Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական      Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0023/02/12

    դատարանի որոշում                                           2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0023/02/12

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անուշ Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2012 թվականի որոշման դեմ` ըստ Անուշ Գևորգյանի հայցի ընդդեմ Լուսիկ Պետրոսյանի` հայրության փաստի հաստատման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անուշ Գևորգյանը պահանջել է դատական կարգով հաստատել 21.03.1972 թվականին ծնված Դավիթ Յուրիկի Մելիքյանի` որպես 01.06.2000 թվականին ծնված Նարեկ Դավիթի Գևորգյանի և 22.12.2004 թվականին ծնված Լուսինե Դավիթի Գևորգյանի նկատմամբ հայրության փաստը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Բ.Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 02.03.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է «Հաստատել այն փաստը, որ 21.03.1972 թ-ին ծնված Դավիթ Յուրիկի Մելիքյանը հանդիսանում է Անուշ Հրանտի Գևորգյանից 01.06.2000 թ-ին ծնված Նարեկ Դավիթի Գևորգյանի և 22.12.2004 թ-ին ծնված Լուսինե Դավիթի Գևորգյանի հայրը»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.05.2012 թվականի որոշմամբ Լուսիկ Պետրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 02.03.2012 թվականի վճիռը և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անուշ Գևորգյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածը, խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 53-րդ հոդվածները, ինչպես նաև առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, անտեսել է այն հանգամանքը, որ չնայած 1998 թվականից Անուշ Գևորգյանը և Դավիթ Յուրիկի Մելիքյանը գտնվել են չգրանցված ամուսնության մեջ, սակայն բնակվել են համատեղ Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի Հանրապետության Մայկոպ քաղաքում, որպիսի փաստը հաստատվում է զավակների ծննդյան վկայականներում ծնվելու վայրը և ամուսնու` Դավիթ Յուրիկի Մելիքյանի մահվան վկայականում մահվան վայրը նշված լինելու հիման վրա:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունում Անուշ Գևորգյանի և Դավիթ Յուրիկի Մելիքյանի ծնված երեք երեխաներից 27.06.1999 թվականին ծնված Գոռ Դավիթի Մելիքյանի հայրությունը Դավիթ Յուրիկի Մելիքյանը ճանաչել է, և ծննդյան վկայականում ծնողներ բաժնում որպես հայր նշված է վերջինիս տվյալները, իսկ 01.06.2000 թվականին ծնված Նարեկ Դավիթի Գևորգյանի և 22.12.2004 թվականին ծնված Լուսինե Դավիթի Գևորգյանի ծննդյան վկայականների ծնողներ բաժնում բացակայում է հոր մասին գրառումը, սակայն որպես հայրանուն նշվել է «Դավիթի»:

Վերաքննիչ դատարանն անտեսել է գործում առկա լուսանկարները, որոնց մեջ Անուշ Գևորգյանի ընտանիքն է` ամուսինը` Դավիթ Յուրիկի Մելիքյանը, իրենց զավակները, Գոռ Դավիթի Մելիքյանը, Նարեկ և Լուսինե Դավիթի Գևորգյանները, սկեսուրը` պատասխանող Լուսիկ Պետրոսյանը տարբեր միջոցառումներին տարբեր ժամանակներին, ինչը վկայում է, որ Դավիթ Յուրիկի Մելիքյանը` որպես իր զավակների հայր, կրել է պատասխանատվություն երեխաների դաստիարակության և զարգացման համար, հոգ է տարել նրանց մասին, Անուշ Գևորգյանը և Դավիթ Յուրիկի Մելիքյանը վարել են համատեղ տնտեսություն, իսկ պատասխանող Լուսիկ Պետրոսյանն իրազեկ է և հստակ գիտի, որ Գոռ Դավիթի Մելիքյանը, Նարեկ և Լուսինե Դավիթի Գևորգյաններն Անուշ Գևորգյանի և Դավիթ Յուրիկի Մելիքյանի զավակներն են, սակայն հրաժարվում է իր թոռներից` ժառանգական գույքը նրանց չտրամադրելու պատճառով:

Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Վարդուհի Ոսկանյանն ընդդեմ Քրիստինե, Նարինե, Վարդան Մանուկյանների թիվ ԵԷԴ/1325/02/09 գործով Վճռաբեկ դատարանի 01.10.2010 թվականի որոշմանը:

Բացի այդ, բողոք բերած անձը բողոքին կից ներկայացրել է նոտարական կարգով վավերացված 13.04.2012 թվականի վկաների հարցաքննության թիվ 01AA0108045 և թիվ 01AA0108046 արձանագրությունները, ըստ որոնց` Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի Հանրապետության Մայկոպ քաղաքի նոտարական տարածքի նոտարի կողմից իրականացվել է վկաներ Թամարա Վլադիմիրի Պարասկևովայի և Մարինե Գրիգորիի Մուրադյանի հարցաքննությունները, ովքեր հայտնել են, որ 1999-2011 թվականը եղել են քաղաքացի Դավիթ Մելիքյանի և Անուշ Գևորգյանի ընտանիքի ընկերները, ինչպես նաև շփվել ընտանիքներով: Դավիթ Մելիքյանի և Անուշ Գևորգյանի ընտանիքը բնակվել է խուտոր Գավերդովսկի Բեգովայա փողոց, տուն 1 հասցեում: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք երեխա` 27.06.1999 թվականին ծնված Գոռ Դավիթի Մելիքյան, 01.06.2000 թվականին ծնված Նարեկ Դավիթի Գևորգյան, 22.12.2004 թվականին ծնված Լուսինե Դավիթի Գևորգյան: Վերջիններիս ընտանիքին ճանաչում են շատ լավ կողմից: Միշտ մասնակցել են նրանց բոլոր ընտանեկան միջոցառումներին և առօրյայում տեսել են, թե ինչ ուշադիր և հոգատար է Դավիթ Մելիքյանն իր երեխաների նկատմամբ: Դավիթ Մելիքյանը լավ հայր է եղել, հոգատար է եղել և սիրել է իր երեխաներին, միշտ օգնել է Անուշ Գևորգյանին իրենց երեխաների դաստիարակությանը, նվերներ է գնել, շրջապատել են իրենց սիրով և հոգատարությամբ: Արտաքնապես երեխաները շատ նման են հորը: Նրանց ընտանիքում չեն լսել ոչ մի վեճի մասին, ինչ-որ խոսակցություններ այն մասին, որ նրանց ամուսնությունը գրանցված չէ, և երեխաները ծնվել են առանց ամուսնության մեջ գտնվելու: 2011 թվականի հուլիսին Դավիթ Մելիքյանը մահացել է, և Անուշ Գևորգյանն իր անչափահաս երեխաների հետ մեկնել է Հայաստանի Հանրապետություն:

Բողոք բերած անձը բողոքին կից ներկայացված նոտարական կարգով վավերացված 13.04.2012 թվականի վկաներ Թամարա Վլադիմիրի Պարասկևովայի և Մարինե Գրիգորիի Մուրադյանի հարցաքննության թիվ 01AA0108045 և թիվ 01AA0108046 արձանագրությունները խնդրել է համարել որպես սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքներ և դատական ակտը վերանայելու հիմք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.05.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.03.2012 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՔԿԱԳ Վանաձորի տարածքային բաժնի 01.02.2012 թվականի թիվ 73 գրության համաձայն` 21.03.1972 թվականին ծնված և 26.07.2011 թվականին մահացած Դավիթ Յուրիկի Մելիքյանի ամուսնության վերաբերյալ 1990-2011 թվականների արխիվում որևէ տվյալ չի հայտնաբերվել (գ.թ. 25):

2. 05.10.1999 թվականի թիվ I-ԱԳ 536154 ծննդյան վկայականի համաձայն` Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Լաբինսկ քաղաքում 27.06.1999 թվականին ծնված Գոռ Դավիթի Մելիքյանի ծնողներն են հայրը` Դավիթ Յուրիկի Մելիքյանը, և մայրը` Անուշ Հրանտի Գևորգյանը (գ.թ. 5):

3. 06.06.2000 թվականի թիվ I-Ա3 288339 ծննդյան վկայականի համաձայն` Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի Հանրապետության Մայկոպ քաղաքում 01.06.2000 թվականին ծնված Նարեկ Դավիթի Գևորգյանի ծնողներ բաժնում բացակայում է հոր մասին գրառումը, իսկ մայրը` Անուշ Հրանտի Գևորգյանն է (գ.թ. 6):

4. 09.06.2006 թվականի թիվ I-Ա3 549309 ծննդյան վկայականի համաձայն` Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի Հանրապետության Մայկոպ քաղաքում 22.12.2004 թվականին ծնված Լուսինե Դավիթի Գևորգյանի ծնողներ բաժնում բացակայում է հոր մասին գրառումը, իսկ մայրը` Անուշ Գևորգյանն է (գ.թ. 7):

5. 18.08.2011 թվականի թիվ ԱԲ-059579 մահվան վկայականի համաձայն` Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի Հանրապետության Մայկոպ քաղաքում սրտամկանի սուր ինֆարկտի պատճառով 26.07.2011 թվականին մահացել է Դավիթ Յուրիկի Մելիքյանը (գ.թ. 9):

6. Ըստ Անուշ Հրանտի Գևորգյանի հայտարարության` գործում առկա լուսանկարներում իր ընտանիքն է` ամուսինը` Դավիթ Յուրիկի Մելիքյանը, իրենց զավակները` Գոռ Դավիթի Մելիքյանը, Նարեկ և Լուսինե Դավիթի Գևորգյանները, սկեսուրը` պատասխանող Լուսիկ Պետրոսյանը, տարբեր միջոցառումներում (գ.թ. 39-43):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 25-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` մայրությունն ու մանկությունը հատուկ հոգածության և օժանդակության իրավունք ունեն: Ամուսնության մեջ կամ դրանից դուրս ծնված բոլոր երեխաներն օգտվում են սոցիալական միևնույն պաշտպանությունից:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն` երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք: Մասնակից պետություններն այդ իրավունքների իրականացումն ապահովում են իրենց ներպետական օրենսդրության և այս բնագավառում համապատասխան միջազգային փաստաթղթերով ստանձնած իրենց պարտավորությունների համաձայն, մասնավորապես այն դեպքում, եթե այլ կերպ երեխան քաղաքացիություն չունենա:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների` օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում` երեխայի հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա:

i

Նույն օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն` ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով` համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո` վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա: Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որն ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով` քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով:

Այսպիսով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 9-րդ գլխով ամրագրված է երեխաների սերման փաստի հաստատման հետևյալ դեպքերը` երեխայի սերման փաստի հաստատման (հոդված 35-րդ), հայրությունը դատական կարգով որոշելու (հոդված 36-րդ) և հայրության ճանաչման փաստի դատական հաստատման (հոդված 37-րդ):

Երեխաների սերման փաստի հաստատման յուրաքանչյուր դեպքի համար օրենսդիրը սահմանել է պայմաններ ինչպես միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց հետո կամ երեխայի մոր ամուսնու մահվան պահից երեք հարյուր օրվա ընթացքում երեխա ծնվելու դեպքում, այնպես էլ երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի դեպքում:

Հատկանշական է, որ ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում օրենսդիրը նախատեսել է նաև երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան պարագայում երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը հաստատելու պայման դատական կարգով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 36-րդ և 37-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում դատարանը պետք է հաշվի առնի ցանկացած ապացույց, որն ստույգ հաստատում է, որ իր կենդանության ժամանակ հոր կողմից ճանաչվել է երեխայի հայրությունը:

Այս առումով Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Վարդուհի Ոսկանյանն ընդդեմ Քրիստինե Մանուկյանի և այլոց թիվ ԵԷԴ/1325/02/09 քաղաքացիական գործով 2010 թվականի հոկտեմբերի 1-ին կայացրած որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, որ օրենսդիրը ծնողների և երեխաների միջև իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմք է դիտում օրենքով սահմանված կարգով կենդանության օրոք որպես երեխայի հայր հանդես գալու փաստը` սահմանելով երեխայի հայրության որոշման դատական կարգ: Ընդ որում, այդ դեպքում դատարանը պետք է հաշվի առնի ցանկացած ապացույց, որն ստույգ հաստատում է, որ իր կենդանության ժամանակ հոր կողմից ընդունվել է երեխայի հայրության ճանաչման փաստը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այդ տեղեկությունները հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերոգրյալ դատավարական նորմերից հետևում է, որ գործով ապացույցներ են օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնք հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ գործում իսպառ բացակայում են հայցվորի պահանջը հիմնավորող վերաբերելի և թույլատրելի ապացույցները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում երեխայի հայրության ճանաչման փաստի հաստատումը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցներով, այդ թվում ինչպես գործին մասնակցող անձանց և վկաների ցուցմունքներով, այնպես էլ այլ ապացույցներով, որոնք ուղղակիորեն իրենց վերաբերելիությամբ կարող են հաստատել այն, որ երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող մահացած Դավիթ Յուրիկի Մելիքյանն իր կենդանության ժամանակ իրեն ճանաչել է որպես Նարեկ և Լուսինե Դավիթի Գևորգյանների հայր ինչպես հարևանների, բարեկամների մոտ, այնպես էլ դպրոցում, բուժհաստատություններում և այլ միջավայրերում:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով երեխաների լավագույն շահերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտը բեկանելով և հայցը մերժելով, չի իրականացրել գործի քննությունը` ելնելով երեխաների լավագույն շահերից, ու բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել երեխաների հայրության ճանաչման փաստի հաստատմանն ուղղված ապացույցները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.07.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին, անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ԼԴ/0023/02/12
Որոշում