Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ԵՎ 10...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ԵՎ 1058-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3058/02/11

    դատարանի որոշում                                              2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3058/02/11

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Գ. Հակոբյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.11.2012 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) հայցի ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի`վնասը հատուցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Վալենտինա Մկրտչյանից բռնագանձել 656.400 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնաս:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 02.08.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.11.2012 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.08.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ և 5-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն ու անտեսել է, որ հայց հարուցելիս Դատախազությունը ղեկավարվել է ոչ թե «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, այլ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով սահմանված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազության լիազորությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով Վալենտինա Մկրտչյանի անօրինական գործողությունների և պետությանը պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը հիմնավորելու նպատակով Դատարան ներկայացված ապացույցները, այդ թվում նաև` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում Վալենտինա Մկրտչյանի տված բացատրությունը և քրեական գործի հարուցումը մերժելու մասին չբողոքարկված որոշումը, նշել է, որ Դատախազությունն այդպիսիք չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վալենտինա Մկրտչյանը Դատարան չի ներկայացրել իր մեղքի բացակայությունը հիմնավորող ապացույցներ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.11.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ Ռ. Սարգսյանը, պարզելով, որ «Բի Թու Բի Էմ Էլ Ինֆո» ՍՊԸ-ն (այսուհետ` Ընկերություն), որի տնօրենն է հանդիսացել Վալենտինա Մկրտչյանը, 01.01.2009 թվականից չհանդիսանալով ԱԱՀ վճարող, դուրս է գրել հարկային հաշիվներ, որի հետևանքով նախնական հաշվարկի համաձայն 11.08.2010 թվականի դրությամբ առաջացել են 656.400 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություններ, և որ նշված գումարը չի գերազանցում օրենսդրությամբ նախատեսված 2.000.000 ՀՀ դրամը, 20.08.2010 թվականին որոշում է կայացրել Ընկերության տնօրեն Վալենտինա Մկրտչյանի վերաբերյալ նախապատրաստած նյութերով քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ մերժելու մասին (գ.թ. 10, 11).

2) ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/1445/05/10 վարչական գործով 17.08.2010 թվականին կայացված վճռով բավարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի 1 հարկային տեսչության հայցն ընդդեմ Ընկերության, և վճռվել է Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի գանձել 562.600 ՀՀ դրամ գումար` որպես 09.03.2010 թվականի դրությամբ հարկային և պարտադիր վճարների գծով համապատասխան պարտավորությունների հանրագումար: Նշված վճռով ՀՀ վարչական դատարանն Ընկերության կողմից հայցադիմումի պատասխան չներկայացնելը գնահատել է որպես հայցվորի վկայակոչած` հարկային պարտավորությունների առկայության մասին փաստի ընդունում (գ.թ. 71-74):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկային պարտավորությունները տնտեսվարող սուբյեկտի տնօրենից (գործադիր մարմնի ղեկավարից) բռնագանձելու պահանջի իրավաչափության հարցին` հաշվի առնելով նման գործերով դատական պրակտիկայի միասնականության ապահովումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին: Մասնավորապես վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը(ի թիվս այլոց տե՛ս Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերը նշված դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես, դատարանները նախ և առաջ պետք է որոշեն այն իրավական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը:

Վնասի հատուցման գործերով փաստերի իրավական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական, ինչպես նաև դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումներից հետևում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.

- ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),

- վնաս պատճառող անձի առկայությունը,

- պատճառված վնասի առկայությունը,

- վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,

- պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև:

 

Պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելը

ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն`դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե`

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ

3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ

4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ

5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:

i

ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված պետական շահերի պաշտպանության իրավասությունը կոնկրետացվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածում, որտեղ ամրագրված են դատախազության այն լիազորությունները, որոնցով իրականացվելու է պետական շահերի պաշտպանությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական շահերի պաշտպանության իրականացումը կախված լիազորությունների բովանդակությունից, ունի իրականացման տարբեր մեխանիզմներ: Այսպես, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազությունն օգտվում է դատավարական այն իրավունքներից և կրում է այն պարտականությունները, որոնք ունենալու էր պետական այն մարմինը ով հայց ներկայացնելու պարտականություն ուներ: Հետևաբար դատախազությունը զրկված չէ վարչական դատավարության կարգով տնտեսվարող սուբյեկտի դեմ հարկային պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու հայց ներկայացնելու հնարավորությունից, եթե պետական իրավասու մարմինը ցուցաբերում է անգործություն կամ դիմել է դատախազությանը նման հայց ներկայացնելու միջնորդությամբ:

Վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ամրագրված դատախազության լիազորությունը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ հայց հարուցելու լիազորությամբ օժտված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին: Նշված դրույթի օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ դատախազության` հայց հարուցելու դատավարական պարտականության իրացման նախապայման է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` հայց հարուցելու լիազորության բացակայությունը: Նշված կանոնակարգումը քննարկելով չվճարված հարկային պարտավորությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը բռնագանձելու հարցի համատեքստում, նախ անհրաժեշտ է որոշել, թե արդյոք կոնկրետ վիճելի իրավահարաբերության առկայության պարագայում բացակայում է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` հայց հարուցելու լիազորությունը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործի կարճման պարագայում, արարքի` որպես հանցագործության վերաբերյալ խոսք լինել չի կարող, մինչդեռ քաղաքացիաիրավական հարաբերությունը (վնաս պատճառելու հիմքով ծագող հարաբերությունը), որի ծագման պայմանները կարող են համընկնել քրեական պատասխանատվության ծագման պայմանների հետ, շարունակում է գոյություն ունենալ: Նման իրավիճակում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից բռնագանձելու պահանջ ներկայացնելու լիազորությամբ որևէ պետական մարմին օժտված չէ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված է դատախազության լիազորությունը հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու հայց ներկայացնելու մասին, որպիսի լիազորության իրականացումը պայմանավորված է երկու փաստերի առկայությամբ`

1) հանցանքի կատարում, որը կարող է հաստատվել միակ թույլատրելի ապացույցով, այն է` օրինական ուժի մեջ մտած դատավճռով և

2) հանցանքի արդյունքում պետությանը պատճառված գույքային վնաս:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հարկերի և (կամ) տուրքերի չվճարման կամ պակաս վճարման համար դատախազությունը գործում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված լիազորությունների շրջանակում, ապա հայցապահանջը պետք է վերաբերի կոնկրետ տնտեսվարող սուբյեկտին հարկային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելուն: Մինչդեռ չվճարված հարկերը կամ տուրքերը, որպես պետությանը պատճառված վնաս գանձելու համար կարող է առկա լինել ինչպես հանցագործություն կատարելու փաստը և վնաս պատճառելը («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այնպես էլ առանց հանցագործության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի առկայության վնաս պատճառելը և համապատասխան լիազոր մարմնի բացակայությունը կամ այդպիսի մարմնի մոտ համապատասխան լիազորության բացակայությունը: Ընդ որում, նշված դեպքում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, ում լիազորությունների շրջանակում է եղել հարկային հաշվետվությունների ներկայացումը, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու արդյունքում պետությունը կրել է գույքային կորուստ:

Համադրելով վերոնշյալ հոդվածները չվճարված հարկերը կամ տուրքերը, որպես պետությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ մեկնաբանության հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայցը դատախազությունը կարող է ներկայացնել քրեական գործի դատավարության ընթացքում քաղաքացիական հայցի ձևով կամ քաղաքացիական դատավարության կարգով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասի հատուցման հայցը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի դեմ, ում լիազորությունն է հարկային հաշվետվությունների ներկայացումը, անհրաժեշտ է ապացուցել տվյալ անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության կատարած լինելու փաստի առկայությունը, որպիսին հիմնավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված ապացույցներով:

Վերոնշյալ եզրահանգումների համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Մասնավորապես, Եվրոպական դատարանը նշել է, որ չնայած քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմանների հետ, այդուհանդերձ քաղաքացիաիրավական հայցը պետք է լուծվի քաղաքացիական պարտավորական իրավունքի սկզբունքների հիման վրա: Քրեական գործով իրականացված դատավարության արդյունքը որոշիչ չէ վնասի հատուցման վերաբերյալ գործով: Տուժողն իրավունք ունի պահանջել վնասների հատուցում անկախ այն հանգամանքից պատասխանողը դատապարտվել է, թե` արդարացվել, և փոխհատուցման հարցը պետք է դառնա իրավական ինքնուրույն գնահատման առարկա, որի պարագայում ապացուցման չափորոշիչներն էականորեն տարբերվում են քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերից: Դատարանի կարծիքով այն, որ միևնույն արարքը կարող է առաջացնել քրեական գործի հետ նույնական (ընդհանուր) հանգամանքներից (փաստերից) բխող վնասը հատուցելու քաղաքացիաիրավական պարտականություն, բավարար հիմքեր չի ստեղծում անձի նկատմամբ կիրառված քաղաքացիաիրավական պատասխանատվությունը դիտել նաև «քրեական պատիժ»(տե՛ս Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործով Եվրոպական դատարանի 11.02.2003 թվականի վճիռը, պարբ. 38):

Միաժամանակ, հաշվի առնելով նմանատիպ գործերի քննության ընթացքում առկա իրավակարգավորման առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ համաներում կիրառելու, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հիմքով ազատելու պարագայում, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-145-Ն և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ ՀՕ-214-Ն օրենքով կատարված փոփոխություններից հետո նշված գումարների վճարված լինելը պարզելու հարցը քրեական վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից` օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով հատկապես նախատեսված դեպքերում ազատվելու պայմանը կոնկրետացված է նույն օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասում, որի համաձայն (մինչև 2013 թվականի փետրվարի 5-ի դրությամբ գործող ինկորպորացիայով)` սույն օրենսգրքի 188-րդ, 189-րդ, 193-րդ, 194-րդ, 205-րդ և 206-րդ հոդվածներով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Օրենսդրական գործող կարգավորումը հնարավոր է համարում նաև չվճարված կամ պակաս վճարված հարկերն ու տուրքերը գանձելու հարցին անդրադառնալու հնարավորություն մինչև համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդումը չիրականացնելու, կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն`քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե ընդունվել է համաներման ակտ:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

Վերոգրյալը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում դրանք տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից որպես պետությանը պատճառված վնաս քաղաքացիական հայց հարուցելու միջոցով կարող են գանձվել մինչև ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում վերը նշված փոփոխությունների կատարումն իրականացված հակաիրավական արարքների արդյունքում պատճառված վնասի համար, քանի որ նշված փոփոխություններից հետո համաներման ակտերի ընդունման և համաներում կիրառելու մասին որոշման առկայության կամ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ որոշման առկայության պարագայում գործում է պատճառված վնասի հատուցված լինելու կամ վնասի հետ կապված վեճի բացակայության կանխավարկածը: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև Գարիկ Ղազարյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը (տե՛ս Գարիկ Ղազարյանի վերաբերյալ թիվ ՏԴ/0088/01/11 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 30.03.2012 թվականի որոշումը):

Սույն հարցի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ իրավակիրառ պրակտիկայում քաղաքացիական գործերով տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանցից չվճարված կամ պակաս վճարված հարկերը և տուրքերը որպես պետությանը պատճառված վնաս քաղաքացիական հայց հարուցելու դատախազության լիազորությանը տրվող ոչ միանշանակ մեկնաբանություններին:

Դատախազության կողմից ներկայացված հայցերում և բողոքներում հիշատակվում են «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դրույթները, որոնցում ամրագրված են դատախազական մարմինների լիազորությունները պետական շահերի պաշտպանության հարցում: Նշված լիազորություններից յուրաքանչյուրը պայմանավորում է դատախազության` քրեական, քաղաքացիական կամ վարչական դատավարության կարգով հայց հարուցելու իրավասությունը: Այս առումով լիազորություններն ամրագրող կոնկրետ դրույթների հիշատակումը հայցում կամ բողոքում չեն կարող դիտվել որպես հայցի հիմք (իրավական հիմք), քանի որ հայցի հիմքը նյութական իրավունքի այն նորմն է, որի վրա հիմնվում է ներկայացված պահանջը: Հաշվի առնելով նմանատիպ գործերի առանձնահատկությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիշատակված հոդվածի դրույթների գնահատումը կարող է տեղի ունենալ պատշաճ հայցվորի հարցը քննարկելու համատեքստում: Հետևաբար, դատարանը պարտավոր է ստուգել դատախազության` պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իրավասության առկայությունը, անկախ նրանից նշվել է լիազորություններից մեկը, թե մյուսը կամ էլ որևէ մեկը չի նշվել:

Միաժամանակ, վերը նշված պատճառաբանությունները հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հնարավոր են դեպքեր, երբ միևնույն գումարը, տույժերի հետ միասին, բռնագանձվի նաև տնտեսվարող սուբյեկտից: Այդ նկատառումից ելնելով` Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով կրկնակի բռնագանձումը բացառելու համար հարկ է համարում արձանագրել, որ այդ գործերի քննության ընթացքում անհրաժեշտ է գնահատել այն հանգամանքը, թե արդյոք վեճի առարկա` պետությանը վճարման ենթակա հարկային պարտավորությունների, ինչպես նաև տույժերի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է բռնագանձման վճիռ, որը փաստացի կատարվել է (գումարը բռնագանձվել է տնտեսվարող սուբյեկտից): Նման դատական ակտի առկայությունը և այն կատարված լինելու հանգամանքն արգելք կհանդիսանա քաղաքացիական գործով հայցի բավարարման համար` անկախ կողմերի տարբերությունից, քանի որ սույն գործով վեճի առարկա` պետությանը պատճառված վնասները վարչական դատավարության կարգով քննվող գործի արդյունքում հատուցված լինելու պայմաններում սույն գործով ներկայացված պահանջը կդիտվի առարկայազուրկ, քանի որ կբացակայի պետությանը որևէ կերպ վնաս պատճառելու փաստը: Այսինքն` երկու տարբեր հայցերի դեպքում էլ նույն հիմքով առաջացած գումարները պետության օգտին կրկնակի բռնագանձելն ուղղակիորեն կենթադրի կրկնակի պատասխանատվություն կատարված արարքի համար: Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված ապացուցման և ապացույցները գնահատելու կանոններին համապատասխան դատարանները պետք է հաշվի առնեն հարուցված քաղաքացիական գործերին զուգահեռ քննվող վարչական գործերի առկայության կամ բացակայության փաստը, գումարի բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայությունը, ինչպես նաև այդ ակտերի փաստացի կատարված լինելը: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ այն դեպքերին, երբ տնտեսվարող սուբյեկտի կողմից վիճարկվել է հարկային մարմնի կողմից կազմված վարչական ակտի (ստուգման ակտի) իրավաչափությունը: Այս դեպքում ևս վարչական ակտի վիճարկման վերաբերյալ գործով հայցը բավարարելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, որպես կանոն, արգելք է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից գումարի բռնագանձման վերաբերյալ գործի քննության համար: Ընդ որում, նման դեպքում էլ անհրաժեշտ է գնահատել այն, թե արդյոք հայցի փաստական հիմքում դրվել է միայն ստուգման ակտը:

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Դատախազությունը, պատճառված վնասը հատուցելու, այն է` Վալենտինա Մկրտչյանից հօգուտ պետական բյուջեի 656.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջ ներկայացնելով, որպես իր հայցապահանջի հիմք վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները, ինչպես նաև ղեկավարվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, մինչդեռ հարկային հարաբերությունների նկատմամբ չեն կարող կիրառվել քաղաքացիաիրավական հարաբերությունները, այդ թվում` նաև պարտավորությունների և վնասի հատուցման հարաբերությունները կարգավորող քաղաքացիական օրենսդրության նորմերը, սույն գործով հայցագինը կազմող գումարն իրենից ներկայացնում է վճարման ենթակա, բայց չվճարված հարկի գումար, որի բռնագանձման հետ կապված հարաբերություններն ակնհայտորեն դուրս են քաղաքացիական իրավական հարաբերությունների շրջանակից, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները, մասնավորապես, այդ օրենսգրքի` հայցի իրավական հիմքում դրված 17-րդ և 1058-րդ հոդվածները դրանց նկատմամբ կիրառելի չեն` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետի: Վերաքննիչ դատարանը եկել է այն հետևության, որ սույն դեպքի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների հիմքով չվճարված հարկային պարտավորությունների բռնագանձումը հնարավոր է միայն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով հարուցված հայցի պայմաններում: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ինչպես իրավացիորեն եզրահանգել է Դատարանը, տվյալ դեպքում խոսքը չի կարող վերաբերել հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը գույքային վնաս պատճառված լինելուն, քանի որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի ավագ հետաքննիչ Ռ.Սարգսյանի 20.08.2010 թվականի որոշմամբ մերժվել է Ընկերության տնօրեն Վալենտինա Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործի հարուցումը, քանի որ հարկի գումարը չի գերազանցել օրենսդրությամբ նախատեսված 2.000.000 ՀՀ դրամը, ուստի Վալենտինա Մկրտչյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ անկախ Դատախազության կողմից «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքի կամ հիմքերի վկայակոչումից, դրանք պետք է գնահատվեին դատախազության` պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասության համատեքստում:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ Ռ. Սարգսյանը, պարզելով, որ Ընկերությունը, որի տնօրենն է հանդիսացել Վալենտինա Մկրտչյանը, 01.01.2009 թվականից չհանդիսանալով ԱԱՀ վճարող, դուրս է գրել հարկային հաշիվներ, որի հետևանքով նախնական հաշվարկի համաձայն 11.08.2010 թվականի դրությամբ առաջացել են 656.400 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություններ, և որ նշված գումարը չի գերազանցում օրենսդրությամբ նախատեսված 2.000.000 ՀՀ դրամը, 20.08.2010 թվականին որոշում է կայացրել Ընկերության տնօրեն Վալենտինա Մկրտչյանի վերաբերյալ նախապատրաստած նյութերով քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ մերժելու մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա նշված ապացույցներով կարող է հաստատվել Վալենտինա Մկրտչյանի կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, որի դեպքում Դատախազությունն օրենքի ուժով իրավասու էր պետական շահերի պաշտպանության հայց հարուցել, որպիսի ապացույցներն էլ սակայն անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Դատարանում գործի քննության ընթացքում Վալենտինա Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/1445/05/10 վարչական գործով 17.08.2010 թվականին կայացված վճիռը` հայտնելով, որ այդ վճռով արդեն իսկ բռնագանձվել է 562.600 ՀՀ դրամը, այսինքն` Դատախազությունը տվյալ դեպքում նույն գումարը պահանջում է բռնագանձել Ընկերության տնօրենից: Մինչդեռ, ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը չեն անդրադարձել այդ հանգամանքին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված հիմնավորմանն անհրաժեշտ է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում, պարզելու համար, թե արդյոք սույն գործով հայցագինը ներառված է թիվ ՎԴ/1445/05/10 վարչական գործով կայացված վճռով բռնագանձման ենթակա գումարի մեջ, եթե այո, ապա արդյոք նշված դատական ակտը փաստացի կատարվել է, թե` ոչ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.11.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ԵԿԴ/3058/02/11
Որոշում