Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ ...

 

 

050.0193.050914

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        09            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014409

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2014 թվականի թիվ 193-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Նպատակ ունենալով օպտիմալացնել վարկային կազմակերպությունների լիցենզավորման, պետական գրանցման, համաձայնության տրամադրման հետ կապված գործընթացները,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 9.2-րդ, 10-րդ և 22.1-ին հոդվածները,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ը (այսուհետ` Կանոնակարգ 13) հաստատել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելվածի (կցվում է):

2. Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

««Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ը հաստատելու մասին»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի թիվ

193-Ն որոշմամբ

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի հուլիսի 1-ի

թիվ 194-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 13

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ

 

ԲԱԺԻՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է.

1) Վարկային կազմակերպությունների պետական գրանցման ու լիցենզավորման կարգը,

2) Վարկային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման կարգը,

3) Վարկային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման համար Կենտրոնական բանկի կողմից համաձայնություն ստանալու կարգը,

4) Վարկային կազմակերպությունների տիպի (խմբի) փոփոխման գրանցումը,

5) Վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ժամանակավոր դադարեցման կարգը,

6) Վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության դադարեցման կարգը,

7) Գրանցման վկայականի և վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի կորստի, ոչնչացման և օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում կրկնօրինակի ստացման կարգը,

8) Վարկային կազմակերպության լուծարման դեպքում լիցենզիան Կենտրոնական բանկ վերադարձնելու կարգը,

9) Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների, պետության և ֆիզիկական անձանց կողմից նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու կարգը,

10) Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման հետ կապված այլ դրույթները,

11) Ղեկավարների վերաբերյալ ընդհանուր դրույթներ,

12) Կենտրոնական բանկի կողմից ղեկավարներին տրվող որակավորումներին հավասարեցվող որակավորումները, դիպլոմները և հավաստագրերը,

13) Խորհրդի անդամների որակավորման ստուգման կարգը,

14) Ղեկավարների (բացառությամբ` խորհրդի նախագահի, խորհրդի նախագահի տեղակալի և խորհրդի անդամների) որակավորման քննություններին մասնակցության և քննությունների անցկացման կարգը,

15) Ղեկավարների (բացառությամբ` խորհրդի նախագահի, խորհրդի նախագահի տեղակալի և խորհրդի անդամների) որակավորման թեստերը,

16) Որակավորման թեստերի գնահատումը և բողոքարկումը,

17) Որակավորման վկայականների տրամադրման կարգը,

18) Որակավորման վկայականներով տրվող լրացուցիչ լիազորությունների շրջանակը,

19) Ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշները,

20) Ղեկավարների (բացառությամբ` խորհրդի նախագահի և խորհրդի նախագահի տեղակալի) գրանցման կարգը,

21) Ղեկավարներին գրանցումից հանելու կարգը,

22) Ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման և պաշտոնավարման կարգը,

23) Գրանցման ենթակա փոփոխությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը,

24) Գրանցման ոչ ենթակա փոփոխությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը,

25) Վարկային կազմակերպության տարածքից դուրս ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը,

26) Վարկային կազմակերպության, վարկային կազմակերպության մասնաճյուղի գործունեության տարածքի և տեխնիկական հագեցվածության նկատմամբ պահանջները:

2. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը (բացառությամբ` ղեկավարների վերաբերյալ միջնորդագրերի և ղեկավարների կամ դրանց կազմում փոփոխությունների գրանցման գործընթացի շրջանակներում ներկայացվող մյուս փաստաթղթերի) Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով, պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով:

3. Սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը (բացառությամբ` ղեկավարների և նրանց գործունեության վերաբերյալ տեղեկանքների) Կենտրոնական բանկ են ներկայացվում հայերենով, Յունիկոդ տառատեսակով և «Փի Դի Էֆ» ֆորմատով, բացառությամբ` վարկային կազմակերպության տնտեսական ծրագրերին կից ներկայացվող աղյուսակների, որոնք ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով: Վարկային կազմակերպության տնտեսական ծրագրին կից աղյուսակները ներկայացվում են Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով:

4. Գործող վարկային կազմակերպության ղեկավարների կամ նրանց կազմի փոփոխությունների գրանցման վերաբերյալ տեղեկանքները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ինտերնետային կայքում նախատեսված համակարգի միջոցով` առցանց ռեժիմով տվյալները հայերենով մուտքագրելով, ընդ որում, տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ամրակցվում են համակարգում նշված դաշտում: Տվյալ համակարգ մուտք գործելու համար ղեկավարների տեղեկանքները հաստատելու իրավասություններ ունեցող պատասխանատու աշխատակցին Կենտրոնական բանկի կողմից տրամադրվում են մուտքի տվյալներ (անուն և ծածկագիր):

5. Նոր ստեղծվող վարկային կազմակերպությունների ղեկավարների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը և տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային կրիչով, ընդ որում, ղեկավարների և նրանց գործունեության վերաբերյալ տեղեկանքները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը` «Փի Դի Էֆ» ֆորմատով:

6. Գործող վարկային կազմակերպությունների և դրանց տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային-թվային ստորագրությամբ:

7. Նոր ստեղծվող վարկային կազմակերպությունների վրա սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված պահանջը տարածվում է Կենտրոնական բանկի կողմից էլեկտրոնային-թվային ստորագրություն ստանալու պահից: Ընդ որում, սույն կետով նախատեսված անձինք պարտավոր են նաև էլեկտրոնային-թվային ստորագրությամբ Կենտրոնական բանկ կրկին ներկայացնել նախկինում առանց էլեկտրոնային-թվային ստորագրության ներկայացված կանոնադրությունները` համապատասխան ստորագրությունն ստանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

8. Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնադրությունները (դրանց փոփոխությունները, լրացումները) տրամադրվում են վարկային կազմակերպությանը էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Վարկային կազմակերպությունների գրանցված կանոնադրությունների, ինչպես նաև դրանցում փոփոխությունների ու լրացումների էլեկտրոնային տարբերակները Կենտրոնական բանկի կողմից տեղադրվում են www.cba.am ինտերնետային կայքում` կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, նոր ստեղծվող վարկային կազմակերպությունների համար սույն կետով սահմանված հնգօրյա ժամկետը հաշվարկվում է կանոնադրությունների էլեկտրոնային-թվային ստորագրությամբ տարբերակները Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:

9. Սույն կարգով սահմանված ոչ հայերեն փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ: Ընդ որում, հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասություն կամ անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում առաջնահերթությունը տրվում է հայերեն տարբերակին:

10. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրերով (դիմումով)` ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից: Կենտրոնական բանկ ներկայացվող միջնորդագրերում (դիմումում) (բացառությամբ սույն կանոնակարգով սահմանված միջնորդագրի (դիմումի)) միջնորդագիրը (դիմումը) ստորագրող անձը նշում է, որ կից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները արժանահավատ են և ամբողջական, ինչպես նաև գիտակցում է, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի (դիմումի) մերժմանը:

11. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող միջնորդագրի (դիմումի) ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

 

._____________________________________________________________________.

|վարկային   |գծիկ|Փաստաթղթի|գծիկ|Փաստաթղթի  |գծիկ|ամսաթիվ`|կետ|Ընդլայ-|

|կազմա-     |    |տեսակը   |    |բովանդակու-|    |օօաատտ  |   |նում   |

|կերպության |    |         |    |թյունը     |    |ֆորմատով|   |       |

|անվանումը  |    |         |    |(12 նիշի   |    |        |   |       |

|           |    |         |    |սահմաննե-  |    |        |   |       |

|           |    |         |    |րում)      |    |        |   |       |

._____________________________________________________________________.

 

Օրինակ, «ԱԲԳ» վարկային կազմակերպության կողմից կանոնադրության փոփոխության վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու դեպքում ֆայլի անվանումը կունենա հետևյալ կառուցվածքը.

 

._____________________________________________________________________.

|ԱԲԳ        | _  |միջնորդա-| _  |Կանոնադր.  | -  |250914  | . |pdf    |

|           |    |գիր      |    |փոփ        |    |        |   |       |

._____________________________________________________________________.

 

12.Սույն կանոնակարգի համաձայն ներկայացված փաստաթղթերում թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում Կենտրոնական բանկն այդ թերությունների մասին տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին: Համապատասխան դիմումը ներկայացված է համարվում ճշգրտված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից, ընդ որում, միջնորդագրի (դիմումի) մերժման համար հիմք կարող է հանդիսանալ փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը:

13. Սույն կանոնակարգով սահմանված դեպքերում միջազգային վարկանշային գործակալությունների և Ա. Մ. Բեստ վարկանշային կազմակերպության (այսուհետ` սույն կետում վարկանշային կազմակերպություն) կողմից տրված վարկանիշերը կիրառվում են հետևյալ սկզբունքով (եթե սույն կանոնակարգով այլ բան նախատեսված չէ).

1) Եթե կազմակերպությունն ունի միայն մեկ վարկանշային կազմակերպության կողմից տրված վարկանիշ, ապա հիմք է ընդունվում տվյալ վարկանիշը:

2) Եթե կազմակերպությունն ունի երկու տարբեր վարկանիշ` տրամադրված տարբեր վարկանշային կազմակերպության կողմից, ապա հիմք է ընդունվում ամենացածր վարկանիշը:

3) Եթե կազմակերպությունն ունի երեք և ավելի վարկանիշ` տրամադրված տարբեր վարկանշային կազմակերպությունների կողմից, ապա հիմք է ընդունվում երկու ամենաբարձր վարկանիշերից առավել ցածր վարկանիշը:

14. Սույն կանոնակարգով պահանջվող ֆինանսական հաշվետվությունները կազմվում են.

1) հաշվապահական հաշվառման այն ստանդարտների համապատասխան, որոնք «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառումը վարելիս և ֆինանսական հաշվետվությունները կազմելիս և ներկայացնելիս կամ

2) օտարերկրյա իրավաբանական անձանց դեպքում` Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտների համապատասխան:

15. Սույն կանոնակարգով պահանջվող օտարերկրյա իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվություններին կից աուդիտորական եզրակացությունները ներկայացվում են դրանց առկայության դեպքում, բացառությամբ վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռք բերման համար իրավաբանական անձանցից պահանջվող ֆինանսական հաշվետվություններին կից ներկայացվող աուդիտորական եզրակացությունների:

16. Գրանցման և լիցենզավորման, համաձայնության և թույլտվության տրամադրման, ինչպես նաև սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկի կողմից ընդունվող այլ որոշումների կայացման համար «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է բոլոր պահանջվող փաստաթղթերը պատշաճ ձևով Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից:

17. Սույն կանոնակարգով սահմանված պետական գրանցման և լիցենզավորման կամ այլ գործընթացի համար սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում (տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում) արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում` փոփոխությունների մասով: Ընդ որում, սույն կետի համաձայն համապատասխան փոփոխությունները չներկայացվելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում (դիմումում) նշվում է այդ մասին:

18. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա» կամ «Բ» վարկանիշ ստացած կազմակերպությունների վերաբերյալ սույն կանոնակարգով պահանջվող հաշվետվությունները չեն ներկայացվում, եթե վերջիններս արդեն իսկ ներկայացվել են Կենտրոնական բանկ, և Կենտրոնական բանկ է ներկայացվել կազմակերպության գրավոր համաձայնությունը այդ փաստաթղթերը վերահսկողական նպատակներով կիրառելու համար:

19. Եթե սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը մինչև համապատասխան գործընթացով որոշման կայացումը փոխվել է, ապա վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ պետք է կրկին ներկայացնի փոփոխված փաստաթուղթը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

20. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգով պահանջվող տեղեկությունների և հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական և/կամ վերահսկողական նպատակներից ելնելով, կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:

21. Կենտրոնական բանկի կողմից «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` դիմումի (միջնորդագրի) քննության ժամկետի կասեցման դեպքում քննության վերսկսման որոշման պահից քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և քննության համար սահմանված ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

 

ԳԼՈՒԽ 2. ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստով.

1) «Կենտրոնական բանկ»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

2) «Վարկային կազմակերպություն»` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող կամ գործող վարկային կազմակերպություն,

3) «Ղեկավար»` «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` վարկային կազմակերպության ղեկավար,

4) «Ֆինանսական վիճակի վատթարացման առկայություն կամ հնարավորություն»` այնպիսի իրավիճակ, երբ.

ա. վարկային կազմակերպությունը խախտել է կամ խախտելու է հիմնական տնտեսական նորմատիվներից առնվազն մեկը և/կամ

բ. վարկային կազմակերպության մոտ հավանական է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված անվճարունակության հիմքերի առաջացումը,

5) «Ֆինանսական խումբ (միություն)»` Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ 10` «Համախմբված ֆինանսական հաշվետվությունների» ստանդարտով կամ միջազգայնորեն ընդունված այլ ստանդարտով սահմանված դեպքերում համախմբված ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող սուբյեկտ,

6) «Ֆինանսական հաշվետվություններ»` Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն, Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն, Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն, Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ,

7) «Ֆինանսական կազմակերպություն»` բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ, կորպորատիվ ներդրումային ֆոնդ, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միություն (այսուհետ` Բյուրո), վճարահաշվարկային կազմակերպություն,

8) «Միջազգային վարկանշային գործակալություններ»` Մուդիզ Ինվեստորս Սերվիս, Ստանդարտ և Փուրզ, Ֆիտչ Ռեյտինգս վարկանշային կազմակերպություններ,

9) «Անձնագրի տվյալներ»` անձնագրի սերիան և անձնագրի համարը, իսկ անձնագրի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալներ,

10) «Հանրային ծառայությունների համարանիշ»` Հայաստանի Հանրապետության կողմից անձին տրամադրված հանրային ծառայությունները համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը,

11) «Հանձնաժողով»` Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողով,

12) «Գյուղական համայնք»` համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

13) «Բարձրագույն կրթություն ունեցող անձ»` անձ, ով ավարտել է Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն կամ ստացել է Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական ոլորտի մասնագիտական որակավորման վկայական,

14) «Վարկային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»` անձ, ով առանց համապատասխան ղեկավարի պաշտոնում Կենտրոնական բանկում գրանցման իրականացնում է այդ ղեկավարի պարտականությունները:

 

ԲԱԺԻՆ II. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 3. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Վարկային կազմակերպության պետական գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրների կողմից Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

1) «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, ընդ որում`

ա. հիմնադիրների դիմումը ներկայացվում է` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի, ընդ որում դիմումի մեջ ներառվում է վարկային կազմակերպության գործունեության տարածքը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը,

բ. կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված տիտղոսաթերթ,

գ. ֆիրմային անվանման գրանցման հայտը և այլ պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են` համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ1» կետով սահմանված` Կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի,

դ. ղեկավարներին գրանցելու մասին վարկային կազմակերպության միջնորդագիրը ներկայացվում է` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի, իսկ հիմնադրվող վարկային կազմակերպության ղեկավարների և նրանց գործունեության վերաբերյալ տեղեկանքը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի, որում ներառվում է նաև ղեկավարի վավերացված ստորագրության նմուշը,

ե. ստեղծվող վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի բացակայության մասին հայտարարագիրը ներառվում է սույն ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դիմումում,

զ. վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի (հիմնադիրների ժողով) կողմից հաստատված վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը և տնտեսական ծրագիրը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի,

2) ստեղծվող վարկային կազմակերպության ներքին իրավական այն ակտերը (դրանց նախագծերը), որոնց հղում է կատարվում ներկայացվող կանոնադրության նախագծում,

3) եթե կանոնադրական կապիտալի համալրման (իսկ դրանից հետո` կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր ավելացման) նպատակով վարկային կազմակերպությունը նախատեսում է հաշիվ բացել Կենտրոնական բանկում, ապա Կենտրոնական բանկ է ներկայացվում կուտակային հաշվի բացման դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի, իսկ եթե կանոնադրական կապիտալի համալրման նպատակով հաշիվ է բացվել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում, ապա ներկայացվում է կանոնադրական կապիտալը համալրած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ,

4) ստեղծվող վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը` համաձայն սույն կանոնակարգի 11-րդ գլխի,

5) պատշաճ կարգով տրված լիազորագիրը, եթե նախաձեռնող անձինք հանդես են գալիս լիազոր ներկայացուցչի (ներկայացուցիչների) միջոցով,

6) սույն կանոնակարգի 25-րդ գլխով սահմանված պահանջներին բավարարող առանձնացված տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձի կողմից տրամադրված պարտավորությունը հավաստող փաստաթուղթ, որով նա պարտավորվել է վարկային կազմակերպության պետական գրանցման և լիցենզավորման պահից այդ տարածքը նրան տրամադրել սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ), ինչպես նաև պարտավորությունը հավաստող փաստաթուղթ տված անձի` այդ տարածքի նկատմամբ պետական մարմնում գրանցված սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը: Ընդ որում, ենթավարձակալության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը:

24. Կենտրոնական բանկը Հանձնաժողովի եզրակացության հիման վրա գրանցում և լիցենզավորում է վարկային կազմակերպությունը, եթե պահպանվել են հետևյալ պահանջները և ներկայացվել են համապատասխան փաստաթղթերը.

1) Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ բանկում բացված հաշվին ամբողջությամբ վճարվել է վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը,

2) Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների (այսուհետ` Կենտրոնական բանկի վերահսկողների) և պատասխանատու այլ աշխատակիցների կողմից տեղերում ստուգման արդյունքում հաստատվել է, որ վարկային կազմակերպության գործունեության համար նախատեսված տարածքը և տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են սույն կանոնակարգի 25-րդ գլխով սահմանված պահանջներին,

3) Վարկային կազմակերպության ղեկավարների որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը բավարարում է սույն կանոնակարգի 4-րդ բաժնով սահմանված որակավորման և մասնագիտական համապատասխանության պահանջներին, և առկա չէ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը,

4) Վարկային կազմակերպությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք ստացել են Կենտրոնական բանկի համաձայնությունը` սույն կանոնակարգի 11-րդ գլխով սահմանված կարգով:

25. Վարկային կազմակերպության պետական գրանցման և լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ մեկտեղ վարկային կազմակերպության ղեկավարների թեկնածուները (բացառությամբ` խորհրդի նախագահի, խորհրդի նախագահի տեղակալի և խորհրդի անդամների թեկնածուների) պետք է հերթագրվեն` ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությանը մասնակցելու համար (համաձայն սույն կանոնակարգի 91-րդ կետի)` բացառությամբ սույն կանոնակարգի 72-րդ և 74-րդ կետերով նախատեսված դեպքերի, իսկ որակավորված լինելու դեպքում ներկայացնեն սույն կանոնակարգի 132-րդ կետի 1-ին ենթակետով պահանջվող տեղեկանքը:

26. Վարկային կազմակերպության պետական գրանցման վկայականը տրվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի, իսկ լիցենզիան` սույն կանոնակարգի Հավելված 8-ի` մեկական օրինակով:

27. Կենտրոնական բանկը վարկային կազմակերպությանը լիցենզիան տրամադրելիս ծանուցում է, որ վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ցանկը գտնվում է Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:

28. Կենտրոնական բանկը մերժում է վարկային կազմակերպության գրանցումն ու լիցենզավորումը, եթե`

1) Ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ,

2) Ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, այդ թվում`

ա. չի վճարվել վարկային կազմակերպության գործունեության համար տարեկան պետական տուրքը,

բ. առկա չէ պատշաճ կարգով տրված լիազորագիր այն դեպքում, երբ հիմնադիրները հանդես են գալիս լիազորված ներկայացուցչի (ներկայացուցիչների) միջոցով,

գ. վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին, գործունեության կանոնակարգում ներկայացված տվյալներն անարժանահավատ են, կանոնակարգում կատարված էական կանխատեսումները Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով անիրատեսական են,

դ. Վարկային կազմակերպության առաջարկվող ներքին կազմակերպական կառուցվածքը կամ ներքին հսկողության համակարգը բավարար չեն վարկային կազմակերպության ռիսկերի կառավարման համար,

3) Չեն պահպանվել սույն կանոնակարգի 24-րդ կետում նշված պահանջները` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

 

ԳԼՈՒԽ 4. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղ գրանցելու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) Վարկային կազմակերպության մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի, ընդ որում, միջնորդագրում ներառվում է վարկային կազմակերպության մասնաճյուղի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը:

2) Վարկային կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղի ստեղծման մասին,

3) Մասնաճյուղի հաստատված կանոնադրությունը, որը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

4) Տարածքի սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության (ենթավարձակալության) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը կամ այդ պայմանագրի առկայությունը, ինչպես նաև հիմնական միջոցը ենթավարձակալության տալու իրավունքը հավաստող փաստաթուղթը,

5) Սույն կանոնակարգի 25-րդ գլխով սահմանված պահանջներին մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, եթե սույն կետով սահմանված միջնորդագրում նշում չի կատարվել, որ դրանք կներկայացվեն միջնորդագրում նշված ժամկետում,

6) Մասնաճյուղի գրանցման պետական տուրքի վճարման անդորրագիրը,

7) Մասնաճյուղ ստեղծելու հիմնավորումը:

30. Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպության մասնաճյուղի գրանցման վկայականը վարկային կազմակերպությանը տրամադրվում է գրանցման մասին որոշումն ընդունվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում` մեկ օրինակով` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 10-ի:

31. Կենտրոնական բանկը մերժում է վարկային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի գրանցման դիմումը, եթե.

1) Ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ,

2) Փաստաթղթերը ներկայացվել են թերի, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, այդ թվում`

ա. Հայաստանի Հանրապետության տարածքում բացվող մասնաճյուղի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում սույն կանոնակարգի 25-րդ գլխով սահմանված պահանջներին,

բ. չի ներկայացվել մասնաճյուղի գրանցման պետական տուրքի վճարման անդորրագիրը,

գ. մասնաճյուղի բացումը կհանգեցնի վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացմանը,

3) Մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահի դրությամբ, ինչպես նաև դիմումի քննարկման ժամանակահատվածի ընթացքում վարկային կազմակերպությունը խախտել է Կենտրոնական բանկի սահմանած հիմնական տնտեսական նորմատիվներից թեկուզ մեկը:

 

ԳԼՈՒԽ 5. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

32. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչություն գրանցելու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում.

1) Վարկային կազմակերպության ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 11-ի, որը ներառում է ներկայացուցչություն բացելու հիմնավորումը,

2) Վարկային կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք` ներկայացուցչություն ստեղծելու մասին,

3) Ներկայացուցչության կանոնադրությունը: Կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

4) Տարածքի սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության (ենթավարձակալության) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

33. Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպության ներկայացուցչության գրանցման վկայականը տրվում է գրանցման որոշումն ընդունվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում` մեկ օրինակով` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 12-ի:

34. Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ մերժվում է վարկային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը, եթե.

1) Ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ,

2) Ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, այդ թվում`

ա. Կենտրոնական բանկի կարծիքով ներկայացուցչության բացումը կհանգեցնի վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացմանը,

բ. Կենտրոնական բանկի կարծիքով ներկայացուցչություն բացելու հիմնավորումները բավարար չեն,

3) Միջնորդագրի տրման պահին, ինչպես նաև միջնորդագրի քննարկման ժամանակահատվածի ընթացքում վարկային կազմակերպությունը խախտել է Կենտրոնական բանկի սահմանած հիմնական տնտեսական նորմատիվներից թեկուզ մեկը:

 

ԳԼՈՒԽ 6. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները օտարերկրյա պետություններում մասնաճյուղեր կամ ներկայացուցչությունների ստեղծելիս պետք է ստանան Կենտրոնական բանկի համաձայնությունը:

36. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները օտարերկրյա պետություններում մասնաճյուղեր ստեղծելիս սույն կանոնակարգի 35-րդ կետով սահմանված համաձայնությունը ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) Վարկային կազմակերպության միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 13-ի,

2) Ստեղծվող մասնաճյուղի կանոնադրությունը,

3) Վարկային կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղի ստեղծման մասին,

4) Սույն կանոնակարգի 25-րդ գլխով սահմանված պահանջներին բավարարող առանձնացված տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձի կողմից տրամադրված պարտավորությունը հավաստող փաստաթուղթը, որով նա պարտավորվել է վարկային կազմակերպության մասնաճյուղի գրանցման և (կամ) լիցենզավորման պահից այդ տարածքը նրան տրամադրել սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ), ինչպես նաև պարտավորությունը հավաստող փաստաթուղթ տված անձի` այդ տարածքի նկատմամբ պետական մարմնում գրանցված սեփականության կամ վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը: Ընդ որում, ենթավարձակալության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

5) Վարկային կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղի ղեկավարներ ընտրելու կամ նշանակելու մասին:

37. Կենտրոնական բանկը կարող է համաձայնություն չտալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպության` օտարերկրյա պետություններում մասնաճյուղի ստեղծմանը` համաձայն սույն կանոնակարգի 31-րդ կետով նախատեսված հիմքերի:

38. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները օտարերկրյա պետություններում ներկայացուցչություններ ստեղծելիս սույն կանոնակարգի 35-րդ կետով սահմանված համաձայնությունը ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) Վարկային կազմակերպության միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 14-ի,

2) Ներկայացուցչության հաստատված կանոնադրությունը,

3) Տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձի կողմից տրամադրված պարտավորությունը հավաստող փաստաթուղթը, որով նա պարտավորվել է վարկային կազմակերպության մասնաճյուղի գրանցման և (կամ) լիցենզավորման պահից այդ տարածքը նրան տրամադրել սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ), ինչպես նաև պարտավորությունը հավաստող փաստաթուղթ տված անձի` այդ տարածքի նկատմամբ պետական մարմնում գրանցված սեփականության կամ վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը: Ընդ որում, ենթավարձակալության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

39. Կենտրոնական բանկը կարող է համաձայնություն չտալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպության` օտարերկրյա պետություններում ներկայացուցչության ստեղծմանը` համաձայն սույն կանոնակարգի 34-րդ կետով նախատեսված հիմքերի:

40. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները օտարերկրյա պետություններում մասնաճյուղեր (կամ ներկայացուցչություններ) բացելիս այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ պետությունում գրանցվելուց (լիցենզավորվելուց, արտոնագրվելուց) հետո տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկ են ներկայացնում գրանցման (լիցենզավորման, արտոնագրման) փաստը վկայող փաստաթուղթը` կցելով մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցված կանոնադրությունը:

 

ԳԼՈՒԽ 7. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԻ (ԽՄԲԻ) ՓՈՓՈԽՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

41. Վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի կողմից վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման մասին որոշման ընդունման դեպքում, վարկային կազմակերպությունը որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) վարկային կազմակերպության տիպը (խումբը) փոփոխելու մասին միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 15-ի,

2) վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի որոշումը` վարկային կազմակերպության տիպը (խումբը) փոփոխելու մասին,

3) վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագիրը` հաստատված վարկային կազմակերպության բարձրագույն կառավարման մարմնի կողմից, որում պետք է արտացոլված լինեն նաև ծրագրով նախատեսված միջոցառումների, գործողությունների և ժամկետների տնտեսագիտական և կառավարչական հիմնավորումները` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 16-ի,

4) վարկային կազմակերպության հաշվապահական հաշվեկշռի և եկամուտների ու ծախսերի վերաբերյալ հաշվետվության կանխատեսումները` կազմված վարկային կազմակերպության հայեցողությամբ շաբաթական, ամսական, եռամսյակային կտրվածքով` ըստ վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով նախատեսված միջոցառումների, գործողությունների և ժամկետների, իսկ վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով նախատեսված չլինելու դեպքում` առնվազն Կենտրոնական բանկի կողմից սույն կետում նշված միջնորդագրի համաձայնության վերաբերյալ որոշման ընդունման դեպքում կանոնադրության փոփոխությունները և պահանջվող այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու` վարկային կազմակերպության կողմից նշված վերջնաժամկետի դրությամբ,

5) վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը նախնական համաձայնություն տալու նպատակով սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերն այն դեպքում, երբ վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով վարկային կազմակերպությունը նախատեսում է փոփոխություններ կատարել իր նշանակալից մասնակիցների կազմում և (կամ) կառուցվածքում,

6) տեղեկանք վարկային կազմակերպության տիպը (խումբը) փոփոխելու վերաբերյալ վարկային կազմակերպության պարտատերերի և պարտապանների համաձայնության (դիրքորոշման) առկայության վերաբերյալ (օրենսդրությամբ կամ պայմանագրով պահանջվելու դեպքերում և առկայության դեպքում), իսկ վարկային կազմակերպության պահանջի զիջման կամ պարտքի փոխանցման գործարք նախատեսելու դեպքում` տեղեկանք վարկային կազմակերպության պարտատերերի (պարտապանների) պահանջը զիջելու (պարտքը փոխանցելու) վերաբերյալ վարկային կազմակերպության պարտատերերի և պարտապանների համաձայնության (դիրքորոշման) վերաբերյալ (օրենսդրությամբ կամ պայմանագրով պահանջվելու դեպքերում և առկայության դեպքում): Սույն ենթակետում նշված տեղեկանքներում նշվում են պարտատիրոջ կամ պարտապանի անունը, ազգանունը կամ անվանումը, դիրքորոշումը, պահանջի (պարտավորության) տեսակը (հաշվեկշռային հոդվածը), ինչպես նաև պահանջի (պարտավորության) մնացորդը վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման մասին որոշման ընդունման օրվա վերջի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել վարկային կազմակերպությունից ներկայացնել սույն ենթակետում նշված համաձայնությունը (դիրքորոշումը) հիմնավորող փաստաթղթերը: Կենտրոնական բանկի կողմից պահանջվելու դեպքում վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն ենթակետում նշված համաձայնությունը (դիրքորոշումը) հիմնավորող փաստաթղթերը` պահանջը ներկայացվելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:

42. Սույն կանոնակարգի 41-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ծրագիրը պետք է լինի արժանահավատ, հիմնավորված լինի կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով, ծրագրում կատարված կանխատեսումները պետք է լինեն իրատեսական, ծրագրում պետք է ճիշտ գնահատվեն վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման հետևանքով վարկային կազմակերպության առջև ծառացող ռիսկերը և դրանց կառավարումը, վարկային կազմակերպությունը առաջնորդվելով սույն կետում նշված ծրագրում պետք է ապահովի վարկային կազմակերպության տվյալ տիպի (խմբի) համար սահմանված տնտեսական նորմատիվների պահանջները:

43. Սույն կանոնակարգի 41-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ծրագրի 1-ին բաժինը կարող է ներառել միայն սույն կանոնակարգի Հավելված 16-ի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը` վարկային կազմակերպությունների տիպի (խմբի) հետևյալ փոփոխությունների դեպքում.

1) ունիվերսալ վարկային կազմակերպությունները խնայողական միության, վարկային միության կամ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության փոփոխվելու դեպքում,

2) ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային) կազմակերպությունները, դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) իրականացնող վարկային կազմակերպությունները կամ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները խնայողական միության փոփոխվելու դեպքում,

3) վարկային միությունները խնայողական միության փոփոխվելու դեպքում:

44. Խնայողական միությունները, վարկային միությունները, ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային) կազմակերպությունները, դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) իրականացնող վարկային կազմակերպությունները կամ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները ունիվերսալ վարկային կազմակերպության փոփոխվելու դեպքում, խնայողական միությունները վարկային միության փոփոխվելու դեպքում, ունիվերսալ վարկային կազմակերպությունները ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային) կազմակերպության, դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) իրականացնող վարկային կազմակերպության կամ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության փոփոխվելու դեպքում կարող են Կենտրոնական բանկ չներկայացնել սույն կանոնակարգի 41-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունները:

45. Սույն կանոնակարգի 41-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում վարկային կազմակերպության կողմից ներկայացված միջնորդագրին համաձայնություն տալու կամ միջնորդագիրը մերժելու մասին, որի վերաբերյալ ծանուցում է վարկային կազմակերպությանը: Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով սույն կետում նշված մեկամսյա ժամկետը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով: Սույն կետում նշված մեկամսյա ժամկետում վարկային կազմակերպության միջնորդագրին համաձայնություն տալու կամ միջնորդագիրը մերժելու կամ միջնորդագրի քննության ժամկետը կասեցնելու վերաբերյալ չծանուցելու դեպքում միջնորդագրին` Կենտրոնական բանկի համաձայնությունը համարվում է տրված: Ընդ որում, Կենտրոնական բանկի կողմից միջնորդագրին տրված համաձայնությունն ուժի մեջ է մինչև կանոնադրության փոփոխությունները և սույն կանոնակարգով պահանջվող այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու` վարկային կազմակերպության կողմից նշված վերջնաժամկետը, և մինչև այդ վերջնաժամկետը վարկային կազմակերպության կողմից սույն կանոնակարգով պահանջվող այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկի համաձայնությունը համարվում է ուժը կորցրած:

46. Այն դեպքում, երբ վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով վարկային կազմակերպությունը նախատեսում է նոր նշանակալից մասնակիցների ներգրավում, ապա Կենտրոնական բանկի կողմից միջնորդագրին համաձայնություն տալը ենթադրում է նաև նշանակալից մասնակցությանը նախնական համաձայնության տրամադրում: Առանձին դեպքերում Կենտրոնական բանկը կարող է որոշել անձին և նրա հետ փոխկապակցված անձանց` վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն նախնական համաձայնություն տալ, նույնիսկ, եթե Կենտրոնական բանկը մերժում է սույն կանոնակարգի 41-րդ նշված վարկային կազմակերպության կողմից ներկայացված վարկային կազմակերպության տիպը (խումբը) փոփոխելու միջնորդագիրը:

47. Սույն կանոնակարգի 45-րդ կետով սահմանված համաձայնությունը ստանալու դեպքում վարկային կազմակերպությունն իրականացնում է ներկայացված վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով սահմանված միջոցառումները և վարկային կազմակերպության տիպի (խմբի) լիցենզիայի վերաձևակերպման նպատակով ոչ ուշ, քան սույն կանոնակարգի 41-րդ կետի 4-րդ ենթակետում նշված վերջնաժամկետը, Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման նպատակով լիցենզիայի վերաձևակերպման դիմումը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ի,

2) սույն կանոնակարգի 41-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով նշված միջոցառումների իրականացումը հիմնավորող փաստաթղթերը` առկայության դեպքում (ակտիվների և/կամ պարտավորությունների փոխանցման պայմանագրերը կամ մարումը հիմնավորող փաստաթղթերը, վարկային կազմակերպության նոր կառուցվածքը և այլն),

3) ֆիրմային անվանման գրանցման հայտը և այլ պահանջվող փաստաթղթերը` համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ1» կետով սահմանված` Կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի,

4) վարկային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք` վարկային կազմակերպության կանոնադրությունում կատարված փոփոխությունների վերաբերյալ,

5) վարկային կազմակերպության փոփոխված կանոնադրությունը: Եթե փոփոխությունը վերաբերում է վարկային կազմակերպության այն ներքին իրավական ակտերին, որոնց հղում է կատարված կանոնադրության մեջ, ապա կից ներկայացվում են նաև համապատասխան ակտերը:

6) վարկային կազմակերպության նոր ղեկավարներ կամ ղեկավարների կազմում փոփոխություններ գրանցելու նպատակով (առկայության դեպքում) սույն կանոնակարգի 132-րդ կետով պահանջվող փաստաթղթերը,

7) տեղեկանք վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման հաշվին միջոցների առկայության վերաբերյալ, (բացառությամբ այն դեպքի, երբ կանոնադրական կապիտալը համալրվում է մինչև կանոնադրական կապիտալի համալրման մասին վարկային կազմակերպության իրավասու մարմնի համապատասխան որոշում ընդունելու պահը վարկային կազմակերպության պասիվներում առկա ներգրավված միջոցների մարումից ստացված գումարների հաշվին), ինչպես նաև բաժնետոմսերի վերջին թողարկման հայտարարագրի գրանցման վերաբերյալ որոշման պատճենը (բաց բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային կազմակերպության համար)` առկայության դեպքում: Ընդ որում, վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը վարկային կազմակերպության պասիվներում առկա ներգրավված միջոցների մարումից ստացված գումարների հաշվին կարող է համալրվել միայն Կենտրոնական բանկի ֆինանսական կազմակերպություններին վերահսկող ստորաբաժանման (այսուհետ` Ֆինանսական վերահսկողության վարչություն) դրա վերաբերյալ առարկության բացակայության դեպքում: Կազմակերպության պասիվներում առկա ներգրավված միջոցների մարումից ստացված գումարների հաշվին կապիտալի համալրման վերաբերյալ Ֆինանսական վերահսկողության վարչության կարծիքը ստանալու համար վարկային կազմակերպությունը մինչև սույն կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը, Կենտրոնական բանկ է ներկայացնում կազմակերպության պասիվներում առկա այդ միջոցների առկայությունը հավաստող հիմնավոր փաստաթղթեր և համապատասխան այլ տեղեկություններ: Ֆինանսական վերահսկողության վարչությունը սույն մասով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ժամկետում ուսումնասիրում է դրանք: Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարծիք տալու տասնհինգօրյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ կասեցվել: Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից տասնհինգօրյա ժամկետում չառարկելու կամ այդ ժամկետը կասեցնելու մասին վարկային կազմակերպությանը չտեղեկացնելու դեպքում կազմակերպությունը կարող է պասիվներում առկա ներգրավված միջոցների մարումից ստացված գումարների հաշվին կանոնադրական կապիտալը համալրելու համար Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կետով սահմանված այլ փաստաթղթերը:

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը (անդորրագրերը):

48. Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման նպատակով լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է Կենտրոնական բանկի որոշմամբ` վարկային կազմակերպության սույն կանոնակարգի 47-րդ կետում նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում: Կենտրոնական բանկը կարող է մերժել վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման լիցենզիայի տրամադրումը, եթե.

1) ներկայացվել են թերի, ակնհայտ կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ,

2) ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին,

3) մերժվել է վարկային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը օրենքով սահմանված հիմքերով,

4) չեն կատարվել կամ թերի են կատարվել սույն կանոնակարգի 41-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված` վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրով նշված միջոցառումները,

5) չեն պահպանվել սույն կանոնակարգի 24-րդ կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետերով սահմանված պահանջները, իսկ իրավական ակտերով նախատեսված դեպքերում` նաև 1-ին ենթակետով սահմանված պահանջը:

 

ԳԼՈՒԽ 8. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

49. Վարկային կազմակերպության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը դադարեցնելու (այդ թվում` ժամանակավորապես դադարեցնելու) դեպքում վարկային կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշման պատճենը` մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը դադարեցնելու (այդ թվում` ժամանակավորապես դադարեցնելու) վերաբերյալ, ընդունման օրվանից հետո եռօրյա ժամկետում պետք է ներկայացվի Կենտրոնական բանկ:

50. Վարկային կազմակերպության մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը Կենտրոնական բանկի կողմից գրանցումից հանվում է մեկշաբաթյա ժամկետում:

 

ԳԼՈՒԽ 9. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

51. Գրանցման վկայականը կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորելու դեպքում վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում գրանցման վկայականի կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի կրկնօրինակը ստանալու, ինչպես նաև գրանցման վկայականի կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի կորստի մասին Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակելու համար: Գրանցման վկայականի կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար դիմումին կից ներկայացվում է գրանցման վկայականի կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի բնօրինակը (օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում), գրանցման վկայականի կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, եթե օրենսդրությամբ նախատեսված է պետական տուրքի վճարում:

52. Կենտրոնական բանկը վարկային կազմակերպությանը տրամադրում է կորած, ոչ պիտանի դարձած կամ ոչնչացված գրանցման վկայականի կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի կրկնօրինակը` դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

53. Կորած գրանցման վկայականը կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիան գտնելու դեպքում վարկային կազմակերպությունը գտնված գրանցման վկայականը կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիան վերադարձնում է Կենտրոնական բանկ:

54. Գրանցման վկայականի կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի կրկնօրինակի վերևի աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

55. Գրանցման վկայականի կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի կրկնօրինակի կորստի, ոչնչացման կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում գրանցման վկայականի կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի նոր կրկնօրինակը տրամադրվում է սույն գլխով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 10. ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ԿԱՄ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

56. Վարկային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված տարածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում կից գրությամբ Կենտրոնական բանկ են վերադարձվում համապատասխան գրանցման վկայականները:

57. Օրենքով սահմանված հիմքերով վարկային կազմակերպության գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում վարկային կազմակերպությունը կից գրությամբ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիան վերադարձնում է Կենտրոնական բանկ:

58. Վարկային կազմակերպության լուծարային հաշվեկշիռը Կենտրոնական բանկի կողմից հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում վարկային կազմակերպությունը կից գրությամբ վարկային կազմակերպության, վարկային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր տարածքային ստորաբաժանումների գրանցման, ինչպես նաև վարկային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցման վկայականները վերադարձնում է Կենտրոնական բանկ:

59. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, վարկային կազմակերպության լուծարային հաշվեկշիռը հաստատելու, տարածքային ստորաբաժանման գործունեությունը դադարելու մասին Կենտրոնական բանկի որոշման բողոքարկումը հիմք չէ սահմանված ժամկետում համապատասխան լիցենզիան կամ գրանցման վկայականը չվերադարձնելու համար:

 

ԲԱԺԻՆ III. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 11. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

60. Իրավաբանական անձը նոր ստեղծվող կամ գործող վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան վարկային կազմակերպության միջնորդությամբ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) իր կողմից վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի,

2) իր կանոնադրությունը (ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակցի դեպքում)

3) իր կառավարման իրավասու մարմնի որոշումը տվյալ վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մասին,

4) իր վերջին երեք տարիների (երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում` իր գործունեության ողջ ժամկետի համար) ու վերջին միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները և վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտորական եզրակացությունը,

5) իր հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի, համապատասխանաբար, Հավելված 19-ի և Հավելված 20-ի:

61. Եթե իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա սույն կանոնակարգի 60-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունների փոխարեն Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ հաշվետվությունները (տեղեկությունները) (ընդ որում, տվյալ խմբում (միությունում) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում այլ նշանակալից մասնակցի կամ փոխկապակցված անձի առկայության դեպքում դրանք ներկայացվում են նրանցից որևէ մեկի կողմից)`

ա. խմբի (միության) կառուցվածքը,

բ. խմբի (միության) վերջին երեք ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները և վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտորական եզրակացությունը:

62. Միջազգային կազմակերպությունները, իսկ Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև միջազգային համբավ և (կամ) Միջազգային վարկանշային գործակալությունների կողմից «Ա-» («Ա3») կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունները վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ պետք է ներկայացնեն սույն կանոնակարգի 60-րդ կետով սահմանված փաստաթղթերը, բացառությամբ սույն կանոնակարգի 60-րդ կետի 5-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունների (տեղեկությունների):

63. Կենտրոնական բանկի կողմից «Ա» կամ «Բ» վարկանիշ ստացած կազմակերպության` վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման դեպքում Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն սույն կանոնակարգի 60-րդ կետով սահմանված փաստաթղթերը, բացառությամբ սույն կանոնակարգի 60-րդ կետի 4-րդ ենթակետով պահանջվող հաշվետվությունների, եթե բավարարված են սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված պահանջները:

64. Պետությունը նոր ստեղծվող կամ գործող վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան վարկային կազմակերպության միջնորդությամբ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դիմումը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 21-ի,

2) իր կառավարման իրավասու մարմնի որոշումը` տվյալ վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մասին:

65. Ֆիզիկական անձը նոր ստեղծվող կամ գործող վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան վարկային կազմակերպության միջնորդությամբ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) իր կողմից վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմումը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 22-ի,

2) իր հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին տեղեկանքը` համաձայն սույն կանոնակարգի, համապատասխանաբար, Հավելված 19-ի և Հավելված 20-ի:

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.07.2014
N 193-Ն
Որոշում