Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 18.05.2006 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 18.05.2006 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 731-Ն ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ              Վարչական գործ թիվ ՎԴ5/0018/05/12

    դատարանի որոշում                                            2013 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ5/0018/05/12

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյան

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սեդա Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.10.2012 թվականի որոշման դեմ` ըստ Սեդա Առաքելյանի հայցի ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ Ռաֆիկ Առաքելյանի` բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սեդա Առաքելյանը պահանջել է պարտավորեցնել Քաղաքապետարանին իրականացնել վարչական վարույթ` ընթացք տալով իր 14.06.2011 թվականի «ք. Գյումրի, Աթարբեկյան թիվ 121/157 հասցեի ինքնակամ շինությունն օրինականացնելու մասին» թիվ Ա-3659 դիմումին, և բավարարել այն` որպես օրինաչափ, այն է` Գյումրիի Աթարբեկյան թիվ 121/157 հասցեի ինքնակամ շինությունն օրենքով սահմանված կարգով օրինականացնել իր անվամբ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ. Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 25.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.10.2012 թվականի որոշմամբ Ռաֆիկ Առաքելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 25.05.2012 թվականի վճիռը և այն փոփոխվել է. հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սեդա Առաքելյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռաֆիկ Առաքելյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն որոշումը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ, 35-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սույն գործով չի կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ճիշտ չի գնահատել ապացույցները, կատարել է սխալ եզրահանգումներ, հիմնվել է միայն Ռաֆիկ Առաքելյանի հայտարարությունների վրա, որոնք հիմնավորող ապացույցներ գործում առկա չեն, չի հերքել Դատարանի պարզաբանումները և բողոք բերած անձի պատճառաբանությունները, վերլուծել և անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնք դատաքննությամբ ընդհանրապես քննարկման առարկա չեն դարձվել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում առկա չէ նույնիսկ հողամասերի դիրքի փաստացի հատակագիծ: Ավելին, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոք բերած անձի այն պատճառաբանությանը, որ իր զբաղեցրած տարածքը Գյումրիի Աթարբեկյան թիվ 6ա հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի հետ բացարձակապես կապ չունի: Մասնավորապես` «Պ.Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի եզրակացությամբ հաստատվում է, որ Ռաֆիկ Առաքելյանի սեփական 250 քմ մակերեսով տարածքն ընդհանրապես կից չէ բողոք բերած անձի հողամասին և շինությանը, այն ավելի հեռու է, պարզապես Ռաֆիկ Առաքելյանն ապօրինաբար հողազավթում է կատարել, և բողոք բերած անձի ու Ռաֆիկ Առաքելյանի հողամասի միջնամասում գտնվող համայնքապատկան հողամասն արհեստականորեն կցվել է վերջինիս հողամասին: Այսինքն` նրա կողմից զբաղեցված ոչ թե օրինական, այլ զավթած հողամասն է կից բողոք բերած անձի զբաղեցրած հողամասին:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև Քաղաքապետարանի տված մերժման գրության բովանդակությանն այն մասին, որ բողոք բերած անձի պահանջն օրինական է, բայց այն վիճահարույց է, որի պատճառով դրան ընթացք չի տրվել:

Վերաքննիչ դատարանը չպետք է կիրառեր ՀՀ Կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը, քանի որ սույն գործով նման խնդիր ընդհանրապես քննության առարկա չի դարձվել, այլ պետք է կիրառեր ՀՀ Կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն որոշումը, քանի որ հողամասը համայնքապատկան է, որպիսի փաստն ընդունել է նաև Քաղաքապետարանը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում խնդիրը քաղաքաշինության հետ առնչվող հանգամանքներն են, ուստի Վերաքննիչ դատարանը դրանց մասով որպես ապացույց կարող էր գնահատել և եզրահանգումներ անել միայն համապատասխան փորձաքննության եզրակացության առկայության պայմաններում, առանց որի իրավասու չէր հատուկ գիտելիքների վերաբերյալ եզրակացություններ կատարել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.10.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.05.2012 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Ռաֆիկ Առաքելյանը, դեռևս 2007 թվականից հանդիսանալով Գյումրու Աթարբեկյան թիվ 6ա հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի սեփականատերը, չի կարող լիարժեք օգտագործել իր բակը, քանի որ ոչ միայն նրա բակի նախագծով նշված մուտքն է փակված Սեդա Առաքելյանի մետաղյա ժամանակավոր տնակով, այլև Ռաֆիկ Առաքելյանի սեփական հողամասի մի հատվածը գտնվում է ժամանակավոր տնակի տակ:

Սեդա Առաքելյանը ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող և ոչ ճիշտ տվյալներ:

Նշված ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել միայն որպես հողի սեփականատիրոջ, այն է` Ռաֆիկ Առաքելյանի սեփականությունը: Այդ եզրահանգումը հիմնավորվում է նաև ՀՀ Կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով, ինչպես նաև նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ և 9-րդ կետերով:

Բողոք բերած անձն անտեսել է այն հանգամանքը, որ վիճելի կառույցը չի գտնվում պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասի վրա:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Գյումրու քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) տեղակալի 14.11.2011 թվականի թիվ 1/2-009/3659 գրությամբ` ի պատասխան Քաղաքապետին ուղղված Սեդա Առաքելյանի 14.06.2011 թվականի թիվ Ա-3659 դիմումի` հայտնվել է, որ վերջինիս կողմից կառուցված շինության օրինականացման պահանջը չի հակասում քաղաքաշինության նորմերին, սակայն այն մերժվել է վիճահարույց լինելու պատճառով (հատոր 1-ին, գ.թ. 4):

2) Քաղաքապետի 23.01.2006 թվականի թիվ 53 որոշման 1.1-րդ կետով Գյումրու Աթարբեկյան փողոցի հարևանությամբ գտնվող պետական սեփականություն հանդիսացող 250 քմ մակերեսով հողամասը (ծածկագիր` Ա05-97) սեփականության իրավունքով հանձնվել է նշված հողամասի օտարման աճուրդում հաղթած Ռաֆիկ Առաքելյանին` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 9):

3) 22.11.2011 թվականին տրված հաշվառման մասին տեղեկանքի համաձայն` Սեդա Առաքելյանը «Շիրակի մարզ, Գյումրի, տնակ 121/157» հասցեում հաշվառվել է 05.01.2001 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 13):

4) 01.06.2007 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2398361 վկայականի համաձայն` Գյումրու Աթարբեկյան փողոցի թիվ 6ա տան նկատմամբ Քաղաքապետի 23.01.2006 թվականի թիվ 53 որոշման և 24.01.2006 թվականի հողամասի առուվաճառքի թիվ 427 պայմանագրի հիման վրա գրանցվել է Ռաֆիկ Առաքելյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 29-31):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է դատարանի կողմից գործի փաստերն ի պաշտոնե պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու լիազորության լիարժեք իրականացման, ինչպես նաև գործի իրական փաստերի բացահայտման գործընթացում վարչական-դատավարական օրենսգրքով դատարանին վերապահված լիազորություններն ակտիվորեն օգտագործելու հարցերին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:

i

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ տվյալ դեպքում ինքնակամ կառույցը (տնակը` որպես այդպիսին համարելու պարագայում) կարող է ճանաչվել միայն հողի սեփականատիրոջ, այն է` Ռաֆիկ Առաքելյանի սեփականությունը: Հետևաբար, անհիմն է Դատարանի այն պնդումը, որ Քաղաքապետարանը, մերժելով Սեդա Առաքելյանի դիմումը, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ Կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումների դրույթները` հաշվի առնելով, որ Սեդա Առաքելյանի կողմից օրինականացման դիմում ներկայացնելու պահին` 14.06.2011 թվականին, ինքնակամ կառույցով զբաղեցված հողատարածքը հանդիսացել է այլ անձի` Ռաֆիկ Առաքելյանի սեփականությունը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործում առկա ապացույցներով որևէ կերպ չի հաստատվում այն փաստական հանգամանքը, որ Քաղաքապետին ուղղված Սեդա Առաքելյանի 14.06.2011 թվականի թիվ Ա-3659 դիմումում նշված շինությունը գտնվում է Ռաֆիկ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի գնահատել Քաղաքապետի տեղակալի 14.11.2011 թվականի թիվ 1/2-009/3659 գրությունը, որով հայտնվել է, որ Սեդա Առաքելյանի կողմից կառուցված շինության օրինականացման պահանջը չի հակասում քաղաքաշինության նորմերին, սակայն այն մերժվել է միայն վիճահարույց լինելու պատճառով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, որպիսի խախտման արդյունքում առանց համապատասխան ապացույցի առկայության հաստատված է համարել այն հանգամանքը, որ Սեդա Առաքելյանի կողմից օրինականացման դիմում ներկայացնելու պահին` 14.06.2011 թվականին, ինքնակամ կառույցով զբաղեցված հողատարածքը հանդիսացել է այլ անձի` Ռաֆիկ Առաքելյանի սեփականությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև դատարանի իրավունքն է, սակայն դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր դիրքորոշումը և նշվածի համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ Սեդա Առաքելյանի զբաղեցրած տարածքն իր ելք ու մուտքով տարբեր է երրորդ անձի ինքնակամ շինությունից, պարտավոր էր նշված հանգամանքը պարզելու համար ձեռնարկել ողջամիտ միջոցներ, այսինքն` Գյումրու քաղաքապետին ուղղված Սեդա Առաքելյանի 14.06.2011 թվականի թիվ Ա-3659 դիմումում նշված ինքնակամ կառույցի դիրքի վերաբերյալ փաստերը պարզել ի պաշտոնե:

Նման պայմաններում անհիմն են դառնում նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն առ այն, որ օրինականացման դիմում ներկայացնելու պահին ինքնակամ կառույցով զբաղեցված հողատարածքը հանդիսացել է այլ անձի` Ռաֆիկ Առաքելյանի սեփականությունը: Վերաքննիչ դատարանի սույն պատճառաբանության անհիմն լինելը Վճռաբեկ դատարանը պայմանավորում է նրանով, որ սույն գործի ապացուցման առարկան կազմող փաստերում բացակայում է փաստն այն մասին, որ Սեդա Առաքելյանի ինքնակամ շինությամբ ծանրաբեռնված հողամասը համընկնում է Ռաֆիկ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի հետ կամ որ նույնն է` ինքնակամ շինությունը կառուցված է Ռաֆիկ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում:

Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ փաստը սույն գործի լուծման համար ուներ էական նշանակություն, քանի որ այդ փաստի պարզման հիմքով է հնարավոր կանխորոշել սույն գործի ելքը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման` «Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը» մասում արձանագրված այն հանգամանքին, որ տվյալ դեպքում Դատարանում կողմերի տված հայտարարությունների համաձայն` վիճելի տնակը (ինքնակամ կառույցը) ամբողջությամբ գտնվում է Ռաֆիկ Առաքելյանի սեփականությունը հանդիսացող 250 քմ մակերեսով հողատարածքի սահմաններում, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքն ինքնին առանց համապատասխան բավարար ապացույցների առկայության չէր կարող հիմք հանդիսանալ հայցի մերժման համար հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ապացույցը գնահատելու կամ փաստը հաստատելու համար դատարանին կօգնի գիտական, տեխնիկական կամ այլ հատուկ իմացությունը, ապա անձը, որն իր կրթության, ունակության, հմտության կամ փորձի շնորհիվ կարող է փորձագետ համարվել, կարող է դատարանին ցուցմունք տալ տվյալ ապացույցի կամ փաստի վերաբերյալ եզրակացության ձևով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է նշանակել փորձագետ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 35-րդ և 36-րդ հոդվածներով սահմանված ապացույցը գնահատելու կամ փաստը հաստատելու համար փորձագետ նշանակելու հետ կապված դատավարական գործողությունների իրականացումը թեև դատարանի իրավունքն է, սակայն դատարանն իր այդ իրավունքն իրականացնելիս պարտավոր է ապահովել նույն օրենսգրքի 6-րդ և 24-րդ հոդվածներով ամրագրված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու պարտականությունների լիարժեք իրականացումը, ինչպես նաև տվյալ գործի իրական փաստերի բացահայտման գործընթացում ակտիվորեն օգտագործի վարչական-դատավարական օրենսգրքով իրեն վերապահված իրավունքները, որպիսի գործընթացում սակայն դատարանը պարտավոր է ելնել բացառապես անձին սահմանադրական նորմի ուժով երաշխավորված արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթի գերակայությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անշարժ գույքի` տեղանքում որոշակի դիրք ունենալու, հողամասի կարգավիճակի և պատկանելիության վերաբերյալ փաստերը կարող են ապացուցվել որոշակի այնպիսի ապացույցներով, որոնցով հավաստվում է տվյալ շինության կարգավիճակը, հողամասի նկատմամբ առկա իրավունքները, սահմանափակումները, հողամասի չափսերը, այլ հողամասերի նկատմամբ ունեցած դիրքը: Այդպիսի ապացույցներ, հաշվի առնելով անշարժ գույքի հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունները, կարող են լինել վարչական մարմինների կողմից ընդունված համապատասխան ակտերը, չափագրման արդյունքները, տեղագրական հանույթները և վերջիններիս հավասարազոր այլ ապացույցներ: Մինչդեռ, կողմերի ցուցմունքների հիման վրա ապացուցման առարկայում ընդգրկված նշված փաստերի հաստատումը դատական ակտին զրկում է հիմնավորված լինելուց, քանի որ այդ փաստերը հաստատված չեն որոշակի ապացույցներով:

Նշված պատճառաբանությունը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձ Սեդա Առաքելյանի 14.06.2011 թվականի թիվ Ա-3659 դիմումում նշված ինքնակամ կառույցի` սեփականության իրավունքով Ռաֆիկ Առաքելյանին պատկանող հողամասի նկատմամբ դիրքի վերաբերյալ ապացույցներ պահանջելու և դրանց հիման վրա գործի փաստերն ի պաշտոնե պարզելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի փաստարկին` կապված «Պ.Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի եզրակացության հետ, քանի որ վերոգրյալ եզրակացությունը չի ներկայացվել ստորադաս ատյաններում և դրա վերաբերյալ վերջիններս որևէ դիրքորոշում չեն հայտնել:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.10.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ՎԴ5/0018/05/12
Որոշում