Սեղմել Esc փակելու համար:
1979 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՆՅՈՒ ՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1979 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐ ...

 

 

020.1172.281014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1979 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԼՈՒՍՆԻ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 հոկտեմբերի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Առաքելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված` Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2014 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին համաձայնագիրն (այսուհետ նաև` Համաձայնագիր) ստորագրվել է 1979 թվականի դեկտեմբերի 18-ին` Նյու Յորքում:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1984 թվականի հուլիսի 11-ին:

Համաձայնագրի նպատակներից է կանխել Լուսնի վերածումը միջազգային հակամարտության գոտու:

Համաձայնագրի` Լուսնին առնչվող դրույթները կիրառվում են նաև արեգակնային համակարգի այլ երկնային մարմինների նկատմամբ, բացի երկրագնդից, բացառությամբ այն դեպքերի, երբ այս երկնային մարմիններից ցանկացածի վերաբերյալ ուժի մեջ են մտնում հատուկ իրավական ակտեր:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) օգտագործել Լուսինը բացառապես խաղաղ նպատակներով.

բ) ընդունել, որ արգելվում է Լուսնի վրա ուժի ցանկացած գործադրում, ուժի գործադրման ցանկացած սպառնալիք, թշնամական գործողություն կամ թշնամական գործողությունների սպառնալիք.

գ) Լուսնի ուղեծրում կամ դեպի Լուսին կամ Լուսնի շուրջ թռիչքի այլ հետագծերի վրա չտեղակայել միջուկային զենք կամ ցանկացած այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենք, չտեղակայել կամ չօգտագործել այդպիսի զենք Լուսնի վրա կամ նրա ընդերքում.

դ) հնարավորության և իրագործելիության առավելագույն սահմաններում տեղեկացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև հանրային ու միջազգային գիտական համայնքին Լուսնի հետազոտմանը և օգտագործմանը վերաբերող իր գործունեության մասին.

ե) ձեռնարկել բոլոր գործուն միջոցները` պաշտպանելու համար Լուսնի վրա գտնվող անձանց կյանքը և առողջությունը.

զ) ստեղծել միջազգային ռեժիմ, այդ թվում` համապատասխան ընթացակարգեր, Լուսնի բնական ռեսուրսների շահագործումը կարգավորելու համար.

է) կրել միջազգային պատասխանատվություն` Լուսնի վրա պետական մակարդակով գործունեություն իրականացնելու համար` անկախ այն հանգամանքից` այդ գործունեությունն իրականացնում են պետական մարմինները, թե ոչ պետական կազմակերպությունները, ինչպես նաև` երաշխավորելու համար, որ պետական մակարդակով իրականացվող գործունեությունը համապատասխանում է Համաձայնագրի դրույթներին:

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին և նպատակաուղղված են հավասարության սկզբունքի հիման վրա խթանելու Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների միջև հետագա համագործակցության զարգացումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված` Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 հոկտեմբերի 2014 թվականի

ՍԴՈ-1172

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.10.2014
N ՍԴՈ-1172
Որոշում