01.01.2015 - 22.02.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու և վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ (այսուհետ` ֆինանսական հաշվետվություններ) պատրաստելու և ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:
Հոդված 2. |
Օրենքի գործողության ոլորտը |
1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների, ներառյալ` նրանց ստեղծած հիմնարկների (այսուհետ` կազմակերպություններ) վրա:
2. Սույն օրենքի իմաստով հանրային հատվածի կազմակերպություններ են համարվում պետական կառավարչական հիմնարկները, համայնքների ղեկավարների աշխատակազմերը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:
i
Հոդված 3. |
Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը |
1. Կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`
1) սույն օրենքը.
2) սույն օրենքից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները.
3) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը (ՀՀՀՀՍ).
4) կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը.
5) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը.
6) կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը.
7) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:
Հոդված 4. |
Հաշվապահական հաշվառման կարգավորումը |
i
1. Հաշվապահական հաշվառման կարգավորումը և համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
i
2. Լիազոր մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է`
1) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը, կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը և ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը.
2) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:
i
3. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է`
1) հաշվապահների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը.
2) հաշվապահների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխան աստիճանը հաստատող որակավորման քննությունների կազմակերպման համակարգի առկայությունը.
3) հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառումն ու վերջիններիս ցանկի հրապարակումը, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշների սահմանումը.
4) հաշվապահական հաշվառման ոլորտում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը:
i
4. Սույն օրենքի համաձայն լիազոր մարմնի հաստատած կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը, կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը, ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը և հաշվապահական հաշվառման վերաբերյալ այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտին:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 5. |
Հաշվապահական հաշվառումը |
1. Հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, պարտավորությունների, զուտ ակտիվների (սեփական կապիտալի) վիճակի ու շարժի, ինչպես նաև հասույթների և ծախսերի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է գործառնությունների, այլ դեպքերի և իրադարձությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:
2. Կազմակերպությունները պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում:
Հոդված 6. |
Հաշվապահական հաշվառում վարելը համակարգչային ծրագրերով |
1. Կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով:
i
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը և հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի նկատմամբ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. |
Ֆինանսական հաշվետվությունները |
1. Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի և ֆինանսական արդյունքների համակարգված ներկայացումն են:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ
Հոդված 8. |
Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում |
1. Կազմակերպության ղեկավարը պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար:
2. Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարելու`
1) կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության (այսուհետ` հաշվապահական ծառայություն) միջոցով.
2) կազմակերպության աշխատող համարվող հաշվապահի միջոցով.
3) սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով:
i
3. Կազմակերպության ղեկավարը պարտավոր է`
1) լիազոր մարմնի հաստատած հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելի հիման վրա սահմանել կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը և լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետներում այն համաձայնեցնել համապատասխան պետական մարմնի (եթե այդպիսին կա) և լիազոր մարմնի հետ.
2) ապահովել հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը:
4. Հաշվապահական հաշվառման քաղաքականությունը որոշակի սկզբունքներ, հիմունքներ, եղանակներ, կանոններ, ձևեր և արարողակարգեր են, որոնք կիրառվում են կազմակերպության կողմից ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու և ներկայացնելու նպատակով:
Հոդված 9. |
Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները |
1. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումն իրականացնում է հաշվապահական ծառայության ղեկավարը կամ կազմակերպության աշխատող համարվող հաշվապահը, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձը (այսուհետ` գլխավոր հաշվապահ)` հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
2. Գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին պատրաստելու և ներկայացնելու համար:
3. Գլխավոր հաշվապահի պահանջների կատարումը` կապված հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ տվյալների ու փաստաթղթերի ներկայացման հետ, պարտադիր է կազմակերպության բոլոր աշխատողների համար:
4. Առանձին ֆինանսատնտեսական գործառնությունների իրականացման հետ կապված` կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի միջև տարաձայնությունների դեպքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, գլխավոր հաշվապահը նախ գրավոր տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին անհամաձայնության մասին, այնուհետև կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ (հանձնարարությամբ) կատարման է ընդունում փաստաթղթերը, և նման գործառնությունների իրականացման հետևանքների համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություններում գլխավոր հաշվապահ կարող է աշխատել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող անձը:
i
6. Հանրային հատվածի հաշվապահի որակավորումը (այսուհետ` հաշվապահի որակավորում) լիազոր մարմնի սահմանած պահանջները բավարարող` հաշվապահի որակավորում ստանալու համար լիազոր մարմին դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքների ստուգման ընթացակարգ է, որի արդյունքների հիման վրա տրվում է հաշվապահի որակավորման վկայական (այսուհետ` վկայական):
Հաշվապահի որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով` լիազոր մարմնի սահմանած կարգով: Քննությունները կազմակերպում և անցկացնում է լիազոր մարմինը` իր հաստատած որակավորման քննությունների ծրագրի շրջանակներում:
Վկայականը տրվում է լիազոր մարմնի սահմանած ժամկետով, որը չի կարող պակաս լինել 5 տարուց:
7. Գլխավոր հաշվապահ չի կարող աշխատել այն անձը, որը մերձավոր ազգակցական կամ խնամիական (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) կապի մեջ է կազմակերպության ղեկավարի հետ:
Հոդված 10. |
Հաշվապահական հաշվառման վարման հիմնական կանոնները |
1. Հաշվապահական հաշվառումը վարվում է`
1) Հայաստանի Հանրապետության արժույթով` հայկական դրամով.
2) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա.
3) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրա վերակազմակերպումը կամ լուծարումը:
2. Անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների տվյալները պետք է համապատասխանեն միմյանց:
3. Կազմակերպությունը պետք է պատրաստի իր ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ դրամական հոսքերի մասին տեղեկատվության)` կիրառելով հաշվապահական հաշվառման հաշվեգրման հիմունքը, որի համաձայն գործառնությունները, այլ դեպքերը և իրադարձությունները ճանաչվում են, երբ դրանք տեղի են ունենում և ներկայացվում են այն ժամանակահատվածների ֆինանսական հաշվետվություններում, որոնց դրանք վերաբերում են:
Հոդված 11. |
Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը |
1. Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործառնությունների կատարումը, այլ դեպքերի և իրադարձությունների տեղի ունենալը:
2. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետևյալ պարտադիր վավերապայմանները (ռեկվիզիտները)`
1) փաստաթղթի անվանումը.
2) հերթական համարը.
3) կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
4) գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը, ազգանունը).
5) գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) բովանդակությունը.
6) գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) չափման միավորները` դրամական և (կամ) բնաիրային արտահայտությամբ.
7) պատասխանատու անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը:
3. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) բնույթից և տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմանները կարող են սահմանել լիազոր մարմինը և (կամ) կազմակերպությունը:
4. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման (այլ դեպքի կամ իրադարձության տեղի ունենալու) պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) ավարտից անմիջապես հետո:
5. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը ժամանակին և ամբողջական ձևակերպելու, հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու նպատակով սահմանված ժամկետներում դրանք փոխանցելու պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող և ստորագրող անձինք:
6. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում սխալի ուղղումը համաձայնեցվում է տնտեսական գործառնության մասնակիցների հետ և հաստատվում տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրություններով` նշելով ուղղման տարին, ամիսը և ամսաթիվը:
i
7. Լիազոր մարմինը կարող է սահմանել սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրինակելի ձևեր: Կազմակերպությունը կարող է օգտագործել այդ ձևերը կամ, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, դրանք սահմանել ինքնուրույն:
8. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևեր:
Հոդված 12. |
Հաշվապահական հաշվառման գրանցամատյանները |
1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հավաքվում և համակարգվում է հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում (այսուհետ` գրանցամատյաններ):
2. Գործառնությունները, այլ դեպքերը և իրադարձությունները գրանցամատյաններում գրանցվում են ժամանակագրական կարգով:
3. Գրանցամատյանները ժամանակին և ամբողջական կազմելու պատասխանատվությունը կրում են դրանք վարող անձինք:
4. Գրանցամատյաններում չծանուցված ուղղումներ չեն թույլատրվում:
i
5. Լիազոր մարմինը կարող է սահմանել գրանցամատյանների օրինակելի ձևեր, որոնցից կազմակերպությունն ինքնուրույն ընտրում է իր կողմից կիրառելի ձևը կամ, ելնելով սույն օրենքից և հաշվապահական հաշվառման ընդհանուր մեթոդաբանական սկզբունքներից, ինքնուրույն սահմանում է գրանցամատյանների ձևերը:
6. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա գրանցամատյանների ձևեր և դրանց լրացման հրահանգներ:
Հոդված 13. |
Ստորագրության իրավունքը հաշվապահական հաշվառման փաստաթղթերում |
1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերն ստորագրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է կազմակերպության ղեկավարը, եթե հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում, կարող է սահմանվել ստորագրության իրավունքի պաշտոնակարգություն` կախված տվյալ անձի զբաղեցրած պաշտոնից, իրականացված գործառնության ոլորտից, գործարքի էությունից և գործարքի դրամական արժեքի մեծությունից:
i
Հոդված 14. |
Ակտիվների և պարտավորությունների գույքագրումը |
1. Տարեկան ֆինանսական հաշվետվությունները պատրաստելուց առաջ ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև կազմակերպության վերակազմակերպման և (կամ) լուծարման դեպքերում կազմակերպությունը պարտադիր անցկացնում է ակտիվների և պարտավորությունների գույքագրում: Նշված դեպքերում գույքագրման անցկացման կարգը և ժամկետները սահմանում է լիազոր մարմինը:
2. Բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերից, գույքագրման օբյեկտների կազմը, անցկացման կարգը և ժամկետները որոշում է կազմակերպության ղեկավարը:
3. Գույքագրմամբ հայտնաբերված` պատկանելությունը չպարզված գույքի ճակատագիրը որոշվում է տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման քաղաքացիաիրավական կանոններով:
Հոդված 15. |
Հաշվապահական տեղեկատվության գաղտնիությունը |
1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում, գրանցամատյաններում և ներքին օգտագործման համար պատրաստված հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությունը համարվում է գաղտնի, որին կարելի է ծանոթանալ օրենքով, կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով և հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով:
2. Գաղտնի տեղեկատվությանը ծանոթացած անձինք և կազմակերպությունները պարտավոր են պահպանել դրա գաղտնիությունը: Վերջինիս հրապարակման դեպքում նրանք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 16. |
Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը |
1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերում և էլեկտրոնային կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մեքենայական մշակման ծրագրերը, կազմակերպությունը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան 5 տարի:
2. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի առգրավումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունն իրավունք ունի առգրավման ենթակա փաստաթղթերը կրկնօրինակելու և պահելու իր մոտ:
3. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը կազմակերպելու պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:
ԳԼՈՒԽ 4
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Հոդված 17. |
Ֆինանսական հաշվետվությունների կազմը |
1. Ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտով:
2. Եթե ֆինանսական հաշվետվություններն օրենքով սահմանված դեպքերում ենթակա են պարտադիր աուդիտի, ապա ֆինանսական հաշվետվություններին կից պետք է ներկայացվի աուդիտորական եզրակացություն:
Հոդված 18. |
Ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջները |
1. Բոլոր կազմակերպություններն անալիտիկ և սինթետիկ հաշվառման տվյալների հիման վրա պարտավոր են կազմել առանձին կամ անհատական ֆինանսական հաշվետվություններ:
2. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով նախատեսված դեպքերում վերահսկող կազմակերպությունը պարտավոր է պատրաստել և ներկայացնել համախմբված ֆինանսական հաշվետվություններ: Այն վերահսկող կազմակերպությունը, որն իր հերթին հանդիսանում է վերահսկվող կազմակերպություն, համախմբված ֆինանսական հաշվետվություններ ներկայացնում է միայն այն դեպքում, երբ դա սահմանված է օրենքով կամ լիազոր մարմնի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության` որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է լիազոր մարմինը:
i
4. Ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության ներկայացման վերաբերյալ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտով:
5. Ֆինանսական հաշվետվություններն ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ լիազոր մարմնի կողմից:
Հոդված 19. |
Հաշվետու ժամանակահատվածը |
1. Հաշվետու ժամանակահատված է համարվում հաշվետու տարին և միջանկյալ հաշվետու ժամանակահատվածը:
2. Հաշվետու տարին տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածն է: Նոր ստեղծված կազմակերպության համար առաջին հաշվետու տարի է համարվում կազմակերպության գրանցման (հաշվառման) օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը: Հաշվետու տարվա համար պարտադիր կազմվում են տարեկան ֆինանսական հաշվետվություններ: Օրացուցային տարվա ընթացքում գործունեությունն առանց իրավահաջորդության դադարեցրած կազմակերպության համար վերջին հաշվետու տարի է համարվում տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև գործունեության դադարեցման նպատակով համապատասխան դիմումը ռեգիստր մուտք լինելու օրն ընկած ժամանակահատվածը:
3. Միջանկյալ հաշվետու ժամանակահատվածը տարուց փոքր ժամանակահատված է: Միջանկյալ հաշվետու ժամանակահատվածի համար միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ կազմվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
Հոդված 20. |
Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելը |
1. Կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում է`
1) հիմնադիրներին` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի համաձայն.
2) պետական մարմիններին` օրենքով կամ լիազոր մարմնի սահմանած դեպքերում և կարգով.
3) հանրությանը` օրենքով սահմանված դեպքերում հրապարակելու միջոցով:
2. Կազմակերպության տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ժամկետները սահմանում է լիազոր մարմինը:
3. Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման օր է համարվում դրանց` ըստ պատկանելության հանձնելու օրը: Հաշվետվությունները փոստի միջոցով ներկայացնելու օր է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցման հիման վրա հաշվետվության ներկայացման օրը:
Հոդված 21. |
Ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնությունը |
1. Օրենքով սահմանված դեպքերում կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները:
2. Կազմակերպությունը, որի ֆինանսական հաշվետվությունները ենթակա են հրապարակման, պարտավոր է ֆինանսական հաշվետվությունները հրապարակել լիազոր մարմնի սահմանած ժամկետներում:
3. Կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, եթե լիազոր մարմնի կողմից այլ բան սահմանված չէ:
ԳԼՈՒԽ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 22. |
Պատասխանատվությունը հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջները խախտելու համար |
1. Կազմակերպության ղեկավարը և հաշվապահական հաշվառման կազմակերպման ու վարման համար պատասխանատու այլ անձինք հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 24. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պահանջն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
3. Լիազոր մարմինը սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված առաջին ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է 2019 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաշվապահական ծառայության ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձինք համարվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետով հանրային հատվածի հաշվապահի որակավորում ստացած` լիազոր մարմնի կազմակերպած մասնագիտական վերապատրաստումն անցնելուց հետո:
i
5. Կազմակերպությունների կողմից սույն օրենքով նախատեսված հաշվապահական հաշվառման համակարգին անցումն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն:
6. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2014 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-97-Ն
|