Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 85-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0103/04/11

    դատարանի որոշում                                               2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0103/04/11

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Սահակյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.08.2012 թվականի որոշման դեմ` «Իվ-Տրանս» ՍՊԸ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.01.2012 թվականի վճռով «Իվ-Տրանս» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:

«Իվ-Տրանս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու, պարտատերերի առաջին ժողով նշանակելու և պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգի մասին հայտարարություն է հրապարակվել «Նովոյե Վրեմյա» թերթի 04.02.2012 թվականի համարում:

«Իվ-Տրանս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը 15.03.2012 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել իր կողմից կազմված պարտատերերի պահանջների նախնական ցուցակը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր` Կ.Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 27.04.2012 թվականի որոշմամբ հաստատել է «Իվ-Տրանս» ՍՊԸ-ի պահանջների վերջնական ցուցակը` ըստ հետևյալ առաջնահերթության.

1. ՀՀ պետական բյուջե (դատական ծախս) 500.000 ՀՀ դրամ` որպես չապահովված «դ» հերթ,

2. Վարդուհի Յայլոյան` 1.168.370 ՀՀ դրամ` որպես չապահովված «գ» հերթ,

3. Արփենիկ Մովսիսյան` 1.096.204 ՀՀ դրամ` որպես չապահովված «գ» հերթ,

4. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչություն` 15.042.653 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

5. «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամ` 21.495.960 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

6. «Արաքս» ԲԲԸ` 47.331.586 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

7. «Պիգ Բադ» ՍՊԸ` 43.567.000 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

8. «Ինգլիշ թրեյդ հաուզ» ՍՊԸ` 1.077.952,4 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

9. «Մոսէսքո» ՍՊԸ` 6.866.547 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

10. «Ֆուրնիվուդ» ՍՊԸ` 64.079.035 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

11. «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերություն` 1.633.548,73 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

12. Վարդուհի Յայլոյան` 1.126.171 ՀՀ դրամ` որպես չապահովված «ը» հերթ,

13. Արփենիկ Մովսիսյան` 1.214.816 ՀՀ դրամ` որպես ստորադաս չապահովված «ը» հերթ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.08.2012 թվականի որոշմամբ «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է` «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը 1.633.548,73 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով ընդգրկվել է «Իվ-Տրանս» ՍՊԸ-ի` սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակի ստորադաս չապահովված «ը» հերթում:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Արաքս» ԲԲԸ-ն:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել նույն օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իվ-Տրանս» ՍՊԸ-ի սնանկության մասին հայտարարությունը սնանկության կառավարչի կողմից հրապարակվել է «Նովոյե Վրեմյա» թերթի 04.02.2012 թվականի համարում, պարտատերերի կողմից պահանջները պետք է Դատարան ներկայացվեին մինչև 04.03.2012 թվականը: «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը պարտապանի նկատմամբ իր պահանջները ներկայացրել է Դատարան 04.04.2012 թվականին` միաժամանակ միջնորդելով հարգելի համարել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու հանգամանքը: Միջնորդության հիմքում դրվել է երկու հանգամանք` նախ այն, որ այդ ընթացքում «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը գտնվել է իրավական պաշտպանության ներքո և իրականացրել է «Իվ-Տրանս» ՍՊԸ-ի կողմից իր խախտված իրավունքների դատական պաշտպանությունը մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում և ապա` «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության պահանջների հիմքում ընկած ապացույցները գտնվել են Ավստրիայի Հանրապետությունում և դրանց ձեռքբերման, պատշաճ կերպով դատարան ներկայացնելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվել: Սակայն Վերաքննիչ դատարանը նշված պատճառաբանությունը համարել է անհիմն` գտնելով, որ ընկերությունը կարող էր իր պահանջները ներկայացնել ժամանակին, իսկ դրանց հիմքում ընկած հիմնավորող ապացույցները ներկայացնել լրացուցիչ կարգով: Մինչդեռ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը նախատեսում է, որ պահանջը պետք է ներկայացվի այն հիմնավորող հանգամանքների հետ 3 օրինակից: Բացի այդ, նման պահանջի դեմ բնականաբար կլինեին այլ պահանջատերերի առարկությունները, որի դեպքում Դատարանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, պարտավոր կլիներ հրավիրել նիստ և քննարկել պահանջի օրինականությունը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և այլն:

Հարկ է ավելացնել նաև, որ ոչ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և ոչ էլ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով չի նախատեսվում ոչ միայն դատավարական ժամկետները բաց թողնելու հարգելի պատճառների սպառիչ, այլ նույնիսկ ոչ սպառիչ ցանկ: Այսինքն` դատավարական ժամկետները բաց թողնելու այս կամ այն պատճառը, կոնկրետ գործի հիմքում ընկած հանգամանքներից ելնելով, կարող է գնահատվել որպես հարգելի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.08.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.04.2012 թվականի որոշմանը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սնանկության գործի շրջանակներում սնանկ ճանաչված պարտապանի հանդեպ իր պահանջը կարող է ներկայացնել ցանկացած անձ` ներկայացնելով իր պահանջը հիմնավորող համապատասխան հիմքերը, անկախ որևէ դատական ակտի առկայությունից, քանի որ անձանց միջև պարտավորության լինել չլինելու փաստի հաստատումը պարտադիր դատական միջամտություն չի պահանջում, և դրա առկայության հիմքում կարող են դրվել այլ փաստաթղթեր և ոչ թե միայն դատական ակտ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով միջնորդության հիմքում դրված մյուս հանգամանքին, ըստ որի` պահանջը հիմնավորող ապացույցները գտնվել են Ավստրիայի Հանրապետությունում, որոնց ձեռքբերման և պատշաճ կերպով դատարան ներկայացնելու համար երկար ժամանակ է պահանջվել, այս դեպքում ևս հանգել է իրավաչափ եզրահանգման` նշելով, որ «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը կարող էր ժամանակին ներկայացնել պահանջը, իսկ այն հիմնավորող ապացույցները կարող էր ներկայացնել լրացուցիչ կարգով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.01.2012 թվականի վճռով «Իվ-Տրանս» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 85-90):

2. «Իվ-Տրանս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու, պարտատերերի առաջին ժողով նշանակելու և պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգի մասին հայտարարություն է հրապարակվել «Նովոյե Վրեմյա» թերթի 04.02.2012 թվականի համարում: Այսինքն` սույն գործով պահանջները ներկայացնելու ժամկետը հաշվվել է 2012 թվականի փետրվարի 4-ից մինչև 2012 թվականի մարտի 4-ն ընկած ժամանակահատվածը (հատոր 1-ին, գ.թ. 122):

3. Պահանջատեր «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը 04.04.2012 թվականին սնանկ ճանաչված «Իվ-Տրանս» ՍՊԸ-ի նկատմամբ ներկայացրել է 1.034.214,29 եվրոյին համարժեք ՀՀ դրամի պահանջ` միաժամանակ խնդրելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը (հատոր 3-րդ, գ.թ. 1-10, հատոր 4-րդ, գ.թ. 1-8):

Այնուհետև «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը 13.04.2012 թվականին ներկայացրել է «պահանջի լրացում», որը սկզբնական պահանջի հետ մեկտեղ կազմել է 1.633.548,73 եվրոյին համարժեք ՀՀ դրամ (հատոր 4-րդ, գ.թ. 1-6):

4. Ըստ հայցի «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության ընդդեմ «Իվ-Տրանս» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման, ֆինանսական վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու և վարձակալած գույքը վերադարձնելուն հարկադրելու պահանջների մասին թիվ ԵԿԴ/0726/02/11 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2011 թվականի վճռով վճռվել է «Իվ-Տրանս» ՍՊԸ-ից հօգուտ «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության բռնագանձել 612.523,44 եվրո` որպես 17.05.2011 թվականի դրությամբ պայմանագրերով վճարման ենթակա, սակայն չվճարված վարձավճարի գումար, ինչպես նաև 99.816,08 եվրո` որպես 17.05.2011 թվականի դրությամբ պայմանագրերով վճարման ենթակա, սակայն չվճարված տույժի գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2012 թվականի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք չի բերվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկային, պարտադիր այլ վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների, բավարարվում են «է» հերթում, իսկ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները, համաձայն նույն օրենքի 83-րդ հոդվածի, բավարարվում են «ը» հերթում:

Նույն օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատավորը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կառավարչին, պարտապանին, պարտատերերին ծանուցում է պատշաճ կարգով: Պատճառների հարգելիության և պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում դատարան չներկայացված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ և կարող են բավարարվել օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետում` բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառները համարում է հարգելի: Միայն այս դեպքում սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Ընդ որում, օրենսդիրն ուղղակիորեն նախատեսել է գործը քննող դատարանի` պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու համար դատական նիստ հրավիրելու և պատճառների հարգելիության քննարկման արդյունքում որոշում կայացնելու պարտականությունը:

Սույն գործով «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը պարտապանի նկատմամբ իր պահանջները Դատարան է ներկայացրել 04.04.2012 թվականին` միաժամանակ միջնորդելով հարգելի համարել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառները: Միջնորդությունը հիմնավորել է երկու հանգամանքով: Առաջինն այն է, որ այդ ժամանակաընթացքում «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը «Իվ-Տրանս» ՍՊԸ-ի հետ գտնվել է մեկ այլ քաղաքացիական գործով դատական գործընթացի մեջ, որը վերջնականապես ավարտվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2012 թվականի որոշմամբ: Սահմանված ժամկետը բաց թողնելու հաջորդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ պահանջը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը, պայմանագրերը գտնվել են Ավստրիայի Հանրապետությունում, որոնք սահմանված կարգով դատարան ներկայացնելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվել:

Դատարանը հարգելի է համարել «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության միջնորդությունը` պահանջը դատարան ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու մասին` պատճառաբանելով, որ սահմանված ժամկետը բաց թողնելը պայմանավորված էր վերջինիս կողմից իր խախտված իրավունքները վերականգնելու համար դատական պաշտպանության պրոցեսում գտնվելով, որով վերջնական դատական ակտ կայացվել է 22.02.2012 թվականին: Արդյունքում դատարանն ընկերությանը գրանցել է «Իվ-Տրանս» ՍՊԸ-ի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում 1.633.548,73 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով` որպես չապահովված «է» հերթի պահանջ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության միջնորդությունը համարել է անհիմն` պատճառաբանելով, որ վերջինս պահանջ ներկայացնելու հնարավորություն ունեցել է նաև առանց մեկ այլ դատարանի կողմից պահանջը հաստատելու վերաբերյալ վճռի առկայության: Ընկերությունն ուներ իր պահանջը հիմնավորող համապատասխան պայմանագրեր և այլ փաստաթղթեր, որոնք կարող էր դատարան ներկայացնել ժամանակին ներկայացված պահանջի հետ մեկտեղ: Ինչ վերաբերում է պահանջը հիմնավորող մնացած ապացույցների` Ավստրիայի Հանրապետությունում գտնվելու հանգամանքին, ապա այս մասով Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ ընկերությունը կարող էր իր պահանջները ներկայացնել ժամանակին, իսկ դրանց հիմքում ընկած հիմնավորող ապացույցները ներկայացնել լրացուցիչ կարգով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե ինչպիսի պայմաններում և ինչպիսի հանգամանքների առկայության դեպքում են հիմքեր առաջանում հարգելի համարելու սնանկ ճանաչված պարտապանին պահանջ ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ բոլոր դեպքերում բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Դա բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր դատական վեճ ունի իր առանձնահատկությունները և յուրաքանչյուր դեպքում ելնելով կոնկրետ հանգամանքներից` օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու հիմքերն էապես կարող են տարբերվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց պարագայում: Ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները:

Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատական պրոցեսին մասնակցելը կամ պահանջը և այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելը: Ընդ որում, եթե մի դեպքում նշված հանգամանքը ֆիզիկական անձանց պարագայում կարող է դիտվել հարգելի, ապա իրավաբանական անձանց դեպքում կարող է հարգելի չհամարվել: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու հնարավորությունից երկարատև հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով, ինչն օբյեկտիվորեն հարգելի ճանաչելու հիմք է, ապա նույն հիմքը չի կարող կիրառվել իրավաբանական անձի (տնօրենի կամ գործադիր մարմնի ղեկավարի) նկատմամբ:

Վերոգրյալն ի մի բերելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ թե՛ ֆիզիկական անձը և թե՛ իրավաբանական անձը պարտավոր են ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել են իրենցից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատական պրոցեսին մասնակցելու, պահանջը և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սնանկության վարույթի այն առանձնահատկությունը, որ մեկ պահանջատիրոջ շահը մշտապես առնչվում է այլ պահանջատերերի շահերին, վերջիններիս իրավունքների պաշտպանության տեսանկյունից հարկ է համարում նշել, որ բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու սահմանները չպետք է շատ լայն լինեն: Մասնավորապես ողջամիտ կարող է համարվել սահմանված ժամկետում պահանջը ներկայացնելուն խանգարող համապատասխան խոչընդոտները վերանալուց հետո բացառապես մեկամսյա ժամկետում պահանջը ներկայացնելը` նշված խոչընդոտի առաջացման և ավարտի պահը հավաստող համապատասխան հիմնավորումներով:

Հիմք ընդունելով վերոնշյալ վերլուծությունները և սույն գործի փաստերի հետ համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության` ժամկետը բաց թողնելու վերաբերյալ փաստարկն առ այն, որ ընկերությունը գտնվել է իրավական պաշտպանության ներքո և իրականացրել է «Իվ-Տրանս» ՍՊԸ-ի կողմից իր խախտված իրավունքների դատական պաշտպանությունը թիվ ԵԿԴ/0726/02/11 քաղաքացիական գործով, հիմնավոր է, քանի որ կողմերի միջև արդեն իսկ առկա էր նյութաիրավական վեճ, որը չէր կարող լուծվել սնանկության վարույթում: Ինչ վերաբերում է սույն գործով «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության վկայակոչած փաստարկին, համաձայն որի` օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում հնարավոր չէր ներկայացնել պահանջը` այն հիմնավորող փաստաթղթերն Ավստրիայի Հանրապետությունում գտնվելու պատճառով, ապա Վճռաբեկ դատարանն այն համարում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ. սույն գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը պահանջները ներկայացնելու համար սահմանված մեկամսյա ժամկետում միջոցներ է ձեռնարկել, ակտիվ գործողությունների է դիմել անհրաժեշտ փաստաթղթերը թարգմանելու և Ավստրիայից Հայաստան առաքելու ուղղությամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է բեկանել մասնակի` թիվ ԵԿԴ/0726/02/11 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2011 թվականի վճռով հաստատված գումարի չափով (712.339,52 եվրոյին համարժեք ՀՀ դրամ) «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության պահանջը «ը» հերթում գրանցելու մասով, և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի որոշմանը, իսկ մնացած մասով Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ.

«Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության կողմից 04.04.2012 թվականին ներկայացված 1.034.214,29 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով պահանջը, ըստ էության, բաղկացած է երկու ինքնուրույն մասից. առաջինը կազմում է թիվ ԵԿԴ/0726/02/11 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2011 թվականի վճռով հաստատված 712.339,52 եվրոյին համարժեք ՀՀ դրամի պահանջը, իսկ մնացածը` կողմերի միջև կնքված թվով հինգ առուվաճառքի պայմանագրերից բխող պարտապանի կողմից ոչ պատշաճ կատարած դրամական պարտավորության գումարն է և դրանց նկատմամբ հաշվեգրված տույժերը: Վճռաբեկ դատարանն արդեն վերոշարադրյալով բավարար է համարել թիվ ԵԿԴ/0726/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռով հաստատված 712.339,52 եվրոյին համարժեք ՀՀ դրամի պահանջը ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ հիմնավորումները: Մինչդեռ մնացած` 321.874,77 եվրոյի մասով պահանջը ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը հարգելի չի կարող համարվել, քանի որ այն ներկայացվել է սահմանված մեկամսյա ժամկետի ավարտից հետո, և առկա չեն բավարար հիմնավորումներ բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու համար:

Ինչ վերաբերում է «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության կողմից 13.04.2012 թվականին ներկայացված պահանջին, որը կազմում է 599.334,44 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն իրականում ոչ թե ընկերության կողմից ներկայացված սկզբնական պահանջի լրացում է, այլ ըստ էության` ինքնուրույն պահանջ: Նշված պահանջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա հիմքում ընկած պայմանագրերն այլ են` թվով հինգ լիզինգի պայմանագրեր, ուստի պարտապանի կողմից դրանց ոչ պատշաճ կատարման համար առաջացած դրամական պարտավորություններից ու տույժերից գոյացած պահանջը ևս համարվում է ինքնուրույն պահանջ:

Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սնանկության վարույթի բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում է արդեն իսկ ներկայացված սկզբնական պահանջի լրացում, ապա ժամկետը բաց թողնելու, առավել ևս այն հարգելի ճանաչելու վերաբերյալ խնդիր չի առաջանում: Իսկ այն դեպքում, երբ ներկայացված պահանջը, ըստ էության, իրենից ինքնուրույն պահանջ է ներկայացնում, այսինքն` բխում է այլ հիմքերից, քան առաջինը, դրանց առաջացման աղբյուրները տարբեր են, ապա նման դեպքերում այն համարվում է նոր պահանջ, հետևաբար այն պետք է բավարարի այն նույն պայմաններին, ինչ առաջին անգամ ներկայացված պահանջը: Այսինքն` նման դեպքերում առաջանում է պահանջը ներկայացնելու համար սահմանված մեկամսյա ժամկետը պահպանելու, իսկ այն չպահպանելու դեպքում` բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու պահանջատիրոջ պարտականությունը:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով, գալիս է այն եզրահանգման, որ «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության կողմից 13.04.2012 թվականին ներկայացված 599.334,44 եվրոյին համարժեք ՀՀ դրամի պահանջը չի համարվում 04.04.2012 թվականին ներկայացված պահանջի լրացում, այն ինքնուրույն պահանջ է, որը ներկայացվել է սահմանված ժամկետի ավարտից հետո, և բացակայում է միջնորդություն բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու մասին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.08.2012 թվականի որոշման` 712.339,52 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության պահանջը «ը» հերթում ընդգրկելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2012 թվականի որոշմանը: Մնացած մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.08.2012 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.10.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ԵԿԴ/0103/04/11
Որոշում