Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ...

 

 

020.1081.160413

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 44-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 ապրիլի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գ. Ջհանգիրյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դ. Հարությունյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ Ազգային ժողովի թվով 34 պատգամավորների` 2012 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով սույն գործով զեկուցողի զեկույցը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2002 թվականի փետրվարի 20-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2002 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 12-ին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի` «Ազգային ժողովի նիստում պատգամավորների գրանցումը» վերտառությամբ 44-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 4-րդ մասը սահմանում է.

«4. Նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (քվորումն ապահովված է)»:

2. Վիճարկելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթի սահմանադրականությունը` դիմողը գտնում է, որ այն արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասով հակասում է ՀՀ Սահմանադրության 70 և 71-րդ հոդվածներին:

Ի հիմնավորումն իր դիրքորոշման` դիմողը, մասնավորապես, ներկայացնում է հետևյալ փաստարկները.

պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ նախաձեռնելու սահմանադրական լիազորությունը կոչված է հնարավորություն տալու Ազգային ժողովում ներկայացված ընդդիմությանը (փոքրամասնությանը) իր համար նախընտրելի ժամկետներում և օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրել, ինչը Սահմանադրությունը չի կապում կամ պայմանավորում Ազգային ժողովի մեծամասնության կամքի կամ ցանկության այս կամ այն դրսևորման հետ:

Ըստ դիմողի` ՀՀ Սահմանադրությունն Ազգային ժողովի նստաշրջանների և նիստերի (այդ թվում` նաև արտահերթ) իրավազորության` քվորումի որևէ շեմ չի նախատեսում: Սահմանադրության պահանջները վերաբերում են քվեարկության մասնակիցների թվին և ընդունված որոշումներին:

Ելնելով սահմանադրական նորմերի իր վերլուծությունից` դիմողը հանգում է այն հետևությանը, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելիս նիստերը պետք է համարվեն իրավազոր Ազգային ժողովի պատգամավորների նույն` մեկ երրորդի շեմն ապահովված լինելու դեպքում:

Ըստ դիմողի` վիճարկվող դրույթն Ազգային ժողովի փոքրամասնության կողմից նախատեսված արտահերթ նստաշրջանի կամ նիստի իրավազորության` Սահմանադրությամբ չնախատեսված պայման է առաջադրում` պահանջելով, որ այդ նիստում գրանցված պատգամավորների թիվը պակաս չլինի, քան պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

3. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Ի հիմնավորումն իր դիրքորոշման` պատասխանողը, մասնավորապես, ներկայացնում է հետևյալ փաստարկները.

դիմողի պնդումը` այն մասով, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ նախաձեռնելու սահմանադրական լիազորությունը կոչված է հնարավորություն տալու Ազգային ժողովում ներկայացված ընդդիմությանը (փոքրամասնությանը) իր համար նախընտրելի ժամկետներում և օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրել, մասնավորապես` հրավիրել եզրույթը կիրառելու մասով արդեն իսկ սխալ շեշտադրում է, այն սահմանադրական եզրույթ չէ և դրանով պայմանավորված ստեղծվում է շփոթ: Ըստ պատասխանողի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածը հստակ կիրառում է արտահերթ նստաշրջան կամ նիստ նախաձեռնելու և գումարելու եզրույթները, պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի իրավունքները վերագրում է ոչ միայն ընդդիմությանը, այլև իշխանությանը, և ընդհանուր առմամբ սահմանադրական հիշյալ նորմն ուղղված է Ազգային ժողովի լիազորությունների իրացմանը:

Ըստ պատասխանող կողմի` ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածն ամրագրելով ՀՀ Ազգային ժողովի իրավազորության (քվորումի, որոշում կայացնելու) սահմանները, ըստ էության նախանշում է այն շրջանակները, որոնց առկայության դեպքում միայն Ազգային ժողովն իրավասու է կատարելու իր` որպես օրենսդիր իշխանության, սահմանադրական լիազորությունները:

Ի հակադրություն դիմողի այն փաստարկի, որ Սահմանադրությունը նախատեսել է արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկված հարցի առնվազն քննարկում Ազգային ժողովի լիագումար նիստում, պատասխանող կողմը գտնում է, որ Ազգային ժողովը կոչված է ոչ միայն ապահովել քաղաքական քննարկումներ, այլև կայացնել որոշումներ: Ըստ պատասխանողի` հիշյալ հարցը կարող էր քննության առարկա լինել, եթե Ազգային ժողովն իր գործունեության շրջանակներում չունենար և չապահովեր քննարկումների իրացման առանձին ինստիտուտներ, մասնավորապես` խորհրդարանական լսումները, և այլն:

4. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկայում նույնպես անդրադարձներ եղել են խորհրդարանական (պատգամավորական) փոքրամասնության իրավունքների պաշտպանության հիմնախնդրին` հատկապես հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2008թ. հունվարի 23-ին ընդունված թիվ 1601 բանաձևի դրույթները, որոնք վերաբերում են ժողովրդավարական խորհրդարաններում ընդդիմության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ընթացակարգային երաշխավորություններին: Մասնավորապես, Չեխիայի սահմանադրական դատարանի 2011թ. մարտի 1-ի որոշման մեջ առանձնակի կարևորվում է իրավական կարգավորումների և օրենսդրական գործընթացի շրջանակներում սահմանադրական այնպիսի սկզբունքները հաշվի առնելը, ինչպիսիք են իշխանությունների տարանջատումը, բազմակարծությունը, քաղաքական ուժերի ազատ մրցակցությունը, ներկայացուցչական ժողովրդավարությունը: Դրանցից բխում է նաև խորհրդարանական փոքրամասնության իրավունքների պաշտպանության, առաջարկվող նախագծերի հրապարակային ու թափանցիկ քննարկման, բոլոր կողմերին լսելու պահանջը:

Հիշյալ բանաձևը նախատեսում է ներկայացուցչական ժողովրդավարության արդյունավետության ու քաղաքական հանդուրժողականության երաշխավորման առումով օրենսդիր մարմնի գործունեության կանոնակարգման այնպիսի ընթացակարգեր, որոնք, մասնավորապես, կապահովեն խորհրդարանական քննարկումներին ու խորհրդարանների գործառնական լիազորությունների իրականացման գործում ընդդիմության ակտիվ դերակատարությունը:

Նման նպատակ է հետապնդում նաև Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի /Վենետիկի հանձնաժողով/ կողմից 2010թ. նոյեմբերի 15-ին ընդունված զեկույցը` «Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության դերի մասին»: Վերջինս հատուկ կարևորում է խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև գործառնական հավասարակշռության ապահովումը` ի նպաստ օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետության երաշխավորման: Շեշտվում է նաև, որ կախված այն բանից, թե որքանով է կոնկրետ խորհրդարանական ընդդիմությանը հնարավորություն տրվում փաստացիորեն իրականացնելու իր գործառույթները, կարող է գնահատվել ժողովրդավարական հասունության աստիճանը /կետ 26/: Նման խնդրի լուծման համար առաջադրվում է այն ելակետային մոտեցումը, որ խորհրդարանների կանոնակարգերը հնարավորինս պետք է ձևակերպվեն այնպես, որպեսզի «...բարդացնեն պարզ մեծամասնության կողմից քաղաքական փոքրամասնության խմբերի իրավաչափ նպատակներն անտեսելու հնարավորությունը» /կետ 96/:

Հաշվի առնելով քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ կողմերի ներկայացրած դիրքորոշումները, ինչպես նաև միջազգային սահմանադրաիրավական փորձն ու արդարադատական պրակտիկան` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում համակարգային մոտեցմամբ անհրաժեշտ է պարզել.

- որքանո՞վ է ՀՀ Սահմանադրությունը հստակ ամրագրել օրենսդիր մարմնի իրավազորության շրջանակները,

- սահմանադրորեն ի՞նչ երաշխիքներ են նախատեսված խորհրդարանական ընդդիմության իրավունքների իրացման, խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև գործառնական հավասարակշռություն ապահովելու համար,

- որքանո՞վ են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի` վեճի առարկա ու դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ նորմերը համահունչ սահմանադրական լուծումներին:

5. Ինչպես սահմանադրական իրավունքի միջազգային պրակտիկայում, այնպես էլ մեր երկրում պետական իշխանության մարմնի իրավազորությունը պայմանավորվում է նրա կողմից գործառնական իրավասության իրացման կարողունակությամբ: Դա իր հերթին պայմանավորվում է քվորումի առկայությամբ: Օրինակ` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Նախագահողը, նշանակված ժամին հավաստիանալով, որ նիստն իրավազոր է, բացում է այն և հայտարարում դատաքննության ենթակա գործը»: Տվյալ պարագայում նիստի իրավազորությունն անմիջականորեն պայմանավորված է քննության առարկա հարցով գործը քննելու և որոշում կայացնելու համար անհրաժեշտ քվորումի առկայությամբ:

«Քվորում» եզրույթը լատիներեն ծագում ունի /quorum praesentia sufficit/ և բառացի նշանակում է «որոնց ներկայությունը բավարար է»: Ներկայացուցչական մարմնի պարագայում բավարար է այն ներկայությունը, որի դեպքում տվյալ մարմինն իր սահմանադրաիրավական կարգավիճակին համապատասխան գործունեություն իրականացնելու իրավասություն կունենա: Քվորումի առկայությունն է տվյալ մարմնի իրավազորության վկայությունը և գործառույթների իրացման իրավաչափության երաշխիքը: Քվորումն է այն չափորոշիչը, որը սահմանված թվով պատգամավորների առկայությանը տալիս է գործառնական բնույթի որակական բնութագրիչ` ճանաչելով այն որպես Ազգային ժողով:

Որքանո՞վ է ՀՀ Սահմանադրությունը ՀՀ Ազգային ժողովի գործունեության առնչությամբ ամրագրել օրենսդիր մարմնի իրավազորության սահմանները: ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ հարցն ստացել է հստակ ու ամբողջական պատասխան: Այն արտահայտված է ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածում, համաձայն որի` «Օրենքները և Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին»:

Այս և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված մի շարք այլ հոդվածներից բխում է, որ.

ա/ ՀՀ Սահմանադրությունը ՀՀ Ազգային ժողովի համար սահմանում է քվորումի ընդհանուր կանոն և դրանից բացառություններ` Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում /մասնավորապես` 72-րդ հոդվածի 1-ին մաս, 74-րդ հոդված, 79-րդ հոդվածի 1-ին մաս, 83.1-րդ հոդվածի 1-ին մաս, 84-րդ հոդվածի 1-ին մաս և այլն/,

բ/ տարբերակվում են նիստի իրավազորության և որոշում կայացնելու (օրենք ընդունելու) իրավազորության փոխկապակցված ինստիտուտները: Ազգային ժողովը կարող է ընդունել օրենք կամ որոշում քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, բայց պայմանով, որ այդ նիստն իրավազոր լինի ճանաչվելու որպես օրենսդիր իշխանության մարմնի նիստ: Իսկ դա առկա է այն դեպքում, երբ քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Բացառությամբ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված առանձին դեպքերի, պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելիի առկայությունն է ՀՀ Ազգային ժողովի իրավազորության սահմանը: Դրանից պակաս պատգամավորների որևէ այլ թվի պարագայում, ըստ ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովը` որպես օրենսդիր իշխանություն իրականացնող մարմին, հանդես գալու իրավազորություն չի կարող ունենալ,

գ/ ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածը համակարգային առումով թղթակցում է նաև Սահմանադրության 74.1-րդ հոդվածի հետ, որում անդրադարձ է կատարվում օրենսդիր մարմնի անգործության այնպիսի դրսևորումներին, որոնք վերջինիս արձակման հիմք կարող են հանդիսանալ: Նման անգործությունը, մասնավորապես, կարող է դրսևորվել գործառույթն իրացնելու կամ որոշման կայացման համար անհրաժեշտ քվորում չապահովելու հետևանքով: Տվյալ դեպքում քվորումը հանդես է գալիս որպես Ազգային ժողովի իրավազորության իրացման բնութագրիչ:

Քննության առարկայի շրջանակներում ուշադրության են արժանի նաև ՀՀ Սահմանադրության մի շարք այլ դրույթներ: Մասնավորապես, Սահմանադրության 62-րդ հոդվածը /4-րդ մաս/ սահմանում է, որ Ազգային ժողովի գործունեության կարգը սահմանվում է ոչ միայն Սահմանադրությամբ, այլև Ազգային ժողովի կանոնակարգով, որն օրենք է: Սա նշանակում է, որ սահմանադրական կանոնակարգման շրջանակներում օրենսդիր մարմինն օժտվում է նաև որոշակի հայեցողությամբ` սահմանելու իր գործունեության կարգը: Ինչ վերաբերում է Սահմանադրության 70-րդ հոդվածում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ամրագրմանը, ապա տվյալ համատեքստում հստակեցվում է ոչ թե Ազգային ժողովի գործունեության կարգը, այլ լուծվում է իրավասուբյեկտության խնդիր` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդին օժտելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի հրավիրում նախաձեռնելու իրավասությամբ: Նման իրավասություն ունեն նաև Հանրապետության Նախագահը և կառավարությունը:

Սահմանադրական նման լուծումների շրջանակներում պատգամավորների, այդ թվում` պատգամավորական փոքրամասնության իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքներ են հանդիսանում, մասնավորապես.

ա) Ազգային ժողովի գործունեության երաշխավորումն իշխանությունների բաժանման և հավասարակշռման, իրավունքի գերակայության և ժողովրդաիշխանության ապահովման, իրավական և ժողովրդավարական պետության կայացման հիմնարար սկզբունքների հիման վրա,

բ) մշտական հիմունքներով ու ազատ մանդատի հիման վրա պատգամավորի լիազորությունների կատարման երաշխավորումը,

գ) Սահմանադրության 66-րդ հոդվածի հիման վրա պատգամավորի կարգավիճակին համապատասխան անձեռնմխելիության նախատեսումը,

դ) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդին սահմանադրական սուբյեկտ ճանաչելը և վերջինիս Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու նախաձեռնությամբ օժտելը,

ե) սահմանադրական մակարդակում Ազգային ժողովի պատգամավորի օրենսդրական նախաձեռնության իրավունքի ճանաչումը,

զ) պատգամավորներին սահմանադրական իրավասությամբ օժտելը` կառավարությանն ուղղելու գրավոր և բանավոր հարցեր կամ խմբերի ու խմբակցությունների միջոցով հանդես գալու հարցապնդմամբ:

Նման պարագայում հիմնական խնդիրն այն է, թե այս երաշխիքներն ինչպես են օրենսդրորեն ապահովվում և իրացվում:

6. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի` վեճի առարկա 44-րդ հոդվածի 4-րդ մասը, դիմողի կարծիքով, ինչպես նշվեց, խոչընդոտում է պատգամավորական փոքրամասնության` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի իրացումը, քանի որ այն պայմանավորվում է Ազգային ժողովի մեծամասնության կամքի կամ ցանկության այս կամ այն դրսևորմամբ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման հետևությունը բխում է ոչ թե տվյալ օրենսդրական դրույթի իրավակարգավորման բուն էությունից, այլ պարզապես արտացոլում է խորհրդարանական գործունեության ձևավորված պրակտիկան:

Ինչ վերաբերում է վեճի առարկա դրույթի սահմանադրաիրավական բովանդակությանը, ապա.

նախ` տվյալ դրույթը սահմանում է ընդհանուր կանոն և վերաբերում է Ազգային ժողովի բոլոր նիստերին: Դա նկատի ունենալով` դիմողների կողմից հարց կարող էր բարձրացվել պատգամավորական փոքրամասնությանն առնչվող մասով լրացուցիչ իրավակարգավորման կամ իրավակարգավորման բացի հաղթահարման մասին, ինչն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է,

երկրորդ` ինչպես նշվեց, քվորումի ապահովումը տվյալ ինստիտուտի իրավազորության բնութագրիչն է և ՀՀ Սահմանադրության, մասնավորապես, 62, 67 և 71-րդ հոդվածների համաձայն քվեարկության ու դրան մասնակցելու միջոցով են իրացվում առանձին պատգամավորների ու օրենսդիր մարմնի գործառնական լիազորությունները,

երրորդ` ՀՀ Սահմանադրությունը և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը, այդ թվում` վերջինիս 5-րդ հոդվածը, որևէ պատգամավորի իրավունք չեն վերապահում անհարգելի բացակայել Ազգային ժողովի նիստերից, խուսափել մշտական հիմունքներով իր լիազորությունները կատարելու սահմանադրական պահանջից: Ավելին, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածը պարտավորեցնում է պատգամավորին մասնակցել Ազգային ժողովի նիստերին` առանց որևէ վերապահման,

i

չորրորդ` իրավական առումով անհիմն է Ազգային ժողովի նիստերից բացակայելը որպես «քաղաքական բոյկոտ» ներկայացնելը: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը սահմանել է քվեարկությանը չմասնակցելու միայն երկու հնարավոր ինստիտուտ, երբ, մի դեպքում, օրենքով սահմանված կարգով, համաձայն տվյալ օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի դ/ կետի, Ազգային ժողովի նիստում պատգամավորը հանդես է գալիս տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ, մյուս դեպքում` նույն հոդվածի 3-րդ մասի ե/ կետի հիմքով քվեարկությունից առաջ նման հայտարարությամբ հանդես է գալիս պատգամավորական խումբը կամ խմբակցությունը:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությունը քաղաքական դրդապատճառներով Ազգային ժողովի նիստերին չմասնակցելու որևէ իրավական հիմք չի նախատեսում: Բացառությամբ Ազգային ժողովի նիստերից օրենքով նախատեսված հարգելի բացակայությունների սպառիչ ցանկի (ներառյալ` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» և «ե» կետերով նշված հիմքերով քվեարկությունից պատգամավորի բացակայությունը), մյուս բոլոր բացակայություններն անհարգելի են և ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է առաջացնեն համարժեք իրավական հետևանքներ:

ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ խորհրդարանական փոքրամասնության իրավունքների պաշտպանության խնդիրն իրոք առկա է, սակայն այն պայմանավորված է ոչ թե վեճի առարկա դրույթով, այլ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 4-8-րդ մասերի իրավակարգավորումներով, որոնց ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներից ելնելով:

Սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ անկախ այն բանից, թե ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածում նախատեսված որ սուբյեկտի կողմից է նախաձեռնվել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի գումարումը, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետի պահանջներից ելնելով բոլոր պատգամավորները պարտավոր են մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Բացակայությունը կարող է հարգելի համարվել միայն օրենքով սահմանված կոնկրետ հիմքերի առկայության դեպքում: Այս սկզբունքից շեղվելու բոլոր դեպքերը կհանգեցնեն պատգամավորի ու օրենսդիր մարմնի անգործության` դրանից բխող համարժեք իրավական հետևանքներով:

Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպիսին են այդ հետևանքները և որքանով են դրանք երաշխավորում նաև պատգամավորական փոքրամասնության իրավունքների իրացումը: Օրենսդրական առկա կարգավորումների ուսումնասիրումը վկայում է, որ տեղ են գտել այնպիսի լուծումներ, որոնք ընդհուպ անիրագործելի են դարձնում ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի ուղղակի գործողությունը` մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման վերաբերյալ: Գործնականում, անկախ հարգելի բացակայությունների վերաբերյալ օրենքով նախատեսված հիմքերից, վերջին հաշվով Ազգային ժողովին է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածով իրավասություն վերապահվում որոշումով լուծելու բացակայությունները հարգելի կամ անհարգելի համարելու հարցը, ինչն ըստ էության դառնում է պատգամավորական մեծամասնության կամաարտահայտումը: Նման պայմաններում մեծ վերապահումով կարելի է խոսել պատգամավորական փոքրամասնության իրավունքների պաշտպանվածության կամ Սահմանադրության 67-րդ հոդվածի վերոհիշյալ դրույթի ուղղակի գործողության մասին:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ տվյալ իրավակարգավորումը հետևանք է ՀՀ Սահմանադրության 62 և 67-րդ հոդվածների միջև առերևույթ անհամապատասխանության, ինչին դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ` առկա սահմանադրաիրավական խնդրի արդյունավետ լուծումը գտնելու տեսանկյունից:

7. ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածը ոչ միայն ամրագրում է ՀՀ Ազգային ժողովի տեղն ու դերը պետական իշխանության համակարգում, այլև սահմանում է օրենսդիր իշխանության մարմնի գործունեության ընթացակարգային սահմանները: Վերջիններիս թվին են պատկանում նաև հարցերի այն շրջանակի որոշակիացումը, որոնց վերաբերյալ Ազգային ժողովն ընդունում է որոշումներ:

Վերոհիշյալ հոդվածում իրենց իրավական բնույթից ելնելով առկա են երկու տիպի իրավանորմեր` նյութական, որոնցով կանոնակարգվում են իրավահարաբերությունները, որոշակիացվում են օրենսդիր մարմնի իրավասության շրջանակները, երկրորդ` ընթացակարգային, որոնց միջոցով գործառույթի իրացման խնդիրն է լուծվում:

Եթե ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը» դրույթը սահմանում է օրենսդիր մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակը, ապա որոշումներ ընդունելու իրավասության իրացման շրջանակի հստակեցումն առաջին հերթին Ազգային ժողովի գործունեության կանոնակարգման նպատակ է հետապնդում: Ընդ որում, Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված բոլոր հոդվածներով, բացառությամբ 67-րդ հոդվածի (առանձին քննարկման առարկա կարող է լինել նաև 74.1-րդ հոդվածը), նախատեսված են Ազգային ժողովի կոնկրետ լիազորություններ, որոնց իրացման ձև է սահմանված որոշման ընդունումը: Այդ մասին է վկայում Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրաիրավական բովանդակության համադրումը 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերի, 57, 59-րդ հոդվածների, 62-րդ հոդվածի 2-րդ մասի, 66, 69, 73, 74, 75, 77, 79-րդ հոդվածների, 80-րդ հոդվածի 2-րդ մասի, 81, 83, 83.1, 83.2, 83.3, 83.4, 84, 94.1-րդ հոդվածների, 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 103, 111 և 112-րդ հոդվածների իրավակարգավորումների հետ: Վերջիններով հստակ սահմանված են Ազգային ժողովի լիազորությունները տվյալ իրավակարգավորման շրջանակներում:

Սահմանադրության 67-րդ հոդվածով ամբողջությամբ կանոնակարգված են հանրային բնույթի նյութաիրավական հարաբերություններ, սահմանված են այն բոլոր ու նաև սպառիչ դեպքերը, երբ դադարում են Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները: Ընդ որում, այդ դեպքերը ներկայացվում են թվարկումով` առանց որևէ առանձնահատուկ բնութագրիչների ու բացառությունների: Այս թվարկումների մեջ, թերևս, առանձնահատուկ մոտեցում է պահանջում Սահմանադրության 65-րդ հոդվածին կատարվող հղումը, որը ենթադրում է, որ տվյալ դրույթի օրենսդրական իրացումը պետք է հստակ թղթակցի Սահմանադրության 65-րդ հոդվածի պահանջների կատարումն օրենսդրորեն երաշխավորելու հետ:

Ներկայացված համատեքստում ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածում ամրագրված «դադարում» եզրույթը սահմանադրաիրավական այն բնույթն ունի, որ հետևանքն առաջանում է իրավունքի ուժով /ex jure/, երբ առկա է փաստը: Մասնավորապես, Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը կամ Ազգային ժողովի արձակումն իրավունքի ուժով հանգեցնում է պատգամավորի լիազորությունների դադարման: Որևէ որոշմամբ կամ նույնիսկ օրենքով սահմանադրական տվյալ նորմի գործողությունն արգելափակել հնարավոր չէ, քանի որ դա անմիջականորեն կհակասի Սահմանադրության 6-րդ հոդվածի /1-ին և 2-րդ մասեր/ պահանջներին:

Սահմանադրության 67-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունից բխում է, որ նման մոտեցումը հավասարապես վերաբերում է նաև մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայությանը և չի նախատեսվում լիազորությունների դադարեցման կոնկրետ իրավասություն:

Սահմանադրական տարբեր հոդվածների համադրված վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման համար հիմք պետք է ընդունել սահմանադրական իրավունքի երկու հիմնարար սկզբունք:

Առաջին` Սահմանադրությունն ինքնաբավ է և տեքստային առերևույթ անհամապատասխանությունները կարող են հաղթահարվել Սահմանադրության արժեբանության ու հիմնարար սկզբունքների վրա հենվելով: Տվյալ պարագայում էական է այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի անմիջական գործողության ապահովումը, դրա համար անհրաժեշտ իրավական նախադրյալների ստեղծումը երկրում ժողովրդաիշխանության ամրապնդման, ներկայացուցչական ժողովրդավարության արդյունավետ իրացման, օրենսդիր իշխանության գործունակության ապահովման կարևորագույն երաշխիքներից մեկն է:

Երկրորդ` իրավունքի ընթացակարգային նորմը չի կարող նյութական նորմի ամբողջական ու լիարժեք իրացման խոչընդոտ հանդիսանալ: Այս առումով ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրության 67-րդ հոդվածի պահանջների իրացման շրջանակներում վեճի առարկա դրույթի մասով կարող է միայն «ի գիտություն ընդունել» իրավական փաստի ու դրանից բխող հետևանքի առկայությունը, իրավասություն չունենալով քվեարկությամբ կասեցնել սահմանադրական նորմի գործողությունը և «դադարում» եզրույթը գործնականում փոխակերպել «դադարեցում» եզրույթով, երբ վերջինս ենթադրում է հստակ ու համարժեք լիազորության առկայություն: Դրա մասին է վկայում նաև ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածում, 55-րդ հոդվածի 10-րդ կետի 2-րդ պարբերության մեջ ու 83-րդ հոդվածի 3-րդ կետում «դադարում» և «դադարեցում» եզրույթների սահմանադրաիրավական բովանդակության համադրված վերլուծությունը: Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածը սահմանում է, որ «Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ»: Իսկ Սահմանադրությունը մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայության պարագայում ՀՀ Ազգային ժողովին պատգամավորի լիազորությունների դադարեցման իրավասությամբ չի օժտել, այն էլ` որոշման միջոցով:

Հետևությունն այն է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի, մասնավորապես, 99-րդ հոդվածի 4-8-րդ մասերի դրույթները, Ազգային ժողովի պատգամավորի բացակայության քննարկման և քվեարկությամբ այն հարգելի կամ անհարգելի համարելու վերաբերյալ որոշում կայացնելու մասով, փոխում են սահմանադրական նորմի իրավական բովանդակությունը, իրավունքի ուժով լիազորությունների դադարումը փոխակերպում են դրանց դադարեցման գործընթացի: Եթե դադարման ինստիտուտի պարագայում երաշխավորվում են նաև խորհրդարանական փոքրամասնության իրավունքները, ապա դադարեցումը պայմանավորվում է խորհրդարանական մեծամասնության կամաարտահայտմամբ և ընդհուպ կորցնում է իր կանխարգելիչ նշանակությունը: ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի պահանջներից ելնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 4-8-րդ

մասերը պետք է իրավակարգավորման այնպիսի հնարավորություն նախատեսեն, որի պայմաններում օրենքով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստն ընդունելով ի գիտություն` կազմվի արձանագրություն պատգամավորի լիազորությունները` իրավունքի ուժով /ex jure/ դադարելու վերաբերյալ:

Անհրաժեշտ է նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6-րդ և 99-րդ հոդվածներում փոխհամաձայնեցված հաշվի առնել այն հանգամանքը, որ պատգամավորի բացակայությունը կարող է հարգելի համարվել միայն օրենքով նախատեսված կոնկրետ հիմքերի առկայության դեպքում ու կարգով, և այն չի կարող հայեցողական գնահատման արդյունք լինել: Սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն ունի նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. Սույն գործով վեճի առարկա դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 4-8-րդ մասերի դրույթները, այն մասով, որով առկա ընթացակարգերը պատգամավորի «լիազորությունների դադարում» սահմանադրական ինստիտուտը գործնականում փոխակերպում են ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նրա «լիազորությունների դադարեցման» ինստիտուտի, ճանաչել ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 ապրիլի 2013 թվականի

ՍԴՈ-1081

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.04.2013
N ՍԴՈ-1081
Որոշում