Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈ ...

30.12.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.03.2014  -ից մինչեւ   30.12.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 09.12.2021 թիվ 92-Ն հրաման)

i

100.0087.120314

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        03            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014122

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 դեկտեմբերի 2013 թվականի N 87-Ն

 

i

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դատաբժշկական փորձաքննությունների կազմակերպման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

24 դեկտեմբերի 2013 թ.

N 87-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաքիմիական, դատակենսաբանական, դատահյուսվածաբանական, մոլեկուլյար գենետիկական, բժշկաքրեագիտական փորձաքննությունների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար դատաբժշկական առաջնային, կրկնակի, հանձնաժողովային, համալիր, լրացուցիչ փորձաքննությունները, ինչպես նաև դատաքիմիական, դատակենսաքիմիական, դատակենսաբանական, դատահյուսվածաբանական, մոլեկուլյար գենետիկական, բժշկաքրեագիտական փորձաքննությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` իրավապահ մարմինների որոշումների հիման վրա:

3. Դատաբժշկական փորձագետները կատարում են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, որի ժամանակ որոշվում են մահվան պատճառը, վնասվածքների առկայությունը, առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը, պատճառական կապը մահվան հետ: Իրավապահ մարմինների որոշմամբ առաջադրված /ինչպես և փորձագետի նախաձեռնությամբ/ լրացուցիչ լաբորատոր ուսումնասիրության համար անհրաժեշտ նյութերի և հյուսվածքների վերցնելը կատարվում է հետևյալ դեպքերում.

1) բռնի մահերի (սպանություն, ինքնասպանություն, դժբախտ պատահար),

2) ոչ բռնի մահերի (սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային, աղեստամոքսային համակարգերի, մարդու իմունային անբավարարության վարակ, ձեռք բերովի իմունային անբավարարության համախտանիշ` ՄԻԱՎ/ ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ, հանկարծամահություն),

3) պտուղների և նորածինների մահվան դեպքերում /մինչև մեկ օրական/,

4) երբ մահացածի ինքնությունը հաստատված չէ,

5) երբ հիվանդանոցում կլինիկական ախտորոշումը պարզված չէ (անկախ տարիքից և հիվանդանոցում գտնվելու տևողությունից),

6) նախկինում ստացած վնասվածքների առկայության դեպքում` մահվան հետ պատճառական կապը պարզելու համար /այդ թվում` հիվանդանոցային և արտահիվանդանոցային դեպքերում/,

7) երբ բուժանձնակազմի նկատմամբ բողոք է ներկայացվել իրավապահ մարմիններին ոչ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու և կազմակերպելու, ինչպես նաև իրավապահ մարմինների մոտ նման կասկածների դեպքում:

4. Դիակների փորձաքննությամբ գիտականորեն հիմնավորված դատաբժշկական եզրակացությունը կազմվում է փորձաքննությունը նշանակելու վերաբերյալ կայացրած որոշումը համապատասխան փաստաթղթերի հետ միասին «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» մուտք անելու օրվանից մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում: Բարդ, ծավալուն փորձաքննությունների դեպքում, ինչպես նաև փորձագետների գերծանրաբեռնվածության պայմաններում փորձաքննությունների կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև 20 աշխատանքային օր, այն էլ միայն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի իմացությամբ` նախապես տեղեկացնելով նախաքննության մարմնին:

5. Կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննություններն իրականացնող փորձագետը իրավապահ մարմինների որոշման հիման վրա պարտավոր է ծանոթանալ բժշկական փաստաթղթերին /կարիքն առաջանալու դեպքում նախաձեռնել նոր հետազոտությունների կատարում, պահանջել լրացուցիչ բժշկական փաստաթղթեր /կամ դրանց հիմքերը/, անհրաժեշտության դեպքում խորհրդակցել բժշկական բնագավառի նեղ մասնագետների հետ` նշելով դրանց արդյունքների մասին եզրակացության մեջ, կամ միջնորդել որոշումը կայացնողին ներկայացնել լրացուցիչ տվյալներ դեպքի կապակցությամբ և մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում տալ գիտականորեն հիմնավորված եզրակացություն:

6. Կենդանի անձանց առաջնային փորձաքննություններն իրականացվում են` պարզելու համար.

1) առողջությանը պատճառված վնասի աստիճանը,

2) աշխատունակության կորստի աստիճանը,

3) տարիքը,

4) արհեստական (երբ անձը ինքն է ստեղծում տվյալ հիվանդությունը) և շինծու (երբ անձի մոտ տվյալ հիվանդությունը չկա, սակայն նա նշում է տվյալ հիվանդության սուբյեկտիվ ախտանիշները) հիվանդությունները,

5) սեռական վիճակը.

ա. սեռական անձեռնմխելիությունը, կույս է, թե` ոչ,

բ. բեղմնավորման /հղիանալու և հղիացնելու/ ունակությունը,

գ. վիճելի սեռական վիճակը,

դ. հղիությունը, ծննդաբերությունը,

6) ներկա և նախկին հղիությունների բժշկական (հիվանդանոցային) և ոչ բժշկական (արտահիվանդանոցային) ընդհատումները,

7) սեռական բնույթի հանցագործությունները.

ա. բռնի սեռական հարաբերություն և նրա հետ կապված վնասվածքների որոշում,

բ. անառակաբարո գործողությունները,

գ. հոմոսեքսուալիզմը /արվամոլություն/,

8) վեներական հիվանդությամբ վարակված լինելը,

9) ՁԻԱՀ-ով վարակված լինելը,

10) կենդանի անձանց ինքնությունների որոշումը:

 

II. ԴԱՏԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

7. Դատակենսաբանական փորձաքննությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կատարվում են իրավապահ մարմինների կայացրած որոշումների հիման վրա, ուսումնասիրությունները` դատաբժշկական փորձագետների ներկայացրած ուղեգրերով:

8. Իրեղեն ապացույցների ուսումնասիրության գծով դատաբժշկական փորձագետները, կենսաբան փորձագետները /դատակենսաբանները/ կատարված հանցագործությունների, կամ հանցագործության կասկածի դեպքում ուսումնասիրում են ներկայացված առարկաները, հանցագործության գործիքները, փաստում կասկածելի հետքերի առկայությունը, ապա` նրանցում հաստատում կենսաբանական այս կամ այն օբյեկտի` արյուն, սերմնահեղուկ, մազ, թուք, մեզ, կղանք, քրտինք և այլն, առկայությունը, կամ այդպիսիք չհայտնաբերելու դեպքում` ֆիքսում չհայտնաբերման փաստը:

9. ՈՒսումնասիրության արդյունքում հայտնաբերված կասկածելի հետքերը պետք է փորձաքննության ենթարկվեն առանձին-առանձին, նրանցում կենսաբանական նյութի առկայությունը փորձել հաստատել ուսումնասիրության մի քանի եղանակներով /միկրոլուսապատկերային, քրոմատոգրաֆիկ, քիմիական, ախտորոշիչ թեստ ժապավենով, էլեկտրոֆորետիկ և այլն/:

10. Դատակենսաբանը ուսումնասիրության արդյունքում կազմում է արձանագրություն` նկարագրելով կիրառված եղանակները, մեթոդները և սարքերը, իսկ ուսումնասիրությունից հետո կազմում գիտականորեն հիմնավորված եզրակացություն` բոլոր միջնորդությունները ապահովվելուց հետո չխախտելով փորձաքննությունների կատարման համար սահմանված 30 աշխատանքային օրվա ժամկետը:

11. Հայտնաբերված հետքերը փորձագետը ուսումնասիրության ընթացքում ամբողջությամբ չի ոչնչացնում, հետքի որոշ հատվածներ թողնվում են իրեղեն ապացույցների վրա հետագա հնարավոր այլ փորձաքննությունների համար:

12. Արյուն հայտնաբերելիս իրականացվում է.

1) արյան հետքի առկայության հաստատումը,

2) արյան տեսակային պատկանելիության պարզումը /կենդանու է, թե` մարդու, եթե կենդանու է, ապա ինչ կենդանու/,

3) արյան խմբային հատկանիշների պարզումը /տարբեր իզոշճաբանական համակարգերով/,

4) արյան հետքի մեջ նրա առաջացման վաղեմության պարզումը,

5) թափված արյան քանակի պարզումը,

6) արյան տեղային պատկանելիության պարզումը էլեկտրոֆորեզի եղանակով /պերիֆերիկ և դաշտանային/,

7) մեծահասակի և պտղի արյան տարբերակումը /վիժման, վաղաժամկետ ծննդաբերությունների կամ նորածնի դիակ հայտնաբերվելու դեպքում/:

13. Սերմնահեղուկ հայտնաբերելիս իրականացվում է.

1) սերմնահեղուկի հետքի առկայության հաստատումը,

2) սերմնահեղուկի տեսակի հաստատումը,

3) սերմնահեղուկի խմբային պատկանելիության պարզումը,

4) սերմնահեղուկի արտադրողական հատկանիշի հաստատումը,

5) հեղուկ սերմնահեղուկի ուսումնասիրությունը:

14. Մեզ, թուք, քրտինք, կղանք հայտնաբերելիս իրականացվում է սույն չափորոշչի 13-րդ կետով սերմնահեղուկի համար նախատեսված հատկանիշների որոշում:

15. Մազ հայտնաբերելիս իրականացվում է.

1) մազանման թելիկի` մազ հանդիսանալու փաստի պարզումը,

2) մազի պատկանելիության պարզումը /մարդու, թե կենդանու/,

3) մարդու մազի տեղային ծագման պարզումը,

4) մազի` թափված կամ պոկված լինելու հանգամանքի պարզումը,

5) պոկված լինելու դեպքում` մազի անջատման նպատակով կիրառված գործիքի պարզումը,

6) մազի` ներկված, գունազրկված, գանգրեցված կամ այլ կերպ հարդարված լինելու հանգամանքի պարզումը,

7) մազի` որևէ հիվանդությամբ տառապելու հանգամանքի պարզումը,

8) մազի խմբային պատկանելիության պարզումը,

9) մազերի վնասվածքների պարզումը,

10) մազի` կոնկրետ մարդուն պատկանելու հնարավորությունը:

16. Ոսկոր հայտնաբերելիս իրականացվում է.

1) ոսկրային հյուսվածքի առկայության հաստատումը` լրացուցիչ դատահյուսվածաբանական և դատաբջջաբանական ուսումնասիրությամբ,

2) ոսկրի` մարդուն կամ կենդանուն պատկանելիության պարզումը,

3) մարդուն պատկանելու դեպքում` ոսկրի խմբային պատկանելիության պարզումը:

17. Մկան հայտնաբերելիս իրականացվում է.

1) մկանային հյուսվածքի առկայության հաստատումը` լրացուցիչ դատահյուսվածաբանական կամ դատաբջջաբանական ուսումնասիրությամբ,

2) մկանի տեսակային պատկանելիության պարզումը /մարդու, թե կենդանու/,

3) մկանային հյուսվածքի խմբային պատկանելիության պարզումը:

18. Ատամ հայտնաբերելիս իրականացվում է.

1) ատամի պատկանելիության պարզումը` մարդու, թե կենդանու,

2) ատամի խմբային պատկանելիության պարզումը:

19. Եղունգ հայտնաբերելիս իրականացվում է.

1) եղնգային կտրվածքների տեսակային պատկանելիության պարզումը,

2) եղունգի տակ արյան կամ որևէ կենսաբանական նյութի առկայության պարզումը և նրա տեսակի, խմբային պատկանելիության հաստատումը,

3) եղունգի խմբային հատկանիշի որոշումը:

20. Քրտնաճարպային արտատպվածք հայտնաբերելիս իրականացվում է նրանում քրտինքի տեսակի և խմբի պարզումը:

21. Վերը թվարկած ցանկացած կենսաբանական նյութի առկայությունը, տեսակը և խմբային պատկանելիությունը որոշելուց հետո, փորձագետն անցնում է համեմատական հետազոտության` ստացված արդյունքները համեմատելով գործով անցնող անձանց համապատասխան կենսաբանական հյուսվածքի /արյուն, սերմնահյութ և այլն/ խմբային պատկանելիության հետ:

22. Իրեղեն ապացույցների գծով դատաբժշկական փորձագետների կամ կենսաբան-փորձագետների համար ուսումնասիրության օբյեկտներ են հանդիսանում նաև դիակների կամ կենդանի անձանց արյան նմուշները, նրանցում խմբային պատկանելիությունը հաստատելու համար, ինչպես և դիակների, կենդանի անձանց հեշտոցի, հետանցքի և բերանի խոռոչի պարունակությամբ ներծծված խծուծները և պատրաստված քսուքները` նրանցում սերմնահյութի առկայությունը հաստատելու նպատակով:

23. Վիճելի հայրության, մայրության և երեխաների փոխարինման փորձաքննություն, որի ժամանակ դատակենսաբանական փորձաքննությամբ չի հաստատվում հայրությունը, մայրությունը, այլ միայն ժխտվում է:

24. Դատաբջջաբանական փորձաքննություններ, որի ժամանակ պարզաբանվում են հետևյալ հարցերը.

1) հետքերում կենդանական ծագման հյուսվածքների միկրոմասնիկների և բջիջների առկայություն,

2) բջիջների և միկրոմասնիկների հյուսվածքաօրգանային ծագումը,

3) բջիջների և միկրոմասնիկների տեսակային պատկանելիությունը,

4) նրանց խմբային և սեռային պատկանելիությունը /X և Y քրոմոսոմներ/,

5) բջիջների և միկրոմասնիկների կոնկրետ անձից առաջացման հնարավորությունը:

25. Սեռական հանցագործությունների ժամանակ`

1) կասկածյալների սեռական օրգաններից արված քսվածքներում և քսուք-դրոշմվածքներում, ենթաեղնգային պարունակության մեջ և հագուստի վրայի հետքերում հեշտոցային բջիջների առկայության /համապատասխան դեպքերում նաև` ուղիղ աղիքի և բերանի լորձաթաղանթի բուկալ բջիջների առկայություն/ հաստատում,

2) բջիջների խմբային /համապատասխան դեպքերում` X և Y քրոմոսոմներով նաև` սեռային/ պատկանելիության որոշում,

3) կոնկրետ անձից բջիջների առաջացման հնարավորությունը,

4) արյան դաշտանային ծագման բջջաբանական հաստատում,

5) կաթնագեղձերի արտադրության բջջաբանական ուսումնասիրություն` նախկին ծննդաբերությունների և նրանց վաղեմության հաստատման նպատակով,

6) մեզի նստվածքի բջջաբանական ուսումնասիրություն ըստ բջիջների տեսակի և քանակի` մեզի սեռային պատկանելիությունը որոշելու համար:

 

III. ԴԱՏԱՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

26. Պետության կողմից երաշխավորված անվճար դատաքիմիական փորձաքննություններն (ուսումնասիրություններն) իրականացվում են դատաքիմիական փորձագետների կողմից, իրավապահ մարմինների կայացրած դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին որոշման կամ դատաբժշկական փորձաքննություն կատարող դատաբժշկական փորձագետի ուղեգրի հիման վրա, որի ժամանակ հայտնաբերվում են օրգանիզմ ներմուծված թույները, հոգեմետ դեղերը, թմրանյութերը, դեղերը կամ նրանց ածանցյալները, կամ էլ ժխտում նրանց ներկայությունը, դիակի ներքին օրգաններից և կենսաբանական հեղուկներից (արյուն, մեզ, ուղեղ, ստամոքս, աղիներ, լյարդ, լեղապարկ, երիկամ, փայծաղ, մաշկ, մազեր, եղունգներ, մկաններ, կերակրափող, փսխման զանգված, մատներից կամ բերանից վերցված քսուքներ, ինչպես նաև դեպքի վայրից առգրավված դեղեր, ներարկիչներ, սրվակներ և այլ իրեղեն ապացույցներ) վերցված նմուշներում հայտնաբերում անձի մահվան պատճառ հանդիսացող թունավոր նյութերը, ապա անցնում դրանց որակական և քանակական որոշմանը: Աշխատանքի ընթացքում, սկզբում կատարում են նախնական ուսումնասիրություն` որոշվում է գույնը, հոտը, միջավայրը, քաշը:

 

IV. ԴԱՏԱԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

27. Պետության կողմից երաշխավորված անվճար դատակենսաքիմիական փորձաքննություններն (ուսումնասիրություններ) իրականացվում են դատական կենսաքիմիկոսների` իրավապահ մարմինների կողմից կայացված դատակենսաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին որոշման կամ դատաբժշկական փորձաքննություն կատարող դատաբժշկական փորձագետի ուղեգրի հիման վրա:

28. Դատակենսաքիմիական փորձաքննությամբ (ուսումնասիրությամբ) հաստատվում է մահվան պատճառը (դիակային արյան միջոցով) դատաբժշկական նշանակություն ունեցող կենսաքիմիական ցուցանիշների քանակական որոշման եղանակով`

1) ֆերմենտներ` ասպարտատամինոտրանսֆերազ (ԱսԱտ), ալանինամինոտրանսֆերազ (ԱլԱտ), լակտատդեհիդրոհենազ (ԼԴՀ), խոլինէսթերազ,

2) ընդհանուր սպիտակուցներ, գլյուկոզա, միզանյութ, խոլեստերին, կրեատինին, բիլիռուբին, ընդհանուր ճարպեր, մեթհեմոգլոբին, ՑԵ-ռեակտիվ սպիտակուց, թրոմբոպլաստին, տրոպոնին, գլիկոլիզացված հեմոգլոբին:

29. Դատակենսաքիմիական փորձաքննությամբ (ուսումնասիրությամբ) հաստատվում է մահվան պատճառը (դիակային արյան միջոցով) նաև դատաբժշկական նշանակություն ունեցող իմունոֆերմենտային ցուցանիշների քանակական որոշման եղանակով.

1) վիրուսային հիվանդությունների մարկերներ (հերպես, ցիտոմեգալովիրուս, տոքսոպլազմա, մարդու պապիլոմա, տուբերկուլոզ),

2) ինֆեկցիոն հիվանդությունների մարկերներ (խլամիդիաներ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ, տրիխոմոնոզ, գարդներելոզ, գոնորեա),

3) օնկոմարկերներ (ալֆա-ֆետոպրոտեին, պրոստատ սպեցիֆիկ անտիգեն, քաղծկեղածին անտիգեն, C-125),

4) վահանաձև գեղձի (3 յոդ թիրոնին - T3, թիրոքսինի - T4), հիպոֆիզի` (թիրեոտրոպ հորմոն - TSH), մակերիկամի հորմոնների (ադրենալին, նորադրենալին), ինչպես նաև լուտեինիզացնող հորմոն, պրոլակտինի և էստրադիոլի որոշում:

 

V. ԴԱՏԱԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

30. Պետության կողմից երաշխավորված անվճար դատագենետիկական փորձաքննություններն իրականացվում են դատական գենետիկների կողմից իրավապահ մարմինների որոշման հիման վրա:

31. Դատագենետիկական փորձաքննության միջոցով, որի անմիջական հետազոտության առարկա է հանդիսանում մարդու օրգանիզմի ցանկացած կորիզային բջջի, X և Y քրոմոսոմների, միտոքոնդրիումի ԴՆԹ-ն /դեզօքսիռիբոնուկլեինաթթուն/ կատարվում են`

1) վիճելի հայրության փորձաքննություններ,

2) վիճելի մայրության փորձաքննություններ,

3) նույնականացման փորձաքննություններ, որոնց հետազոտման առարկա են հանդիսանում կենսաբանական ծագման հետևյալ օբյեկտները` արյուն, թուք, մազ, մեզ, սերմնահեղուկ, համանման կենսաբանական օբյեկտների հետքեր` իրեղեն ապացույցների վրայից և դեպքի վայրից, ինչպես նաև այլ կենսաբանական ծագման օբյեկտներ` եղունգներ, ոսկորներ, մարմնի մասեր, հյուսվածքներ,

4) իրեղեն ապացույցների վրա առկա հետքերի և կենսաբանական ծագման նմուշների սեռային պատկանելիության փորձաքննություններ:

 

VI. ԴԱՏԱՀՅՈՒՍՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

32. Դատահյուսվածաբանական փորձաքննությունները (ուսումնասիրությունները) կատարվում են դատահյուսվածաբանների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն կատարող փորձագետի ուղեգրի հիման վրա, ինչպես նաև, առանձին դեպքերում, իրավապահ մարմինների կողմից նշանակված փորձաքննության որոշման համաձայն:

33. Դատահյուսվածաբանական փորձաքննությունները (ուսումնասիրությունները) կատարվում են ինչպես բռնի, այնպես էլ ոչ բռնի մահերի դեպքում, ինչպես նաև բժշկական սխալների կասկածների դեպքում:

34. Դատահյուսվածաբանական փորձաքննությունը (ուսումնասիրությունը) կատարվում է որոշելու համար` հյուսվածքներում և օրգաններում ախտաբանական փոփոխությունների առկայությունը, գնահատումը, բռնի մահերի դեպքում` հիվանդագին փոփոխված օրգանների առկայության դեպքում կարող էին դրանք նպաստել մահվան պրոցեսին, թե` ոչ, արդյոք հիվանդությունների ժամանակ այս կամ այն վնասվածքը կարող էր արագացնել կամ բերել մահվան:

35. Դիակի դատահյուսվածաբանական փորձաքննության (ուսումնասիրության) դեպքում դիակի բոլոր ներքին օրգաններից վերցվում են կտորներ, մասնավորապես` զույգ օրգաններից` մեկական կտոր, թոքերից` մեկական կտոր ամեն բլթից, առողջ և փոփոխված օրգաններից մեկական կտոր:

36. Սույն չափորոշչի 35-րդ կետով սահմանված կարգով վերցված կտորների մեկ օրինակը պահվում է թաց արխիվի տեսքով, մյուսից պատրաստվում են պրեպարատներ և հետազոտվում մանրադիտակային եղանակով:

37. Դիակային նյութի դատահյուսվածաբանական փորձաքննությունը (ուսումնասիրությունն) իրականացվում է`

1) հաստատելու և ճշտելու մահվան անմիջական պատճառը,

2) պարզելու դիակային փոփոխությունները,

3) պարզելու կենդանության օրոք ախտաբանական փոփոխությունները,

4) պարզելու վնասվածքների բնույթը, վաղեմությունը,

5) ախտորոշելու կենդանության օրոք կամ հետմահու ծագած վնասվածքները,

6) ախտորոշելու վնասվածքներից առաջացած բարդությունները` ճարպային էմբոլիա, թրոմբոէմբոլիա, հյուսվածքային էմբոլիա,

7) հայտնաբերելու արտաքին մաշկածածկույթների վնասվածքների մետաղացումը,

8) պարզելու հրազենային վնասվածքների դեպքում կրակոցի լրացուցիչ գործոնները,

9) հաստատելու մեխանիկական շնչահեղձումները,

10) հայտնաբերելու դիատոմային պլանկտոնները և նույնականացնելու դեպքի վայրից բերված ջրում եղած դիատոմային պլանկտոնների հետ,

11) գնահատելու կախումների ժամանակ ճմլման ակոսները,

12) պարզելու շնչուղիներում և թոքերում օտարածին մարմինների և մասնիկների առկայությունը,

13) հայտնաբերելու էլեկտրականության ներգործությունը,

14) պարզելու բարձր ջերմաստիճանի ներգործության հետևանքները և դրանց կենդանության օրոք և հետմահու լինելու հարցը,

15) պարզելու ցածր ջերմաստիճանի ներգործության հետևանքով ախտաբանական փոփոխությունները,

16) պարզելու թունավորումների հետևանքով առաջացած ախտաբանական փոփոխությունները,

17) ճշտելու և հաստատելու մայրական մահացության պատճառները,

18) հայտնաբերելու հղիությունը, պարզելու հղիության վաղեմությունը և նախկին հղիության առկայությունը,

19) ճշտելու և հաստատելու մանկական մահացության պատճառները,

20) ճշտելու և հաստատելու պտղի և նորածինների մահացության պատճառները,

21) պարզելու դեպքի վայրից իրեղեն ապացույց հանդիսացող կտորների հյուսվածքային պատկանելությունը` հյուսվածքային նույնականացում,

22) ճշտելու և հաստատելու հանկարծամահությունը,

23) պարզելու նեխած հյուսվածքներում պահպանված ախտաբանական փոփոխությունները և վնասվածքները,

24) հայտնաբերելու և ախտորոշելու արտաշիրիմված, մումիֆիկացիայի, մոմաճարպի ենթարկված դիակների հյուսվածքներում ախտաբանական փոփոխությունները և վնասվածքները:

38. Դատահյուսվածաբանական պրակտիկայում բոլոր վերցված կտորներից պատրաստված պրեպարատները (միկրոպատրաստուկները) պարտադիր ներկվում են հեմատոքսիլին-էոզինով: Անհրաժեշտության դեպքում կիրառվում են հետևյալ ներկման եղանակները`

1) ճարպերի համար (սուդան III, սուդան IV 7 և այլ ներկեր),

2) երկաթի օքսիդի աղերի հայտնաբերման համար (ըստ Պեռլսի),

3) շարակցական հյուսվածքների տարբերակման համար (ըստ Վան-Գիզոնի, Զերբինոյի և այլն),

4) առաձգական նրբաթելերի համար (ըստ Վեյգերտի, Խարտի և այլն),

5) կարդիոմիոցիտների վնասվածքների հայտնաբերման համար (ըստ Ռեզոյի, լուքսորային կապույտով),

6) ամիլոիդների համար (կոնգո կարմիր, գենցիանային մանուշակագույն),

7) գլիկոգենի համար (ըստ Բեստի, Շաբադաշի, Շիֆֆի ռեակտիվով),

8) նյարդային հյուսվածքները (ըստ Նիսլի),

9) հեմոգլոբինուրիային պիգմենտի հայտնաբերման համար (ըստ Լեպենի),

10) վերին շնչուղիների լորձաթաղանթներից քսուք-արտատպվածքների համար (ըստ Պավլովսկու),

11) թոքերի միկրոցիրկուլյատոր ուղիների արյունով լցվելը հայտնաբերելու համար նորածինների դիակների փորձաքննության դեպքում (ըստ Մալորիի),

12) միկրոբների հայտնաբերման համար (Լյոֆլերի մեթիլենային կապույտով, ըստ Գրամ-Վեյգերտի, Ռոմանովսկի-Գիմզա և այլն),

13) նեխային փոփոխությունների ենթարկված հյուսվածքների արյունազեղումներում պահպանված էրիթրոցիտների հայտնաբերման համար (Տուրևիչի մեթոդ):

39. Որոշ դեպքերում անհրաժեշտություն է ծագում իմունահիստոքիմիական հետազոտության` նորագոյացությունների, արյան հիվանդությունների, ոսկրածուծի և այլնի ուսումնասիրության համար:

40. Դատահյուսվածաբանական փորձաքննությունները (ուսումնասիրությունները) կատարվում են լուսային մանրադիտակով, անհրաժեշտության դեպքում կիրառվում են ֆազա-կոնտրաստային, լյումինիսցենտային, բևեռացված լույսի տակ ուսումնասիրությունները, միկրոնկարահանման և մորֆոմետրիայի մեթոդները:

41. Մեկ դիակից վերցված յուրաքանչյուր օրգանի մեկ կամ մի քանի կտորները կարող են ներկվել սույն չափորոշչի 38-րդ կետում նշված եղանակներով և ուսումնասիրվել տարբեր եղանակներով, որը բնորոշ է միայն դատական բժշկությանը: Մեկ օրգանի կամ հյուսվածքի մեկ կտորի հյուսվածաբանական ուսումնասիրությունը մեկ ներկման մեթոդով համարվում է մեկ ուսումնասիրության օբյեկտ: Ամեն կտորից պատրաստված պրեպարատների լրացուցիչ ներկման կամ ուսումնասիրության մեթոդի կիրառումը, նաև մեկ պրեպարատի մորֆոմետրիան և միկրոնկարահանումը համարվում է առանձին լրացուցիչ ուսումնասիրության օբյեկտ:

42. Բժշկական սխալների դեպքում կատարվող հանձնաժողովային փորձաքննությունների ժամանակ վերցված բոլոր օրգանների կտորները ենթարկվում են պրեպարատների կրկնակի պատրաստման և ուսումնասիրության:

 

VII. ԲԺՇԿԱՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

43. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկաքրեագիտական փորձաքննություններն (ուսումնասիրություններն) իրականացնում են բժշկաքրեագիտական փորձագետները իրավապահ մարմինների կողմից կայացված որոշման հիման վրա, իսկ բժշկաքրեագիտական ուսումնասիրությունները կատարվում են իրավապահ մարմինների կողմից կայացված որոշմամբ փորձաքննություն կատարող դատաբժշկական փորձագետի ուղեգրի հիման վրա:

44. Բժշկաքրեագիտական փորձաքննություններն (ուսումնասիրություններն) իրականացվում են` պարզելու, թե մաշկի, հյուսվածքների, ոսկորների վրա եղած վնասվածքներն ինչ գործիքով, առարկայով, զենքով են պատճառվել (հրազեն, ծակող, ծակող-կտրող, կոտորող, բութ, սուր բութ և այլն):

45. Հրազենային վնասվածքների դեպքում, օգտագործելով սպեկտրալ, կոնտակտահպումային, գրաֆիկական, ռենտգենոգրաֆիկ մեթոդները, պարզվում է`

1) վնասվածքը հրազենային է, թե` ոչ,

2) եթե հրազենային է, գնդակային է, թե` կոտորակային,

3) յուրաքանչյուր մուտքի և ելքի անցքերը առանձին-առանձին,

4) կրակոցի հեռավորությունը,

5) գնդակի կամ շապիկի մետաղի տեսակը,

6) կրակոցի ուղղությունը,

7) կրակոցը կատարվել է արգելքով, խլացուցիչով,

8) կրակոցի լրացուցիչ գործոնների առկայությունը:

46. Պայթյունային վնասվածքների ժամանակ որոշվում է`

1) վնասվածքի բնույթը, որը առաջացել է մարմնի վրա պայթյունի հետևանքով,

2) օգտագործված նյութը պայթուցիկ է, թե` ոչ,

3) եթե պայթուցիկ նյութ է, ապա` ինչ պայթուցիկ նյութ է օգտագործվել:

47. Կտրած, ծակած և ծակած-կտրած վերքերի ժամանակ պարզվում է`

1) յուրաքանչյուր վնասվածք ինչ գործիքով է պատճառվել (կտրող-ծակող, կտրող, կոտորող և այլ տիպի գործիքներ),

2) եթե դանակով, ապա` ինչ դանակով է պատճառվել,

3) վնասվածքը պատճառվել է մեկ, թե տարբեր դանակներով:

48. Անձի նույնականացման ժամանակ, երբ հայտնաբերվում են անդամահատված մարմնամասեր, ոսկրային մնացորդներ, կմախքացած դիակներ, մոխրացած կամ կիսաայրված ոսկրային մնացորդներ, իրականացվում են հետևյալ հետազոտությունները.

1) եթե վնասվածքներ կան հյուսվածքների կամ ոսկրերի վրա, ապա որոշվում է նրանց հետագիծը,

2) պատրաստվում է հյուսվածքի կամ ոսկրի վրա վնասվածքի արտատպվածքը, վնասվածք պատճառող գործիքի կամ առարկայի հետ նույնականացնելու նպատակով,

3) պատրաստվում է վնասվածք պատճառող առարկայի, գործիքի կամ զենքի մոտավոր տեսակը և համադրվում վնասվածքի հետ, ստացվում է կասկածելի զենքը, գործիքը կամ առարկան,

4) գանգի թաղի և դիմային հատվածի ոսկորներից վերականգնվում է դեմքը, համադրվում լուսանկարի հետ և կատարվում է ֆոտոնույնացում:

 

VIII. ԲԱՐԴ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

49. Կրկնակի, լրացուցիչ և համալիր փորձաքննությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` իրավապահ մարմինների որոշման հիման վրա:

50. Համալիր փորձաքննության ընթացքում լուծվող խնդիրները.

1) դատաբժշկական և հետքաբանական`

ա. վնասվածքների առաջացման մեխանիզմի որոշում,

բ. վնասվածք պատճառող գործիքի, առարկայի /սուր, ծակող, ծակող-կտրող, կոտորող, բութ, հրազեն և այլն/ տեսակի որոշում,

գ. վնասվածքների /հագուստների և մարմնական/ համադրում, համընկնում, նրանց առաջացման մեխանիզմի որոշում առաջադրված պայմաններում /հարված, վայր ընկնել և այլն/,

դ. վնասվածքների /հագուստների, մարմնական, մանրաթելերի, տրանսպորտային միջոցի/ համադրում, համընկնում.

2) դատաբժշկական և ավտոտեխնիկական`

ա. մարմնական և հագուստների վնասվածքների համընկնում, նրանց առաջացման մեխանիզմի որոշում /վրաերթ, մեքենայի խցիկում ուղևորների և վարորդի տեղի որոշում/.

3) դատաբժշկական և ձգաբանական`

ա. վնասվածքների բնույթի, տեղակայության, առաջացման մեխանիզմի որոշում /մուտքի և ելքի անցքեր, վերքային խողովակներ, ուղղություններ, հեռավորություն, տրամաչափ/.

4) դատաբժշկական և ռազմաբժշկական`

ա. զինակոչիկների, զինապարտների առողջական վիճակների /ախտորոշումների/ որոշում.

5) դատաբժշկական և դատահոգեբուժական`

ա. հիվանդությունների առկայության, ծագումնաբանության և պատճառական կապի որոշում:

51. Հանձնաժողովային փորձաքննության ընթացքում լուծվող խնդիրները.

1) բժշկական օգնության և սպասարկման տեսակի, ծավալի, ախտորոշման, բուժման մեթոդի ընտրության, հիվանդի վարման գործընթացում տեղ գտած խախտումները,

2) հիվանդության զարգացման ժամկետի որոշում,

3) կոնկրետ որևէ բժշկական գործողության /բժշկի, բժիշկների/, անգործության կամ գործունեության հետևանքների որոշում, դրանց պատճառական կապը հիվանդի վիճակի վատացման հետ /ըստ հետևանքների` առողջությանը պատճառված վնասի աստիճանի և մահվան հետ կապի որոշում/,

4) հիվանդի հետազոտությունների և ախտորոշումների որոշում և դրանց պատճառական կապը հետևանքների հետ,

5) բժշկական միջամտությունների /ներարկումներ, թերապևտիկ և վիրահատական միջամտություններ/ կատարում կամ չկատարում և դրանց պատճառական կապը հետևանքների հետ /ըստ հետևանքների` առողջությանը պատճառված վնասի աստիճանի և մահվան հետ կապի որոշում/,

6) հիվանդին բուժ. օգնության ցուցաբերում և չցուցաբերում և դրանց պատճառական կապը հետևանքների հետ /առողջությանը պատճառած վնաս և մահ/,

7) մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմների որոշում /օր. ուղղակի հարված /ներ/, վայր ընկնել և այլն/,

8) զինակոչիկների, զինապարտների, զորացրվածների առողջական վիճակների, հիվանդությունների առկայությունների, դրանց հիմնավորվածության, բնույթի, ընթացքի, դրանց գիտական հիմնավորվածության որոշում,

9) անձի առողջական վիճակի` հիվանդության առկայության որոշում:

52. Կրկնակի փորձաքննությունների ընթացքում լուծվող խնդիրները.

1) նախորդ փորձաքննությունների (առաջնային, համալիր, հանձնաժողովային, կրկնակի) գիտական հիմնավորվածության որոշում,

2) նախորդ փորձաքննությունների ժամանակ առաջադրված հարցերի կրկին առաջադրում և դրանց որոշում,

3) վնասվածքների առաջացման մեխանիզմի որոշում /օր. ուղղակի հարված, վայր ընկնել և այլն/:

53. Արտաշիրիմումներ.

1) մահվան պատճառի որոշում,

2) վնասվածքների առկայությունների և նրանց բնույթի /սուր, բութ, հրազեն, դրանց քանակ և այլն/ առաջացման մեխանիզմների /օր. ուղղակի հարված, վայր ընկնել և այլն/, վաղեմության, առողջությանը պատճառած վնասի, մահվան հետ դրանց պատճառական կապի որոշում,

3) հիվանդությունների առկայության, մահվան հետ պատճառական կապի որոշում,

4) բժշկական օգնության և սպասարկման տեսակի, ծավալի, ախտորոշման, բուժման մեթոդի ընտրության, հիվանդի վարման գործընթացում տեղ գտած խախտումները,

5) նախկին դիահերձումների /ախտաբանաանատոմիական, դատաբժշկական փորձաքննությունների/ գիտականորեն հիմնավորվածությունների որոշում:

54. Սույն չափորոշչի 49-րդ կետում նախատեսված փորձաքննությունները կատարելիս կենդանի անձանց դեպքում ուսումնասիրվում են բժշկական փաստաթղթերը, կարիքն առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության չափորոշիչներով նախատեսված բժշկական կազմակերպություններում ամբուլատոր և ստացիոնար կարգով կատարվում են կրկնակի, լրացուցիչ հետազոտություններ /գործիքային, լաբորատոր/, ինչպես և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջատար մասնագետների միջոցով կատարվում են մասնագիտական խորհրդատվություններ, կամ նրանց մասնակցությամբ կազմվում են եզրակացություններ:

55. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության դատաբժշկական փորձագետների կողմից փորձաքննության նպատակով ուղեգրված անձանց խորհրդատվությունները, հետազոտությունները և ախտորոշումների որոշումը հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջատար մասնագետների կողմից իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

56. Երևան քաղաքում դատաբժշկական փորձագետների ուղեգրով հիվանդանոցային հետազոտությունները և մասնագիտական խորհրդատվությունները իրականացվում են`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում,

2) «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում,

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում,

4) «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում,

5) «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունում,

6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում,

7) «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում,

8) «Իզմիրլյան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունում,

9) «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում,

10) «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունում,

11) «Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում,

12) «Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մուրացան» հիվանդանոցային համալիրում:

57. Երևան քաղաքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետների կողմից ամբուլատոր դատաբժշկական փորձաքննությունների ընթացքում մասնագետների խորհրդակցությունները, ինչպես նաև մասնագետների կողմից իրականացվող գործիքային հետազոտությունները, լաբորատոր հետազոտությունները իրականացվում են այն պոլիկլինիկական կազմակերպություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետական պատվերի տեղադրման հայտի բավարարման ընթացքում թույլատրվել է գործունեության տվյալ տեսակը:

58. Հայաստանի Հանրապետության մարզերում հիվանդանոցային և ամբուլատոր դատաբժշկական փորձաքննությունները պետական պատվերի շրջանակներում իրականացվում են այն հիվանդանոցային և պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետական պատվերի տեղադրման հայտի բավարարման ընթացքում թույլատրվել է գործունեության տվյալ տեսակը:

59. Մարզերում դատաբժշկական փորձաքննության խորհրդատվությունները իրականացվում են պոլիկլինիկական և հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում` առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարի ընդունվող «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դատաբժշկական փորձաքննությունների կազմակերպման չափորոշիչ»-ի համաձայն:

60. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կատարվող դատաբժշկական փորձաքննության ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
24.12.2013
N 87-Ն
Հրաման