Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ              Վարչական գործ թիվ ՎԴ/0687/05/12

    դատարանի որոշում                                           2013 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0687/05/12

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Հ. Բեդևյան

                       Ա. Բաբայան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2012 թվականի որոշման դեմ` ըստ Եղիշե Հարությունյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 20.12.2011 թվականի թիվ 20/1-Հ-5132 վարչական ակտն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Եղիշե Հարությունյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 20.12.2011 թվականի թիվ 20/1-Հ-5132 վարչական ակտը և պարտավորեցնել Քաղաքապետարանին կայացնել իր համար բարենպաստ որոշում` Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 50 հասցեում գտնվող շինության նպատակային նշանակությունը հասարակականից արտադրականի փոխելու վերաբերյալ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ք. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 09.07.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.12.2012 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.07.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 55-րդ, 57-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 20.12.2011 թվականի թիվ 20/1-Հ-5132 գրությունը հանդիսանում է վարչական ակտ, անհիմն է, քանի որ նշված գրությունը կայացվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով վարչական մարմին չհանդիսացող անձի կողմից, ինչպես նաև այն նույն օրենքի 53-րդ հոդվածի իմաստով չի հանդիսանում Եղիշե Հարությունյանի դիմումի քննարկման արդյունքում կայացված վարչական ակտ:

 

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001 թվականի «Նորմատիվ-տեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» թիվ 82 հրամանով հաստատված թիվ ՇՆ և Կ 2.08.02-89 նորմերը, Քաղաքապետի 12.03.2011 թվականի թիվ 747-Ն որոշումը, որոնք պետք է կիրառեր, չպետք է կիրառեր ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 88 որոշումը, որը կիրառել է, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 22-րդ, 24-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 130-րդ, 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում գույքի գործառնական նշանակության փոփոխության հնարավորությունը պայմանավորված է թիվ ՇՆ և Կ 2.08.02-89 պահանջներին համապատասխանելու հետ, և Դատարանը պետք է որպես ապացուցման ենթակա փաստ դիտեր Եղիշե Հարությունյանի պահանջի առարկա հանդիսացող գույքի` նշված պահանջներին համապատասխանելու հանգամանքը: Այսինքն` Քաղաքապետին բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու համար Դատարանը պետք է ապացուցված համարեր, որ վճռի արդյունքում ակնկալվելիք բարենպաստ վարչական ակտը լինելու է իրավաչափ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը չի իրականացրել վերաքննիչ բողոքի լիարժեք քննություն, որի արդյունքում կայացված որոշմամբ Քաղաքապետարանը ծանրաբեռնվել է ոչ իրավաչափ պարտականությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.12.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 18.11.1999 թվականի «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 0103725 վկայականի համաձայն` Երևանի Հաղթանակ գյուղի (թաղամասի) 1-ին փողոցի թիվ 50 հասցեի նկատմամբ անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 5-3 մատյանի 000002 համարի տակ գրանցված է Եղիշե Հարությունյանի սեփականության իրավունքը: Նույն վկայականի «Շենքի տվյալները» բաժնում նպատակային նշանակությունը նշված է` հասարակական, օգտագործման նպատակը` լվացքատուն, ընդհանուր մակերեսը` 3.164,3 քմ (հատոր 1-ին, գ.թ. 42-47):

2) Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 21.10.2011 թվականի թիվ 18-08/1-Հ-5132 գրությամբ Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին հայտնվել է հետևյալը. «Դիմումը քննարկվել է վարչությունում և հաշվի առնելով անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 18.11.1999թ. հ.0103725 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 02.02.02թ. հ.88 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով` վարչությունը հնարավոր է գտնում Հաղթանակ գյուղի 1-ին փողոց հ.50 հասցեում գտնվող շինությունների տարածքներն առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես արտադրական (ՇՆ և Կ 2.08.02-89 պահանջներին չհակասելու պայմանով)» (հատոր 1-ին, գ.թ. 38):

3) Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 20.12.2011 թվականի թիվ 20/1-Հ-5132 գրությամբ Եղիշե Հարությունյանին հայտնվել է հետևյալը. «Երևանի քաղաքապետարան ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 18.11.1999թ. տրված հ.0103725 վկայականի` շենքերի, շինությունների նպատակային նշանակությունները գրանցված են որպես հասարակական նշանակության, իսկ գլխավոր մասնաշենքի օգտագործման նպատակը` լվացքատուն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շենքը նախատեսված է եղել և մասնավորեցվել է որպես լվացքատուն, ուստի գործառնական նշանակության փոփոխումն արտադրականի գտնում ենք ոչ նպատակահարմար» (հատոր 1-ին, գ.թ. 17):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

1) Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի առաջին հիմքի շրջանակներում անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե ինչպիսի պայմանների պետք է բավարարի վարչական մարմնի ստորաբաժանման կողմից տրված գրությունը, որպեսզի հանդիսանա վարչական ակտ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով վարչական մարմինները բնորոշվում են որպես Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ վարչարարությունը` որպես վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

i

Նույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ որևէ փաստաթուղթ որպես վարչարարության արդյունք հանդիսացող վարչական ակտ դիտելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վարչական ակտի բաղկացուցիչ մասերը կազմող տարրերի միաժամանակյա առկայությունը: Այսպես` վարչական ակտը պետք է ընդունվի վարչական մարմնի կողմից և ունենա արտաքին ներգործություն, ընդունվի հանրային իրավունքի բնագավառում և հետապնդի կոնկրետ գործի կարգավորման նպատակ, ուղղված լինի անձի համար իրավունքներ կամ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Իսկ նշված տարրերից որևէ մեկի բացակայությունը բացառում է վարչական ակտի առկայությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 20.12.2011 թվականի թիվ 20/1-Հ-5132 գրությամբ, ի պատասխան Եղիշե Հարությունյանի 12.10.2011 թվականի թիվ Պ-5132 դիմումի` կապված Երևանի Հաղթանակ գյուղի (թաղամասի) 1-ին փողոցի թիվ 50 հասցեում գտնվող շինության գործառնական նշանակությունն արտադրական սահմանելու հետ, հայտնվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շենքը նախատեսված է եղել և մասնավորեցվել է որպես լվացքատուն, գործառնական նշանակության փոփոխումն արտադրականի նպատակահարմար չէ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վիճարկման հայցի մասով վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 20.12.2011 թվականի թիվ 20/1-Հ-5132 գրությունը պարունակում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով միջամտող վարչական ակտին ներկայացվող բոլոր տարրերը, մասնավորապես` նշված գրությունն արտաքին ներգործություն ունեցող այնպիսի անհատական իրավական ակտ է, որը Քաղաքապետարանը (նրա անունից հանդես եկող պաշտոնատար անձը) ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և որի միջոցով վարչական մարմինը` Քաղաքապետարանը, մերժել է Եղիշե Հարությունյանի դիմումը` կապված Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 50 հասցեում գտնվող շինության գործառնական նշանակությունն արտադրական սահմանելու հետ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է, քանի որ Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 20.12.2011 թվականի թիվ 20/1-Հ-5132 գրությունը պարունակում է վարչական ակտի բաղկացուցիչ մասերը կազմող բոլոր տարրերը: Մասնավորապես` այն

1) ունի արտաքին ներգործություն` կարգավորում է վարչական մարմնի` Քաղաքապետարանի և ֆիզիկական անձի` Եղիշե Հարությունյանի միջև առաջացած իրավահարաբերությունները,

2) անհատական իրավական ակտ է` ուղղված է Եղիշե Հարությունյանին,

3) ընդունվել է վարչական մարմնի` Քաղաքապետարանի կողմից,

4) ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում. կարգավորում է Երևանի Հաղթանակ գյուղի (թաղամասի) 1-ին փողոցի թիվ 50 հասցեում գտնվող շինության գործառնական նշանակությունը փոփոխելու հետ առաջացած իրավահարաբերությունները,

5) հետապնդում է կոնկրետ գործի կարգավորման նպատակ. կարգավորում է Երևանի Հաղթանակ գյուղի (թաղամասի) 1-ին փողոցի թիվ 50 հասցեում գտնվող շինության գործառնական նշանակությունն արտադրական սահմանելու հետ կապված հարցը,

6) ուղղված է Եղիշե Հարությունյանին իրավունքների տրամադրման մերժմանը` Երևանի Հաղթանակ գյուղի (թաղամասի) 1-ին փողոցի թիվ 50 հասցեում գտնվող շինության գործառնական նշանակությունը չփոփոխելուն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 20.12.2011 թվականի թիվ 20/1-Հ-5132 գրությունը որպես վարչական ակտ դիտարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է, իսկ բողոքն այդ հիմքով անհիմն է:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքի սույն հիմքը վերաբերում է Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի գրությունը վարչական ակտ դիտելուն, և քանի որ բողոքում բացակայում են հիմքեր վիճարկվող ակտի իրավաչափության վերաբերյալ, ուստի Վճռաբեկ դատարանը համաձայնում է նշված ակտի անվավերության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանության և եզրահանգման հետ:

 

2) Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի շրջանակներում անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք վիճարկվող գրությամբ նշված պայմանի առկայության չպարզման դեպքում Դատարանն իրավասու էր պարտավորեցնել Քաղաքապետարանին ընդունել բարենպաստ վարչական ակտ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը պարտավորեցման հայցի մասով վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 21.10.2011 թվականի թիվ 18-08/1-Հ-5132 գրությամբ հնարավոր է համարվել Երևանի Հաղթանակ գյուղի (թաղամասի) 1-ին փողոցի թիվ 50 հասցեում գտնվող շինությունների տարածքներն առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես արտադրական (ՇՆ և Կ 2.08.02-89 պահանջներին չհակասելու պայմանով), սակայն Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 20.12.2011 թվականի թիվ 20/1-Հ-5132 գրությամբ Եղիշե Հարությունյանի դիմումը, կապված Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 50 հասցեում գտնվող շինության գործառնական նշանակությունն արտադրական սահմանելու հետ, մերժվել է գործառնական նշանակության փոփոխման նպատակահարմար չլինելու հիմքով:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործում եղած բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Այսպես` սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 21.10.2011 թվականի թիվ 18-08/1-Հ-5132 գրությամբ նշված վարչությունը հնարավոր է համարել Երևանի Հաղթանակ գյուղի (թաղամասի) 1-ին փողոցի թիվ 50 հասցեում գտնվող շինությունների տարածքներն առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես արտադրական (ՇՆ և Կ 2.08.02-89 պահանջներին չհակասելու պայմանով):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված ապացույցով հաստատվում է այն փաստը, որ վարչական մարմինը` Քաղաքապետարանը, հնարավոր է համարել Երևանի Հաղթանակ գյուղի (թաղամասի) 1-ին փողոցի թիվ 50 հասցեում գտնվող շինությունների տարածքներն առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես արտադրական բացառապես շինարարական նորմերի (ՇՆ և Կ 2.08.02-89) պահանջներին չհակասելու պայմանով, որպիսի պայմանի պարզումը սույն գործի լուծման համար ունի էական նշանակություն, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, որպիսի խախտման արդյունքում առանց շինարարական նորմերի (ՇՆ և Կ 2.08.02-89) պահանջներին չհակասելու մասին ապացույցի առկայության հաստատված է համարել այն հանգամանքը, որ պարտավորեցման հայցի մասով Եղիշե Հարությունյանի պահանջը ևս հիմնավոր է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև դատարանի իրավունքն է, սակայն դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության հայցն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը պարտավոր էր ձեռնարկել ողջամիտ միջոցներ, այսինքն` Երևանի Հաղթանակ գյուղի (թաղամասի) 1-ին փողոցի թիվ 50 հասցեում գտնվող շինությունների տարածքներն առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների ոչ բնակելի ֆոնդում` որպես արտադրական ընդգրկելու համար շինարարական նորմերի (ՇՆ և Կ 2.08.02-89) պահանջներին չհակասելու հանգամանքը (փաստը) ի պաշտոնե պարզելու համար, ինչը սույն գործի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ այդ փաստի պարզման հիմքով է միայն հնարավոր կանխորոշել սույն գործի ելքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2012 թվականի որոշման` բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասը և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության: Որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ՎԴ/0687/05/12
Որոշում