Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                Վարչական գործ թիվ ՎԴ/3448/05/11   

    դատարանի որոշում                                              2012 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3448/05/11

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Հ. Բեդևյան

                       Ա. Բաբայան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Վանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 31.05.2012 թվականի որոշման դեմ` ըստ Արմեն Վանյանի հայցի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի 27.06.2011 թվականի որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) և նույն մարմնին 15.11.2010 թվականին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված և օրինական ուժ ստացած թիվ ԵԱՔԴ/1370/02/10 գործով վճիռը (վճռի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջը) կատարելուն (ի կատար ածելուն) պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Վանյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի 27.06.2011 թվականի որոշումը և նույն մարմնին պարտավորեցնել կատարելու Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.11.2010 թվականին կայացված և օրինական ուժ ստացած թիվ ԵԱՔԴ/1370/02/10 գործով վճռի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջը:

ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 30.01.2012 թվականին վճռել է` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի 27.06.2011 թվականի որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասով հայցը մերժել, իսկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված և օրինական ուժ ստացած թիվ ԵԱՔԴ/1370/02/10 գործով վճռի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործի վարույթը կարճել:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.05.2012 թվականի որոշմամբ Արմեն Վանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.01.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Վանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պատասխանողը հայտնաբերել է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, որը պետք է հրապարակային սակարկությունների միջոցով իրացվեր և դրա հիմքով ի կատար ածվեր օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, օգտվելով ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքով տրված ծանուցման հնարավորություններից, կատարեր հրապարակային սակարկությունների անցկացման մասին պարտապանի ծանուցում: Հետևապես պատասխանողը չպետք է ավարտեր կատարողական վարույթը` պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարին լինելու հիմքով, այլ պետք է հայտնաբերված անշարժ գույքը սահմանված կարգով իրացներ, որը չի արվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.05.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել, կամ բեկանել որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 15.11.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/1370/02/10 վճռով բավարարել է Արմեն Վանյանի հայցը և վճռել է Նիկոլայ Միրզոյանից հօգուտ Արմեն Վանյանի բռնագանձել 4.000.000 ՀՀ դրամ, վերջինիս կողմից վճարված պետական տուրքի գումարը` 80.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար (գ.թ. 9-10):

2. Նշված վճիռը ստացել է օրինական ուժ, և դրա հիման վրա Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 27.12.2010 թվականին տվել է կատարողական թերթ (գ.թ. 11):

3. Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի 27.06.2011 թվականի որոշմամբ ավարտվել է 08.02.2011 թվականին հարուցված թիվ 01/04-854/11 կատարողական վարույթը` պատճառաբանելով, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնար է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, սակայն արգելանք է կիրառվել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող Ռոստոմյան փողոցի թիվ 26 տան նկատմամբ, իսկ որպես նշված որոշումը կայացնելու իրավական հիմք նշվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 41-րդ հոդվածի 2-րդ մասը (գ.թ. 12-13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

Բռնագանձման վերաբերյալ դատական ակտերի կատարողական վարույթի ընթացքում պարտապանի գույքի գտնվելու վայրի հայտնի լինելու դեպքում, արդյոք պարտապանի գտնվելու վայրի անհայտ լինելը կարող է խոչընդոտ հանդիսանալ այդ գույքի վրա բռնագանձում տարածելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:

Նույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետի համաձայն` հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե անհնարին է պարզել պարտապանի գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:

Նույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի` նույն օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:

Նույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը և կատարողական ակտի կատարումը կապված է պարտապանի անձի հետ, իսկ եթե առկա է գույք, ապա հարկադիր կատարողը կարող է շարունակել կատարողական թերթի պահանջների կատարումը, հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մեկնաբանությունը պետք է տրվի ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում ամրագրված դրույթների լույսի ներքո:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է սեփականության սուբյեկտիվ իրավունքի բովանդակությանը, ըստ որի` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Այս նորմն ամրագրում է սեփականությունից անարգել օգտվելու հնարավորությունը` սեփականատիրոջ հայեցողությամբ:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը գալիս է հաստատելու, որ սեփականության իրավունքն «անսահմանափակ» իրավունք չէ, որ սեփականատերը չի կարող սեփականության իրավունքն իրականացնել կամայականորեն: Այդ իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Սեփականության անարգել օգտագործմանն անդրադառնում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, որի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը բաղկացած է 3 առանձին կանոններից, որի առաջին կանոնը ձևակերպում է գույքից անարգել օգտվելու իրավունքը, երկրորդը վերաբերում է գույքի առգրավման հարցերին և այդ առնչությամբ հստակ պայմաններ է սահմանում, իսկ երրորդ կանոնն ընդունում է, որ պետությունները, ի թիվս այլ իրավասությունների, իրավունք ունեն ընդհանուր շահից ելնելով` վերահսկել գույքի օգտագործումը` այդ օրենքների կիրառման անհրաժեշտության պարագայում (Տես Սպորրոնգը և Լոնրոդն ընդդեմ Շվեդիայի գործով Եվրոպական դատարանի 22.09.1982 թվականի վճիռը, կետ 61):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել Եվրոպական դատարանի վճռով սահմանված երրորդ կանոնը, որի պայմաններում պետության գլխավոր նպատակը գույքի օգտագործումը վերահսկելն է` լինի դա հանրային շահից ելնելով, թե հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

i

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով` սեփականության իրավունքը բացարձակ չէ, ուստի Սահմանադրությամբ և արձանագրությամբ նախատեսվում է այն սահմանափակելու իրավական հնարավորություն: Միաժամանակ, Եվրոպական դատարանը նախատեսում է մի շարք չափանիշներ, որոնց պետք է բավարարի այդ սահմանափակումը, և որոնց առկայության դեպքում այն կարող է համարվել թույլատրելի սահմանափակում:

Գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել, եթե`

1. նախատեսված է օրենքով

2. բխում է հանրային շահից

3. անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում

Առաջին պայմանը ենթադրում է համապատասխան օրենքի առկայություն, որը նախատեսում է սեփականության օգտագործման սահմանափակումները: Այն միաժամանակ պետք է բավարարի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությամբ և Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված պահանջները (Տես Ջեյմսը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 1986 թվականի փետրվարի 21-ի վճիռը, կետ 67):

Երկրորդ պայմանը սահմանում է, որ սեփականության իրավունքի իրականացման միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ` ելնելով ընդհանուր, հանրային շահից (Տես Former kiոg of Greece aոd otհers v Greece գործով Եվրոպական դատարանի 2000 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը, կետ 83):

Երրորդ պայմանը նախատեսում է, որ գույքից անարգել օգտվելու միջամտությունը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և ուղղված լինի իրավաչափ նպատակի հասնելուն: Անհրաժեշտ է բարենպաստ հավասարակշռություն ստեղծել հանրության շահից բխող պահանջմունքների և անհատի իրավունքների միջև: Նման բարենպաստ հավասարակշռությանը հնարավոր չէ հասնել այն դեպքերում, երբ գույքի սեփականատերը ստիպված է «անհատական և չափազանց մեծ անհարմարություններ» կրել: Կոնվենցիայի խախտում սկզբունքորեն տեղի չի ունենա, եթե առկա է կոնվենցիոն իրավունքին ավելի քիչ սահմանափակող միջոց քան այն, որն ընտրվել է որոշակի նպատակի հասնելու համար, սակայն երկու միջոցներն էլ դուրս չեն պետության հայեցողության թույլատրելի շրջանակից: Մյուս կողմից, հետապնդվող նպատակի և միջամտության համարժեքության հարցը լուծելիս Եվրոպական դատարանն անպայմանորեն պետք է հաշվի առնի այլընտրանքային լուծումների առկայությունը: Պետության հայեցողության թույլատրելի շրջանակները կախված են գործի հանգամանքներից, Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի տեսակից, միջամտության արդյունքում հետապնդվող իրավաչափ նպատակի բնույթից, ինչպես նաև միջամտության ծավալներից (Տես Former kiոg of Greece aոd otհers v Greece գործով Եվրոպական դատարանի 2000 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը, կետ 89, Սկոլլոն ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 28.09.1985 թվականի վճիռը, կետ 32):

Ելնելով ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերոնշյալ իրավական կարգավորումներից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը թույլ է տալիս ավարտել կատարողական վարույթը, եթե անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վերոնշյալ նորմի կիրառման և մեկնաբանության հարցը պետք է պարզել` հաշվի առնելով պարտատիրոջ և պարտապանի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը, իսկ պարտապանի կամ պարտատիրոջ սեփականության իրավունքի միջամտության հարցը պետք է գնահատել համաչափության սկզբունքի լույսի ներքո:

Նախատեսված է օրենքով.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:

Վերոնշյալը ցույց է տալիս, որ օրենքով նախատեսված է հարկադիր կատարման վարույթի շրջանակներում կատարողական վարույթի ավարտման իրավական հնարավորություն, այսինքն` պարտատիրոջ պահանջը փաստացի չբավարարվելու պայմաններում նույնիսկ օրենսդիրը նախատեսել է հարկադիր կատարման վարույթն ավարտելու հնարավորություն: Հետևաբար պարտատիրոջ սեփականության իրավունքի սահմանափակման իրավական հնարավորությունը նախատեսված է օրենքով:

Բխում է հանրային շահից.

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ կատարողական վարույթի նման ձևով ավարտի իրավական հնարավորությունը բխում է հանրային շահերից և կոչված է ապահովելու այլ անձանց` այդ թվում կատարողական վարույթում պարտապանի իրավունքների պաշտպանությունը: Այսինքն` նման ձևով կատարողական վարույթն ավարտվում է, քանի որ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հետևանքով կատարողական հետագա գործողությունները չեն կարող իրականացվել օրենքով սահմանված կարգով` երաշխավորելով կատարողական վարույթի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համաչափության մեջ անհրաժեշտության հանգամանքը քննարկելիս պետք է հաշվի առնել, որ դրա նպատակն է բարենպաստ հավասարակշռություն ստեղծել պարտապանի և պարտատիրոջ իրավունքների միջև և պետք է հաշվի առնել, որ նշված նորմի մեկնաբանության հետևանքով գույքի սեփականատերը չպետք է ստիպված լինի կրել «անհատական և չափազանց մեծ անհարմարություններ»:

Նշված նորմի և պարտատիրոջ սեփականության իրավունքի համաչափ միջամտության հարցը քննարկելիս Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը պետք է դիտարկել կատարողական գործողությունների կատարման իմաստի և կատարողական վարույթն ավարտելու ողջ իրավակարգավորման համատեքստում:

Մասնավորապես, բացի վերոնշյալ դեպքից, նույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետի համաձայն` հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե անհնարին է պարզել պարտապանի գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:

Այսինքն` օրենսդիրը վերը նշված մասերով նախատեսել է կատարողական վարույթն ավարտելու երկու դեպք` երբ

 

[] անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը կամ

[] երբ անհնարին է պարզել պարտապանի գույքի գտնվելու վայրը:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ տարբերակումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, և օրենսդիրը նույն համաչափության սկզբունքի շրջանակներում տարբերակել է այն դեպքերը, երբ կատարողական վարույթը պետք է ավարտվի` կապված պարտապանի անձի և պարտապանի գույքի գտնվելու վայրի անհնարինության հետ: Նշված մեկնաբանությունը բխում է նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի այլ դրույթներից: Մասնավորապես, նշված օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` պարտապանի և (կամ) նրա գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին: Պարտապանի գույքի հետախուզումն իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը` սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի գույքի հետախուզում չի իրականացվում մինչև 50.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով, բացառությամբ քրեական գործերով տուգանքների բռնագանձման և գույքի բռնագրավման, ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով: Նույն հոդվածի 4-րդ մասը հստակ նշում է, որ պարտապան ֆիզիկական անձի հետախուզումն իրականացվում է միայն այն դեպքերում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական գործողությունների իրականացումը:

Նշված նորմերը ցույց են տալիս, որ օրենսդիրը հստակ տարբերակում է այն դեպքերը, երբ կատարողական գործողությունների կատարումը կապված է պարտապանի հետ, և երբ կատարողական գործողությունները կապված են պարտապանի գույքի հետ: Նման տարբերակված իրավակարգավորումն էլ ուղղված է համաչափության սկզբունքի պահպանմանը` մի դեպքում կոչված լինելով ապահովել պարտապանի և պարտատիրոջ անձնական իրավունքների նկատմամբ համաչափ միջամտությունը, իսկ մյուս դեպքում կոչված լինելով ապահովել պարտապանի և պարտատիրոջ գույքային իրավունքների (սեփականության իրավունք) հավասարակշռված պաշտպանությունը և համաչափ միջամտությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ պարտապան ֆիզիկական անձի բացակայությունն անհնար չի դարձնում կատարողական գործողությունների իրականացումը, նրա անձի հետախուզում կարող է և չիրականացվել: Նշված տրամաբանությունից ելնելով` օրենսդիրը նախատեսում է կատարողական վարույթն ավարտելու երկու դեպք` կապված անձի և կապված անձի գույքի պարզման անհնարինության հետ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինության դեպքում վարույթն ավարտվում է այն պատճառով, որ առանց տվյալ անձի ֆիզիկական ներկայության օբյեկտիվորեն հնարավոր չէ շարունակել կատարողական գործողությունները և փաստացի կատարել դատական ակտը: Իսկ այն դեպքում, երբ պարտապանը ֆիզիկապես ներկա է, սակայն նրա ֆիզիկական ներկայությամբ նույնպես օբյեկտիվորեն հնարավոր չէ փաստացի կատարել դատական ակտը, քանի որ այն գույքային բնույթ ունի և փաստացի կարող է կատարվել պարտապանի գույքի առկայության դեպքում, այդ դեպքի համար էլ օրենսդիրը պարտապանի ֆիզիկական ներկայության պարագայում հնարավոր է համարում ավարտել կատարողական վարույթը պարտապանի գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության դեպքում:

Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն անձի գույքի առկայության դեպքում նրա բացակայությամբ կատարողական գործողությունների իրականացումը, նրա գույքի նկատմամբ որոշակի կատարողական գործողությունների կատարումը, որն ուղղված է պարտատիրոջ իրավունքների ապահովմանը և դատական ակտի կատարմանը, չպետք է բացարձակ բնույթ կրի, քանի որ պարտապանի իրավունքների և շահերի անտեսմամբ նշված գործողությունների կատարումը կխախտի բարենպաստ հավասարակշռություն ստեղծելու պահանջը, ինչն իր հերթին կհանգեցնի համաչափության սկզբունքի խախտման: Հետևաբար նմանատիպ դեպքերում յուրաքանչյուր գործով պետք է պարզվի` արդյոք չեն անտեսվել կամ խախտվել պարտապանի այն հիմնարար նյութական և ընթացակարգային իրավունքները (երաշխիքները), որոնք ՀՀ Սահմանադրությունը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, ՀՀ օրենսդրությունը վերջինիս համար նախատեսել է որպես իր իրավունքների ապահովման երաշխիք:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը, 01.03.2010 թվականի վճռով նշել է, որ «Դատարանը կրկնում է, որ 6-րդ հոդվածի 1-ին մասը պաշտպանում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ կապված հայց հարուցելու յուրաքանչյուրի իրավունքը: Այդպիսով, այն ներառում է «դատարան դիմելու իրավունք»-ը, որի ասպեկտներից մեկը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը: Մինչդեռ, այդ իրավունքը կլիներ անիրական, եթե Պայմանավորվող Պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումները մնան չկատարված` ի վնաս մի կողմի: Անընդունելի կլիներ, եթե 6-րդ հոդվածի 1-ին մասը մանրամասն նկարագրեր կողմերին տրված դատավարական երաշխիքները (արդարացի, հրապարակային դատավարություն և գործերի քննության անընդհատության սկզբունք) առանց դատական որոշումների կատարման երաշխիքների: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մեկնաբանումը միայն դատարանի մատչելիության և դատավարությունների անցկացման իրավունքի շրջանակներում, հավանաբար, կառաջացներ մի իրավիճակ, որը անհամատեղելի կլիներ օրինականության սկզբունքի հետ, որը Պայմանավորվող Պետությունները Կոնվենցիան վավերացնելիս պարտավորվել են հարգել: Ցանկացած դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով պետք է դիտվի որպես «դատավարության» բաղկացուցիչ մաս (տես Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 04.09.2002 թվականի վճիռը, կետ 34)»: «Դատարանը, այնուհետև, կրկնում է իր նախադեպային իրավունքը այն առումով, որ Դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի առաջին նախադասության մեջ սահմանված` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տես Յասիունիենեն ընդդեմ Լիտվայի գործով Եվրոպական դատարանի 06.03.2003 թվականի վճիռը, կետ 45): Դատարանը նշում է, որ մինչ օրս, 2001 թ. հուլիսի 2-ին Դիմումատուների օգտին կայացված վճիռը ընդհանուր առմամբ մնում է չկատարված: Հետևաբար, Դիմումատուների դեպքում պարտքերի վերադարձման ընթացքը մինչև այժմ տևել է ավելի քան ութ տարի և չորս ամիս, որից մոտավորապես յոթ ու կես տարին ընկնում է Դատարանի իրավասության տակ ratione temporis: Դատարանը գտնում է, որ Դիմումատուների օգտին կայացված վճռի կատարման համար անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելով` հայաստանյան իշխանությունները սահմանափակել են Դիմումատուների «դատարան դիմելու իրավունք»-ի իմաստը և զգալի ժամանակահատվածով խոչընդոտել են և դեռ խոչընդոտում են Դիմումատուների` գումարն ամբողջությամբ ստանալուն, որի իրավունքը նրանք ունեին, որն էլ հավասարեցվում է իրենց գույքից անարգել օգտվելու անհամաչափ միջամտության: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և դրան կից 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի խախտում»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

Տվյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ոչ իրավաչափ է դիտում նաև այն վարչական ակտը, եթե ներկայացվել են այնպիսի փաստաթղթեր, որոնցից ակնհայտ է, որ ըստ էության տվյալ վարչական ակտով պետք է ընդունվեր այլ որոշում: Ընդ որում, տվյալ ակտի ոչ իրավաչափ` անվավեր լինելու հանգամանքը ճանաչվում է ինչպես այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, այնպես էլ դատական կարգով (տե՛ս ըստ հայցի «Յուպիտեր» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գորիսի տարածքային հարկային տեսչության` 20.05.2009 թվականի թիվ 1000041 ստուգման ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի թիվ ՎԴ1/0073/05/09 որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԱՔԴ/1370/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Վանյանի ընդդեմ Նիկոլայ Միրզոյանի` գումարի բռնագանձման մասին, 15.11.2010 թվականին վճռել է հայցը բավարարել: Նիկոլայ Միրզոյանից հօգուտ Արմեն Վանյանի բռնագանձել 4.000.000 ՀՀ դրամ` որպես փոխառությամբ վերցված գումար, 80.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրք, ինչպես նաև 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար: Նշված վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 27.12.2010 թվականին տրվել է կատարողական թերթ: Հարկադիր կատարողի 27.06.2011 թվականի որոշմամբ ավարտվել է 08.02.2011 թվականին հարուցված թիվ 01/04-854/11 կատարողական վարույթն այն պատճառաբանությամբ, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնար է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, սակայն արգելանք է կիրառվել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող Ռոստոմյան փողոցի թիվ 26 տան նկատմամբ, իսկ որպես նշված որոշումը կայացնելու իրավական հիմք է նշվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը: Այսինքն` հարկադիր կատարողի 27.06.2011 թվականի որոշմամբ 08.02.2011 թվականին հարուցված թիվ 01/04-854/11 կատարողական վարույթն ավարտվել է այն հիմքով, որ անհնարին է պարզել պարտապանի` Նիկոլայ Միրզոյանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ` Արմեն Վանյանի կողմից ձեռնարկված օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:

Սույն գործով Դատարանն Արմեն Վանյանի հայցը մերժելու, իսկ Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու իր որոշման հիմքում դրել են այն փաստը, որ հայցվորը որևէ գործողություն չի ձեռնարկել պարտապան Նիկոլայ Միրզոյանի գտնվելու վայրը հայտնաբերելու ուղղությամբ: Այսինքն` չի աջակցել Ծառայությանը` վերջինիս վրա դրված պարտականությունը կատարելու համար: Իսկ հարկադիր կատարողի ձեռնարկած միջոցներն արդյունք չեն տվել, այն է` Նիկոլայ Միրզոյանի գտնվելու վայրը չի հայտնաբերվել:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, վերը նշված պատճառաբանություններից ելնելով, հանգեց այն եզրակացության, որ հարկադիր կատարողը, ավարտելով գումարի բռնագանձման վերաբերյալ դատական ակտի կատարողական վարույթն այն հիմքով, որ թեև հայտնի է պարտապանի գույքի գտնվելու վայրը, բայց անհայտ է պարտապանի գտնվելու վայրը` զգալի ժամանակահատվածով խոչընդոտել է և դեռ շարունակում է խոչընդոտել իր գումարն ամբողջությամբ ստանալու պարտատիրոջ իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել նոր քննության, վերոշարադրյալ կանոններով` համաչափության սկզբունքի պահպանմամբ քննություն իրականացնելու համար:

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 31.05.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.10.2012
N ՎԴ/3448/05/11
Որոշում