Սեղմել Esc փակելու համար:
{27.03.2014 - 08.04.2022} ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{27.03.2014 - 08.04.2022} ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՅՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.03.2014  -ից մինչեւ   08.04.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

27/03/2014 - 08/04/2022

112.0001.120314

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        03            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11214124

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

1 փետրվարի 2014 թվականի թիվ 1-Ն

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1446-Ն որոշման 2-րդ կետի համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու կարգը և պայմանները` համաձայն թիվ 1 հավելվածի,

2) Ոստիկանության ծառայողի համազգեստ կրելու կարգը և պայմանները` համաձայն թիվ 2 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի օգոստոսի 7-ի «Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու կարգն ու պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2011 թվականի հունիսի 1-ի թիվ 2-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 11-Ն հրամանը:

 

Հավելված 1

ՀՀ ոստիկանության պետի

2014 թվականի փետրվարի 1-ի

թիվ 1-Ն հրամանի

 

i

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելը ենթադրում է ոստիկանության ծառայողին համազգեստով, տարբերանշաններով և համազգեստի մաս կազմող այլ պարագաներով, ինչպես նաև անկողնային պարագաներով և վրաններով ապահովում (այսուհետ` հանդերձանք):

i

3. Ոստիկանության ծառայողին հանդերձանքով ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության միջոցով (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի զինծառայողներին հանդերձանքով ապահովման, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիկունքի իրային ծառայության միջոցով), իսկ բաշխումը, ըստ սահմանված նորմաների, կատարվում է ստորաբաժանման համապատասխան ծառայության կողմից:

(3-րդ կետը փոփ. 01.04.2022 թիվ 1-Ն հրաման)

i

4. Ոստիկանության տնտեսական վարչության հանդերձանքի ապահովման համար պատասխանատու ծառայության խնդիրներն են` ոստիկանության ստորաբաժանումների ժամանակին և ամբողջությամբ հանդերձանքով ապահովումը, ստորաբաժանումների հանդերձանքի պահեստներում և օգտագործման մեջ եղած համազգեստի հաշվառումը, պահպանման աշխատանքների իրականացումը, ոստիկանության ծառայողների համազգեստի կարի անհատական պատվերների կազմակերպումը, ինչպես նաև արտադրանքի որակի նկատմամբ հսկողությունը:

(4-րդ կետը փոփ. 01.04.2022 թիվ 1-Ն հրաման)

i

4.1. Հանդերձանքի ապահովման համար ոստիկանության զորքերի թիկունքի իրային ծառայության խնդիրներն են` ոստիկանության զորքերի ստորաբաժանումների զինծառայողներին ժամանակին և ամբողջությամբ հանդերձանքով ապահովումը, ստորաբաժանումների հանդերձանքի պահեստներում և օգտագործման մեջ եղած համազգեստի հաշվառումը, պահպանման աշխատանքների իրականացումը, ոստիկանության զորքերի զինծառայողների համազգեստի կարի անհատական պատվերների կազմակերպումը, ինչպես նաև արտադրանքի որակի նկատմամբ հսկողությունը:

(4.1-ին կետը լրաց. 01.04.2022 թիվ 1-Ն հրաման)

5. Ոստիկանության ծառայողներին համազգեստը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները սահմանելու մասին» N 1446-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված ժամկետներով:

6. Անձնական օգտագործման հանդերձանքի պարագաները անձնակազմին տրվում են անհատական օգտագործման համար:

i

7. Հանդերձանքը պատվիրվում և պահեստավորվում է կենտրոնացված կարգով` ոստիկանության ծառայողների, զինծառայողների թվաքանակին համապատասխան:

(7-րդ կետը փոփ. 01.04.2022 թիվ 1-Ն հրաման)

8. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում առկա` սահմանված նորմերին չհամապատասխանող հանդերձանքի բաշխումը կատարվում է ըստ նպատակահարմարության:

 

2. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. Ոստիկանությունում նոր ստորաբաժանում կազմավորվելու դեպքում վերջինիս ծառայողներին համազգեստ տրամադրելու համար հիմք է հանդիսանում տվյալ ստորաբաժանման կազմավորման մասին համապատասխան իրավական ակտը:

10. Ոստիկանության ստորաբաժանումների հանդերձանքը բաշխվում է համաձայն ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված ցուցակի, իսկ ոստիկանության կենտրոնական ապարատի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձնակազմին` անհատական կարգով:

11. Ոստիկանության այլ ստորաբաժանումներ ոստիկանության ծառայողի տեղափոխման դեպքում նրան տրվում է հանդերձանքով ապահովելու մասին համապատասխան վկայական:

12. Ոստիկանության ծառայողին համազգեստի ուսադիրներ, տարբերանշաններ, թևքանշաններ և համազգեստի մաս կազմող այլ պարագաներ հատկացվում են հասանելիք համազգեստի հետ միասին:

13. Բարձրագույն խմբի կոչում ստացած ոստիկանության ծառայողները ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները սահմանելու մասին» N 1446-Ն որոշման թիվ 2 հավելվածի թիվ 1 նորմայով նախատեսված համազգեստի ողջ լրակազմով:

14. Ոստիկանության կրտսեր խմբի կոչումներ ունեցող ոստիկանության ծառայողները ոստիկանությունում ծառայություն անցնելիս անմիջապես ստանում են ամենօրյա համազգեստի ողջ լրակազմը, իսկ տոնական համազգեստինը` ծառայության անցնելուց 6 ամիս հետո:

15. Այլ պետությունների ոստիկանության ուսումնական հաստատություններ գործուղված սովորողների հանդերձանքի ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության համար նախատեսված նորմաներով` հաշվի առնելով տվյալ պետության բնակլիմայական առանձնահատկությունները:

 

i

2.1. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(2.1-ին գլուխը լրաց. 01.04.2022 թիվ 1-Ն հրաման)

 

16. Ոստիկանության զորքերում նոր ստորաբաժանում կազմավորվելու դեպքում վերջինիս զինծառայողներին համազգեստ տրամադրելու համար հիմք է հանդիսանում տվյալ ստորաբաժանման կազմավորման մասին համապատասխան իրավական ակտը:

17. Ոստիկանության զորքերի ստորաբաժանումների հանդերձանքը բաշխվում է համաձայն ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված ցուցակի:

18. Ոստիկանության զորքերի կամ ոստիկանության այլ ստորաբաժանումներ ոստիկանության զորքերի զինծառայողի տեղափոխման դեպքում նրան տրվում է հանդերձանքով ապահովելու մասին համապատասխան վկայական:

19. Ոստիկանության զորքերի զինծառայողին համազգեստի ուսադիրներ, տարբերանշաններ, թևքանշաններ և համազգեստի մաս կազմող այլ պարագաներ հատկացվում են հասանելիք համազգեստի հետ միասին:

20. Բարձրագույն սպայական կազմի կոչում ստացած ոստիկանության զորքերի զինծառայողները ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման թիվ 2 հավելվածի թիվ 1 նորմայով, ոստիկանության տնտեսական վարչության համապատասխան ծառայության կողմից, նախատեսված համազգեստի ողջ լրակազմով:

21. Ոստիկանության զորքերում ծառայություն անցնելիս զինծառայողները անմիջապես ստանում են իրենց հասանելիք սեզոնային համազգեստի ողջ լրակազմը (հետագայում սեզոնային փոփոխության հետ կապված ստանում է համազգեստի մյուս տեսակները), իսկ տոնական համազգեստը` ծառայության անցնելուց 6 ամիս հետո:

22. Այլ պետությունների ոստիկանության ուսումնական հաստատություններ գործուղված ոստիկանության զորքերի զինծառայողների հանդերձանքի ապահովումն իրականացվում է ոստիկանության տնտեսական վարչության համապատասխան ծառայության կողմից, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության համար նախատեսված նորմաներով` հաշվի առնելով տվյալ պետության բնակլիմայական առանձնահատկությունները:

 

Հավելված 2

i

ՀՀ ոստիկանության պետի

2014 թվականի փետրվարի 1-ի

թիվ 1-Ն հրամանի

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու հետ կապված հարաբերությունները:

2. Ծառայության ընթացքում ոստիկանության ծառայողները շնորհված կոչմանը համապատասխան կրում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշմամբ հաստատված նմուշի համազգեստ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտություն է առաջանում ծառայության ժամանակ կրելու քաղաքացիական հագուստ:

3. Ոստիկանության ծառայողների համազգեստը դասակարգվում է տոնական, ամենօրյա և արտաքին ծառայություն իրականացնելու համար նախատեսված, ինչպես նաև ամառային և ձմեռային տեսակների:

4. Ոստիկանության զորքերի զինծառայողի համազգեստը դասակարգվում է տոնական, ամենօրյա և արտաքին ծառայություն իրականացնելու համար նախատեսված, ինչպես նաև ամառային, գարնանային-աշնանային և ձմեռային տեսակների:

5. Տոնական համազգեստը կրում են`

1) երդման արարողության,

2) ոստիկանության և ոստիկանության զորքերի ստորաբաժանումներին, ուսումնական հաստատություններին` դրոշներ հանձնելու,

3) պատվո պահակի կազմի մեջ ընդգրկվելու,

4) պետական պարգևներ ստանալու,

5) պաշտոնի նշանակման և հատուկ կոչում շնորհելու դեպքերում` ղեկավարներին ներկայանալու,

6) ոստիկանության ծառայողների, զինծառայողների մասնակցությամբ պաշտոնական միջոցառումների անցկացման ժամանակ,

7) տոների և հիշատակի օրերին` ծառայությունից դուրս:

6. Արտաքին ծառայություն իրականացնելու համար նախատեսված համազգեստը կրում են`

1) պարեկային ծառայության մեջ գտնվելիս,

2) ծառայողական հատուկ և ծառայողամարտական խնդիրներ կատարելիս,

3) հերթապահությունների և ծառայողական պարապմունքների ժամանակ:

7. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով չնախատեսված մյուս բոլոր դեպքերում ոստիկանության ծառայողները կրում են ամենօրյա համազգեստ:

8. Համազգեստի տեսակը որոշվում է ոստիկանության ստորաբաժանման օպերատիվ ղեկավարի կողմից` ելնելով տվյալ ստորաբաժանման տեղակայման վայրից և իրականացվող խնդիրների բնույթից:

9. Շարային երթի, ստուգատեսների, խորհրդակցությունների և ծառայողական պարապմունքների ժամանակ ոստիկանության ծառայողների համազգեստի տեսակը որոշվում է դրանք անցկացնողների կողմից:

10. Ոստիկանության ծառայողների առանձին խմբեր զինվորական նմուշի համազգեստ կրելիս ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տվյալ համազգեստը կրելու համար սահմանված կարգով և նորմաներով:

11. Ոստիկանության ծառայողներին չի թույլատրվում կրել`

1) չսահմանված նմուշի համազգեստի պարագաներ, տարբերանշաններ և կրծքանշաններ,

2) միաժամանակ ամենօրյա, տոնական և արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստների պարագաները` բացառությամբ սույն կարգով նախատեսված հատուկ դեպքերի,

3) գունաթափ կամ կեղտոտված փողկապներ,

4) կեղտոտ, վնասված վերնամասով, մաշված կրունկներով կամ ոլորված սրնքակալներով կոշիկներ,

5) համազգեստ` քաղաքացիական հագուստի հետ համատեղ:

 

2. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

12. Ոստիկանության ծառայողները կրում են`

1) Տոնական համազգեստ,

ա. ամառային` գլխարկ տոնական, տարազաբաճկոն և տաբատ մուգ փիրուզագույն, վերնաշապիկ սպիտակ` սև փողկապով, սև կոշիկներ,

բ. ձմեռային` գլխարկ ականջակալներով, մորթե (բարձրագույն խմբի կոչում ունեցողների համար` կարակուլե), վերարկու մուգ փիրուզագույն (բարձրագույն խմբի կոչում ունեցողների համար` կարակուլե օձիքով), կիսավերարկու մորթե օձիքով, տարազաբաճկոն և տաբատ մուգ փիրուզագույն, սպիտակ վերնաշապիկ` սև փողկապով, սև կոշիկներ կամ կիսաճտքավոր կոշիկներ, սպիտակ ձեռնոցներ, սպիտակ վզպատ թաշկինակ:

2) Ամենօրյա համազգեստ,

ա. ամառային` գլխարկ, մուգ փիրուզագույն տարազաբաճկոն և տաբատ, վերնաշապիկ (մոխրաերկնագույն/սպիտակ), մուգ փիրուզագույն փողկապ, սև կոշիկներ կամ կիսաճտքավոր կոշիկներ,

բ. ձմեռային` գլխարկ ականջակալներով մորթե (բարձրագույն խմբի կոչումներ ունեցողների համար` կարակուլե), վերարկու մուգ փիրուզագույն (բարձրագույն խմբի կոչում ունեցողների համար` կարակուլե օձիքով), կիսավերարկու մորթե օձիքով, մուգ փիրուզագույն տարազաբաճկոն և տաբատ, մոխրաերկնագույն կամ սպիտակ վերնաշապիկ` մուգ փիրուզագույն փողկապով, սև կոշիկներ կամ կիսաճտքավոր կոշիկներ, սև ձեռնոցներ, մուգ փիրուզագույն վզպատ թաշկինակ:

3) Արտաքին ծառայություն իրականացնելու համար նախատեսված համազգեստ.

ա. ամառային` գլխարկ կեպի (ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներում` սպորտային գլխարկ), կիսաբամբակյա բաճկոն և տաբատ` մուգ փիրուզագույն, ճանապարհապարեկային ծառայողների համար երկուական լուսաանդրադարձնող ժապավեններ, մոխրաերկնագույն վերնաշապիկ (շապիկ), մուգ փիրուզագույն փողկապ, սև գոտի, սև կոշիկներ կամ կիսաճտքավոր կոշիկներ:

Պարեկային ծառայության ծառայողների համար` կեպի սպորտային ամառային, մուգ կապույտ գույնի վերնաշապիկ ուսադիրներով կարճաթև, սպիտակ գույնի ներքնաշապիկ, մուգ կապույտ գույնի տաբատ, կոշիկ սպորտային, արտացոլող ժիլետ:

բ. ձմեռային` գլխարկ ականջակալներով (ոչխարի մորթուց` գլխավոր, ավագ և միջին խմբի կոչումներ ունեցողների համար և արհեստական մորթուց` կրտսեր խմբի կոչումներ ունեցողների համար), կիսավերարկու մորթե օձիքով, ճանապարհապարեկային ծառայողների համար երկուական լուսաանդրադարձնող ժապավեններ, մուգ փիրուզագույն տարազաբաճկոն և տաբատ, մոխրաերկնագույն վերնաշապիկ, սև գոտի, սև կոշիկներ կամ կիսաճտքավոր կոշիկներ, սև ձեռնոցներ, մուգ փիրուզագույն վզպատ թաշկինակ:

Պարեկային ծառայության ծառայողների համար` կեպի սպորտային ձմեռային, մուգ կապույտ գույնի սվիտեր, մուգ կապույտ գույնի տաբատ, կիսավերարկու, սև կաշվից ձեռնոց, կոշիկ ձմեռային կիսաճտքավոր սպորտային, արտացոլող բաճկոնակ:

13. Ոստիկանության ծառայողները կարող են կրել`

1) ձմեռային, ամենօրյա և տոնական համազգեստների հետ ականջակալներով գլխարկի փոխարեն մուգ փիրուզագույն կիսաբրդյա գլխարկ,

2) արտաքին ծառայության համար նախատեսված ձմեռային համազգեստի դեպքում` տաք եղանակներին ականջակալներով մորթուց գլխարկի փոխարեն կիսաբրդյա գլխարկ, մորթե օձիքը հանված կիսավերարկուի հետ,

3) ամառային ամենօրյա համազգեստի դեպքում` մուգ փիրուզագույն կեպի, մոխրաերկնագույն (սպիտակ) վերնաշապիկի հետ առանց տարազաբաճկոնի,

4) ձմեռային ամենօրյա համազգեստի դեպքում` ձմեռային մուգ փիրուզագույն կիսավերարկու, մուգ փիրուզագույն վզպատ թաշկինակի հետ,

5) ամառային ամենօրյա համազգեստի դեպքում` տարազաբաճկոնի փոխարեն կիսաբրդյա մուգ փիրուզագույն բաճկոն (գլխարկի կամ կեպիի հետ),

6) ամառային ամենօրյա առանց տարազաբաճկոնի համազգեստի դեպքում` սպիտակ և մոխրաերկնագույն վերնաշապիկ, ուսադիրներով (երկար թևքերովը` փողկապով, կարճ թևքերովը` առանց փողկապի),

7) արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստի դեպքում` առանց կիսաբամբակյա բաճկոնի, տաբատով, սպիտակ կամ մոխրաերկնագույն վերնաշապիկ ուսադիրներով (երկար թևքերովը` փողկապով, կարճ թևքերովը` առանց փողկապի),

8) անձրևային եղանակներին` ամենօրյա, տոնական և արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստների դեպքում` մուգ փիրուզագույն թիկնոց-ուսնոց:

 

3. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

14. Ոստիկանության զորքերի զինծառայողները կրում են`

1) Տոնական համազգեստ.

ա. ամառային` գլխարկ կիսաբրդյա տոնական, տարազաբաճկոն և տաբատ մուգ փիրուզագույն, վերնաշապիկ սպիտակ` սև փողկապով, սև կոշիկներ,

բ. ձմեռային` կեպի ձմեռային մուգ փիրուզագույն, վերարկու մուգ փիրուզագույն, տարազաբաճկոն և տաբատ մուգ փիրուզագույն, սպիտակ վերնաշապիկ` սև փողկապով, սև կոշիկներ, սպիտակ ձեռնոցներ, սպիտակ վզպատ թաշկինակ:

2) Ամենօրյա և արտաքին ծառայություն իրականացնելու համար նախատեսված համազգեստ.

ա. ամառային` կեպի սպորտային ամառային (հատուկ նշանակության ստորաբաժանումներում` բերետ), շապիկ ուսադիրներով ամառային, տաբատ կիսաբամբակյա ամառային, կոշիկ սպորտային կամ կոշիկներ, (հատուկ գործողությունների ժամանակ` շապիկը տաբատի տակ դրված, լայն սինթետիկ գոտիով` գրպանիկներով),

բ. գարնանային-աշնանային` բաճկոն-տաբատ կեպիով կիսաբամբակյա ուսադիրներով, շապիկ կամ սվիտեր, կիսաճտքավոր կոշիկներ կամ կոշիկներ,

գ. ձմեռային` կեպի ձմեռային (արհեստական մորթուց), կիսավերարկու մորթե օձիքով, սև կոշիկներ կամ կիսաճտքավոր կոշիկներ, սև ձեռնոցներ, մուգ վզպատ թաշկինակ:

15. Ոստիկանության զինծառայողները կարող են կրել.

1) ձմեռային տոնական համազգեստների հետ կեպի ձմեռայինի փոխարեն մուգ փիրուզագույն կիսաբրդյա գլխարկ,

2) ամենօրյա և արտաքին ծառայության համար նախատեսված ձմեռային համազգեստի դեպքում` տաք եղանակներին կեպի ձմեռայինի փոխարեն կեպի, մորթե օձիքը հանված կիսավերարկուի հետ,

3) ձմեռային ամենօրյա և արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստի դեպքում` առանց բաճկոնի, տաբատով ու սվիտերով,

4) ձմեռային ամենօրյա և արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստի դեպքում` գործողությունների ժամանակ օպերատիվ ղեկավարի ցուցումով, կեպի ձմեռայինի փոխարեն սպորտային գլխարկ կամ դիմակ` եզրամասերը վերև ծալված,

5) անձրևային եղանակներին` տոնական, ամենօրյա և արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստների դեպքում` մուգ թիկնոց-ուսնոց:

 

4. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

16. Ոստիկանության կին ծառայողները կրում են տոնական համազգեստի հետևյալ տեսակները`

1) ամառային` գլխարկ, կիսաշրջազգեստ մուգ փիրուզագույն, վերնաշապիկ սպիտակ` սև փողկապով, սև կոշիկներ, զուգագուլպա (գուլպա),

2) ձմեռային` գլխարկ ականջակալներով, մուգ փիրուզագույն կիսավերարկու` մորթե օձիքով, տարազաբաճկոն, մուգ փիրուզագույն կիսաշրջազգեստ, վերնաշապիկ սպիտակ` սև փողկապով, կոշիկներ սև գույնի, կամ կիսաճտքավոր կոշիկներ, զուգագուլպա (գուլպա), սև ձեռնոցներ, սպիտակ վզպատ թաշկինակ:

17. Ոստիկանության կին ծառայողները կրում են ամենօրյա համազգեստի հետևյալ տեսակները`

1) ամառային` գլխարկ, մուգ փիրուզագույն կիսաշրջազգեստ, վերնաշապիկ մոխրաերկնագույն (սպիտակ), փողկապ մուգ փիրուզագույն, սև կոշիկներ, զուգագուլպա,

2) ձմեռային` գլխարկ ականջակալներով, մուգ փիրուզագույն կիսավերարկու` մորթե օձիքով, մուգ փիրուզագույն տարազաբաճկոն, կիսաշրջազգեստ, վերնաշապիկ մոխրաերկնագույն (սպիտակ), փողկապ մուգ փիրուզագույն, կոշիկներ սև գույնի կամ կիսաճտքավոր կոշիկներ, զուգագուլպա (գուլպա), սև ձեռնոցներ, մուգ փիրուզագույն վզպատ թաշկինակ:

18. Ոստիկանության կին ծառայողները կրում են արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստի հետևյալ տեսակները`

1) ամառային` գլխարկ, բաճկոն, տաբատ, վերնաշապիկ մոխրաերկնագույն, փողկապ մուգ փիրուզագույն, կոշիկ կամ կիսաճտքավոր կոշիկ` սև,

2) ձմեռային` գլխարկ ականջակալներով, կիսավերարկու մուգ փիրուզագույն, տաբատ կիսաբրդյա, վերնաշապիկ մոխրաերկնագույն` մուգ փիրուզագույն փողկապով, կոշիկ կամ կիսաճտքավոր կոշիկ` սև, սև ձեռնոցներ, վզպատ թաշկինակ` մուգ փիրուզագույն:

19. Ոստիկանության կին ծառայողները կարող են կրել`

1) ձմեռային ամենօրյա և տոնական համազգեստի դեպքում` ականջակալներով գլխարկի փոխարեն կիսաբրդյա գլխարկ,

2) արտաքին ծառայության համար նախատեսված ձմեռային համազգեստի դեպքում` ականջակալներով մորթուց գլխարկի փոխարեն կիսաբրդյա գլխարկ, մորթե օձիքը հանված կիսավերարկուի հետ,

3) ամառային ամենօրյա համազգեստի դեպքում` մուգ փիրուզագույն կիսաբրդյա բաճկոն, գլխարկով,

4) ամառային ամենօրյա համազգեստի դեպքում` սպիտակ կամ մոխրաերկնագույն վերնաշապիկ (երկար թևքերովը` փողկապով, կարճ թևքերովը` առանց փողկապի),

5) արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստի դեպքում` առանց կիսաբրդյա բաճկոնի, սպիտակ կամ մոխրաերկնագույն վերնաշապիկ (երկար թևքերովը` փողկապով, կարճ թևքերովը` առանց փողկապի),

6) անձրևային եղանակներին` մուգ փիրուզագույն թիկնոց-ուսնոց,

7) ամենօրյա համազգեստի դեպքում` մուգ փիրուզագույն կիսաբրդյա տաբատ:

 

5. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

20. Ոստիկանության զորքերի կին զինծառայողները կրում են տոնական համազգեստի հետևյալ տեսակները.

1) ամառային` գլխարկ կիսաբրդյա տոնական, տարազաբաճկոն-կիսաշրջազգեստ մուգ փիրուզագույն, վերնաշապիկ սպիտակ` սև փողկապով, սև կոշիկներ, մարմնագույն զուգագուլպա (գուլպա),

2) ձմեռային` կեպի ձմեռային մուգ փիրուզագույն, վերարկու մուգ փիրուզագույն, տարազաբաճկոն-կիսաշրջազգեստ, վերնաշապիկ սպիտակ` սև փողկապով, կոշիկներ սև գույնի, կամ կիսաճտքավոր կոշիկներ, մարմնագույն զուգագուլպա (գուլպա), սև ձեռնոցներ, սպիտակ վզպատ թաշկինակ:

21. Ոստիկանության զորքերի կին զինծառայողները կրում են ամենօրյա և արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստի հետևյալ տեսակները.

1) ամառային` կեպի սպորտային ամառային (հատուկ նշանակության ստորաբաժանումներում` բերետ), շապիկ ուսադիրներով ամառային, կիսաշրջազգեստ կիսաբամբակյա ամառային (հատուկ նշանակության ստորաբաժանումներում` տաբատ կիսաբամբակյա, հատուկ գործողությունների ժամանակ` շապիկը տաբատի տակ դրված, լայն սինթետիկ գոտիով` գրպանիկներով), կոշիկ (հատուկ նշանակության ստորաբաժանումներում` կոշիկ սպորտային),

2) գարնանային-աշնանային` բաճկոն-տաբատ կեպիով կիսաբամբակյա ուսադիրներով, շապիկ կամ սվիտեր, կիսաճտքավոր կոշիկներ կամ կոշիկներ,

3) ձմեռային` կեպի ձմեռային (արհեստական մորթուց), կիսավերարկու մորթե օձիքով, սև կոշիկներ կամ կիսաճտքավոր կոշիկներ, սև ձեռնոցներ, մուգ վզպատ թաշկինակ:

22. Ոստիկանության զորքերի կին զինծառայողները կարող են կրել`

1) ձմեռային տոնական համազգեստների հետ կեպի ձմեռայինի փոխարեն մուգ փիրուզագույն կիսաբրդյա գլխարկ,

2) ամենօրյա և արտաքին ծառայության համար նախատեսված ձմեռային համազգեստի դեպքում` տաք եղանակներին կեպի ձմեռայինի փոխարեն կեպի, մորթե օձիքը հանված կիսավերարկուի հետ,

3) ձմեռային ամենօրյա և արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստի դեպքում` առանց բաճկոնի, տաբատով ու սվիտերով,

4) անձրևային եղանակներին` տոնական, ամենօրյա և արտաքին ծառայության համար նախատեսված համազգեստների դեպքում` մուգ թիկնոց-ուսնոց:

 

6. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Ականջակալներով գլխարկը, ամենօրյա գլխարկը կրում են ուղիղ, առանց թեքելու: Ականջակալներով գլխարկի ներքևի եզրը պետք է լինի 2-4 սմ հոնքերից վերև:

24. Բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողները կրում են արծաթազօծ թելերով ասեղնագործված դափնե ճյուղերով, փոքր գլխարկանշանով և զինանշանով բրդյա գլխարկ: Ոստիկանության մյուս ծառայողները` արծաթագույն մեծ գլխարկանշանով գլխարկ:

25. Ականջակալներով գլխարկը կրում են արծաթագույն փոքր գլխարկանշանով:

26. Գլխարկանշանի կենտրոնը` գլխարկանշանի և խորհրդանշանի միջնագիծը պետք է գտնվեն քթարմատի վերևում:

27. Ականջակալներով գլխարկը` ականջակալներն իջեցրած, կրում են օդի -10 oC և ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում, կոճկված դնչափոկով` ուժեղ քամու դեպքում: Իջեցված ականջակալների քուղերը կապվում են կզակի տակ, բարձրացված ականջակալների դեպքում` իրար կապված քուղերի ծայրերը պահվում են ականջակալների տակ:

28. Գլխից հանված գլխարկը պահում են ձախ իջեցրած ազատ ձեռքում: Ականջակալներով գլխարկը պահում են գլխարկանշանով դեպի առաջ, ականջակալներով գլխարկի ներքևի ծայրը ուղղված դեպի ծառայողի ոտքի կողմը:

29. Ձմեռային վերարկուն կրում են բոլոր կոճակները կոճկված: Ձմեռային վերարկուի երկարությունը պետք է լինի ծնկից 15 սմ վերև:

30. Կիսաշրջազգեստի երկարությունը` ծնկից:

31. Մորթե օձիքով ձմեռային կիսավերարկուն կրում են կափույրով ծածկվող շղթան մինչև վերջ բարձրացված:

32. Թիկնոց-ուսնոցը անձրևային եղանակին կրում են բոլոր կոճակները կոճկված, գլխանոցով կամ առանց դրա` ամառային կամ ձմեռային հագուստի պարագաների վրայից: Թիկնոց-ուսնոցը թույլատրվում է կրել ուսագոտու վրա գլանափաթեթավորված, կամ երեսով դեպի դուրս խնամքով ծալված` ձախ ձեռքում:

33. Տարազաբաճկոնը կրում են բոլոր կոճակները կոճկված:

34. Կիսաբրդյա բաճկոնը կրում են շղթան մինչև վերին կտրվածքը բարձրացված: Ցուրտ եղանակին շղթան բարձրացվում է մինչև վերջ:

35. Կիսաբամբակյա տաբատը կրում են կիսաճտքավոր կոշիկների մեջ` ոչ ձիգ վիճակում տեղավորված, իսկ կիսաբրդյա տաբատը կրում են կոշիկների վրա իջեցված:

36. Ամառային կիսաբամբակյա բաճկոնը կրում են օձիքի կոճակը արձակված վիճակում: Ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողները բաճկոնը կրում են սպիտակ ենթաօձիքով:

37. Երկարաթևք վերնաշապիկները կրում են բոլոր կոճակները կոճկված, ուսադիրներով և փողկապով, իսկ կարճաթևք վերնաշապիկները` առանց փողկապի, ուսադիրներով, վերևի կոճակը արձակված: Վերնաշապիկի օձիքը հետևից պետք է լինի տարազաբաճկոնի օձիքի վերին ծայրին հավասար կամ նրանից բարձր ոչ ավելի, քան 0.5 սմ:

38. Տաբատները պետք է ունենան երկայնակի արդուկված ծալքեր: Վերարկուի, տարազաբաճկոնի, բաճկոնների և վերնաշապիկի գրպանների կափույրները պետք է լինեն դուրս հանված:

39. Վզպատ թաշկինակը կրում են վերարկուի, ձմեռային կիսավերարկուի օձիքի տակ խնամքով ծալված: Վզպատ թաշկինակի վերին եզրը պետք է հավասարաչափ երևա օձիքի տակից 1-2 սմ:

40. Ձեռնոցները կրում են ձմեռային հագուստի հետ: Պատիվ տալուց ձեռնոցները չեն հանում:

41. Ոստիկանության ծառայողները կրում են սահմանված նմուշի սև կոշիկ և կիսաճտքավոր կոշիկ: Կիսաճտքավոր կոշիկները կրում են կոշկեքաշերը խնամքով քողակապված վիճակում:

42. Ոստիկանության կին ծառայողները կրում են սև, մարմնագույն կամ մոխրագույն զուգագուլպաներ, գուլպաներ:

43. Գոտին կրում են այնպես, որ նրա ճարմանդը առջևից գտնվի մեջտեղում:

44. Դաշտային պայուսակը կրում են հագուստի վրայից` գոտու վրա:

45. Փողկապը վերնաշապիկին ամրացնում են սահմանված նմուշի արծաթագույն ամրակով` վերևից երրորդ և չորրորդ կոճակների միջև:

46. Ոստիկանության ծառայողները կարող են կրել`

1) առանց տարազաբաճկոնի (բաճկոնի) ուսադիրներով և փողկապով վերնաշապիկներ` ամառային ամենօրյա համազգեստի դեպքում, իսկ շենքերի ներսում` տարվա ցանկացած եղանակին,

2) առանց տարազաբաճկոնի (բաճկոնի), առանց փողկապի, ուսադիրներով, վերին կոճակը արձակված կարճ թևքերով վերնաշապիկներ` ամառային ամենօրյա համազգեստի դեպքում` օդի +200 C և բարձր ջերմաստիճանի ժամանակ:

 

7. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

47. Ձմեռային կեպին, կիսաբրդյա գլխարկը, կեպին և սպորտային գլխարկը կրում են ուղիղ, առանց թեքելու, գլխարկների ներքևի եզրը պետք է լինի 2-4 սմ հոնքերից վերև:

48. Գլխարկները կրում են արծաթագույն ոստիկանության փոքր գլխարկանշանով, իսկ գլխարկ կիսաբրդյան` ոստիկանության մեծ գլխարկանշանով:

49. Գլխարկանշանի կենտրոնը` գլխարկանշանի և խորհրդանշանի միջնագիծը պետք է գտնվեն քթարմատի վերևում:

50. Կեպի ձմեռայինի` ականջակալներն իջեցրած, կրում են օդի -10 oC և ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում, կոճկված դնչափոկով` ուժեղ քամու դեպքում: Իջեցված ականջակալները կապվում են կզակի տակ կոճակով:

51. Գլխից հանված գլխարկը պահում են ձախ իջեցրած ազատ ձեռքում: Կեպի ձմեռայինի պահում են գլխարկանշանով դեպի առաջ, Կեպի ձմեռայինի ներքևի ծայրը ուղղված դեպի ծառայողի ոտքի կողմը:

52. Ձմեռային վերարկուն կրում են բոլոր կոճակները կոճկված: Ձմեռային վերարկուի երկարությունը պետք է լինի ծնկից 15 սմ վերև:

53. Կիսաշրջազգեստի երկարությունը` ծնկից:

54. Մորթե օձիքով ձմեռային կիսավերարկուն կրում են կափույրով ծածկվող շղթան մինչև վերջ բարձրացված:

55. Թիկնոց-ուսնոցը անձրևային եղանակին կրում են բոլոր կոճակները կոճկված, գլխանոցով կամ առանց դրա` ամառային կամ ձմեռային հագուստի պարագաների վրայից: Թիկնոց-ուսնոցը թույլատրվում է կրել ուսագոտու վրա գլանափաթեթավորված, կամ երեսով դեպի դուրս խնամքով ծալված` ձախ ձեռքում:

56. Տարազաբաճկոնը կրում են բոլոր կոճակները կոճկված:

57. Կիսաբամբակյա տաբատը կրում են սպորտային կոշիկների կամ կոշիկների վրա իջեցված:

58. Բաճկոն-տաբատ կեպիով կիսաբամբակյա համազգեստի բաճկոնը կրում են օձիքի կոճակը արձակված վիճակում, իսկ տաբատը կիսաճտքավոր կոշիկների մեջ` ոչ ձիգ վիճակում տեղավորված, կամ կոշիկների վրա իջեցված:

59. Երկարաթևք վերնաշապիկները կրում են բոլոր կոճակները կոճկված, ուսադիրներով և փողկապով, իսկ կարճաթևք վերնաշապիկները` առանց փողկապի, ուսադիրներով, վերևի կոճակը արձակված: Վերնաշապիկի օձիքը հետևից պետք է լինի տարազաբաճկոնի օձիքի վերին ծայրին հավասար կամ նրանից բարձր ոչ ավելի, քան 0.5 սմ:

60. Տաբատները պետք է ունենան երկայնակի արդուկված ծալքեր: Վերարկուի, տարազաբաճկոնի և վերնաշապիկի գրպանների կափույրները պետք է լինեն դուրս հանված:

61. Վզպատ թաշկինակը կրում են վերարկուի, ձմեռային կիսավերարկուի օձիքի տակ խնամքով ծալված: Վզպատ թաշկինակի վերին եզրը պետք է հավասարաչափ երևա օձիքի տակից 1-2 սմ:

62. Ձեռնոցները կրում են ձմեռային հագուստի հետ: Պատիվ տալուց ձեռնոցները չեն հանում:

63. Ոստիկանության զորքերի կին ծառայողները կրում են մարմնագույն զուգագուլպաներ, գուլպաներ:

64. Գոտին կրում են այնպես, որ նրա ճարմանդը առջևից գտնվի մեջտեղում:

65. Դաշտային պայուսակը կրում են հագուստի վրայից` գոտու վրա:

66. Փողկապը վերնաշապիկին ամրացնում են սահմանված նմուշի արծաթագույն ամրակով` վերևից երրորդ և չորրորդ կոճակների միջև:

67. Ոստիկանության զորքերի զինծառայողները կարող են կրել.

1) առանց բաճկոնի` ուսադիրներով և թևքանշաններով սվիտերներ` գարնանային-աշնանային համազգեստի դեպքում, շինությունների ներսում:

 

8. ՈՒՍԱԴԻՐՆԵՐ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ, ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐ ԵՎ ԹԵՎՔԱՆՇԱՆՆԵՐ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

68. Ոստիկանության ծառայողները համազգեստի և հատուկ հանձնարարություններ կատարելու համար նախատեսված հագուստի վրա կրում են ուսադիրներ.

1) կարվող` ձմեռային վերարկուի, տարազաբաճկոնի, բաճկոնի վրա,

2) հանվող` կիսավերարկուի և վերնաշապիկի վրա:

69. Կարվող և հանվող ուսադիրների վրա ուսադրի վերին ծայրից 15 մմ հեռավորության վրա տեղադրվում է արծաթագույն կոճակ, իսկ երեսի կտորից կարված ուսադիրներին արծաթագույն կոճակը տեղադրվում է 10 մմ հեռավորության վրա:

70. Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբի կոչումներ ունեցող ծառայողների ուսադիրների վրա աստղերի քանակը և դիրքը համապատասխանաբար որոշվում է`

1) գեներալ-գնդապետի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 3, աստղերի տրամագիծը 22 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 25 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով` 25 մմ,

2) գեներալ-լեյտենանտի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 2, աստղերի տրամագիծը 22 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 25 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով` 25 մմ,

3) գեներալ-մայորի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 1, աստղերի տրամագիծը` 22 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը` 50 մմ,

4) գնդապետի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 3, աստղերի տրամագիծը` 20 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը` 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով` 25 մմ,

5) փոխգնդապետի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 2, աստղերի տրամագիծը 20 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ,

6) մայորի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 1, աստղերի տրամագիծը 20 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 45 մմ,

7) կապիտանի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 4, աստղերի տրամագիծը 13 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով 25 մմ,

8) ավագ լեյտենանտի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 3, աստղերի տրամագիծը 13 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով 25 մմ,

9) լեյտենանտի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 2, աստղերի տրամագիծը 13 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ,

10) կրտսեր լեյտենանտի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 1, աստղերի տրամագիծը 13 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 45 մմ,

11) ավագ ենթասպայի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 3, աստղերի տրամագիծը 13 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով 25 մմ,

12) ենթասպայի կոչում ունեցողների համար - աստղերի թիվը` 2, աստղերի տրամագիծը 13 մմ, հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով 25 մմ:

71. Ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողների համազգեստի ուսադիրների վրա (բացի ենթասպա, ավագ ենթասպա և ավագ կոչում ունեցողներից) ուսադրի ներքևի ծայրից 15 մմ հեռավորության վրա տեղադրվում է արծաթագույն «Ս» կամ «Կ» տառերը: Ոստիկանության ակադեմիայի սովորողները ուսադիրների վրա կրում են «Ս» տառը, իսկ ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա փորձաշրջան անցնողները` «Կ» տառը:

72. Ոստիկանության ծառայողների ուսադիրների վրա աստղերը համապատասխանաբար տեղադրվում են`

1) կարվող և հանվող ուսադիրների վրա`

ա. գեներալի կոչում ունեցողների համար` երկայնակի առանցքի գծի վրա,

բ. գնդապետի կոչում ունեցողների համար` երկու ներքևի աստղերը մակաշերտերի վրա, երրորդը` առաջին երկուսից վերև երկայնակի առանցքային գծի վրա,

գ. փոխգնդապետի կոչում ունեցողների համար` մակաշերտերի վրա,

դ. մայորի կոչում ունեցողների համար` երկայնակի առանցքային գծի վրա,

ե. կապիտանի կոչում ունեցողների համար` երկու ներքևի աստղերը` ուսադրի եզրերի և մակաշերտի միջև, երրորդը և չորրորդը` մակաշերտի վրա առաջին երկուսից վերև,

զ. ավագ լեյտենանտի կոչում ունեցողների համար` երկու ներքևի աստղերը` ուսադրի եզրերի և մակաշերտի միջև, երրորդ աստղը` մակաշերտի վրա առաջին երկուսից վերև,

է. լեյտենանտի կոչում ունեցողների համար` մեկական աստղ ուսադրի ծայրերի և մակաշերտի միջև,

ը. կրտսեր լեյտենանտի կոչում ունեցողների համար` մակաշերտի վրա,

թ. ավագ ենթասպայի, ենթասպայի կոչում ունեցողների համար` երկայնակի առանցքային գծի վրա,

2) ներկարված ուսադիրների համար`

ա. գնդապետի, ավագ լեյտենանտի կոչում ունեցողների համար` երկու ներքևի աստղերը երկայնակի առանցքային գծի երկու կողմերում, կողքերից և առանցքային գծից հավասար հեռավորության վրա, երրորդը` առաջին երկուսից վերև երկայնակի առանցքային գծի վրա,

բ. մայորի, կրտսեր լեյտենանտի, ավագ ենթասպայի, ենթասպայի կոչում ունեցողների համար` երկայնակի առանցքային գծի վրա,

գ. կապիտանի կոչում ունեցողների համար` երկու ներքևի աստղերը երկայնակի առանցքային գծի երկու կողմերում, կողքերից և առանցքային գծից հավասար հեռավորության վրա, երրորդը և չորրորդը` առաջին երկուսից վերև` երկայնակի առանցքային գծի վրա:

73. Ոստիկանության կրտսեր խմբի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա (բացի ենթասպաներից) տեղադրվում են արծաթագույն նշաքուղեր`

1) ավագի կոչում ունեցողների համար - նշաքուղերի քանակը` մեկ երկայնակի, լայնությունը` 20 մմ,

2) ավագ սերժանտի կոչում ունեցողների համար - նշաքուղերի քանակը` մեկ լայնակի, լայնությունը` 20 մմ,

3) սերժանտի կոչում ունեցողների համար - նշաքուղերի քանակը` երեք լայնակի, լայնությունը` 10 մմ,

4) կրտսեր սերժանտի կոչում ունեցողների համար - նշաքուղերի քանակը` երկու լայնակի, լայնությունը` 10 մմ:

74. Նշաքուղերը` տեղադրվում են հետևյալ կարգով` ավագ սերժանտի, սերժանտի, կրտսեր սերժանտի ուսադիրների վրա` 40 մմ հեռավորության վրա ներքևի ծայրից մինչև առաջին լայնակի նշաքուղը: Հաջորդ լայնակի նշաքուղերը սերժանտի և կրտսեր սերժանտի կոչում ունեցողների ուսադիրների վրա տեղադրվում են առաջինից 2 մմ հեռավորությամբ, ավագի կոչում ունեցողների ուսադիրների մեջտեղում տեղադրվում է երկայնակի արծաթագույն շերտագիծ, իսկ ավագի կոչում ունեցողների ներկարված ուսադիրի մեջտեղում տեղադրվում է մետաղյա թիթեղ 45 մմ հեռավորությամբ` ուսադրի ներքևի ծայրից 10 մմ հեռավորության վրա:

75. Ոստիկանության բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների ձմեռային վերարկուի և գարնանային-աշնանային վերարկուի օձիքների անկյուններում ամրացվում են արծաթազօծ տարբերանշաններ (դափնե ճյուղեր):

76. Արծաթազօծ տարբերանշանները համազգեստի վրա տեղադրվում են օձիքի ծայրի կիսանջատ հատվածին զուգահեռ այնպես, որ ներքևի ծայրը համընկնի օձիքի ծայրի հետ (չծածկելով օձիքի եզրաքուղը), իսկ արծաթազօծ տարբերանշանի արտաքին կողեզրը ձմեռային վերարկուի վրա հպվի օձիքի ներսի հարթակին` 10 մմ հեռավորության վրա օձիքի ծայրի կիսանջատ հատվածից:

77. Տարազաբաճկոնների օձիքների անկյուններում տեղադրվում են արծաթագույն ասեղնագործված դափնե ճյուղեր:

78. Մետաղյա խորհրդանշանները ամրացվում են տարազաբաճկոնների, գարնանային-աշնանային և ձմեռային (առանց մորթե օձիքի) վերարկուների օձիքի վրա, օձիքի անկյան կիսորդի ուղղությամբ 30 մմ հեռավորության վրա, ձմեռային և գարնանային-աշնանային վերարկուների վրա (բացի բարձրագույն խմբի կոչում ունեցողների) 35 մմ հեռավորության վրա օձիքի անկյունից մինչև խորհրդանշանի կենտրոնը, ընդ որում` խորհրդանշանի համաչափության ուղղահայաց առանցքը պետք է զուգահեռ լինի օձիքի կիսանջատ հատվածին:

79. Գնդապետների, փոխգնդապետների, մայորների համազգեստի վրա տեղադրվում է նույն խորհրդանշանը եռագույն դրոշի պատկերով:

80. «Ճանապարհային ոստիկան» կրծքանշանը կրում են կրծքավանդակի ձախ կողմում: Տարազաբաճկոնների վրա կրծքանշանը ամրացվում է ձախ գրպանի վրա: Եթե տարազաբաճկոնի և բաճկոնի վրա առկա են շքանշանների ժապավեններ և մեդալների շերտաձողիկներ` նշանը ամրացվում է դրանցից 10 մմ ներքև, ձմեռային կիսավերարկուի վրա` ուսադրի ներքևի եզրից 90 մմ հեռավորության վրա և շղթայից 120 մմ դեպի ձախ:

81. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողները համազգեստի ձախ թևքին, ուսակարից 80 մմ ներքև, կրում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը խորհրդանշող թևքանշան, որից վերև մուգ փիրուզագույն առանձին կտորի վրա ամրացվում է կիսաշրջանաձև ասեղնագործված «POLICE» բառը:

82. Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր, պետական պահպանության գլխավոր, փորձաքրեագիտական, Երևան քաղաքի վարչությունների, ճանապարհային ոստիկանության, պարեկային ծառայության, Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, ոստիկանության զորքերի, Կրթահամալիրի ծառայողները և սովորողները համազգեստի աջ թևքին, ուսակարից 80 մմ ներքև, կրում են իրենց ծառայությունը խորհրդանշող թևքանշան:

83. Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները համազգեստի աջ թևքին, ուսակարից 80 մմ ներքև, կրում են իրենց մարզը խորհրդանշող թևքանշան:

84. Ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողները կրում են ուսուցման կուրսերին համապատասխան թևքատրեզներ (առաջին կուրսում` մեկ, երկրորդում` երկու, երրորդում` երեք, չորրորդում` չորս, հինգերորդում` հինգ) վերնահագուստի աջ թևքի արտաքին կողմում (բացի ձմեռային կիսավերարկուից)` թևքանշանի ներքին կետից 5 մմ ներքև:

 

9. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

85. Շքանշանները, մեդալները, շքանշանների ժապավենները և շերտաձողիկների վրա ամրացված մեդալների ժապավենները, մյուս տարբերանշանները դասավորվում են համազգեստի վրա, պահպանելով հետևյալ առանձնահատկությունները`

1) Պետական պարգևները տեղադրվում են պետական պարգևների և պարգևանշանների կրման կարգի համաձայն, հետևյալ հերթականությամբ` Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևներ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պետական պարգևներ, գերատեսչական նշանակության մեդալներ և օտարերկրյա պարգևներ: Գերատեսչական մեդալների և կրծքանշանների կրման առանձնահատկությունները նշվում է նրանց նկարագրում:

2) Տոնական տարազաբաճկոնի վրա շքանշանները և մեդալները կրծքավանդակի ձախ կողմում տեղաբաշխվում են հորիզոնական շարքով կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս, կրծքավանդակի ուղղահայաց առանցքին համաչափ դարձածալի անկյունից 70 մմ ներքև, դարձածալի եզրից 10 մմ հեռավորության վրա: Եթե շքանշանները և մեդալները չեն տեղավորվում մեկ շարքի վրա, ապա տեղափոխվում են երկրորդ և հաջորդ շարքերը, առաջին շարքից ներքև:

3) Շքանշանները և մեդալները կրծքավանդակի աջ կողմում տեղադրվում են հորիզոնական շարքով կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս: Առաջին շարքում չտեղավորվող շքանշանները և մեդալները տեղափոխվում են երկրորդ շարք, շարքով դասավորված շքանշանների պայմանական առանցքները պետք է լինեն միևնույն մակարդակի վրա:

4) Հեռավորությունը շքանշանների (մեդալների) շարքերի միջև` 10 մմ, շքանշանների (մեդալների) միջև` 5-10 մմ:

5) Վահանակով ամրացվող շքանշանները, մեդալները և պարգևանշանները տեղադրվում են աջ կողմում:

6) Շքանշանների ժապավենները և մեդալների ժապավենները շերտաձողի վրա տեղադրվում են ձախ կողմում հորիզոնական շարքով կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս, գրպանի ուղղահայաց առանցքին համաչափ: Շարքում տեղադրվում են 4 ժապավեններից ոչ ավելին: Մեկ շարքում չտեղավորվող ժապավենները տեղափոխվում են երկրորդ, երրորդ և չորրորդ շարքերը: Ընդ որում` վերջին շարքի շերտաձողի ներքևի ծայրը պետք է լինի գրպանի կափույրի վերին ծայրի մակարդակին: Ավելի քան 16 շքանշանների և մեդալների դեպքում կրում են միայն առավել բարձր կարգավիճակի շքանշանների և մեդալների ժապավենները: Շքանշանների և մեդալների ժապավենների հետ միասին շերտաձողի բարձրությունը պետք է կազմի 8 մմ:

7) Հայաստանի Հանրապետության «Պատվավոր կոչումների» կրծքանշանները տեղադրվում են դարձածալից 10 մմ աջ այնպես, որ նշանի շերտաձողի ներքևի ծայրը լինի օձիքի անկյան մակարդակին, իսկ շքանշանների (մեդալների) առկայության դեպքում` նրանցից վերև:

8) «Ոստիկանության պատվավոր ծառայող» և «Գերազանց ծառայության համար» կրծքանշանները տեղադրվում են դարձածալից աջ` ուսումնական հաստատության ավարտական կրծքանշանից առաջ:

9) Համազգեստի վրա կրելու թույլատրված կրծքանշանները տեղադրվում են կրծքավանդակի աջ կողմում հորիզոնական մեկ շարքով` կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս գրպանի ուղղահայաց առանցքին համաչափ: Մյուս կրծքանշանները տեղադրվում են գրպանի կափույրի ներքևի եզրից, հավասար հեռավորության վրա, ընդ որում` դրանց թիվը պետք է լինի 3 նշանից ոչ ավելին: Մեկ նշանի դեպքում այն տեղադրվում է գրպանի կենտրոնում, երկուսի դեպքում` ծայրերին, երեքի դեպքում` հորիզոնական շարքով:

 

(2-րդ հավելվածը փոփ. 01.04.2022 թիվ 1-Ն հրաման)

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
01.02.2014
N 1-Ն
Հրաման