Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.1167.141014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 14 հոկտեմբերի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 2014 թվականի մայիսի 13-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2010 թվականի դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` «Չվճարված կենսաթոշակի գումարը վճարելը» վերտառությամբ 36-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 3-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է.

«Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում»:

Վիճարկվող դրույթը գործող խմբագրությամբ ամրագրվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-100-Ն օրենքով:

2. Վիճարկելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության դրույթի սահմանադրականությունը` դիմողը գտնում է, որ հիշյալ դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 31-րդ և 37-րդ հոդվածներին, ինչպես նաև 42-րդ հոդվածի 3-րդ մասին:

Դիմողը գտնում է, որ չվճարված կենսաթոշակի գումարի ժառանգման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, ի տարբերություն վիճարկվող դրույթի, նախատեսում է այլ կանոնակարգումներ: Ըստ դիմողի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնակարգումներից կարելի է եզրակացնել, որ թեև ժառանգության ընդունման համար վեցամսյա ժամկետ է նախատեսվում, այնուամենայնիվ, նաև սահմանվում է, որ ժառանգությունն առանց դատարան դիմելու կարող է ընդունվել նաև այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը, ինչպես նաև ժառանգությունն ընդունելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու նպատակով դատարան դիմելու հնարավորություն: Իսկ վիճարկվող դրույթը, իր կանոնակարգմամբ, սահմանափակում է անձի` կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարն ստանալու իրավունքը և համապատասխանաբար նաև հակասություն առաջացնում ոչ միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնակարգումների, այլև ՀՀ Սահմանադրության դրույթների հետ:

Դիմողը փաստում է, որ թեև նախկին` 2002 թվականի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածով սահմանվում էր վեցամսյա ժամկետ, սակայն դա չէր վերաբերում չվճարված գումարների ժառանգմանը, ինչից ակնհայտ էր, որ ժառանգման դեպքում արդեն իրավահարաբերությունը կարգավորվում էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքով` ժառանգության իրավահարաբերություններին վերաբերող ընդհանուր կարգավորումներով: Իսկ 2010 թվականի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթի նոր կանոնակարգումը հանգեցնում է անձի իրավական վիճակի վատթարացման և դրանով իսկ հակասության նաև ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների հետ:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումը խոչընդոտում է անձի սեփականության իրավունքի արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև չի բխում իրավունքի գերակայության սկզբունքի պահանջներից և առաջացնում է թե՛ սահմանադրականության, թե՛ ՀՀ միջազգային պարտավորություններին հակասության խնդիր:

3. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 31-րդ և 37-րդ հոդվածների, 42-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Ըստ պատասխանողի` վիճարկվող դրույթը նշված գումարների ժառանգման համար սահմանում է պայման, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված չէ, այն է` համապատասխան գումարն ստանալու համար կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը գրավոր դիմելը, ինչը դուրս է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկայից:

Պատասխանող կողմը գտնում է, որ բարձրացված հիմնախնդիրը հակասություն է առաջացնում ոչ թե ՀՀ Սահմանադրության հետ, այլ առկա է հակասություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի միջև: Բացի դրանից, ըստ պատասխանողի` այդ հիմնախնդիրն առաջացնում է ոչ միատեսակ իրավակիրառ պրակտիկա, որը պետք է շտկվի վիճարկվող դրույթի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի միջև առկա հակասությունը վերացնելով, որին ուղղված օրենսդրական փոփոխության նախագիծն արդեն իսկ դրվել է շրջանառության մեջ:

Ըստ պատասխանողի` այնքանով, որքանով վիճարկվող դրույթն ըստ էության հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգավորումներին` օրենքի և օրենսգրքի հարաբերակցության առումով, և ոչ թե ՀՀ Սահմանադրությանը, ապա դրա հետադարձ ուժի վերաբերյալ դատողությունները պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:

i

4. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում արձանագրելով, որ վիճարկվող իրավակարգավորումը վերաբերում է կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարի ժառանգման հետ կապված իրավահարաբերություններին, հաշվի առնելով նաև սահմանադրական դատարանի` 2006 թվականի հոկտեմբերի 4-ի ՍԴՈ-649 որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «Կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է` նաև ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի», սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող իրավակարգավորման սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտել` հատկապես հաշվի առնելով.

ա) սեփականության իրավունքի, դրա իրականացման, սահմանափակման և պաշտպանության սահմանադրական դրույթները, ինչպես նաև դրանց վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները,

բ) իրավունքի գերակայության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված` սեփականության իրավունքի պաշտպանության, լեգիտիմ ակնկալիքների ապահովման կոնկրետ երաշխիքների առկայությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը»: Սահմանադրական այս դրույթի իրացումը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրության, մասնավորապես, 31 և 43-րդ հոդվածներով:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին-3-րդ մասերի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ»:

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածում ամրագրված է, որ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»: Մասնավորապես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք», իսկ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Ոչ ոք չպետք է կամայականորեն զրկվի իր սեփականությունից»:

i

Սեփականության իրավունքի, դրա իրականացման, սահմանափակման և պաշտպանության հիմնախնդիրներին ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է իր բազմաթիվ որոշումներում: Մասնավորապես, 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630, 2008 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-741, 2010 թվականի հուլիսի 13-ի ՍԴՈ-903, 2012 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-1009 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, մինչև ՀՀ 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-100-Ն օրենքով գործող խմբագրությունը, սահմանում էր.

«Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում: Այդ ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման»: Հիշյալ` նախկին իրավակարգավորումից բխում էր, որ ժառանգման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Ի դեպ, հարկ է նշել, որ համանման կանոնակարգում նախատեսում էր նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519-Ն օրենքի 64-րդ հոդվածի 7-րդ մասը:

Ի փոփոխումն վերոհիշյալ նախկին կանոնակարգման, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-100-Ն օրենքով 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի` «Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում»:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն կարգավորում է կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարի վճարման, այդ գումարի ժառանգման իրավունքի, ինչպես նաև այդ իրավունքի իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:

i

Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր` 2010 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴՈ-917 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «... ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պետությունը ճանաչում է նաև ժառանգման իրավունքը, որը ներառում է ոչ միայն ժառանգություն տալու, այլ նաև ժառանգություն ստանալու իրավունքները:

Ժառանգական իրավունքն ապահովում է սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը նաև նրա մահից հետո` հնարավոր դարձնելով նրա սեփականատիրական իրավազորությունների հաջորդայնությունը: Միևնույն ժամանակ, այն ժառանգի համար առաջացնում է ժառանգատուի սեփականության հանդեպ իրավահաջորդության սահմանադրորեն պաշտպանված հնարավորություն»:

Ինչ վերաբերում է սույն գործով վիճարկվող իրավադրույթով կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարի ժառանգման իրավունքի իրականացման իրավակարգավորմանը, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը 19.03.2012թ. ՀՕ-100-Ն օրենքով սահմանում է նոր իրավապայման, որով ժառանգման իրավունքի իրականացումը պայմանավորվում է կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելով: Իսկ ցանկացած, հատկապես` նոր, իրավապայման պետք է ունենա առավել արդյունավետ երաշխիքներ ստեղծելու օրինաչափ նպատակ, որը չպետք է իրացվի ի հաշիվ սահմանադրաիրավական որևէ նորմի ու սկզբունքի անտեսման: Տվյալ իրավակարգավորման պարագայում նոր` տասներկու ամսվա ժամկետային սահմանափակման, իրավապայմանը բացառում է այդ ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարն ստանալը: Օրենսդիրը նոր իրավապայման սահմանելով չի ամրագրում տասներկու ամսվա ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու հնարավորություն, այդ թվում` դատական կարգով: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավակարգավորման բացակայությունը խոչընդոտում է սեփականության սահմանադրական իրավունքի լիարժեք իրականացմանը, մասնավորապես, այդ իրավունքի` ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված պաշտպանությանը` ժառանգության ընդունման ժամկետի հետ կապված հարաբերություններում:

Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով սեփականության իրավունքի, դրա սահմանափակման, իրականացման և պաշտպանության վերաբերյալ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև հաշվի առնելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները, սույն գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի գրավոր բացատրության ուսումնասիրության արդյունքները, սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորմամբ սահմանված տասներկու ամսվա ժամկետային սահմանափակումը չի պայմանավորվում հանրային արժեքների պահպանման պահանջով և արդյունքում նպատակաուղղված չէ սեփականատիրոջ և այլոց իրավունքների ու հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռության ապահովմանը: Նման սահմանափակման հիմնավորում կարող է լինել ժառանգության զանգվածի ճակատագրի հստակեցումը, որի իրավական կարգավորումը, սակայն, նախատեսվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

6. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիճարկվող իրավակարգավորման և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ժառանգման հետ կապված իրավակարգավորումների հարաբերակցության հարցին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ժառանգությունը կարգավորվում է սույն օրենսգրքով, իսկ դրանով նախատեսված դեպքերում` նաև այլ օրենքներով»: Վերլուծությունները ցույց են տալիս, որ չնայած ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով որևէ կանոնակարգում նախատեսելու դրույթ չի պարունակում, այնուամենայնիվ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես սույն գործով վիճարկվող իրավադրույթը նախատեսում է իրավակարգավորումներ, որոնք համահունչ չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումներին: Աշխատավարձի, թոշակների, նպաստների և վնասի հատուցման վճարների չմուծված գումարների ժառանգությանը նվիրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1249-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Մահացածին չվճարված գումարները սույն հոդվածի 1-ին կետի հիմքով ստանալու իրավունք ունեցող անձանց բացակայության կամ նրանց կողմից այդ գումարները սահմանված ժամկետում վճարելու պահանջ չներկայացնելու դեպքում համապատասխան գումարները ներառվում են ժառանգության զանգվածի մեջ և ժառանգվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով»: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հատուկ ընթացակարգը չպահպանելու դեպքում կիրառվում են ժառանգման ընդհանուր կանոնները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի և 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Սակայն այդ ժամկետը բացարձակ չէ, և ժառանգը կարող է ընդունել ժառանգությունն առանց որևէ ժամկետային սահմանափակման որոշակի վավերապայմանների բավարարման պարագայում: Այսպես, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 1-ին մասի` «Ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը»: Օրենսդիրը որևէ ժամկետային սահմանափակում չի նախատեսում այս իրավունքի իրականացման համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան»: Այստեղ նույնպես օրենսդիրը որևէ ժամկետային սահմանափակում չի դնում ժառանգությունն ընդունելու ժամկետը լրանալու և այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելու միջև ընկած ժամանակահատվածի համար: Այսինքն` անկախ նրանից, թե ժառանգությունն ընդունելու ժամկետը լրանալուց հետո որքան ժամանակ է անցել, միևնույն է, այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո վեց ամսվա ընթացքում դատարան դիմելու դեպքում ժամկետը բաց թողնելու պատճառները կարող են հարգելի համարվել, իսկ ժառանգությունը` ժառանգի կողմից ընդունվել:

Ժառանգության ընդունման հաջորդ եղանակը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասով, ըստ որի` «Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները»:

Վերոհիշյալ իրավադրույթը ժառանգության ընդունումը չի պայմանավորում նոտարին որևէ դիմում ներկայացնելով: Անձը կարող է որևէ մարմնի չդիմել, պարզապես պետք է սկսի փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը: Այս իրավադրույթի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծությունը ցույց է տալիս, որ փաստացի տիրապետման ուժով համարվում է, որ ժառանգն ընդունել է նաև կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը:

Ամփոփելով կատարված վերլուծությունը` սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավադրույթն անտեսում է ոչ միայն ժառանգության ընդունման` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ամրագրված եղանակները, հնարավորություն չտալով ժառանգին փաստացի տիրապետման ուժով ստանալ նաև կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը, այլ նաև նախատեսում է սեփականության իրավունքի իրականացման ժամկետային սահմանափակում, որը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ժամկետներին:

Սույն գործով քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարի ժառանգման իրավահարաբերություններում իրավակիրառ վարչական մարմինները, ըստ էության, առաջնորդվում են վիճարկվող իրավադրույթով:

Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը, համաձայն որի` «Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին», ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի` «Այլ օրենքներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին», գտնում է, որ վիճարկվող իրավադրույթը կարող է կիրառվել այնքանով, որքանով այն չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումներին: Իրավաչափ իրավակիրառ պրակտիկա ապահովելու նպատակով սահմանադրական դատարանը կարևորում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում ժառանգության հետ կապված հարաբերությունների` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հետ ներդաշնակ իրավակարգավորումների ապահովման անհրաժեշտությունը, ինչն օրենսդիր մարմնի իրավասության տիրույթում է:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության` «եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում» դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18, 19 և 31-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

14 հոկտեմբերի 2014 թվականի

ՍԴՈ-1167

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.10.2014
N ՍԴՈ-1167
Որոշում