Սեղմել Esc փակելու համար:
1967 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1967 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ...

 

 

020.1170.281014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1967 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԼՈՒՍՆԻ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 հոկտեմբերի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Առաքելյանի»

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի» 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի» «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների»

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1967 թվականի հունվարի 27-ին ստորագրված` Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 24.09.2014թ.:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագիրն ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1966 թվականի դեկտեմբերի 19-ին և ստորագրման համար բացվել է Լոնդոն, Մոսկվա և Վաշինգտոն քաղաքներում` 1967 թվականի հունվարի 27-ին: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1967 թվականի հոկտեմբերի 10-ին:

Պայմանագրի նպատակն է նպաստել խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման ու օգտագործման հետ կապված գիտական, ինչպես նաև իրավական հարցերում լայն միջազգային համագործակցությանը:

2. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

. չյուրացնել տիեզերական տարածությունը, այդ թվում` Լուսինը և այլ երկնային մարմիններ ո՛չ ինքնիշխանություն հռչակելու, ո՛չ դրանք օգտագործելու կամ զավթելու, ո՛չ էլ որևէ այլ միջոցով,

. իրականացնել տիեզերական տարածությունը, ներառյալ Լուսինը և այլ երկնային մարմինները, հետազոտելու և օգտագործելու գործունեություն` համաձայն միջազգային իրավունքի, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և միջազգային համագործակցությունն ու փոխըմբռնումը խթանելու նպատակով,

. չտեղակայել Երկրի ուղեծրում միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման որևէ այլ տեսակի զենք պարունակող որևէ օբյեկտ, երկնային մարմինների վրա չտեղադրել կամ տիեզերական տարածությունում որևէ այլ կերպ չտեղավորել այդպիսի զենք: Օգտագործել Լուսինը և մյուս երկնային մարմինները բացառապես խաղաղ նպատակներով,

. տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում առաջնորդվել համագործակցության ու փոխօգնության սկզբունքով և տիեզերական տարածությունում, այդ թվում` Լուսնի և երկնային մարմինների վրա ամբողջ գործունեությունը ծավալել պատշաճ կերպով` հաշվի առնելով Պայմանագրի Կողմ բոլոր մյուս պետությունների համապատասխան շահերը: Զբաղվել տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների ուսումնասիրությամբ և իրականացնել դրանց հետազոտությունը` խուսափելով դրանց վնասակար աղտոտումից, ինչպես նաև արտերկրային ծագում ունեցող նյութ ներմուծելու հետևանքով Երկրի շրջակա միջավայրում բացասական փոփոխություններից, և անհրաժեշտության դեպքում այդ նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկել: Եթե Հայաստանի Հանրապետությունը պատճառ ունի կարծելու, որ տիեզերական տարածությունում, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների վրա Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ քաղաքացիների կողմից ծրագրված գործունեությունը կամ փորձը հնարավոր վնասակար խոչընդոտներ կստեղծի այլ Կողմ պետությունների` տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների խաղաղ հետազոտման ու օգտագործման հետ կապված գործունեության համար, ապա, մինչև այդպիսի գործունեությանը կամ փորձին ընթացք տալը, նախաձեռնել համապատասխան միջազգային խորհրդակցություններ և այլն:

3. 1967 թվականի հունվարի 27-ին ստորագրված`Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով» 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով» «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1967 թվականի հունվարի 27-ին ստորագրված` Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 հոկտեմբերի 2014 թվականի

ՍԴՈ-1170

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.10.2014
N ՍԴՈ-1170
Որոշում