Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԱԲՈՒ ԴԱԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎ ...

 

 

020.1097.200513

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԴՈՒՐՍ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 20 մայիսի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի նոյեմբերի 20-ին Աբու Դաբիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև միմյանց համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 26 ապրիլի 2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև միմյանց համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 20-ին` Աբու Դաբիում:

Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև միմյանց համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության հաստատումը և իրականացումը:

Համաձայնագրի անբաժանելի մաս է կազմում Հավելվածը` «Երթուղիների ցանկ»:

Սույն Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ի թիվս այլնի, պարտավորվում է.

- Արաբական Միացյալ Էմիրություններին տրամադրել` իր նշանակած ավիաընկերության կողմից համաձայնեցված հաղորդակցություններ հաստատելու և իրականացնելու, Հայաստանի Հանրապետության տարածքի վրայով անվայրէջք թռիչք կատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ երթևեկության նպատակներով կանգառ կատարելու, Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքից կամ դեպի Արաբական Միացյալ Էմիրությունների տարածք ուղևորների, ուղեբեռների, բեռների, ներառյալ` փոստի, առանձին կամ համակցված միջազգային փոխադրման նպատակով` դրանց վերցնելու կամ իջեցնելու համար Հայաստանի Հանրապետության տարածքում կանգառ կատարելու իրավունքը,

- ձեռնարկել իր իրավազորության ներքո բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի վերացվեն խտրականության բոլոր ձևերը և անարդար, հակամրցակցային և զավթիչ գործելակերպերը, որոնք անբարենպաստ կերպով կազդեն Արաբական Միացյալ Էմիրությունների նշանակած ավիաընկերության մրցակցային դիրքի վրա` Համաձայնագրով նախատեսված իրավունքներն իրականացնելիս,

- Արաբական Միացյալ Էմիրությունների նշանակած ավիաընկերություններին ազատել ներմուծման սահմանափակումներից, մաքսային տուրքերից, անուղղակի հարկերից, տեսչական գանձումներից և այլ պետական և/կամ տեղական տուրքերից և վճարումներից` կապված դրանց օդանավերի և դրանց հիմնական սարքավորումների, վառելիքի, քսայուղերի, սպառվող տեխնիկական պարագաների, պահեստամասերի, ներառյալ` շարժիչները, օդանավի պաշարների հետ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով այնպիսի ապրանքներով, ինչպիսիք են` սննդամթերքը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, ծխախոտը և թռիչքի ընթացքում վաճառքի կամ ուղևորների կողմից օգտագործման համար նախատեսված այլ ապրանքներ, ինչպես նաև այլ առարկաներ, որոնք նախատեսված են կամ բացառապես օգտագործվում են համաձայնեցված հաղորդակցություններ իրականացնող տվյալ նշանակված ավիաընկերության կողմից օդանավի շահագործման կամ սպասարկման կապակցությամբ, ինչպես նաև տպագիր տոմսերը, ավիաուղիների հաշիվները, ցանկացած այլ տպագիր նյութերը, որոնք կրում են նշանակված ավիաընկերության տարբերանշանները, ինչպես նաև սովորական հրապարակային կամ գովազդային նյութերը, որոնք անվճար տրամադրվում են տվյալ նշանակված ավիաընկերության կողմից,

- նշված օրենքների և կանոնակարգերի կիրառման առումով նախապատվություն չտալ իր սեփական կամ ցանկացած այլ ավիաընկերությանը` Արաբական Միացյալ Էմիրությունների նշանակած ավիաընկերության նկատմամբ,

- Հայաստանի Հանրապետության տարածքով ուղիղ տարանցման մեջ գտնվող ուղևորներին, ուղեբեռը և բեռը, ներառյալ` փոստը, որոնք չեն լքում օդանավակայանի` այդպիսի նպատակների համար նախատեսված տարածքները, ենթարկել ոչ ավել, քան պարզեցված հսկողության` բացառությամբ անվտանգության, օդահենության, թմրամիջոցների հսկման նպատակներով և այլ հատուկ դեպքերում: Նման ուղեբեռը և բեռը, ներառյալ` փոստը, ազատել մաքսային տուրքերից, ակցիզային հարկերից և այլ նմանատիպ ազգային և/կամ տարածքային վճարներից,

- արտոնություն չտրամադրել, օգտագործողի վճարների մասով, նմանատիպ միջազգային օդային հաղորդակցություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության կամ որևէ այլ ավիաընկերության (ավիաընկերությունների), և չսահմանել կամ չթույլատրել սահմանելու օգտագործողի վճարներ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից նշանակված ավիաընկերության (ավիաընկերությունների) նկատմամբ, որոնք ավելի բարձր են այն վճարներից, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) նկատմամբ` նմանատիպ միջազգային օդային հաղորդակցություններ իրականացնելու համար` նմանատիպ օդանավ կամ հարակից ենթակառուցվածքներ և ծառայություններ օգտագործելիս,

- Արաբական Միացյալ Էմիրությունների խնդրանքի դեպքում, տրամադրել անհրաժեշտ ողջ օժանդակությունը` կանխելու համար քաղաքացիական օդանավերի անօրինական զավթման գործողությունները և նման օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք,

- Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխադարձ հարաբերություններում գործել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված և որպես 1944թ. դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի հավելվածներ սահմանված ավիացիոն անվտանգության վերաբերյալ դրույթներին համապատասխան` այնքանով, որքանով անվտանգության վերաբերյալ այդպիսի դրույթները կիրառելի են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների նկատմամբ,

- պահանջել, որպեսզի իր գրանցամատյաններում ընդգրկված` օդանավեր շահագործողները կամ այն օդանավեր շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ գտնվելու վայրն իր տարածքում է, և իր տարածքում տեղակայված օդանավակայաններ շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության վերաբերյալ այնպիսի դրույթներին համապատասխան, որոնք կիրառելի են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների նկատմամբ,

- ապահովել իր տարածքում` օդանավը պաշտպանելու, ուղևորներին, անձնակազմին և ձեռնածանրոցներն ստուգելու, նախքան բեռնումը կամ բեռնաթափումը` ուղեբեռի, բեռի, այդ թվում` փոստի, և օդանավի պաշարների համապատասխան զննումներ անցկացնելու նպատակով կիրառվող միջոցների արդյունավետությունը, նաև համաձայնել դրական արձագանքելու կոնկրետ սպառնալիքի առնչությամբ անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու` Արաբական Միացյալ Էմիրությունների ցանկացած խնդրանքի,

- աջակցել Արաբական Միացյալ Էմիրություններին` քաղաքացիական օդանավի անօրինական զավթման միջադեպ կամ միջադեպի սպառնալիք կամ այլ անօրինական գործողության դեպքում, որոնք ուղղված են այդպիսի օդանավի, դրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացության միջոցների անվտանգության դեմ` դյուրացնելով հաղորդակցությունն ու մյուս համապատասխան միջոցները, որոնք նախատեսված են հնարավորինս արագ, նվազագույնի հասցնելով կյանքի նկատմամբ վտանգը, նման միջադեպը կամ դրա սպառնալիքը կասեցնելու համար,

- ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կիրառելի կհամարվեն ապահովելու համար, որպեսզի Արաբական Միացյալ Էմիրությունների օդանավը, որը ենթարկվել է անօրինական զավթման գործողության կամ անօրինական միջամտության այլ գործողությունների, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում, կանգնեցվի այնտեղ, եթե դրա մեկնումն անհրաժեշտ չէ այդ օդանավի ուղևորների և անձնակազմի կյանքը պաշտպանելու գերակա պարտավորության մասով,

- Արաբական Միացյալ Էմիրությունների նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին տրամադրել իր տարածքում օդային փոխադրումների և առնչվող ցանկացած ծառայությունների վաճառքի կապակցությամբ ծախսերի նկատմամբ եկամուտների ավելցուկը և այդպիսի եկամուտների վրա գոյացած առևտրային տոկոսները (ներառյալ փոխանցմանն սպասող ավանդներից գոյացած տոկոսները) ազատորեն փոխանցելու իրավունք,

- Արաբական Միացյալ Էմիրությունների նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից հաղորդակցությունների համար կիրառվող սակագինը հաստատել ողջամիտ մակարդակով, պատշաճ ուշադրություն դարձնելով բոլոր համապատասխան գործոններին, ներառյալ` օգտվողների շահերը, շահագործման արժեքը, հաղորդակցությունների բնույթը, միջնորդավճարների դրույքաչափերը, ողջամիտ շահույթը, մյուս ավիաընկերությունների սակագները և շուկայում առկա այլ առևտրային նկատառումները,

- Արաբական Միացյալ Էմիրությունների ավիացիոն իշխանությունների խնդրանքի դեպքում տրամադրել այնպիսի` պարբերական կամ համանման այլ վիճակագրական տվյալներ, որոնք կարող են արդարացիորեն պահանջվել,

- պարբերաբար խորհրդակցել Արաբական Միացյալ Էմիրությունների Ավիացիոն իշխանությունների հետ` Համաձայնագրի դրույթների իրականացումը և բավարար համապատասխանեցումն ապահովելու նպատակով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննության առնվող Համաձայնագրի առարկան համահունչ է ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածից բխող` Հայաստանի Հանրապետության ձգտմանը` բոլոր պետությունների հետ իր հարաբերությունները կառուցել բարիդրացիության և համագործակցության սկզբունքի հիման վրա:

Սահմանադրական դատարանը նպատակահարմար է գտնում նշել, որ Համաձայնագրի բնօրինակ հանդիսացող հայերեն տեքստի 7-րդ հոդվածում տեղ է գտել հասկացութային անճշտություն` «օդահենություն» եզրույթի փոխարեն օգտագործվում է «օդային ծովահենություն»:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2012 թվականի նոյեմբերի 20-ին Աբու Դաբիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև միմյանց համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

20 մայիսի 2013 թվականի

ՍԴՈ-1097

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
20.05.2013
N ՍԴՈ-1097
Որոշում