Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐ ...

 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Սույն Կոնվենցիայի կողմ պետությունները,

վկայակոչելով, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 55-րդ հոդվածով պահանջվում է, որ ՄԱԿ-ը նպաստի տնտեսական առաջընթացի պայմաններին և միջազգային տնտեսական խնդիրների լուծմանը,

հաշվի առնելով դեպի ծով ելք չունեցող երկրների և միջազգային առևտրի ընդլայնման մասին Գլխավոր ասամբլեայի 1028 (Xl) բանաձևը, որը, «ընդունելով դեպի ծով ելք չունեցող երկրներին տարանցման պատշաճ հնարավորություններ տրամադրելու անհրաժեշտությունը` միջազգային առևտուրը խթանելու նպատակով», կոչ է անում «անդամ պետությունների կառավարություններին լիովին ճանաչել տարանցիկ առևտրի հարցում դեպի ծով ելք չունեցող անդամ պետությունների կարիքները և, հետևաբար, համապատասխան հնարավորություններ տրամադրել նրանց միջազգային իրավունքի և գործելակերպի հիման վրա` հաշվի առնելով դեպի ծով ելք չունեցող երկրների տնտեսական զարգացումից բխող հետագա պահանջները»,

վկայակոչելով Բաց ծովի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը սահմանում է, որ թեև բաց ծովը բոլոր պետությունների համար բաց է, ոչ մի պետություն իրավունք չունի դրա որևէ մասն իր ինքնիշխանությանը ենթարկելու, և նույն կոնվենցիայի 5-րդ հոդվածը, որը սահմանում է, որ.

«1. Ծովափ չունեցող պետությունները, ծովափնյա պետությունների հետ ծովից հավասարապես օգտվելու համար պետք է ազատ ելք ունենան դեպի ծով: Այս նպատակով ծովի և ծովափ չունեցող պետության միջև գտնվող պետությունները պետք է, վերջինիս հետ ընդհանուր համաձայնությամբ և գործող միջազգային կոնվենցիաներին համապատասխան, տրամադրեն`

ա) ծովափ չունեցող պետությանը` ազատ տարանցում իրենց տարածքով` փոխադարձության սկզբունքի հիման վրա, և

բ) տվյալ պետության դրոշի ներքո նավարկող նավերին` ազատ մուտք դեպի նավահանգիստներ և նշված նավահանգիստներից օգտվելու հնարավորություն այն նույն հավասար պայմաններով, որոնցից օգտվում են իրենց սեփական նավերը կամ ցանկացած այլ պետության նավերը:

2. «Ծովի և ծովափ չունեցող պետության միջև գտնվող պետությունները, ծովափ չունեցող պետության հետ փոխադարձ համաձայնությամբ և հաշվի առնելով ծովափնյա պետության և տարանցման պետության իրավունքներն ու ծովափ չունեցող պետության հատուկ պայմանները, պետք է կարգավորեն տարանցման ազատության և նավահանգիստներում հավասար վերաբերմունքի վերաբերյալ բոլոր հարցերը, եթե այդ պետություններն արդեն իսկ գործող միջազգային կոնվենցիաների կողմ չեն»,

վերահաստատելով Միավորված ազգերի կազմակերպության` առևտրի և զարգացման հարցերին նվիրված համաժողովի ընթացքում ընդունված հետևյալ սկզբունքները և գիտակցելով, որ այս սկզբունքները փոխկապակցված են, և յուրաքանչյուր սկզբունք պետք է մեկնաբանվի մյուս սկզբունքների համատեքստում`

 

Սկզբունք I

Դեպի ծով ելք չունեցող յուրաքանչյուր պետության` դեպի ծով ազատ ելք ունենալու իրավունքի ճանաչումը կարևոր սկզբունք է միջազգային առևտրի ընդլայնման և տնտեսական զարգացման համար:

 

Սկզբունք II

Դեպի ծով ելք չունեցող երկրների դրոշի ներքո նավարկող նավերը տարածքային և ներքին ջրերի վրա պետք է ունենան նույն իրավունքները և արժանանան նույն վերաբերմունքին, որին արժանանում են, տարածքային տվյալ պետությունից բացի, ծովափնյա այլ պետությունների դրոշի ներքո նավարկող նավերը:

 

Սկզբունք III

Ծովափ չունեցող պետությունները ծովափնյա պետությունների հետ ծովից հավասարապես օգտվելու համար պետք է ազատ ելք ունենան դեպի ծով: Այս նպատակով ծովի և ծովափ չունեցող պետության միջև գտնվող պետությունները պետք է, վերջինիս հետ ընդհանուր համաձայնությամբ և գործող միջազգային կոնվենցիաներին համապատասխան, տվյալ պետության դրոշի ներքո նավարկող նավերին տրամադրեն ազատ մուտք դեպի նավահանգիստներ և նշված նավահանգիստներից օգտվելու հնարավորություն այն նույն հավասար պայմաններով, որոնցից օգտվում են իրենց սեփական նավերը կամ ցանկացած այլ պետության նավեր:

 

Սկզբունք IV

Դեպի ծով ելք չունեցող երկրների տնտեսական զարգացումը լիովին խթանելու համար բոլոր պետությունները փոխադարձության սկզբունքի հիման վրա պետք է նշված երկրներին տրամադրեն ազատ և անսահմանափակ տարանցման իրավունք այնպես, որ նրանք կարողանան բոլոր հանգամանքներում և յուրաքանչյուր տեսակի ապրանքի համար ազատ մասնակցել տարածաշրջանային և միջազգային առևտրին:

Տարանցվող ապրանքների նկատմամբ չպետք է կիրառվի որևէ մաքսատուրք:

Տարանցման փոխադրամիջոցների համար չպետք է գանձել հատուկ հարկեր կամ տուրքեր, որոնք գերազանցում են տարանցման պետության փոխադրամիջոցներից գանձվող հարկերի և տուրքերի չափը:

 

Սկզբունք V

Տարանցման պետությունը, պահպանելով իր տարածքի նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը, իրավունք ունի ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու համար, որ ազատ և անսահմանափակ տարանցման իրավունքի իրականացումը որևէ կերպ չխախտի ցանկացած բնույթի իր օրինական շահերը:

 

Սկզբունք VI

Աշխարհագրական տարբեր գոտիներում գտնվող` դեպի ծով ելք չունեցող երկրների առևտրի և զարգացման ոլորտում հատուկ ու մասնավոր խնդիրները լուծելու համար միասնական մոտեցում ձևավորելու գործընթացն արագացնելու նպատակով բոլոր պետությունները պետք է խրախուսեն տարածաշրջանային և միջազգային այլ համաձայնագրերի կնքումը այս հարցերի վերաբերյալ:

 

Սկզբունք VII

Դեպի ծով ելք չունեցող երկրներին իրենց աշխարհագրական դիրքից ելնելով տրամադրված հարմարություններն ու հատուկ իրավունքները բացառվում են առավելագույն բարենպաստման դրույթի գործողության շրջանակից:

 

Սկզբունք VIII

Դեպի ծով ելք չունեցող պետության` դեպի ծով ազատ ելք ունենալու իրավունքը կարգավորող սկզբունքները ոչ մի կերպ չեղյալ չեն համարում նշված խնդիրներին վերաբերող` երկու կամ ավել պայմանավորվող կողմերի միջև գործող համաձայնագրերը և չեն խոչընդոտում հետագայում նման համաձայնագրերի կնքումը` պայմանով, որ դրանցով պակաս բարենպաստ ռեժիմ չսահմանվի կամ հակասություններ չառաջանան վերը նշված դրույթների հետ:

Համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սահմանումներ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար`

ա) «Դեպի ծով ելք չունեցող պետություն» հասկացությունը նշանակում է` ցանկացած պայմանավորվող պետություն, որը չունի ծովափ,

բ) «Տարանցիկ փոխադրում» հասկացությունը նշանակում է` ապրանքների, այդ թվում` չուղեկցվող ուղեբեռի անցում դեպի ծով ելք չունեցող պետության և ծովի միջև գտնվող պայմանավորվող պետության տարածքով այն դեպքում, երբ անցումն ամբողջական ուղևորության մի մասն է, որն սկսվում կամ ավարտվում է դեպի ծով ելք չունեցող տվյալ պետության տարածքում, և որը ներառում է անմիջապես այդ անցմանը նախորդող կամ հաջորդող` ծովով փոխադրում: Նշված ապրանքների փոխաբեռնումը, պահեստավորումը, խմբաքանակի բաժանումը, դրանց փոխադրամիջոցի տեսակը փոխելը, ինչպես նաև սարքավորումների ու խոշոր ապրանքների մոնտաժումը, ապամոնտաժումը կամ կրկնակի մոնտաժումը չեն հանգեցնում ապրանքների բացառմանը «տարանցիկ փոխադրում» հասկացությունից` պայմանով, որ ցանկացած նման գործողություն իրականացվում է բացառապես փոխադրման հարմարության նկատառումներից ելնելով: Սույն պարբերության ոչ մի դրույթ չի մեկնաբանվում այնպես, որ պարտավորություն դրվի ցանկացած պայմանավորվող պետության վրա` իր տարածքում ստեղծել մոնտաժման, ապամոնտաժման կամ կրկնակի մոնտաժման համար մշտական հարմարություններ կամ թույլատրել դրանց ստեղծումը,

գ) «Տարանցման պետություն» հասկացությունը նշանակում է` ցանկացած պայմանավորվող պետություն, որն ունի կամ չունի ծովափ, գտնվում է դեպի ծով ելք չունեցող պետության ու ծովի միջև, և որի տարածքով կատարվում է «տարանցիկ փոխադրումը»,

դ) «Փոխադրամիջոց» հասկացությունը ներառում է`

 

i) ցանկացած երկաթուղային շարժակազմ, ծովային ու գետային նավեր և ավտոճանապարհային փոխադրամիջոցներ,

ii) բեռնակիրներ և բեռնակիր կենդանիներ` կախված տեղական իրավիճակից,

iii) համապատասխան պայմանավորվող պետությունների համաձայնությամբ` այլ փոխադրամիջոցներ և խողովակներ ու գազամուղներ, եթե դրանք օգտագործվում են տարանցիկ փոխադրման համար` սույն հոդվածի իմաստով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Տարանցման ազատություն

 

1. Սույն Կոնվենցիայի պայմանների համաձայն` տարանցման ազատություն շնորհվում է տարանցիկ փոխադրման և փոխադրամիջոցների համար: Պահպանելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները` պայմանավորվող պետությունների կողմից իրենց տարածքում երթևեկության կարգավորման և իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցները պետք է դյուրացնեն տարանցիկ փոխադրումը, որը կատարվում է համապատասխան պայմանավորվող պետությունների կողմից տարանցման համար փոխադարձաբար ընդունելի երթուղիներով: Սույն Կոնվենցիայի պայմաններին համապատասխան` խտրականություն չպետք է դրվի ապրանքների ծագման վայրի, ուղարկման, մուտքի, ելքի կամ նշանակման վայրի պետության հիմունքով, կամ ապրանքների սեփականությանը կամ նավերի, ցամաքային փոխադրամիջոցների կամ օգտագործված մյուս տրանսպորտային միջոցների սեփականությանը, գրանցման վայրին կամ պատկանելությանը վերաբերող ցանկացած հանգամանքի բերումով:

2. Մեկ այլ պայմանավորվող պետության ամբողջ տարածքով կամ նրա մի մասով անցնող փոխադրամիջոցների օգտագործումը կարգավորող կանոնները սահմանվում են համապատասխան պայմանավորվող պետությունների ընդհանուր համաձայնությամբ` պատշաճորեն հաշվի առնելով միջազգային այն բազմակողմ կոնվենցիաները, որոնց կողմ են նշված պետությունները:

3. Յուրաքանչյուր պայմանավորվող պետություն, իր օրենքներին, կանոններին և կանոնակարգերին համապատասխան, թույլատրում է իր տարածքով այն անձանց անցումը կամ իր տարածքներ այն անձանց մուտքը, որոնց տեղաշարժն անհրաժեշտ է տարանցիկ փոխադրման համար:

4. Պայմանավորվող պետությունները թույլատրում են տարանցիկ փոխադրումն իրենց տարածքային ջրերով` միջազգային սովորութային իրավունքի սկզբունքներին կամ կիրառելի միջազգային կոնվենցիաներին և իրենց ներքին կանոնակարգերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Մաքսատուրքեր և տարանցման հատուկ տուրքեր

 

Տարանցման պետության որևէ մարմին չպետք է տարանցիկ փոխադրման նկատմամբ կիրառի մաքսատուրքեր կամ ներմուծման կամ արտահանման հարկեր կամ տարանցման հատուկ տուրքեր: Այնուամենայնիվ, տարանցիկ փոխադրման համար կարող են գանձվել այնպիսի վճարներ, որոնք նախատեսված են բացառապես տարանցիկ փոխադրման ընթացքում վերահսկման և կառավարման հետ կապված ծախսերը ծածկելու համար: Նշված վճարների չափը պետք է հնարավորինս համապատասխանի ծածկվելիք ծախսերի չափին, և, պահպանելով այդ պայմանը, վճարները պետք է գանձվեն 2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված անխտրականության պահանջին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Փոխադրամիջոցներ և սակագներ

 

1. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են հնարավորության սահմաններում մուտքի և ելքի կետերում, անհրաժեշտության դեպքում` նաև ապրանքների փոխաբեռնման կետերում, տրամադրել համապատասխան փոխադրամիջոցներ և բեռնման ու բեռնաթափման սարքավորումներ, որպեսզի տարանցիկ փոխադրումն իրականացվի առանց անհարկի ձգձգումների:

2. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են պետության կողմից շահագործվող կամ կառավարվող հարմարությունների օգտագործմամբ տարանցիկ փոխադրման նկատմամբ կիրառել այնպիսի սակագներ կամ վճարներ, որոնք, հաշվի առնելով փոխադրման պայմանները և առևտրային մրցակցության նկատառումները, ողջամիտ են թե՛ իրենց դրույքաչափերի և թե՛ իրենց կիրառման մեթոդների առումով: Նշված սակագներն ու վճարները պետք է սահմանվեն այնպես, որ հնարավորինս դյուրացնեն տարանցիկ փոխադրումը, և չպետք է լինեն ավելի բարձր, քան պայմանավորվող պետությունների կողմից դեպի ծով մուտք ունեցող երկրների ապրանքների` իրենց տարածքով փոխադրման համար կիրառվող սակագներն ու վճարներն են: Սույն պարբերության դրույթները տարածվում են նաև իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից շահագործվող կամ կառավարվող հարմարությունների օգտագործմամբ տարանցիկ փոխադրման նկատմամբ կիրառվող սակագների և վճարների վրա` այն դեպքերում, երբ սակագները կամ վճարները սահմանվում են պայմանավորվող պետության կողմից, կամ երբ դրանք վերջինիս կողմից ենթակա են ստուգման: Սույն պարբերության մեջ կիրառվող «հարմարություններ» հասկացությունը ներառում է` փոխադրամիջոցներ, նավահանգստի սարքավորումներ և երթուղիներ, որոնց օգտագործման համար գանձվում են սակագներ կամ վճարներ:

3. Փոխադրման ցանկացած ծառայություն, որը ջրային ուղիների վրա տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով ստեղծվել է որպես մենաշնորհ, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի չխոչընդոտի նավերի տարանցմանը:

4. Սույն հոդվածի դրույթները պետք է կիրառվեն 2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված անխտրականության պայմաններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Մաքսային, տրանսպորտային և այլ ընթացակարգերին վերաբերող մեթոդներ

և փաստաթղթեր

 

1. Պայմանավորվող պետությունները կկիրառեն այնպիսի վարչական և մաքսային միջոցներ, որոնք թույլ են տալիս կատարելու ազատ, անընդհատ և շարունակական տարանցիկ փոխադրում: Հարկ եղած դեպքում նրանք պետք է վարեն բանակցություններ` համաձայնեցնելու համար այն միջոցները, որոնք ապահովում և դյուրացնում են նշված տարանցիկ փոխադրումը:

2. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են իրենց տարածքով տարանցման ողջ ընթացքում կիրառել մաքսային, տրանսպորտային և վարչական այլ ընթացակարգերի իրականացմանը վերաբերող փաստաթղթերի պարզեցված համակարգ և արագ մեթոդներ` տարանցիկ փոխադրման, այդ թվում` դրա ընթացքում տեղի ունեցող փոխաբեռնման, պահեստավորման, խմբաքանակի բաժանման, փոխադրամիջոցի տեսակը փոխելու առնչությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Տարանցվող ապրանքների պահեստավորում

 

1. Տարանցման պետության մուտքի և ելքի կետերում, ինչպես նաև միջանկյալ կետերում տարանցվող ապրանքների պահեստավորման պայմանները պետք է սահմանվեն տվյալ պետությունների միջև համաձայնությամբ: Տարանցման պետությունները պետք է տրամադրեն պահեստավորման առնվազն այնպիսի բարենպաստ պայմաններ, ինչպիսիք տրամադրում են այն ապրանքների համար, որոնք մուտք են գործում կամ արտահանվում են իրենց երկրներ:

2. Սակագներն ու վճարները կսահմանվեն 4-րդ հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Տարանցիկ փոխադրման ձգձգումներ կամ դժվարություններ

 

1. Պայմանավորվող պետությունները, բացառությամբ ֆորսմաժորային դեպքերի, պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի խուսափեն տարանցիկ փոխադրման ձգձգումներից կամ տարանցման նկատմամբ սահմանափակումներից:

2. Եթե տարանցիկ փոխադրման ժամանակ տեղի են ունենում ձգձգումներ կամ ի հայտ են գալիս դժվարություններ, ապա տարանցման պետության կամ պետությունների, ինչպես նաև դեպի ծով ելք չունեցող պետության իրավասու մարմինները պետք է համագործակցեն միմյանց հետ` դրանք արագ վերացնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Ազատ գոտիներ կամ մաքսային այլ հնարավորություններ

 

1. Տարանցիկ փոխադրումը հարմար դարձնելու նպատակով տարանցման պետություններում ապրանքների մուտքի և ելքի նավահանգիստներում կարող են ստեղծվել ազատ գոտիներ կամ մաքսային այլ հնարավորություններ` այդ պետությունների և դեպի ծով ելք չունեցող պետությունների միջև համաձայնությամբ:

2. Դեպի ծով ելք չունեցող պետությունների օգտին այս բնույթի հնարավորություններ կարող են տրամադրվել նաև ծովափ կամ նավահանգիստ չունեցող տարանցման այլ պետություններում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Ավելի լայն հնարավորությունների տրամադրում

 

Սույն Կոնվենցիան ոչ մի կերպ չի հանգեցնում տարանցման այնպիսի հնարավորությունների բացառման, որոնք ավելի լայն են, քան Կոնվենցիայով նախատեսված հնարավորությունները, և որոնք, Կոնվենցիայի սկզբունքներին համահունչ լինելու պայմանով, համաձայնեցվել են պայմանավորվող պետությունների միջև կամ տրամադրվել են որևէ պայմանավորվող պետության կողմից: Կոնվենցիայով չի բացառվում նաև հետագայում նման ավելի լայն հնարավորությունների տրամադրումը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կապն առավելագույն բարենպաստման դրույթի հետ

 

1. Պայմանավորվող պետությունները համաձայնում են, որ սույն Կոնվենցիայով դեպի ծով ելք չունեցող պետություններին իրենց հատուկ աշխարհագրական դիրքի պատճառով տրամադրվող հնարավորություններն ու հատուկ իրավունքները բացառվում են առավելագույն բարենպաստման դրույթի գործողության շրջանակից: Դեպի ծով ելք չունեցող որևէ պետություն, որը սույն Կոնվենցիայի կողմ չէ, կարող է հայցել դեպի ծով ելք չունեցող պետություններին սույն Կոնվենցիայով տրամադրվող հնարավորություններն ու հատուկ իրավունքները բացառապես առավելագույն բարենպաստման դրույթի հիման վրա, որը նախատեսված է դեպի ծով ելք չունեցող տվյալ պետության և նման հնարավորություններ ու հատուկ իրավունքներ շնորհող պայմանավորվող պետության միջև կնքված պայմանագրով:

2. Եթե որևէ պայմանավորվող պետություն դեպի ծով ելք չունեցող որևէ պետության տրամադրում է ավելի մեծ հնարավորություններ կամ հատուկ իրավունքներ, քան նախատեսված է սույն Կոնվենցիայով, ապա այդ հնարավորությունները կամ հատուկ իրավունքները շնորհվում են միայն դեպի ծով ելք չունեցող տվյալ պետությանը, եթե այդ հնարավորությունները կամ հատուկ իրավունքները դեպի ծով ելք չունեցող մեկ այլ պետության չտրամադրելը չի հակասում վերջինիս և նման հնարավորություններ ու հատուկ իրավունքներ շնորհող պայմանավորվող պետության միջև կնքված պայմանագրով նախատեսված առավելագույն բարենպաստման դրույթին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կոնվենցիայի բացառություններ` հանրային առողջության, անվտանգության

և մտավոր սեփականության պաշտպանության հիմունքով

 

1. Սույն Կոնվենցիայով ոչ մի պայմանավորվող պետություն չի պարտավորվում թույլ տալ այն անձանց տարանցումը, որոնց մուտքն իր տարածք արգելված է, կամ այնպիսի ապրանքների տարանցիկ փոխադրումը, որոնց ներկրումն արգելված է` բարոյականության, հանրային առողջության կամ անվտանգության նկատառումներից ելնելով, կամ որպես կանխարգելիչ միջոց` կենդանիների կամ բույսերի հիվանդությունների կամ մակաբույծների դեմ:

2. Յուրաքանչյուր պայմանավորվող պետություն իրավասու է ձեռնարկելու ողջամիտ նախազգուշական և այլ միջոցներ` ապահովելու համար, որ անձինք և ապրանքները, մասնավորապես` մենաշնորհի ենթակա ապրանքները, իսկապես տարանցիկ կերպով փոխադրվեն, և այդ ապրանքների փոխադրման համար իսկապես կիրառվեն փոխադրամիջոցներ, ինչպես նաև ապահովվի երթուղիների և հաղորդակցման միջոցների անվտանգությունը:

3. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի ազդում այն միջոցների վրա, որոնք որևէ պայմանավորվող պետություն ստիպված կլինի ձեռնարկել միջազգային այլ համընդհանուր կոնվենցիայի դրույթներին համապատասխան, որի կողմ է տվյալ պետությունը, անկախ այն հանգամանքից` այն կրում է համաշխարհային, թե տարածաշրջանային բնույթ, և թե նշված կոնվենցիան արդեն կնքվել է սույն Կոնվենցիայի ամսաթվի դրությամբ կամ կնքվել է ավելի ուշ, երբ նշված դրույթները վերաբերում են.

ա) կոնկրետ տեսակի ապրանքների, ինչպես, օրինակ` թմրանյութերի կամ վտանգավոր այլ դեղորայքի կամ զենքերի արտահանմանը կամ ներմուծմանը կամ տարանցիկ փոխադրմանը, կամ

բ) արդյունաբերական, գրական կամ գեղարվեստական սեփականության կամ առևտրային անվանումների պաշտպանությանը, սկզբնաղբյուրի մասին նշումներին կամ ծագման անվանումներին, ինչպես նաև անարդար մրցակցության ճնշմանը:

4. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի խոչընդոտում ցանկացած պայմանավորվող պետության` ձեռնարկել անհրաժեշտ որևէ գործողություն անվտանգության իր կենսական շահերի պաշտպանության համար:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Բացառություններ արտակարգ իրավիճակի դեպքում

 

Ընդհանուր կամ առանձնահատուկ այն միջոցները, որոնք պայմանավորվող ցանկացած պետություն պարտավորվում է ձեռնարկել իր քաղաքական գոյությունը կամ իր անվտանգությունը վտանգող արտակարգ իրավիճակի դեպքում, կարող են բացառիկ դեպքերում և հնարավորինս կարճ ժամկետում ներառել սույն Կոնվենցիայի դրույթներից շեղում` այն գիտակցումով, որ հնարավորության սահմաններում պահպանվի տարանցման ազատության սկզբունքը այդ ժամանակահատվածի ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կոնվենցիայի կիրառումը պատերազմի ընթացքում

 

Սույն Կոնվենցիայով չեն սահմանվում պատերազմող և չեզոք կողմերի իրավունքներն ու պարտավորությունները պատերազմի ընթացքում: Կոնվենցիան, այնուամենայնիվ, շարունակում է ուժի մեջ մնալ պատերազմի ընթացքում այնքան, որքան նշված իրավունքներն ու պարտավորությունները թույլ են տալիս:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կոնվենցիայով սահմանված պարտավորությունները և Միավորված ազգերի

կազմակերպության անդամ պետությունների իրավունքներն ու

պարտականությունները

 

Սույն Կոնվենցիան պայմանավորվող պետության համար չի սահմանում որևէ այնպիսի պարտավորություն, որը հակասում է այդ պետության իրավունքներին ու պարտականություններին` որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետության:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Փոխադարձություն

 

Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Վեճերի կարգավորում

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանմանը կամ կիրառմանն առնչվող ցանկացած վեճ, որն իննամսյա ժամկետում չի կարգավորվում բանակցությունների միջոցով կամ խաղաղ կարգավորման ցանկացած այլ եղանակով, կողմերից ցանկացածի պահանջով կարգավորվում է արբիտրաժով: Արբիտրաժի հանձնաժողովը կազմվում է երեք անդամից: Վեճի յուրաքանչյուր կողմ հանձնաժողովում նշանակում է մեկ անդամ, իսկ երրորդ անդամը, որը հանձնաժողովի նախագահն է, ընտրվում է կողմերի ընդհանուր համաձայնությամբ: Եթե կողմերը եռամսյա ժամկետում համաձայնության չեն գալիս երրորդ անդամի նշանակման շուրջ, ապա երրորդ անդամը նշանակվում է Արդարադատության միջազգային դատարանի նախագահի կողմից: Եթե ցանկացած կողմ եռամսյա ժամկետում չի կատարում նշանակումը, ապա թափուր տեղը կամ տեղերը լրացվում են Արդարադատության միջազգային դատարանի նախագահի կողմից:

2. Արբիտրաժի հանձնաժողովն իրեն ներկայացված հարցերի շուրջ որոշում է կայացնում ձայների պարզ մեծամասնությամբ, և նրա որոշումները պարտադիր են կողմերի համար:

3. Սույն Կոնվենցիայի շրջանակում առաջացած վեճերի կարգավորման համար պատասխանատու արբիտրաժի հանձնաժողովը կամ միջազգային մյուս մարմինները Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով տեղեկացնում են պայմանավորվող մյուս պետություններին վեճերի առկայության և դրանց բնույթի, ինչպես նաև դրանց կարգավորման ժամկետների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Ստորագրում

 

Սույն Կոնվենցիան մինչև 1965 թվականի դեկտեմբերի 31-ը բաց է Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա մասնագիտացված գործակալությունների բոլոր անդամ պետությունների կամ Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության կողմերի և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից կոնվենցիային կողմ դառնալու նպատակով հրավիրված ցանկացած այլ պետության ստորագրման համար:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Վավերացում

 

Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերացման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Միանալը

 

Սույն Կոնվենցիան մնում է բաց 17-րդ հոդվածում նշված չորս կատեգորիաներից որևէ մեկին պատկանող ցանկացած պետության միանալու համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

ՈՒժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում դեպի ծով ելք չունեցող առնվազն երկու պետության և ծովափ ունեցող տարանցման երկու պետությունների` վավերացման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվանից հետո` երեսուներորդ օրը:

2. Յուրաքանչյուր այն պետության համար, որը վավերացնում է սույն Կոնվենցիան կամ միանում դրան` սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ վավերացման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից վավերացման կամ միանալու մասին իր փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվանից հետո` երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Վերանայում

 

Պայմանավորվող պետությունների մեկ երրորդի դիմումի հիման վրա և պայմանավորվող պետությունների մեծամասնության համաձայնությամբ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը հրավիրում է համաժողով` սույն Կոնվենցիան վերանայելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Ծանուցումներ գլխավոր քարտուղարի կողմից

 

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը ծանուցում է 17-րդ հոդվածում նշված չորս կատեգորիայից որևէ մեկին պատկանող բոլոր պետություններին`

ա) սույն Կոնվենցիայի ստորագրման և վավերացման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին` 17-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխան,

բ) սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին` 20-րդ հոդվածին համապատասխան,

գ) վերանայման դիմումների մասին` 21-րդ հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Նույնական տեքստեր

 

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը վավերացված օրինակներն ուղարկում է 17-րդ հոդվածում նշված չորս կատեգորիայից որևէ մեկին պատկանող բոլոր պետություններին:

Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, հազար ինը հարյուր վաթսունհինգ թվականի հուլիսի ութին:

 

Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. հունիսի 23-ին

 

 

pin
08.07.1965
Միջազգային պայմանագիր