուր-կենցաղային մյուս առարկաներից:

1. Անհրաժեշտության դեպքում, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան իրավունք ունի հանրակացարանում բնակվող անձանց (ընտանիքի անդամների հետ) վերաբնակեցնել նույն կամ մեկ ուրիշ հանրակացարանի այլ բնակելի տարածությունում: Սենյակային տիպի տարածությունում բնակվող անձի վերաբնակեցման ժամանակ հատկացվում է սենյակային տիպի այլ տարածություն:

Եթե հանրակացարանում բնակվող անձը հրաժարվում է մեկ այլ բնակելի տարածությունում վերաբնակեցումից, ապա այդ դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

13. Հանրակացարանում բնակվող անձանց արգելվում է ինքնակամ վերաբնակվել մեկ սենյակից մյուսում կամ զբաղեցնել այլ մահճակալներ:

14. Աշխատանքը դադարեցրած սեզոնային, ժամանակավոր աշխատողները և ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող անձինք, ինչպես նաև ուսումնական հաստատություններում սովորած և դրանցից դուրս մնացած անձինք ենթակա են վտարման առանց ուրիշ բնակելի տարածություն հատկացնելու այն հանրակացարանից, որ նրանց հատկացվել էր աշխատելու կամ սովորելու կապակցությամբ:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների մյուս այն աշխատողները, որոնք հանրակացարանում բնակեցվել են աշխատանքի կապակցությամբ, կարող են վտարվել առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու, եթե աշխատանքից ազատվել են սեփական ցանկությամբ` առանց հարգելի պատճառների, աշխատանքային կարգապահությունը խախտելու կամ հանցագործություն կատարելու համար: Այլ պատճառներով աշխատանքը դադարեցրած անձինք կարող են վտարվել միայն նրանց մեկ այլ բնակելի տարածություն հատկացնելով:

Առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու, դատախազի սանկցիայով վտարման ենթակա են հանրակացարանում ինքնագլուխ բնակելի տարածություն զբաղեցրած անձինք:

15. Առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու հանրակացարանից վտարվել չեն կարող`

ա) պատերազմի հաշմանդամները և զինծառայողների թվից մյուս այն հաշմանդամները, որոնք հաշմանդամ են դարձել ՍՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիա կամ հաշմություն ստանալու հետևանքով կամ էլ ռազմաճակատում լինելու հետ կապված հիվանդության հետևանքով.

բ) Հայրենական մեծ պատերազմի այն մասնակիցները, որոնք եղել են գործող բանակի կազմում.

գ) ՍՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս զոհված կամ անհայտ կորած զինծառայողների և պարտիզանների ընտանիքները.

դ) զինծառայողների ընտանիքները.

ե) ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրության մարմինների շարքային կազմի և ղեկավար կազմի անձանց թվից այն հաշմանդամները, որոնք հաշմանդամ են դարձել ծառայական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիա կամ հաշմություն ստանալու հետևանքով.

զ) այն անձինք, ովքեր իրենց հանրակացարան տրամադրած ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում աշխատել են առնվազն տասը տարի.

է) այն պաշտոնից ազատված անձինք, որի կապակցությամբ նրանց հատկացվել է հանրակացարան, բայց որոնք աշխատանքային հարաբերությունները չեն դադարեցրել այդ բնակտարածությունը հատկացրած ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ.

ը) այն անձինք, որոնք աշխատանքից ազատվել են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության լուծարման կապակցությամբ, կամ էլ աշխատողների թվի կամ հաստիքի կրճատման պատճառով.

թ) ծերության կենսաթոշակառուները, անհատական կենսաթոշակառուները.

ժ) մահացած աշխատողի ընտանիքի անդամները, որին հատկացված է եղել հանրակացարան.

ի) աշխատանքի I և II խմբերի հաշմանդամները, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց թվից I և II խմբերի հաշմանդամները.

լ) միայնակ անձինք, իրենց հետ բնակվող անչափահաս երեխաների հետ միասին:

16. Հանրակացարանից դուրս եկող անձինք պարետին կամ նրա ֆունկցիաները կատարող անձին պետք է հանձնեն կահույքը, անկողնային պարագաները և մյուս գույքը:

Հանրակացարանից դուրս եկող անձինք, որոնք չեն հանձնել կահույքը, անկողնային պարագաները, ինչպես նաև թույլ են տվել դրանց փչացում, պարտավոր են սահմանված կարգով հատուցել հանրակացարանին հասցրած վնասը:

17. Ուսումնական հաստատության հանրակացարանում մահճակալային տիպի տարածության, ինչպես նաև սենյակային տիպի տարածության հիմնական և ընթացիկ նորոգումը կատարվում է այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության միջոցների հաշվին, որի տնօրինության տակ գտնվում է հանրակացարանը: Բնակելի տարածությունների, միջանցքների, սանդղավանդակների պատերի ու առաստաղների սպիտակեցումը և լուսամուտների և լուսամուտագոգերի, դռների, ներկառուցված հագուստի պահարանների, սանդղահարթակների բազրիքների ներկումը կատարվում են առնվազն երեք տարին մեկ անգամ: Խոհանոցների, լվացարանների և մյուս օժանդակ տարածությունների պատերի ու առաստաղի սպիտակեցումը և դռների, լուսամուտների ու լուսամուտագոգերի ներկումը կատարվում են առնվազն տարին մեկ անգամ:

18. Բանվորների և ծառայողների հանրակացարաններում սենյակային տիպի տարածությունների հիմնական նորոգումը կատարվում է այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության միջոցների հաշվին, որի տնօրինության տակ գտնվում է հանրակացարանը: Բնակելի տարածությունների ընթացիկ նորոգումը (առաստաղների սպիտակեցումը, պատերի սպիտակեցումը, ներկումը կամ պաստառումը, դռների ներսի կողմի, հատակի, լուսամուտների երկրորդ շրջանակների և առաջին շրջանակների ներսի կողմի ներկումը, ինչպես նաև էլեկտրալարերի նորոգումը) կատարվում է բնակվող անձանց հաշվին, առնվազն երեք տարին մեկ անգամ:

Ընթացիկ նորոգման գծով այս կետում չնշված աշխատանքները կատարվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության միջոցների հաշվին:

Բնակչի մեղքով հանրակացարանի փչացած տարածությունների կամ կառուցվածքների (կոտրված լուսամուտների, կոտրված հանված դռներ կամ բնակտարածությունների այլ փչացված տարրեր) նորոգումը կատարվում է մեղովորի հաշվին:

Որպես կանոն, ընթացիկ նորոգումը կատարում է այն ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը, որի տնօրինության տակ գտնվում է հանրակացարանը, իսկ բնակիչները աշխատանքների արժեքը վճարում են բնակչության պատվերներով կատարվող շինարարական-նորոգման աշխատանքների գների համապատասխան:

19. Հանրակացարաններում բնակվող անձանց արգելվում է ինքնագլուխ վերակառուցել բնակտարածությունը, վերափոխել սարքավորումները, էլեկտրալարերը, ինչպես նաև միացնել լույսի լրացուցիչ աղբյուրները:

20. Հանրակացարանի կահույքը և մյուս գույքը պետք է պահել սարքին վիճակում: Դրանց նորոգումը կատարվում է առնվազն տարին մեկ անգամ այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ ուսումնական հաստատության միջոցների հաշվին, որի տնօրինության տակ գտնվում է հանրակացարանը:

Բնակչի մեղքով փչացած կահույքի և մյուս գույքի նորոգումը կատարվում է մեղավորի հաշվին:

21. Հանրակացարաններում բնակտարածությունների կարգի բերումը և մաքրումը կատարում են`

ա) բնակելի տարածություններում` անձամբ բնակիչները.

բ) սենյակային տիպի բնակտարածություններ ունեցող հիմնարկում միջանցքքներինը, սանդղավանդակներինը, խոհանոցներինը, զուգարաններինը, լվացարաններինը և ընդհանուր օգտագործման մյուս տեղերինը` ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը բնակիչների հաշվին, իսկ մահճակալային տիպի բնակտարածություններ ունեցող հարկերում` այն ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը, որի տնօրինության տակ գտնվում է հանրակացարանը, սեփական միջոցների հաշվին:

22. Հանրակացարանում ներքին կարգի կանոնները հաստատում է ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության ադմինիստրացիան արհմիության կոմիտեի և կոմերիտմիության կոմիտեի հետ համատեղ:

23. Ջեռուցման սեզոնում հանրակացարանի ջերմությունը պետք է պահպանվի + 18 օ C-ից ոչ ցածր:

24. Հանրակացարաններում պետք է լինեն համապատասխան գույքով սարքավորված տարածություններ` սպիտակեղենը լվանալու և չորացնելու համար:

25. Հանրակացարանի բոլոր տարածությունները ամեն օր պետք է խնամքով մաքրվեն: Առնվազն ամիսը մեկ անգամ պետք է կատարել հանրակացարանի բոլոր տարածությունների հիմնական մաքրում` պատերի և առաստաղների մաքրում, մահճակալների, հատակի, պատերի, լուսամուտների, դռների և կահավորանքի մյուս առարկաների լվացում, անկողնային պարագաների օդափոխում:

26. Հանրակացարանի բոլոր տարածությունները, հատկապես ննջասենյակները, պետք է օդափոխվեն առնվազն 30 րոպե առավոտյան` բնակիչների աշխատանքի գնալուց հետո և երեկոյան` քնելուց առաջ:

27. Հանրակացարան նոր եկածներին տրվում են մաքուր լվացված սպիտակեղեն, վերմակ, սրբիչ, բարձի երես և ախտահանված բարձ ու ներքնակ:

Անկողնային սպիտակեղենը (սավանը, բարձի երեսը և սրբիչը) փոխվում է ըստ կեղտոտվելու չափի, բայց առնվազն տասն օրը մեկ անգամ` պայմանով, որ այդ օրը բնակիչները պետք է բաղնիք գնան:

Փափուկ գույքը, ներքնակները, վերմակը, ներքնակի երեսը և բարձերը ամրակցվում են բնակիչներին և դրանք ուրիշ անձանց տալն արգելվում է:

29. Հանրակացարանի տարածքը պետք է բարեկարգ լինի և այնտեղ նախատեսված պետք է լինեն կանաչ տնկարկներ ու մարզահրապարակներ:

Հանրակացարանի տարածքը պետք է սիստեմատիկաբար մաքրվի դռնապանների հատուկ հաստիքի կողմից:

30. Հանրակացարանի ադմինիստրացիան կատարում է բոլոր տարածությունների ամենօրյա շրջագայում (առավոտյան ու երեկոյան) և հիվանդներ հայտնաբերելու դեպքում նրանց ուղարկում է մեկուսարան` մինչև բժշկի գալը:

31. Հայկական ՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 432 հոդվածին համապատասխան` հանրակացարանի ադմինիստրացիան պատասխանատվություն է կրում քաղաքացիների այն գույքի անվնասության համար, որ գտնվում է նրանց հատկացված տարածություններում, չնայած այդ գույքը, բացի դրամից ու թանկարժեք իրերից, հատկապես չի տրվել հանրակացարանի պահպանությանը:

32. Հանրակացարան հաճախող կողմնակի անձինք պարտավոր են պահպանել այնտեղ հաստատված կարգուկանոնը: Նրանց գտնվելը բանվորական հանրակացարաններում ժամը 23-ից հետո, իսկ ուսանողական հանրակացարաններում` ժամը 22-ից հետո չի թույլատրվում:

33. Հանրակացարանում սանիտարական կանոնների կատարման վերահսկողությունն իրականացնում են պետական սանիտարական հսկողության մարմինները:

 

III. ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

34. Հանրակացարանում կարգուկանոն ու մաքրություն պահպանելու, կուլտուր-մասսայական աշխատանք անցկացնելու համար հանրակացարանում բնակվող բանվորների, ծառայողների, ուսանողների, սովորողների և մյուս քաղաքացիների թվից ընտրվում է հանրակացարանի խորհուրդ, որը գործում է ՀԱՄԿԽ-ի 1964 թ. հունիսի 5-ի որոշմամբ հաստատված կանոնադրությանը համապատասխան:

35. Մահճակալային տիպի բնակտարածություններում բնակվող անձինք նույնպես ընտրում են սենյակի ավագներ, որոնք վերահսկողություն են իրականացնում բնակիչների կողմից ներքին կարգուկանոնները պահպանելու նկատմամբ, աջակցություն են ցույց տալիս սանիտարահիգիենիկ, կուլտուր-մասսայական ու մյուս միջոցառումների իրականացման գործում:

 

IV. ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

36. Հանրակացարանում բնակվող անձանց հետ քաղաքական-դաստիարակչական և կուլտուր-մասսայական աշխատանք անցկացնելու համար ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ ուսումնական հաստատության ադմինիստրացիան, որի տնօրինության տակ գտնվում է հանրակացարանը, արհմիութենական կոմիտեի և կոմերիտմիության կոմիտեի համաձայնությամբ նշանակում է դաստիարակ և որոշում նրա աշխատանքի ռեժիմը` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ ուսումնական հաստատության աշխատանքի ռեժիմին համեմատ:

Դաստիարակները նշանակվում են առավելապես մանկավարժական կրթություն ունեցող անձանցից, կամ էլ մանկավարժական կամ մասսայական-քաղաքական աշխատանքի գործնական փորձ ունեցող անձանցից:

Դաստիարակը պարտավոր է`

ուսումնասիրել հանրակացարանում բնակվողների շահերն ու պահանջմունքները և անցկացնել քաղաքական-դաստիարակչական և կուլտուր-մասսայական աշխատանք` ուղղված կոլեկտիվիզմի, ընկերականության և հանրակացարանի կանոնները գիտակից կերպով պահպանելու ոգով հանրակացարանում բնակվողների դաստիարակմանը.

Վերահսկողություն իրականացնել հանրակացարանում բնակվողների հանգստի և ուսման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նկատմամբ.

նպաստել հանրակացարանում բնակվողների հասարակական ակտիվության, հանրակրթական, քաղաքական ու կուլտուրական մակարդակի բարձրացմանը.

կազմակերպել սպորտային-մասսայական աշխատանք հանրակացարանում բնակվողների շրջանում.

իր կատարած աշխատանքի մասին հաշվետվությամբ հանդես գալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ ուսումնական հաստատության ադմինիստրացիայի, արհմիութենական կոմիտեի և կոմերիտմիության կոմիտեի առջև:

Քաղաքական-դաստիարակչական և կուլտուր-մասսայական աշխատանքի պլանը դաստիարակը ներկայացնում է տվյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ ուսումնական հաստատության արհմիութենական կոմիտեի և կոմերիտմիության կոմիտեի հաստատմանը:

 

V. ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԲՆԱԿՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎՃԱՐԸ

 

37. Բանվորներն ու ծառայողները մահճակալային տիպի հանրակացարանից օգտվելու համար վճարում են թիվ 2 հավելվածին համաձայն սակագնով:

Այդ բնակտարածություններում կոմունալ ծառայությունների համար ծախսերը մտնում են մահճակալ-տեղի վճարի սակագնի մեջ և դրանց համար առանձին վճար չի գանձվում:

38. Սենյակային տիպի բնակտարածություններում բնակվող անձինք տարածությունից օգտվելու համար, ինչպես նաև կոմունալ ծառայությունների համար վճարում են ընդհանուր հիմունքներով` պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածություններից օգտվելու համար սահմանված սակագներով:

Սենյակային տիպի բնակտարածություններում կենտրոնական ջեռուցման բացակայության դեպքում այդ տարածությունների ձեռուցումը կարող են իրականացնել իրենք` բնակիչները, իրենց հաշվին ձեռք բերած վառելիքով:

39. Ադմինիստրացիայի կողմից տրամադրված կոմունալ ծառայությունների համար սենյակային տիպի հանրակացարաններում բնակվողները վճարում են.

ա) կենտրոնական ջեռուցումից օգտվելու համար` գործող սակագնին համապատասխան.

բ) էլեկտրաէներգիայից օգտվելու համար` էլեկտրահաշվիչի ցուցմունքների համաձայն. ընդհանուր հաշվիչի դեպքում վարձը բաշխվում է բնակվողների միջև` սենյակում լուսային կետերի և կենցաղային էլեկտրասարքերի հզորությանը համեմատ.

գ) ջրմուղից, կոյուղուց օգտվելու համար և աղբահորերի մաքրման ծառայությունների համար` ընդհանուր հիմունքներով, ըստ գործող սակագների.

դ) ընդհանուր օգտագործման տեղերի (խոհանոցների, լվացարանային շինությունների, միջանցքների և այլն) մաքրման համար` մեկ խորանարդ մետրի դիմաց ամիսը 3 կոպեկ յուրաքանչյուր մարդուց.

ե) բարձրախոսներից օգտվելու համար` սահմանված սակագներով.

զ) սալօջախից և լվացքատնից օգտվելու համար` ըստ փաստացի ծախսումների.

է) մահճակալներից, անկողնային պարագաներից, հեռուստացույցներից, ռադիոընդունիչներից և այլնից օգտվելու համար` ամորտիզացիայի գումարի չափով` հաշվված ըստ դրանց արժեքի ու ծառայության սահմանված ժամկետի.

ը) եռացրած ջրից օգտվելու համար` ամիսը 6 կոպեկ յուրաքանչյուր մարդուց:

40. Տեխնիկումների, ուսումնարանների և մյուս միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները հանրակացարաններից և կոմունալ ծառայություններից օգտվելու համար վճարում են ամիսը 50 կոպեկ և անկողնային պարագաներից օգտվելու համար` 20 կոպեկ յուրաքանչյուր մարդուց:

41. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները հանրակացարաններից և կոմունալ ծառայություններից օգտվելու համար ամսական վճարում են մեկ ռուբլի և անկողնային պարագաներից օգտվելու համար 50 կոպեկ:

42. Բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները իրենց կողմից զբաղեցվող բնակելի մակերեսի և կոմունալ-կենցաղային ծառայությունների համար վճարում են ընդհանուր հիմունքներով` տվյալ բնակավայրի համար հաստատված գործող դրույքներով և անկողնային պարագաներից օգտվելու համար` ամսական 50 կոպեկ:

43. Եթե օգտագործման համար բնակիչներին տրվում են փոշեծծիչներ, լվացքի մեքենաներ կամ կենցաղային նշանակության այլ իրեր, դրանց համար լրացուցիչ վճարը գանձվում է բնակչության կենցաղային սպասարկման ոլորտում համապատասխան ծառայությունների համար սահմանված սակագներով:

44. Հանրակացարանի բնակտարածությունից օգտվելու համար, կենցաղային ծառայությունների և կենցաղային սպասարկման համար վճարումը բնակիչները կատարում են ամեն ամիս, ոչ ուշ, քան մինչև ապրած ամսվան հաջորդող ամսվա տասը, իսկ ուսումնական հաստատություններում` դրանց ադմինիստրացիայի սահմանած ժամկետներում: Ուշացման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է տուգանք ուշացված գումարի 0,1 տոկոսի չափով:

 

VI. ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ

 

45. Հանրակացարանների հաստիքային անձնակազմը սահմանվում է հանրակացարանների անձնակազմի հաստիքային նորմատիվներին համապատասխան, համաձայն թիվ 3 հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ

 

(Երեսի կողմը)

 

________________________________________________________________________

           (ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության անվանումը)

 

ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ

 

ՕՐԴԵՐ ԹԻՎ

 

_________________________________________ (քաղաքում, քաղաքատիպ ավանում)

 

Քաղ. __________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

հատկացվում է _____________ տեղ (սենյակ) թիվ __________ հանրակացարանում

 

__________ փողոց, տուն թիվ _____ ______ սենյակ թիվ _______ քառ. մետր

 

ընդհանուր մակերեսով, այդ թվում բնակելի ___________ քառ. մետր,

 

սարքավորված _______ __________ հարկ ________

 

(մյուս կողը)

 

______________ ընտանիքը, որի անդամները գրանցվում են տվյալ սենյակում,

 

բաղկացած է ___________ մարդուց.

 

_______________________________________________________________________

Ազգանունը, անունը,       |     Ազգակցական կապը     |   Ծննդյան թիվը

հայրանունը             |                         |

__________________________|_________________________|__________________

|                         |

 

Օրդերը տրված է ________________________________________________________

(ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության)

 

ադմինիստրացիայի, արհմիութենական կոմիտեի և կոմերիտմիության կոմիտեի

 

  «   » __________ 19    թ.  թիվ _________ համատեղ որոշման հիման վրա

 

___________________________________________________________ ղեկավար

(ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության)

 

  Կնիքը  «    » ______________  19   թ.

 

Ստացողի ստորագրությունը ______________________________

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ

 

ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՀՃԱԿԱԼԱՅԻՆ ՏԻՊԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ (ԱՄՍԱԿԱՆ ՄԵԿ ՄԱՀՃԱԿԱԼԻ ՀԱՄԱՐ) ՕԳՏՎԵԼՈՒ ՍԱԿԱԳՆԵՐԸ (ԴՐՈՒՅՔՆԵՐԸ)

 

Մեկ մահճակալի համար ամսական վարձի դրույքները (ռուբլիներով և կոպեկներով) հետևյալ հանրակացարաններում`

 

I  կարգի` 3-50

II կարգի` 3-00

III կարգի` 2-50

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ. 1. Ըստ կարգերի հանրակացարանների դասակարգումը որոշվում է հետևյալ ձևով.

քարե և աղյուսե տներում ու խոշորապանել և հավաքովի երկաթբետոնե տներում տեղավորված հանրակացարանները բաժանվում են երկու կարգի` կոմունալ ծառայությունների առկայության համեմատ.

առաջին կարգին դասվում են ջրմուղ, կոյուղի, կենտրոնական ջեռուցում և գազ ունեցող հանրակացարանները.

երկրորդ կարգին դասվում են այն հանրակացարանները, որոնք չունեն առաջին կարգի հանրակացարանների համար թվարկված ծառայություններից մեկ կամ մեկից ավելի տեսակները.

երրորդ կարգին դասվում են կավաշեն և փայտե տներում, բարաքային տիպի տներում և ֆիննական տնակներում տեղավորված հանրակացարանները, անկախ կոմունալ ծառայությունների առկայությունից:

2. Անհատական ուսումնառության աշակերտները և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների աշակերտները, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների և շինարարական կազմակերպությունների հանրակացարաններում բնակվող մյուս անձինք, որոնք ստանում են ամսական 50 ռուբլուց ոչ պակաս աշխատավարձ, բնակության համար վճարում են սահմանված սակագների 50 տոկոսի չափով:

3. Սույն սակագները չեն տարածվում քաղաքային ու շրջանային հյուրանոցներին կից հանրակացարանների վրա:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ

 

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ (ԲԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՑ) ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

_________________________________________________________________________

Պաշտոնների անվանումը         |            Միավորների քանակը

_________________________________________________________________________

 

  Հանրակացարանի վարիչ                1 - հանրակացարաններում բնակվող

                                         300 և ավելի մարդու և առնվազն

                                         երկու առանձին շենքերի առկայության

                                         դեպքում

 

  Պարետ                              1 - յուրաքանչյուր շենքի համար, 30-ից

                                         մինչև 300 բնակիչների առկայության

                                         դեպքում

 

  Պահեստապետ-տնտեսուհի               1 - յուրաքանչյուր հանրակացարանի

                                         համար

 

  Հավաքարարուհի                      1 - մաքրվող 200-300 քառակուսի մետր

                                         բնակելի և օժանդակ մակերեսի համար

 

Կենտրոնական ջեռուցման հնոցապան

  ջեռուցման սեզոնում                 1 - յուրաքանչյուր կաթսայատան համար

                                         մեկ հերթափոխում, իսկ առանց ավտոմատ

                                         կարգավորման գազային ջեռուցման

                                         դեպքում` յուրաքանչյուր

                                         կաթսայատանը մեկ հերթափոխի համար

                                         օպերատորի երկուական պաշտոն

 

   Վառարանային ջեռուցման հնոցապան    1 - ջեռուցման սեզոնում 10-15

                                         վառարանների առկայության դեպքում

 

   Բարապան                           4 - մեկ հանրակացարանի համար

 

Հանրակացարանների հաստիքներում

դռնապանի պաշտոնը որոշվում է

մաքրվող մակերեսի այն

նորմաներին համապատասխան, որ

հաստատվում են ժողովրդական

դեպուտատների տեղական սովետների

կողմից: Լվացարարուհու պաշտոնը

սահմանվում է այն բնակավայրերում,

որտեղ չկան լվացքատներ,

յուրաքանչյուր 50 մարդու

հաշվարկով:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ. 1. Այն հանրակացարաններում, որտեղ բնակվում է մինչև 30 մարդ, պարետի պարտականությունները դրվում են պահեստապետ-տնտեսուհու վրա:

2. Հանրակացարանը պահելու հետ կապված հաշվառումն ու հաշվետվությունները իրականացվում են ձեռնարկության հաշվապահության կողմից:

3. Մինիստրություններին, պետական կոմիտեներին և գերատեսչություններին իրավունք է վերապահվում Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության համաձայնությամբ հաստատել այն հանրակացարանների հաստիքները, որոնց համար աշխատանքի և տարածքային տեղաբաշխման պայմանների բերումով չեն կարող կիրառվել սույն կանոնադրությամբ հաստատված տիպային հաստիքները:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
17.12.1985
N 729
Որոշում