ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ
վերաքննիչ դատարանի վճիռ թիվ 03-1452
Քաղաքացիական գործ թիվ 03-1452 2014 թ.
Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Տ. Սահակյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Է. Հայրիյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի
2014 թվականի հուլիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նադյա, Կարապետ, Սամվել, Իրինա Հունանյանների վճռաբեկ բողոքը` ըստ հայցի «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Համալսարան) ընդդեմ Նադյա, Կարապետ, Սամվել և Իրինա Հունանյանների, երրորդ անձ Գյումրու քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.07.2003 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համալսարանը պահանջել է Նադյա, Կարապետ, Սամվել և Իրինա Հունանյաններին վտարել Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 59-րդ շենքի թիվ 3 հասցեում գտնվող տարածքից, պարտավորեցնել Քաղաքապետարանին վերջիններիս` որպես երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընդգրկելու արտահերթ բնակարան ստացողների ցուցակում:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կարապետ Հունանյանը պահանջել է անվավեր ճանաչել հայցվորի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Նադյա, Սամվել Հունանյանները, Գոհար Բաղդասարյանը պահանջել են Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 59-րդ շենքի թիվ 3 հասցեում գտնվող բնակարանը ճանաչել տիրազուրկ և այդ բնակարանի նկատմամբ ճանաչել իրենց սեփականության իրավունքը:
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի (դատավոր` Հ. Մովսեսյան) (այսուհետ` Դատարան) 02.06.2003 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցերը մերժվել են:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.07.2003 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ 28.07.2003 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցերը թողնվել են առանց քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Նադյա, Կարապետ, Սամվել և Իրինա Հունանյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համալսարանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2014 թվականի թիվ ՎԴ5/0546/05/09 որոշմամբ վերացվել է Համալսարանի սեփականության իրավունքի պետական գրանցումը թվով 7 ընտանիքների, այդ թվում` սույն գործով պատասխանողների զբաղեցրած մասի` 350 քմ մակերեսով տարածքի նկատմամբ, մասնակիորեն` նշված 350 քմ մակերեսով բնակելի շենքի մասով անվավեր է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) և Համալսարանի միջև 23.04.2002 թվականին կնքված անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիրը և դրա հիման վրա 02.05.2002 թվականին կատարված Համալսարանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի 28.07.2003 թվականի վճիռը և փոփոխել այն` հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բողոք բերողները վճռաբեկ բողոքի հիմքում դրել են այն հանգամանքը, որ թիվ ՎԴ5/0546/05/09 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2014 թվականի որոշմամբ մասնակիորեն` ՀՀ կառավարության 1998 թվականի թիվ 81 որոշմամբ ՀՀ կապի նախարարությանը թողնված 350 քմ մակերեսով բնակելի շինության մասով անվավեր է ճանաչվել Մարզպետարանի սեփականության իրավունքի պետական գրանցումը. որպես հետևանք` անվավեր է ճանաչվել Մարզպետարանի և Համալսարանի միջև 23.04.2002 թվականին կնքված անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիրը և դրա հիման վրա վիճելի հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Մինչդեռ նշված որոշման հիման վրա վերացված չէ վարչական ակտը` իրավունքի պետական գրանցումը, ուստի այդ որոշումը չի կարող սույն գործով հանդիսանալ նոր երևան եկած հանգամանք:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Վերաքննիչ դատարանի 28.07.2003 թվականի վճռով Համալսարանի հայցը բավարարվել է` հայցվորները վտարվել են Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 59-րդ շենքի թիվ 3 բնակարանից (գ.թ. 228):
2) ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ5/0546/05/09 որոշմամբ բեկանվել է ՀՀ վարչական դատարանի 27.03.2013 թվականի վճիռը և փոփոխվել. մասնակիորեն` ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի թիվ 81 որոշմամբ ՀՀ կապի նախարարությանը թողնված 350 քմ մակերեսով բնակելի շինության մասով անվավեր է ճանաչվել պետական գրանցման միասնական թիվ 1-2 մատյանի 000002 համարի տակ 15.04.2002 թվականին Մարզպետարանի սեփականության իրավունքի գրանցումը: Որպես անվավերության հետևանք` մասնակիորեն` նույն 350 քմ մակերեսով բնակելի շենքի մասով անվավեր է ճանաչվել Մարզպետարանի և Համալսարանի միջև 23.04.2002 թվականին կնքված անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 1 (նախկին Թբիլիսյան խճուղի 59) հասցեի նկատմամբ Համալսարանի 02.05.2002 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է գործի վարույթը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու հիմքի առկայության խնդրին:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե ոչ (տե՛ս, ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԿԴ/2397/02/09 որոշումը):
Սույն գործով բողոք բերած անձինք որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2014 թվականի թիվ ՎԴ5/0546/05/09 որոշմամբ հաստատված հանգամանքները:
Հիշյալ որոշմամբ վերացվել է Համալսարանի սեփականության իրավունքի պետական գրանցումը թվով 7 ընտանիքների, այդ թվում` սույն գործով պատասխանողների զբաղեցրած մասի` 350 քմ մակերեսով տարածքի նկատմամբ, մասնակիորեն` նշված 350 քմ մակերեսով բնակելի շենքի մասով անվավեր է ճանաչվել Մարզպետարանի և Համալսարանի միջև 23.04.2002 թվականին կնքված անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիրը և դրա հիման վրա 02.05.2002 թվականին կատարված Համալսարանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Որոշմամբ հաստատված է համարվել այն հանգամանքը, որ վիճելի տարածքի նկատմամբ Մարզպետարանի սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է օրենքի խախտմամբ` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավահաստատող փաստաթղթերի բացակայությամբ, նշված պատճառաբանությամբ էլ բավարարվել են հայցադիմումով ներկայացված ածանցյալ պահանջները` մասնավորապես անվավեր է ճանաչվել վիճելի տարածքի նկատմամբ Համալսարանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ5/0546/05/09 որոշմամբ հաստատված վերը նշված հանգամանքներն էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար և հիմք են Վերաքննիչ դատարանի 28.07.2003 թվականի վճիռը վերանայելու համար:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 28.07.2003 թվականի վճիռը վերանայելու և բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.07.2003 թվականի վճիռը:
2. Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.07.2003 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Է. Հայրիյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան