Սեղմել Esc փակելու համար:
1972 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1972 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅ ...

 

 

020.1171.281014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1972 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 հոկտեմբերի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Առաքելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց` «1972 թվականի մարտի 29-ին ստորագրված` Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 24.09.2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. 1972 թվականի մարտի 29-ին ստորագրված` Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին կոնվենցիան (այսուհետ`Կոնվենցիա) ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1971թ. նոյեմբերի 29-ին և ստորագրվել է 1972 թվականի մարտի 29-ին` տիեզերական օբյեկտների կողմից վնաս հասցնելու համար պատասխանատվության վերաբերյալ արդյունավետ միջազգային կանոններ և ընթացակարգեր մշակելու և, մասնավորապես, Կոնվենցիայի պայմանների համաձայն` նման վնասից տուժածներին անհապաղ ամբողջական և արդարացի փոխհատուցման վճարումն ապահովելու, ինչպես նաև տիեզերական տարածության հետազոտման և խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով:

2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

. որպես տիեզերք արձակող պետություն հանդես գալու պարագայում` բացարձակ պատասխանատվություն կրել երկրագնդի մակերևույթին կամ թռիչքի վիճակում գտնվող օդանավերին ՀՀ տիեզերական օբյեկտի կողմից պատճառված վնասի դիմաց փոխհատուցում վճարելու համար (հոդված II),

. այլ պետության(ների) հետ համատեղ տիեզերական օբյեկտ արձակելու պարագայում` կրել համապարտ և բաժնային պատասխանատվություն ցանկացած վնաս հասցնելու համար (հոդված V, կետ 1),

. եթե պահանջ ներկայացնող պետությունը և Հայաստանի Հանրապետությունը, որի կողմից փոխհատուցումը Կոնվենցիայի շրջանակներում ենթակա է վճարման, համաձայնություն են ձեռք բերում փոխհատուցման այլ ձևի շուրջ, ապա փոխհատուցումը վճարել պահանջ ներկայացնող պետության արժույթով կամ այդ պետության պահանջով` ՀՀ դրամով (հոդված XIII),

. հավասարապես կրել Պահանջների լուծման հարցերով հանձնաժողովի հետ կապված ծախսերը, եթե այլ բան որոշված չէ Հանձնաժողովի կողմից (հոդված XX),

. եթե տիեզերական օբյեկտի պատճառած վնասը մեծ վտանգ է ներկայացնում մարդու կյանքի համար կամ լրջորեն միջամտում է բնակչության կենսապայմաններին կամ կենսական կենտրոնների գործունեությանը, ապա որպես Կողմ և, մասնավորապես, տիեզերք արձակող պետություն դիտարկել վնաս կրած պետությանը պատշաճ և անհապաղ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը` նման պահանջով վերջինիս դիմելու դեպքում (հոդված XXI),

. որպես Կոնվենցիայի XXII հոդվածի 1-ին կետի իմաստով ցանկացած միջազգային միջկառավարական կազմակերպության անդամ պետություն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ապահովելու համար այդպիսի կազմակերպության կողմից Կոնվենցիայի XXII հոդվածի 1-ին կետի համաձայն հայտարարության կատարումը (հոդված XXII, կետ 2),

. եթե Կոնվենցիայի XXII հոդվածի 1-ին կետի իմաստով միջազգային միջկառավարական կազմակերպությունը Կոնվենցիայի դրույթների ուժով պատասխանատվություն է կրում հասցված վնասի համար, ապա որպես այդ կազմակերպության անդամ հանդես գալու պարագայում` կրել համապարտ և բաժնային պատասխանատվություն` Կոնվենցիայի XXII հոդվածի 3-րդ կետում սահմանված պայմաններով (հոդված XXII, կետ 3):

i

3. Կոնվենցիայում հղում է կատարվում 1967 թվականի հունվարի 27-ի` «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրին, որը ՍԴՈ-1170 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992թ. մարտի 2-ից:

4. Հաշվի առնելով, որ այդ ոլորտում Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես` արբանյակի բացթողում, շահագործում և այլն, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիան կնպաստի Հայաստանի Հանրապետությունում արբանյակային կապի ներդրմանը և զարգացմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1972 թվականի մարտի 29-ին ստորագրված` Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 հոկտեմբերի 2014 թվականի

ՍԴՈ-1171

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.10.2014
N ՍԴՈ-1171
Որոշում