Սեղմել Esc փակելու համար:
1968 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1968 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՆ ...

 

 

020.1169.281014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1968 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՆԵՐԻՆ ՓՐԿԵԼՈՒ, ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 հոկտեմբերի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Առաքելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1968 թվականի ապրիլի 22-ին ստորագրված` Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 24 սեպտեմբերի 2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին համաձայնագիրն ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից` 1967 թվականի դեկտեմբերի 19-ին և ստորագրման համար բացվել է Լոնդոն, Մոսկվա և Վաշինգտոն քաղաքներում` 1968 թվականի ապրիլի 22-ին:

Համաձայնագրի նպատակն է խթանել միջազգային համագործակցությունը տիեզերական տարածության խաղաղ հետազոտման ու օգտագործման ոլորտում, ցուցաբերել ցանկացած հնարավոր աջակցություն տիեզերագնացներին` պատահարի, աղետի կամ արտակարգ վայրէջքի դեպքում, ու ապահովել տիեզերագնացների շուտափույթ և ապահով վերադարձը, ինչպես նաև տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձը:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- տեղեկություն ստանալու կամ պարզելու դեպքում, որ տիեզերանավի անձնակազմը վթարի է ենթարկվել կամ բախվել է աղետային իրավիճակի կամ արտակարգ կամ չնախատեսված վայրէջք է կատարել իր իրավազորության ներքո գտնվող տարածքում կամ միջազգային ջրերում կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայրում, անհապաղ` ա) տեղեկացնել տիեզերք արձակող մարմնին կամ, եթե չի կարող պարզել, թե ով է տիեզերք արձակող մարմինը, և անհապաղ կապ հաստատել նրա հետ, իր տնօրինման տակ գտնվող կապի բոլոր համապատասխան միջոցներով հրապարակային հայտարարություն անել. բ) տեղեկացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին,

- այն դեպքում, երբ պատահարի, աղետի, արտակարգ կամ չնախատեսված վայրէջքի հետևանքով տիեզերանավի անձնակազմը վայրէջք է կատարում ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքում, անհապաղ ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը նրանց փրկելու համար` այդ մասին տեղեկացնելով տիեզերք արձակող մարմնին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին,

- տեղեկություն ստանալու կամ պարզելու դեպքում, որ տիեզերանավի անձնակազմը վայրէջք է կատարել միջազգային ջրերում կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայրում, անհրաժեշտության և համապատասխան հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերել այդ անձնակազմի համար որոնողական և փրկարարական աշխատանքներում` նրանց անհապաղ փրկելն ապահովելու համար` ձեռնարկած քայլերի և դրանց արդյունքների մասին տեղեկացնելով տիեզերք արձակող մարմնին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին,

- անվտանգ և անհապաղ տիեզերք արձակող մարմնի ներկայացուցիչներին վերադարձնել տիեզերանավի անձնակազմի անդամներին` եթե վթարի, աղետի, արտակարգ կամ չնախատեսված վայրէջքի հետևանքով տիեզերանավի անձնակազմը վայրէջք է կատարում ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքում կամ ՀՀ կողմից հայտնաբերվում է միջազգային ջրերում կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայրում,

- տեղեկություն ստանալու կամ պարզելու դեպքում, որ որևէ տիեզերական օբյեկտ կամ դրա բաղկացուցիչ մաս վերադարձել է Երկիր` ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածք կամ միջազգային ջրեր կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայր, այդ մասին տեղեկացնել տիեզերք արձակող մարմնին և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին,

- տիեզերք արձակող մարմնի պահանջով և համապատասխան խնդրանքի առկայության դեպքում այդ մարմնի աջակցությամբ ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կհամարի նպատակահարմար` օբյեկտը կամ դրա բաղկացուցիչ մասը վերադարձնելու համար այն դեպքում, երբ օբյեկտը կամ դրա բաղկացուցիչ մասը հայտնաբերվում է ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքում:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննության առնվող Համաձայնագրով ստանձնված պարտավորությունները, որոնք ուղղված են տիեզերական տարածության խաղաղ հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների համագործակցության կազմակերպմանը, համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի պահանջներին: Ըստ այդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, որոնց կարևոր բաղադրատարրերից է նաև պետությունների համագործակցության սկզբունքը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1968 թվականի ապրիլի 22-ին ստորագրված` Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 հոկտեմբերի 2014 թվականի

ՍԴՈ-1169

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.10.2014
N ՍԴՈ-1169
Որոշում