Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈ ...

11.08.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.07.2000  -ից մինչեւ   11.08.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 17.07.01 թիվ 535 որոշում)

i

041.0425.150799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 1999 թվականի թիվ 425

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի 3-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 271 որոշման 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 628 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

հուլիսի 15-ի N 425 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:

3. Նախարարությունն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

4. Նախարարության աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն շնորհվում են դասային և հատուկ կոչումներ:

5. Նախարարության պաշտոնատար անձանց համար նախատեսվում է ծառայողական համազգեստ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կրելու կանոնները` նախարարությունը:

6. Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից`

ա) ձեռք է բերում և իրականացնում գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ, դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող.

բ) տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն ամրակցված պետական գույքը` այդ թվում` նաև ընկերությունների բաժնետոմսերը (բաժնեմասերը).

գ) ղեկավարում է իր ենթակայության տակ գտնվող պետական այլ հիմնարկներ:

7. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթղթեր:

8. Նախարարության պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Նախարարության խնդիրները

 

9. Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

բ) մաքսային օրենսդրության և մաքսային գործը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) հարկային և մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելումը, կանխումը, բացահայտումը.

դ) նախարարության իրավասության սահմաններում պետական տուրքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարների վճարման (գանձման) նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) մաքսային գանձումների ապահովումը.

զ) հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտականությունների գանձման գծով աշխատանքների իրականացումը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

 

III. Նախարարության հիմնական գործառույթները

 

10. Նախարարությունն իր հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) հարկային և մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում քաղաքացիների ու իրավաբանական անձանց (այսուհետև` անձանց) հաշվառումը.

բ) անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, պետական տուրքի, մաքսատուրքի, այլ վճարների հաշվարկման ճշտության և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վճարման (գանձման) նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումը.

գ) հարկերի, պետական տուրքի, մաքսատուրքերի, օրենքով սահմանված այլ վճարների ճիշտ և ժամանակին գանձման ապահովման ուղղությամբ աշխատանքների իրականացումը.

դ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և այլ առարկաներ փոխադրելիս` մաքսասակագնային մեխանիզմների իրականացման ապահովումը, ապրանքների և այլ առարկաների ներմուծման ու արտահանման սահմանված կարգի կիրառումը.

ե) մաքսային հսկողության ու ձևակերպման մեխանիզմների իրագործումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.

զ) մաքսային հսկողության և ձևակերպումների նկատմամբ վերահսկողության իրականացումը` այդ թվում` բեռների կրկնակի և ընտրողական զննության կատարումը.

է) մաքսային հսկողության ներքո իրականացվող փոխադրությունների նկատմամբ վերահսկողությունը.

ը) հարկային և մաքսային քաղաքականության մշակմանը մասնակցությունը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային մեխանիզմների կատարելագործումը.

ժ) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցելը.

ժա) սպառողների ներմուծվող ապրանքների գծով շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացմանն աջակցելը.

ժբ) հարկային և մաքսային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, օտարերկրյա պետությունների հարկային, մաքսային և իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

ժգ) իր իրավասության սահմաններում մաքսային վիճակագրության ապահովումը.

ժդ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հետաքննության կատարումը.

ժե) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացումը.

ժզ) հարկային և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը.

ժէ) Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի պահպանումը.

ժը) Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման նպատակով օրենքով սահմանված իրավասության սահմաններում միջոցառումների իրականացումը.

ժթ) հարկային և մաքսային օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով անձանց իրազեկումը.

ի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման իրականացումը և վերահսկողությունը.

իա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:

 

IV. Նախարարության պարտականությունները

 

11. Նախարարությունը պարտավոր է`

ա) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականներով մշակել և իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան միջոցառումներ.

գ) օրենքով նախատեսված դեպքերում կատարել հետաքննություն.

դ) անձանց մասին տեղեկություններն օգտագործել բացառապես ծառայողական նպատակներով, չհրապարակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առևտրային և բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները.

ե) իրականացնել ծառայողական քննություն` օրինախախտումներ կատարած նախարարության աշխատողների նկատմամբ.

զ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

 

V. Նախարարության իրավունքները

 

12. Նախարարությունն իրավունք ունի`

ա) սահմանված կարգով և դեպքերում իրականացնելու անձանց հաշվառումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու ստուգումներ և ուսումնասիրություններ.

գ) ստուգվող կամ ուսումնասիրվող անձանցից պահանջելու ստուգման կամ ուսումնասիրության ենթակա հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթեր կամ դրանց պատճենները.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից ստանալու անձանց հաշվարկային և այլ հաշիվներով գործառնությունների ու այդ հաշիվներում առկա դրամական միջոցների վերաբերյալ տեղեկություններ.

ե) իր լիազորություններն իրականացնելիս, ստուգվող օբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ, անարգել մուտք գործելու ստուգվող օբյեկտ ու դրա արտադրական, գրասենյակային, պահեստային և այլ տարածքներ.

զ) աշխատանքների կազմակերպման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներգրավելու մասնագետների, փորձագետների, այլ քաղաքացիների.

է) անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կիրառելու համապատասխան պատասխանատվության միջոցներ.

ը) իրականացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ուղղված հարկային և մաքսային իրավախախտումների բացահայտմանը, կանխմանն ու կանխարգելմանը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրելու և օգտագործելու հաշվեցուցակային հրազեն, համազգեստ.

ժ) դիմելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, դատական մարմիններին պաշտոնատար և այլ անձանց այն գործողությունների կանխման նպատակով, որոնք խոչնդոտում են նախարարության աշխատողների ծառայողական պարտականությունների կատարմանը.

ժա) հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների գնահատումներ.

ժբ) հայցեր ներկայացնելու դատարան.

ժգ) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

 

VI. Նախարարության աշխատանքների կազմակերպումը

 

13. Նախարարության համակարգն ընդգրկում է տարածքային հարկային տեսչությունները, տարածաշրջանային մաքսատները, մաքսային կետերը:

14. Նախարարությունը`

ա) ընդհանրացնում է նախարարության համակարգում Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերի կիրառման պրակտիկան, մշակում և սահմանված կարգով ապահովում է հարկային ու մաքսային, ինչպես նաև դրանց առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների հետագա ընթացքը` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն և (կամ) Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

բ) սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի նախագծերի մշակմանը, քննարկմանն ու կնքմանը.

գ) կազմակերպում է ուսուցում և խորհրդատվություններ, հավաքում, մշակում ու տարածում է տեղեկատվություն, զարգացնում և համակարգում է համագործակցությունն այլ երկրների հարկային և մաքսային մարմինների հետ.

դ) կազմակերպում է համակարգի աշխատողների որակավորման բարձրացման ուսուցում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում աշխատողների ատեստավորում.

ե) իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` այն փաստացի տվյալների ճշտությունն ու ամբողջությունը հայտնաբերելու, արձանագրելու, ստուգելու, որոնք կարող են ապացույց հանդիսանալ կամ օգնել իրավախախտումների կանխմանը, կասեցմանը և բացահայտմանը.

զ) ապահովում է օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ ներգրավված քաղաքացիների իրավական պաշտպանությունը.

է) ստեղծում է առանձնացված ստորաբաժանումներ հարկային և մաքսային իրավախախտումները նախազգուշացնելու, կանխելու, հայտնաբերելու, հարկային և մաքսային իրավախախտումների վերաբերյալ գործերով հետաքննություն կատարելու, նախարարության մարմինների գործունեության անվտանգությունն ապահովելու, նախարարության աշխատողներին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս հակաօրինական գործողություններից պաշտպանելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

15. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական (այդ թվում` մաքսանենգության դեմ պայքարի գծով) միջոցառումներ (այսուհետև` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)` նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հարկային և (կամ) մաքսային իրավախախտման վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև հարկային և (կամ) մաքսային հանցագործության կատարման մասին վկայող այլ փաստերի ու հանգամանքների առկայության դեպքում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար հիմք հանդիսացող տեղեկություններ կարող են պարունակվել քաղաքացիների, պաշտոնատար անձանց, զանգվածային լրատվության միջոցների հայտարարություններում և հաղորդումներում, իրավապահ կամ այլ մարմինների ունեցած նյութերում:

16. Օպերատիվ-հետախուզական գործունեության սուբյեկտներ են նախարարության օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումները:

Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում արգելվում է`

ա) սույն կանոնադրությամբ նախատեսված հիմքերի բացակայության դեպքում սկսել կամ դադարեցնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները.

բ) կատարել այնպիսի գործողություններ, որոնք վտանգ են սպառնում անձանց կյանքին, առողջությանը և գույքին.

գ) քաղաքացիների նկատմամբ, կախված նրանց ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ.

դ) քաղաքացիներին ստիպել և հրահրել օրինազանցությունների կատարման.

ե) գործադրել բռնություն, սպառնալիքներ, շանտաժ, իրականացնել քաղաքացիների և պաշտոնատար անձանց իրավունքները, ազատությունն ու օրինական շահերը սահմանափակող և այլ անօրինական գործողություններ:

17. Օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է օրինականության, պետական մարմինների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ու քաղաքացիների հետ համագործակցության, անօրինական գործողությունների կանխման, հրապարակային և անլուր միջոցառումների համատեղման, մասնագիտական էթիկայի պահանջների խիստ պահպանման ու հանցագործությունների հետ ակնհայտ կերպով առնչություն չունեցող քաղաքացիների նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների կիրառման բացառման հիման վրա:

18. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման պատճառ հանդիսացող տվյալների չհաստատման, ինչպես նաև դրանց իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների առկայության դեպքում այդ միջոցառումները դադարեցվում են:

19. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

20. Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

21. Նախարարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհրաժեշտության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից մեկը նախարարի գրավոր հանձնարարությամբ:

22. Նախարարը`

i

ա) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է նախարարության սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) սահմանում է իր տեղակալների, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները, հաստատում նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, տարածքային հարկային տեսչությունների, տարածաշրջանային մաքսատների, մաքսային կետերի և ենթակա կազմակերպությունների գործառական պարտականությունները.

գ) ներկայացնում է նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

դ) իր իրավասության սահմաններում կամ օրենքով սահմանված դեպքերում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության անունից կնքում է միջազգային պայմանագրեր.

ե) ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչությունները, հաստատում դրանց կառուցվածքը, աշխատողների թիվը և դրանց պահպանման ծախսերի նախահաշիվները, ինչպես նաև հաստատում է տարածաշրջանային մաքսատների ու մաքսային կետերի կառուցվածքը, աշխատողների թիվը և դրանց պահպանման ծախսերի նախահաշիվները.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.

է) տալիս է լիազորագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային հարկային տեսչությունների, տարածաշրջանային մաքսատների և մաքսային կետերի աշխատողներին` բացառությամբ տարածքային հարկային տեսչությունների, տարածաշրջանային մաքսատների և մաքսային կետերի սպասարկող անձնակազմերի.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում արձակում է հրամաններ ու հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների համար.

թ) նախարարության աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհվում է դասային և հատուկ կոչումներ.

ժ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության համակարգի ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատողներին.

ժբ) հաստատում է նախարարության կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման, անցկացման կարգը.

ժգ) ըստ անհրաժեշտության, ստեղծում է աշխատանքային հանձնաժողովներ և հանձնախմբեր.

ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(22-րդ կետը փոփ. 19.06.00 թիվ 365 որոշում)

23. Նախարարությունը կառավարման հարցերը քննարկում ու լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:

24. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որպես նախարարին առընթեր խորհրդակցական մարմին, որի անդամների թիվն ու անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, տարածքային մարմինների ղեկավարներ, նախարարության կազմակերպությունների ղեկավարներ: Կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել քննարկվող հարցերին առնչվող այլ անձինք:

25. Կոլեգիայի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որոնցում քննարկվում են նախարարության հիմնական խնդիրներին ու գործունեությանը վերաբերող հարցեր, ենթակա կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման վերահսկողության, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, լսվում են նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների տարածքային մարմինների, նախարարության կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվություններ, դրանց գործունեության վերստուգման արդյունքները և այլ հարցեր:

26. Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով:

27. Կոլեգիայի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

28. Նախարարությունը կազմակերպում է անձանց նամակների, դիմումների, գանգատների ժամանակին քննարկումը, միջոցներ է ձեռնարկում նրանց նամակներում հաղորդվող նախարարության համակարգի գործունեության մեջ տեղ գտած խախտումների ու թերությունների վերացման համար:

29. Նախարարությունում գործավարությունը տարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

հուլիսի 15-ի N 425 որոշմամբ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

i

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների

նախարարության կենտրոնական ապարատի

 

Նախարարի աշխատակազմ

Մեթոդաբանության վարչություն

Տեղեկատվական վարչություն

Հարկային վարչություն

Մաքսային վարչություն

Իրավաբանական վարչություն

Օպերատիվ հետախուզության վարչություն

Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն

Հետաքննության վարչություն

Բարեփոխումների և տնտեսական վերլուծության բաժին

Կադրերի բաժին
Ֆինանսահաշվային բաժին

(կառուցվածքը խմբ. 19.06.00 թիվ 365 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.07.1999
N 425
Որոշում