Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 07.02.2008 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 07.02.2008 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                Վարչական գործ թիվ ՎԴ/0585/05/11   

    դատարանի որոշում                                              2012 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0585/05/11

Նախագահող դատավոր` Լ. Սոսյան

    Դատավորներ`        Ա. Սարգսյան

                       Հ. Բեդևյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության (այսուհետ` Վարչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.03.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հասմիկ Օհնիկյանի ընդդեմ Վարչության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` Իսպանիայի քաղաքացի Նարեկ Լուիս Ալբերտոյի Ռենդոն Օհնիկյանի` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը տրամադրելուն պարտավորեցնելու, Վարչության թիվ 25/01-4725 գրությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հասմիկ Օհնիկյանը պահանջել է պարտավորեցնել Վարչությանն իրեն տրամադրել Իսպանիայի քաղաքացի Նարեկ Լուիս Ալբերտոյի Ռենդոն Օհնիկյանի` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, անվավեր ճանաչել Վարչության թիվ 25/01-4725 գրությունը, ինչպես նաև դատական ծախսերին անդրադառնալիս ծախսերի մեջ ներառել նաև ներկայացուցչի ողջամիտ վարձատրության 170.000 ՀՀ դրամը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Բաբայան) (այսուհետ` Դատարան) 28.10.2011 թվականի վճռով Վարչության թիվ 25/01-4725 գրությունն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը Դատարանին ընդդատյա չլինելու հիմքով կարճվել է, իսկ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը տրամադրելուն Վարչությանը պարտավորեցնելու մասով բավարարվել է: Միաժամանակ վճռվել է Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչին վճարվող գումար:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.03.2012 թվականի որոշմամբ Վարչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.10.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հասմիկ Օհնիկյանի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 59-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 07.02.2008 թվականի թիվ 134-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի քննարկման» կարգի 6-րդ կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 297-րդ, 299-րդ, 300-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը կիրառելի և թույլատրելի է միայն վարչական վարույթի ընթացքում հասարակ գրավոր ձևի լիազորագրով հանդես գալու պարագայում, այլ ոչ թե վարչական վարույթից դուրս` վարչական մարմինների հետ փոխհարաբերություններում, այդ թվում` վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտն ստանալու հետ կապված փոխհարաբերություններում: Այսինքն` որևէ իրավական ակտով նախատեսված չէ վարչական վարույթից դուրս, հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով, երրորդ անձի կողմից միայն օտարերկրացուն տրվող իրավաստեղծ պաշտոնական փաստաթուղթը ստանալու իրավունքը և այդ իրավունքն իրականացնելու կարգն ու պայմանները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Նարեկ Լուիս Ալբերտոյի Ռենդոն Օհնիկյանի օրինական ներկայացուցիչ Թագուհի Օհնիկյանին հասցեագրված 31.01.2011 թվականի թիվ 25/01-3724 գրությամբ Վարչությունն իրազեկել է, որ 22.11.2010 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը 23.11.2010 թվականին եզրափակվել է բարենպաստ վարչական ակտի ընդունմամբ և հրավիրվել է այն առձեռն ստորագրությամբ հանձնելու համար, միաժամանակ նշելով` Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում տրամադրել տեղեկատվություն գտնվելու վայրի մասին: Սակայն Թագուհի Օհնիկյանը չի ներկայացել և որևէ կերպ չի արձագանքել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.03.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Բողոք բերած անձի մատնանշած իրավական ակտերից և ոչ մեկում չկա որևէ իրավական կարգավորում, որով օրինական ներկայացուցչի լիազորված անձի իրավասությունները հավաստող լիազորագրի համար պահանջվում է նոտարական վավերացում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 22.11.2010 թվականի դիմումով Թագուհի Օհնիկյանը Վարչությունից խնդրել է իր որդուն` Իսպանիայի քաղաքացի Նարեկ Լուիս Ալբերտոյի Ռենդոն Օհնիկյանին` ծնված 19.02.2008 թվականին, տրամադրել Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ (2-րդ հատոր, գ.թ. 26):

2) 30.11.2010 թվականի հասարակ գրավոր ձևով կազմված լիազորագրի 1-ին կետով Նարեկ Լուիս Ալբերտոյի Ռենդոն Օհնիկյանի օրինական ներկայացուցիչ Թագուհի Օհնիկյանը լիազորել է Հասմիկ Օհնիկյանին հանդես գալու Վարչությունում, այդ թվում` ստանալու Նարեկ Լուիս Ալբերտոյի Ռենդոն Օհնիկյանի կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթերը (1-ին հատոր, գ.թ. 15):

3) 12.01.2011 թվականի դիմումով Հասմիկ Օհնիկյանը Վարչությունից խնդրել է տրամադրել Թագուհի Օհնիկյանի որդու` Նարեկ Լուիս Ռենդոն Օհնիկյանի կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը (2-րդ հատոր, գ.թ. 31):

4) Հասմիկ Օհնիկյանին հասցեագրված 31.01.2011 թվականի թիվ 25/01-4725 գրությամբ Վարչությունը հայտնել է, որ «22.11.2010 թվականին Թագուհի Օհնիկյանը դիմել է Վարչություն խնդրելով իր որդուն` Իսպանիայի քաղաքացի Նարեկ Լուիս Ալբերտոյի Ռենդոն Օհնիկյանին` ծնված 19.02.2008 թվականին, տրամադրել Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ: Դուք 12.01.2011 թվականին դիմել եք վարչություն Նարեկ Լուիս Ալբերտոյի Ռենդոն Օհնիկյանի կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը ստանալու համար` ներկայացնելով 30.11.2010 թվականի լիազորագիրը: ... Թագուհի Օհնիկյանը Վարչություն է դիմել 22.11.2010 թվականին, իսկ Նարեկ Լուիս Ալբերտոյի Ռենդոն Օհնիկյանին կացության ժամանակավոր կարգավիճակ տալու մասին Վարչությունում որոշում է կայացվել 23.11.2010 թվականին: Դուք դիմել եք Վարչություն 12.01.2011 թվականին, երբ վարչական վարույթը 23.11.2010 թվականին արդեն իսկ եզրափակված է եղել վարչական ակտի ընդունմամբ: ... որպես կանոն գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին առձեռն հանձնելու միջոցով, սակայն Թագուհի Օհնիկյանը Վարչություն չի ներկայացել և չի ստացել համապատասխան փաստաթուղթը: ... Նշված դեպքում վարչական վարույթը եզրափակված է, Դուք վարույթի մասնակից չեք, ինչպես նաև վարույթի ընթացքում որպես մասնակցի ներկայացուցիչ չեք հանդիսացել, հետևաբար Ձեր պահանջն իրավաչափ չէ, և Ձեզ ներկայացված լիազորագրով չի կարող տրամադրվել Նարեկ Լուիս Ալբերտոյի Ռենդոն Օհնիկյանի կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը» (1-ին հատոր, գ.թ. 12-13):

5) Թագուհի Օհնիկյանին հասցեագրված 31.01.2011 թվականի թիվ 25/01-3724 գրությամբ Վարչությունը հայտնել է, որ «... Ձեր դիմումը 23.11.2010 թվականին բավարարվել է, և Դուք պետք է անձամբ ներկայանաք Վարչություն Ձեր որդու ժամանակավոր կացության քարտը ստորագրությամբ առձեռն ստանալու համար: Հայաստանի Հանրապետությունից Ձեր բացակայելու դեպքում խնդրում ենք տրամադրել արժանահավատ տեղեկատվություն` նշելով Ձեր հասցեն» (2-րդ հատոր, գ.թ. 30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է պատասխանել այն իրավական հարցին, թե արդյո՞ք կարող է կացության կարգավիճակը հաստատող քարտը հանձնվել վարչական վարույթի մասնակցի օրինական ներկայացուցչի անունից հասարակ գրավոր ձևով ձևակերպված լիազորագիր ներկայացրած անձին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական վարույթում որպես վարույթի մասնակիցների ներկայացուցիչներ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում` փաստաբաններ:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ներկայացուցչությանը վերաբերող դրույթները կիրառելի են բացառապես վարչական վարույթի շրջանակներում վարույթի մասնակիցների` ներկայացուցիչների միջոցով հանդես գալու հարաբերությունների նկատմամբ: Նույն օրենքը չի նախատեսում վարչական վարույթից դուրս վարչական մարմնի հետ ներկայացուցչի միջոցով հանդես գալու հարաբերությունների որևէ կանոնակարգում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

i

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումի քննարկման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի թիվ 134-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի քննարկման» կարգը:

Վերոնշյալ դրույթների համակարգային մեկնաբանությունը թույլ է տալիս եզրահանգել, որ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումի քննարկումը վարչական վարույթի ինքնուրույն տեսակ է, և վերջինիս առանձնահատկությունները սահմանվում են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով և դրա հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի թիվ 134-Ն որոշմամբ ընդունված կարգով: Հետևաբար կացության կարգավիճակը հաստատող քարտի ստացման հետ կապված հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է դիտարկել նշված իրավական ակտերի լույսի ներքո:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը և հատուկ անձնագիրը, որոնց ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի թիվ 134-Ն որոշմամբ ընդունված կարգի 3-րդ հավելվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության և մշտական կացության քարտերը` 80x120 մմ չափսի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակը հաստատող հիմնական փաստաթղթեր են:

ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի թիվ 134-Ն որոշմամբ ընդունված կարգի 2-րդ հավելվածի 5-րդ կետի համաձայն` օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու կամ կարգավիճակ տալը մերժելու որոշման կրկնօրինակն անձնագրային և վիզաների վարչությունը որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան սույն կարգի 1-ին կետում նշված ժամկետում ուղարկում է կացության կարգավիճակ ստանալու համար դիմած օտարերկրացուն:

Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն պատճառաբանությունը, որ գրավոր վարչական ակտն ընդունելուց հետո, այն եռօրյա ժամկետում պետք է հանձնվի (դրա ընդունման մասին պետք է իրազեկվի) վարույթի մասնակցին, ընդ որում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վարչական ակտի իրազեկման, հանձնման և հրապարակման հարաբերությունները կարգավորող նորմերով և այդ հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով նախատեսված չէ որևէ սահմանափակում, որ անձը, որը մասնակցել է վարչական վարույթին, զրկված է վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտին իր ներկայացուցչի (նաև վարչական վարույթին չներգրավված ներկայացուցչի) միջոցով իրազեկվելու, ստանալու իրավունքից, հետևաբար վարույթի անգործունակ մասնակից Նարեկ Լուիս Ալբերտոյի Ռենդոն Օհնիկյանի օրինական ներկայացուցիչ Թագուհի Օհնիկյանը, իրավաչափորեն իրացնելով իր` որպես իր փոքրահասակ որդու օրինական ներկայացուցչի իրավունքները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` հասարակ գրավոր ձևով 30.11.2010 թվականին Հասմիկ Օհնիկյանի անվամբ տվել է լիազորագիր իր անունից հանդես գալու Վարչությունում` այդ թվում իր փոխարեն իր որդու կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթերը ստանալու նպատակով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերոնշյալ իրավական ակտերում բացակայում է կացության կարգավիճակը հաստատող քարտի տրամադրման այնպիսի կանոնակարգում, որը կբացառեր որևէ այլ կերպ, քան կացության կարգավիճակ հայցող անձին քարտն ուղարկելու հնարավորություն: Հետևաբար հարկ է հաշվի առնել այն, որ այն դեպքերում, երբ կացության կարգավիճակ հայցող անձը վարչական վարույթին մասնակցել է իր ներկայացուցչի միջոցով, և վերջինս ներկա է գտնվել վարույթին, կացության քարտը կարող է հանձնվել ներկայացուցչին, անկախ այն հանգամանքից, լիազորագիրը վավերացված է նոտարի կողմից, թե ոչ:

Մյուս կողմից Վճռաբեկ դատարանը, կարևորելով կացության կարգավիճակը հավաստող քարտի տրամադրման առանձնահատկությունները, հաշվի առնելով այն, որ նշված քարտը Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակը հաստատող հիմնական փաստաթուղթն է, գտնում է, որ ներկայացուցչի միջոցով վարույթին մասնակցելու դեպքից էականորեն տարբերվում է կացության քարտը վարչական վարույթին չմասնակցած ներկայացուցչին հանձնելը, երբ վերջինս ներկայացնում է հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր: Վերջին դեպքում բացակայում է որևէ իրավահաստատող գործողություն, որը կվկայեր լիազորագիրը կոնկրետ իրավատիրոջ կողմից տալու հանգամանքը, ինչը ռիսկ է պարունակում այնքանով, որքանով կացության քարտը կարող է հանձնվել մի անձի, ով իրապես լիազորված չէ այն ստանալու: Մյուս կողմից կացության քարտը բացառապես հասցեատիրոջը հանձնելու պահանջն անձին անհարկի զրկում է իր իրավունքները ոչ անձամբ, ներկայացուցչի միջոցով իրացնելուց: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն իրողությունը, որ կացության կարգավիճակ հայցող անձինք միշտ չէ, որ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և հնարավորություն ունեն ներկայանալ և անձամբ ստանալ կացության քարտը:

Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ կացության կարգավիճակ հայցող անձը վարչական վարույթին մասնակցել է իր ներկայացուցչի միջոցով, և վերջինս ներկա է գտնվել վարույթին, կացության քարտը կարող է հանձնվել ներկայացուցչին, անկախ այն հանգամանքից, լիազորագիրը վավերացված է նոտարի կողմից, թե ոչ, իսկ այն դեպքում, երբ կացության կարգավիճակ հայցող անձը չի մասնակցել վարչական վարույթին, չի ունեցել ներկայացուցիչ, ով մասնակցել է վարչական վարույթին, զրկված չէ կացության քարտը ներկայացուցչի միջոցով ստանալու իրավունքից, եթե վերջինիս լիազորությունները հավաստված են նոտարական կարգով վավերացված լիազորագրով:

Համադրելով վերը նշված մեկնաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կացության կարգավիճակ տրամադրելու որոշումը, ինչպես նաև կացության քարտը (այդ թվում` ժամանակավոր կացության քարտը) անձամբ տրվում է նման կարգավիճակ հայցող օտարերկրացուն, կամ նոտարական կարգով վավերացված լիազորագիր ունեցող ներկայացուցչին, ուստի մասնակցի կամ վերջինիս օրինական ներկայացուցչի անունից հասարակ գրավոր ձևով ձևակերպված լիազորագիր ներկայացրած անձին չի կարող տրամադրվել կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը: Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի արդյունքում վարչական ակտն ընդունելուց, այսինքն` վարչական վարույթն ավարտվելուց հետո, Նարեկ Լուիս Ալբերտոյի Ռենդոն Օհնիկյանին տրված Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը կարող էր տրամադրվել վերջինիս օրինական ներկայացուցիչ Թագուհի Օհնիկյանին կամ Թագուհի Օհնիկյանի այն ներկայացուցչին, ով կներկայացներ իր լիազորությունները հավաստող նոտարական կարգով վավերացված լիազորագիր:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.03.2012 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 28.10.2011 թվականի վճռի հայցը բավարարելու մասն անփոփոխ թողնելու մասը և այդ մասով փոփոխել. Հասմիկ Օհնիկյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` Իսպանիայի քաղաքացի Նարեկ Լուիս Ալբերտոյի Ռենդոն Օհնիկյանի` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին մերժել:

2. Հասմիկ Օհնիկյանից հօգուտ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Հասմիկ Օհնիկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի 23.05.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.10.2012
N ՎԴ/0585/05/11
Որոշում