Սեղմել Esc փակելու համար:
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.1133.191213

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 դեկտեմբերի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին` Երևանում:

Համաձայնագրով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն առաքվող ապրանքների, դրանք են` նավթից արտադրված ապրանքների, գազաձև վիճակում բնական գազի և բնական չմշակված ալմաստների մատակարարման ոլորտում Կողմերի համագործակցության պայմանները:

2. Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանվում են գործունեության համակարգումը և սույն Համաձայնագրի կատարման հսկողությունն իրականացնող հետևյալ իրավասու մարմինները` Ռուսաստանի Դաշնության կողմից` ՌԴ էներգետիկայի նախարարությունը (բնական գազի և նավթամթերքների առաքման մասով) և ՌԴ ֆինանսների նախարարությունը (չմշակված բնական ալմաստների առաքման մասով), իսկ Հայաստանի Հանրապետության կողմից` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (բնական գազի և նավթամթերքների առաքման մասով) և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (չմշակված բնական ալմաստների առաքման մասով):

3. Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առաքվող ինդիկատիվ հաշվեկշիռների կազմում հաստատված ներքին սպառման ծավալներով ապրանքների նկատմամբ (բնական գազի և նավթամթերքների համար), ինչպես նաև չմշակված բնական ալմաստների համար Ռուսաստանի Դաշնությունը չի գանձում արտահանման մաքսատուրքեր:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները նախքան յուրաքանչյուր օրացուցային տարվա սկիզբը համաձայնեցնեն բնական գազի և նավթամթերքների ներքին սպառման ծավալներն ու անվանացուցակը Հայաստանի Հանրապետությունում հաջորդ օրացուցային տարվա համար և հաստատեն հաջորդ օրացուցային տարվա ինդիկատիվ հաշվեկշիռները (այսուհետ` ինդիկատիվ հաշվեկշիռներ)` Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքների առաքման կտրվածքով (հոդված 3, կետ 1),

- ապահովել, որպեսզի ՌԴ ալմաստ հանքարդյունահանող ձեռնարկությունները և ՌԴ ֆինանսների նախարարությանն առընթեր ՌԴ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական հիմնադրամի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողման և օգտագործման Պետական հաստատությունը Հայաստանի Հանրապետության երեսակող ձեռնարկություններին առաքեն չմշակված բնական ալմաստներ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված համապատասխան պայմանագրերով սահմանված կարգով և ծավալներով (հոդված 3, կետ 2),

- ստեղծել պայմաններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսվարող սուբյեկտների (ռեզիդենտների) կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն սույն Համաձայնագրով նշված ապրանքների առաքման համար (հոդված 4),

- վճարել Ռուսաստանի Դաշնության բյուջե` Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն արտահանվող տվյալ օրացուցային տարվա ինդիկատիվ հաշվեկշիռներով նախատեսված քանակը գերազանցող բնական գազի և նավթամթերքների նկատմամբ արտահանման մաքսատուրքերը` սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները յուրաքանչյուր եռամսյակ իրականացնեն Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առանց արտահանման մաքսատուրքերի գանձման փաստացի առաքված և օգտագործված ապրանքների ծավալների, ինչպես նաև պայմանական հաշվեգրված արտահանման մաքսատուրքերի գումարների ստուգում և կատարված ստուգման արդյունքների հիման վրա տեղեկացնեն ՀՀ և ՌԴ իրավասու մարմիններին դրանց վերաբերյալ (հոդված 5, կետ 4),

- ապահովել որպեսզի, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առանց արտահանման մաքսատուրքերի գանձման առաքվող ապրանքները չենթարկվեն վերաարտահանման երրորդ երկրներ,

- վերաարտահանման արգելքի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինների միջև համաձայնեցված կարգով համատեղ հսկողություն իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առանց արտահանման մաքսատուրքերի գանձման առաքվող ապրանքների` բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին կարիքների համար օգտագործվող ապրանքների, նկատմամբ (հոդված 6, կետ 1):

- Համաձայնագրով նախատեսված ապրանքների վերաարտահանման արգելքի խախտման դեպքում Ռուսաստանի Դաշնությանը վճարել վերաարտահանվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ դոլարով փոխհատուցման գումարներ, որոնք համարժեք կլինեն խախտման փաստի հայտնաբերման օրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող արտահանման մաքսատուրքերի ծավալներին (հոդված 6, կետ 3),

- վճարել Համաձայնագրի 6-րդ հոդվածի 3-րդ կետում նշված փոխհատուցման գումարը Ռուսաստանի Դաշնության օգտին` դրամական տեսքով` ՌԴ իրավասու մարմնի կողմից դիվանագիտական ուղիներով ՀՀ իրավասու մարմնին վերաարտահանման փաստի հայտնաբերման մասին և Ռուսաստանի Դաշնությանը վերաարտահանվող ապրանքների համար արտահանման մաքսատուրքերի վճարման պահանջի վերաբերյալ գրավոր ծանուցումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում (հոդված 6, կետ 4):

Փոխհատուցման նշված գումարը (այն մասով, որով այդ գումարը սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան չի փոխարինվել Հայաստանի Հանրապետություն առաքվող ապրանքի համարժեք նվազեցմամբ) չվճարվելու դեպքում այն համարվում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտք, որին` Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված տոկոսադրույքի հաշվարկման կարգին համապատասխան, հաշվեգրվում են տոկոսներ,

- Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի գործողության դադարեցման կամ կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Ռուսաստանի Դաշնությանը վճարել փոխհատուցման գումար, որը համարժեք է Ռուսաստանի Դաշնությունից առանց արտահանման մաքսատուրքերի գանձման Հայաստանի Հանրապետություն առաքված ապրանքների համար Ռուսաստանի Դաշնության կողմի չստացած` պայմանական հաշվեգրված արտահանման մաքսատուրքերի գումարին:

Նշված փոխհատուցման գումարը ենթակա է վճարման Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների կիրառման դադարեցման ամսաթվից 30 օրացուցային օրվա ընթացքում: Իսկ փոխհատուցման գումարը չվճարելու դեպքում այն համարվում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պարտք, որին հաշվեգրվում են տոկոսներ` սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված կարգով և չափով:

5. Համաձայնագրի 7-րդ և 8-րդ հոդվածներում նախատեսված են դրույթներ Կողմերի միջև վեճերը բանակցությունների միջոցով կարգավորելու, ինչպես նաև Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: Համաձայնագրի 9-րդ հոդվածով սահմանված են նաև Համաձայնագրի ուժի մեջ մտնելու և կիրառման պայմանները:

6. Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Համաձայնագրում հղում է կատարվում` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին 2001 թվականի սեպտեմբերի 15-ի համաձայնագրին (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին` ՀՀ Ազգային ժողովի Ն-241-3 որոշմամբ), Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997 թվականի օգոստոսի 29-ի պայմանագրին (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1998 թվականի փետրվարի 2-ին` ՀՀ Ազգային ժողովի Ն-221-1 որոշմամբ):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 դեկտեմբերի 2013 թվականի

ՍԴՈ-1133

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.12.2013
N ՍԴՈ-1133
Որոշում