Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0379.241014

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        10            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60014467

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2014 թվականի N 379-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 1-ին, 2-րդ և 2.1 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Սույն կանոնները կանոնակարգում են էլեկտրամատակարարող ընկերության և սպառողի, ինչպես նաև էլեկտրական ցանցին միացման դիմում ներկայացրած անձանց հարաբերությունները:»:

2. Էլեկտրամատակարարող ընկերությունը պարտավոր է էլեկտրաէներգիա մատակարարել յուրաքանչյուր սպառողի, որի հետ սույն կանոններով սահմանված կարգով կնքել է էլեկտրամատակարարման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր):

2.1 Էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողի էլեկտրական ցանցին միացման յուրաքանչյուր կետի համար սպառված էլեկտրաէներգիայի հաշվառման նպատակով սույն Կանոններով սահմանված կարգով տեղակայում է առևտրային հաշվառքի սարք (բացառությամբ սպառողի սեփականությունը հանդիսացող 6 կՎ և բարձր լարման հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների) և սպառված էլեկտրաէներգիայի մասին տվյալների պահպանման նպատակով բացում և վարում է առանձին հաշվառման քարտ իր համարանիշով (այսուհետ` հաշվառման քարտ կամ քարտի համար): Հաշվառման քարտում պահպանվում են սպառողի` էլեկտրական ցանցին միացման կետի միացման ժամկետի, հարաչափերի, դրանց հետագա փոփոխությունների, ինչպես նաև սպառված (վերահաշվարկված) էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին ողջ տեղեկատվությունը: Հաշվառման քարտի տեղեկատվությունը էլեկտրամատակարարող ընկերությունը պահպանում է այն էլեկտրական ցանցից անջատելու պահից առնվազն 3 տարի ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:»:

2) Կանոնները լրացնել նոր 2.2 և 2.3 կետերով հետևյալ բովանդակությամբ.

i

«2.2 Էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողի (բացառությամբ` բնակչության) էլեկտրական ցանցին միացման տվյալ կետում սպառված էլեկտրաէներգիան կարող է հաշվառել առանց առևտրային հաշվառքի սարք տեղակայելու այն դեպքում, երբ սպառողի սպառման համակարգի դրվածքային հզորությունը չի գերազանցում 0,5 կՎտ-ն, իսկ անվանական լարումը 0,22 կՎ-ն` սպառված էլեկտրաէներգիայի հաշվառումն իրականացնելով սպառողի սպառման համակարգի դրվածքային հզորությամբ` տեղակայվող սարքավորումների աշխատանքային ժամերին համապատասխան: Նման դեպքում էլեկտրամատակարարող ընկերությունը պետք է ստանա սպառողի գրավոր համաձայնությունը և վերջինիս հետ կնքված Պայմանագրում ներառի նաև սպառողի սպառման համակարգի նկարագիրը, հզորությունը և աշխատանքային ժամերը:

2.3 Չի թույլատրվում սպառողներից կամ էլեկտրական ցանցին միացման դիմում ներկայացրած անձանցից պահանջել կատարել վճարներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն սույն Կանոններով, Պայմանագրով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:»:

i

3) Կանոնների 3-րդ կետում «հաշվառքի սարք» և «հաշվառքի սարքի միտումնավոր խախտում» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հաշվառքի սարք` Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված էլեկտրաէներգիայի հաշվիչ կամ էլեկտրաէներգիայի հաշվիչի, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների միացությունների համախումբ.

առևտրային հաշվառքի սարքի խախտում` Չափագիտական մարմնի կողմից հաստատված` չափագիտական փորձաքննության եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների խափանումները կամ դրանց վնասվածքները, կամ առևտրային հաշվառքի սարքի կնիքների բացակայությունը, կամ դրանց կեղծված կամ վնասված լինելը, այդ թվում` հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների հարաչափերի կամ միացման սխեմաների փոփոխությունը կամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործությունները:»:

4) Կանոնների 3-րդ կետում ուժը կորցրած ճանաչել «սպառողի (բաժանորդի) սպասարկման օրեր (սպասարկման օրեր)` տարվա բոլոր օրերը, բացառությամբ կիրակի օրերի, ժամը 09:00-ից մինչև 17:00-ն.» պարբերությունը:

5) Կանոնների 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Չափագիտական մարմին` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն:»:

6) Կանոնների 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Պայմանագրում նշվում կամ դրան կցվում են.

1) առևտրային (վերստուգիչ) հաշվիչի, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը,

2) սպառողի էլեկտրամատակարարման միագիծ սխեման,

3) սպառողի էլեկտրական թույլատրելի առավելագույն հզորությունը,

4) սպառողի էլեկտրատեղակայանքներին միացված ենթասպառողի տվյալները (անվանումը, անունը, գտնվելու (բնակության) վայրը, առևտրային և վերստուգիչ հաշվիչների, դրանց հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը, ենթասպառողի էլեկտրական թույլատրելի առավելագույն հզորությունը),

5) էլեկտրական ցանցի և սպառման համակարգի սահմանազատման կետի և էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից սահմանված ակտը,

6) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում մատակարարի և սպառողի միջև` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ին N 9-Ն որոշմամբ հաստատված` էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգի պահանջների համաձայն կազմված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման վերաբերյալ ակտը:

Սույն կետով սահմանված պահանջները բնակչության համար կիրառելի են սույն կանոններով և Պայմանագրով սահմանված դեպքերում:»:

i

7) Կանոնների 8-րդ կետում «կետի «ա» ենթակետով և 33-րդ կետով» բառերը փոխարինել «և 33-րդ կետերով» բառերով:

i

8) Կանոնների 9-րդ կետում «7 օրվա ընթացքում, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ» բառերը փոխարինել «7 աշխատանքային օրվա ընթացքում:» բառերով:

i

9) Կանոնների 13.1 կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Մատակարարը և էլեկտրական ցանցին միացված սպառողը, մինչև նոր սպառողին էլեկտրական ցանցին միացնելը, փոփոխություն են կատարում Պայմանագրում` համամասնորեն նվազեցնելով էլեկտրական ցանցին միացված սպառողի սպառման համակարգի պայմանագրային հզորությունը:»:

10) Հանել Կանոնների 13.1 և 13.2 կետերի վերջին նախադասությունները:

i

11) Կանոնների 13.3 կետի 4-րդ ենթակետից հանել «, որով սահմանվում են միացման աշխատանքների ավարտի ժամկետը, միացման վճարի չափը և վճարման կարգը,» բառերը:

12) Կանոնների 14.3 կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3) էլեկտրական ցանցին է միացվում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումն ապահովող նոր կամ վերակառուցվող սպառման համակարգը:»:

i

13) Կանոնների 14.4 կետում «պահանջվող փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, իսկ շինարարության իրականացման նպատակով ժամանակավոր միացման համար տեխնիկական պայմաններ ստանալու դեպքում նաև շինարարության թույլտվությունը, եթե այն ստանալը պարտադիր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ`» բառերը:

i

14) Կանոնների 19-րդ կետում «և 64-րդ» բառերը փոխարինել «, 65.2 և 65.3» բառերով, իսկ «սպասարկման» բառից հետո լրացնել «աշխատանքի ճշտության ստուգման» բառերը:

15) ՈՒժը կորցրած ճանաչել Կանոնների 23-րդ կետը:

i

16) Կանոնների 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«24. Մատակարարը պարտավոր է սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ, իր վեբ-կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն, իսկ մինչև ընդհատմանը նախորդող օրը` նաև դրանում կատարված փոփոխությունները: Մատակարարը պարտավոր է նաև հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ. առաջինը` 18:00-ից 20:00-ն, իսկ երկրորդը` 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում, սպառողներին տեղեկացնել հաջորդ օրվա էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման վերջնական ժամկետների մասին:»:

i

17) Կանոնների 28.1 կետում «եթե սպառողի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ բնակչության)» բառերը:

18) Կանոնների 29-րդ կետի`

i

ա. «ա» և «բ» ենթակետերում «սպասարկման օրվա ընթացքում» բառերը փոխարինել «աշխատանքային օրերին» բառերով,

բ. «գ» ենթակետում «16» թիվը փոխարինել «10» թվով, իսկ «սպասարկման օրերից դուրս» բառերը` «ոչ աշխատանքային օրերին» բառերով,

գ. վերջին երկու պարբերությունները ճանաչել ուժը կորցրած:

19) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1 կետով.

i

«29.1 Մատակարարը պարտավոր է գործադրել բոլոր հնարավոր միջոցները սույն գլխում նկարագրված դեպքերում սպառողի էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար:»:

i

20) Կանոնների 33-րդ կետի բ) ենթակետում «պայմանագրով» բառը փոխարինել «Պայմանագրով» բառով:

21) Կանոնների 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր դ) ենթակետով.

«դ) սույն կանոնների 14.4 կետի համաձայն էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման տեխնիկական պայմաններ ստացած նոր սպառողի էլեկտրամատակարարման տեխնիկական պայմաններում էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման համար սահմանված ժամկետի ավարտի դեպքում:»:

22) ՈՒժը կորցրած ճանաչել Կանոնների 33-րդ կետի վերջին երկու պարբերությունները:

23) Կանոնների 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«35. Առևտրային է համարվում Պայմանագրում նշված հաշվառքի սարքը: Սպառողը (բացառությամբ բնակչության) առևտրային հաշվառքի սարքով հաշվառվող էլեկտրաէներգիայի քանակի հսկողության նպատակով իրավունք ունի տեղակայել առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխան վերստուգիչ հաշվառքի սարք, որի տվյալները ևս նշվում են Պայմանագրում:»:

24) Կանոնների 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«37. Առևտրային հաշվառքի սարքերը, այդ թվում առևտրային հաշվիչների սեղմակաշարերը պետք է կնքվեն մատակարարի կողմից: Սպառողն իրավունք ունի լրացուցիչ կնքել առևտրային, իսկ մատակարարը վերստուգիչ հաշվառքի սարքերը, այդ թվում` հաշվիչների սեղմակաշարերը:»:

25) ՈՒժը կորցրած ճանաչել Կանոնների 38-րդ կետը:

i

26) Կանոնների 39-րդ կետի առաջին պարբերությունում «առևտրային» բառից հետո լրացնել «(վերստուգիչ)» բառը:

i

27) Կանոնների 40-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Առևտրային հաշվառքի սարքերի համար նախատեսված արկղերը ենթակա են կողպման մատակարարի կողմից: Եթե սպառողի առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքը տեղակայված է անհատական արկղում, ապա սպառողն իրավունք ունի կնքել արկղը:»:

i

28) Կանոնների 42-րդ կետում «և ավելացվում առևտրային» բառերը փոխարինել «և ավելացվում առևտրային (վերստուգիչ)» բառերով:

29) Կանոնների 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Առևտրային (վերստուգիչ) հաշվիչի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին երեք օրերի ընթացքում: Սպառված էլեկտրաէներգիան բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչով (այսուհետ` էլեկտրոնային հաշվիչ) հաշվառելու դեպքում մատակարարը առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքի փոխարեն գրանցում է ավտոմատացված ռեժիմում առևտրային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող` սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսը (ըստ սակագների): Մատակարարը պարտավոր է տարին առնվազն մեկ անգամ ստուգել և ճշգրտել էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամերը, այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն Հանձնաժողովի կողմից սահմանված` գիշերային և ցերեկային ժամերին սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները:»:

30) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.1 և 43.2 կետերով.

i

«43.1 Սպառված էլեկտրաէներգիան էլեկտրոնային առևտրային հաշվիչով հաշվառելու դեպքում, երբ այն ավտոմատացված ռեժիմում իր լուսատախտակի վրա հաշվարկային ամսվան հաջորդող ողջ ամսվա ընթացքում չի արտածում սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսը (ըստ սակագների) կամ ճշգրիտ չի արտացոլում ցերեկային և գիշերային սպառման ժամանակահատվածը, ապա սպառողը գրավոր դիմում է մատակարարին` թերությունը շտկելու պահանջով: Սպառողի դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը պարտավոր է անվճար շտկել թերությունը կամ անվճար փոխարինել էլեկտրոնային առևտրային հաշվիչը` տեղակայելով այլ, առնվազն համարժեք, էլեկտրոնային հաշվիչ և դրա տվյալներն ամրագրել Պայմանագրում:

43.2 Մատակարարը պարտավոր է սպառողի (բացառությամբ բնակչության) առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցել նրա ներկայացուցչի մասնակցությամբ, եթե վերջինս ներկայացրել է նման պահանջ: Այդ դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցել սպառողի հետ համատեղ` սույն կանոնների 43-րդ կետով սահմանված և սպառողի հետ փոխհամաձայնեցված ժամկետում: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվիչի սարքի ցուցմունքը գրանցել առանց սպառողի ներկայացուցչի, եթե վերջինս փոխհամաձայնեցված ժամկետում չի ներկայացել ցուցմունքների գրանցմանը:»:

i

31) Կանոնների 46-րդ կետի «բ» ենթակետում և 48-րդ կետում «հանրապետական սփռման 2 հեռուստաընկերությունների միջոցով» բառերը փոխարինել «հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով» բառերով:

32) Կանոնների 46-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում ապահովել հետևյալ տեղեկատվության առկայությունը. սպառողի անունը, անվանումը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը, քարտի համարը, հաշվարկային ամիսը, առևտրային հաշվիչի նախորդ և վերջին ցուցմունքները (իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով էլեկտրաէներգիայի սպառման ցուցմունքը), առևտրային հաշվիչի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, հաշվարկային ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով սպառված էլեկտրաէներգիայի քանակը) և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), պարտքի մնացորդը հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը.»:

33) Կանոնների 46-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» ենթակետերով.

«ե) սպառողի գրավոր դիմումի դեպքում, դիմումը ստանալուն հաջորդող հաշվարկային ամսվանից սկսած` յուրաքանչյուր ամիս, սույն կետի «ա» ենթակետում սահմանված ժամկետում, վերջինիս նախընտրած եղանակով (փոստով` գրավոր կամ էլեկտրոնային փոստով) ծանուցել նախորդ հաշվարկային ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է սպառողը, իսկ էլեկտրոնային փոստով` իրականացվում է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է վճարման փաստաթղթում առանձին տողով և ենթակա է վճարման մատակարարված էլեկտրաէներգիայի արժեքի հետ միասին, ընդ որում, մատակարարը սպառողի կատարած վճարումներից առաջնահերթ մարում է փոստային առաքման արժեքը, հետո միայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքը.

զ) իր վեբ-կայքի միջոցով հնարավորություն ընձեռել սպառողին` անվճար, էլեկտրոնային եղանակով ծանոթանալ սույն կետի «դ» ենթակետում նշված` առնվազն վերջին մեկ տարվա տեղեկատվությանը:»:

i

34) Կանոնների 49-րդ կետի «ա», «բ» ենթակետերում, 50-րդ կետի վերջին պարբերության մեջ, 70-րդ կետում, ինչպես նաև N 1 հավելվածի` մատակարարի և սպառողի (բացառությամբ բնակչության) օպերատիվ փոխհարաբերությունների կարգի 6.3 և 6.7 կետերում «սպասարկման» բառը փոխարինել «աշխատանքային» բառով:

35) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 50.1 կետով.

i

«50.1 Սույն Կանոնների 50-րդ կետի «ա» ենթակետի և 59.2 կետի համաձայն տույժ հաշվարկելու դեպքում մատակարարը սպառողի կատարած վճարումներից առաջնահերթ մարում է սպառված էլեկտրաէներգիայի արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժի գծով պարտավորությունները: Չի թույլատրվում հաշվարկված տույժի գումարի նկատմամբ կրկին տույժ հաշվարկել:»:

i

36) Կանոնների 51-րդ կետում «կարող է չդադարեցնել» բառերը փոխարինել «չպետք է դադարեցնի» բառերով:

i

37) Կանոնների 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 10 ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

52. Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում, երբ մատակարարը դադարեցրել է սպառողի էլեկտրամատակարարումը, այն պարտավոր է վերականգնել ոչ ուշ, քան.

1) նույն օրը` մինչև ժամը 18:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին մինչև ժամը 14:00-ն, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը,

2) հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին` ժամը 14:00-ից հետո, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը,

3) պարտքի մարման մասին տեղեկանալու պահից 24 ժամվա ընթացքում, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել ոչ աշխատանքային օրերին կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը:

 

ԳԼՈՒԽ 11
ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՍԽԱԼԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ

 

53. Վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում, սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին գրավոր ծանուցում է մյուս կողմին: Ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կողմն անհամաձայնության դեպքում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները համապատասխան հիմնավորումներով:

54. Վճարման փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում մատակարարը սխալ հաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) հաջորդ հաշվարկային ամսում սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում:

55. Վճարման փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված էլեկտրաէներգիայի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Սպառողը պետք է ողջամտորեն հիմնավորի իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի վիճարկվող մասի արժեքը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին:

 

ԳԼՈՒԽ 12
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

56. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարը կատարում է սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկ:

57. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում առևտրային հաշվառքի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերն իրականացնում է մատակարարը` անկախ առևտրային հաշվառքի սարքի պատկանելությունից, բացառությամբ սույն Կանոնների 19-րդ կետով սահմանված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստվել է, որ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է սպառողի գործողություններով: Նման դեպքերում սպառողը պարտավոր է հատուցել մատակարարի կողմից առևտրային հաշվառքի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը:

58. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված չէ լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ և`

1) սույն Կանոնների 38-րդ կետի համաձայն առկա է վերստուգիչ հաշվառքի սարք, ապա սպառված էլեկտրաէներգիայի քանակի վերահաշվարկը կատարվում է համաձայն վերստուգիչ հաշվառքի սարքի ցուցմունքի` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրն ընկած ժամանակահատվածի համար: Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Վէք = ՀՎէք + ՏԿ - ՀԱէք,

 

որտեղ`

Վէք -ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ),

ՀՎէք -ն վերստուգիչ հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը վերստուգիչ հաշվառքի սարքով հաշվառված էլէկտրաէներգիայի քանակն է (կՎտժ),

ՏԿ - վերստուգիչ հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում վերստուգիչ և առևտրային հաշվառքի սարքերի միջև եղած էլեկտրատեղակայանքներում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունն է (կՎտժ),

ՀԱէք -ն առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ), իսկ ենթասպառողների առկայության դեպքում` հաշվառված էլէկտրաէներգիայի քանակի` սպառողին վերագրված մասն է (կՎտժ):

Սույն կետում սահմանված ՀՎէք, ՏԿ և ՀԱէք մեծությունները հաշվարկվում են սույն Կանոնների 41-րդ կետի համաձայն.

2) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, սակայն սպառված էլեկտրաէներգիայի քանակը հաշվառվում է էլեկտրոնային հաշվիչի միջոցով, ապա վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է` օգտագործելով էլեկտրոնային հաշվիչի հիշողությունից արտածված տվյալները: Վերահաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով`

 

Վէք = (ՑԱ - ՑՆ) Գհլ - ՀԱէք,

 

որտեղ`

ՑԱ -ն - էլեկտրոնային հաշվիչի հիշողությունից արտածված` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվա ցուցմունքն է, որն ամրագրվում է առևտրային հաշվառքի սարքի Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ,

ՑՆ -ն - առևտրային հաշվառքի սարքի գրանցված նախավերջին ցուցմունքն է, որը որոշվում է սույն Կանոնների 43-րդ կետի համաձայն,

Գհլ - հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների առկայության դեպքում` դրանց տրանսֆորմացիայի գործակիցների արտադրյալն է, որը, դրանց բացակայության դեպքում, ընդունվում է հավասար 1-ի.

3) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, սպառված էլեկտրաէներգիայի քանակը չի հաշվառվում էլեկտրոնային հաշվիչի միջոցով կամ առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հնարավոր է եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

 

Վէք = ԱՏօր x Մօծ Ս%Հ / 100 +- Ս%Հ

 

որտեղ`

ԱՏօր -ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 40 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 40-ի` եթե խախտումը հայտնաբերվել է մատակարարի կողմից, և 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի` եթե խախտումը հայտնաբերվել է սպառողի կողմից,

Ս%Հ -ը Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվառքի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային այն մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է վերահաշվարկի կատարմանը նախորդող ամսում սպառողի սպառման համակարգի հզորության գործակցի (cօs փ) և հոսանքային բեռի մեծությունը: Ս%Հ մեծությունը բանաձևի հայտարարում հաշվի է առնվում բացասական (-) նշանով, երբ առևտրային հաշվառքի սարքն արագ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է, և` դրական (+) նշանով, երբ այն դանդաղ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է,

Մօծ -ն սպառողի` տվյալ առևտրային հաշվառքի սարքով հաշվառված միջին օրական ծախսն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Մօծ = ՀԱէք / Տօր

 

որտեղ`

Տօր -ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով.

4) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, սպառված էլեկտրաէներգիայի քանակը չի հաշվառվում էլեկտրոնային հաշվիչի միջոցով կամ առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վէք = ԱՏօր ՆՄօծ - ՀԱէք,

 

որտեղ`

ՆՄօծ -ը առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող տարվա նույն ամսվա` տվյալ առևտրային հաշվառքի սարքով հաշվառված` սպառողի միջին օրական ծախսն է: Եթե այդ ժամանակահատվածում սպառողը ծախս չի ունեցել, ապա միջին օրական ծախսն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա` տվյալ առևտրային հաշվառքի սարքով հաշվառված` սպառողի միջին օրական ծախսին:

59. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ և առկա է վերստուգիչ հաշվառքի սարք, ապա վերահաշվարկն իրականացվում է սույն Կանոնների 58-րդ կետի 1)-ին ենթակետի համաձայն: Վերստուգիչ հաշվառքի սարքի բացակայության դեպքում, երբ առևտրային հաշվառքի սարքը`

1) լարման տրանսֆորմատորի խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրաէներգիայի քանակը, ապա վերահաշվարկն իրականացվում է սույն Կանոնների 58-րդ կետի 4)-րդ ենթակետի համաձայն.

2) հոսանքի տրանսֆորմատորների խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրաէներգիայի քանակը, ապա յուրաքանչյուր հոսանքի տրանսֆորմատորի համար կատարվում է վերահաշվարկ հետևյալ բանաձևով`

 

Վէք = ԱՏօր x Մօծ Ս%Հ Տ / ո(100 +- Ս%ՀՏ)

 

որտեղ`

Ս%ՀՏ -ը Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվառքի սարքի հոսանքի տրանսֆորմատորի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային մեծությունն է: Ս%ՀՏ մեծությունը բանաձևի հայտարարում հաշվի է առնվում բացասական (-) նշանով` հոսանքի տրանսֆորմատորի սխալանքի թույլատրելի տիրույթից դուրս դրական շեղման դեպքում, և` դրական (+) նշանով` հոսանքի տրանսֆորմատորի սխալանքի թույլատրելի տիրույթից դուրս բացասական շեղման դեպքում:

ո-ը հաշվառման մեջ ներառված հոսանքի տրանսֆորմատորների քանակն է:

Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի գումարային քանակությունն ընդունվում է հավասար բոլոր հոսանքի տրանսֆորմատորների համար կատարված վերահաշվարկների գումարին:

59.1 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակի և առևտրային հաշվառքի սարքի սխալի հայտնաբերմանը նախորդող ամսվա սպառողի` տվյալ առևտրային հաշվարկի սարքով սպառված էլեկտրաէներգիայի համար ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով: Եթե այդ ժամանակահատվածում սպառողը ծախս չի ունեցել, ապա մատակարարը վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը որոշում է վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակի և առևտրային հաշվառքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա` տվյալ սպառողի համար ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով:

59.2 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ մատակարարը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է սպառողի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), մատակարարն իրավունք ունի սպառողից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Սպառողի կողմից մատակարարի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում: Սպառողի կողմից մատակարարի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում մատակարարը վեճը լուծում է դատական կարգով: Մատակարարն իրավունք չունի տույժի չվճարման համար դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը մինչև վեճի վերջնական լուծումը:

59.3 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ սպառողը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է մատակարարի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), սպառողն իրավունք ունի մատակարարից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Մատակարարի կողմից սպառողի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում: Մատակարարի կողմից սպառողի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում սպառողը վեճը լուծում է դատական կարգով:

59.4 Մատակարարը պարտավոր է վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել սպառողին` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 35 աշխատանքային օրվա ընթացքում: Սպառողն իրավունք ունի չհամաձայնել վերահաշվարկի արդյունքին: Եթե սպառողը չի համաձայնում վերահաշվարկի արդյունքին, ապա մատակարարի կողմից էլեկտրաէներգիայի արժեքի վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունն ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է ներկայացնում վերջինիս կատարած վերահաշվարկի հետ կապված իր գրավոր առարկությունները` համապատասխան հիմնավորումներով: Եթե սպառողը 7 աշխատանքային օրվա ընթացքում վերահաշվարկի արդյունքի մասին մատակարարին գրավոր առարկություններ չի ներկայացնում, ապա մատակարարը վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում է) վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում:

59.5 Սպառողից վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ առարկություններ ստանալու դեպքում մատակարարը պարտավոր է դրանք ստանալուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում քննարկել և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել սպառողին` պարզաբանելով վերահաշվարկի արդյունքների հետ կապված վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարն իր կատարած վերահաշվարկում անճշտություններ հայտնաբերելու դեպքում պարտավոր է ճշգրտել վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը: Մատակարարի և սպառողի միջև վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ տարաձայնությունների դեպքում սպառողը վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում վճարման ենթակա էլեկտրաէներգիայի արժեքի հետ վճարում է վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Այդ դեպքում մատակարարն իրավունք չունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` մինչև վեճի վերջնական լուծումը:

59.6 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սույն գլխում ներկայացված ընթացակարգը չի սահմանափակում կողմերի իրավունքը` վեճը դատական կարգով լուծելու կամ պահանջելու վնասի փոխհատուցում:

 

ԳԼՈՒԽ 13
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

60. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգումը կարող է իրականացվել ինչպես սպառողի գրավոր դիմումի հիման վրա, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությունը որոշվում է Չափագիտական մարմնի կողմից հաստատված չափագիտական փորձաքննության եզրակացության հիման վրա` առևտրային հաշվառքի սարքի հերթական կամ արտահերթ ստուգաչափման ընթացքում:

61. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման և ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը` անկախ դրանց պատկանելությունից, կատարվում են մատակարարի կողմից, բացառությամբ սույն Կանոնների 19-րդ, 65.2 և 65.3 կետերով նախատեսված դեպքերի:

62. Մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, աշխատանքի ճշտության ստուգման և ստուգաչափման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցել սպառողին: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքը ապահավաքակցել առանց սպառողին նախապես ծանուցելու, եթե հայտնաբերել է, որ սպառողն էլեկտրաէներգիան սպառում է առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտմամբ կամ առևտրային հաշվառքի սարքի հետագա շահագործումը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին: Նման դեպքում մատակարարը առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման մասին սպառողին պարտավոր է սույն կետում նշված եղանակներով ծանուցել անմիջապես` առաջին իսկ հնարավորության դեպքում, և ներկայացնել առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտման իր հիմնավորումները: Մատակարարը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգն անհապաղ վերացնելու նպատակով:

63. Սպառողն իրավունք ունի պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ` դրա ապահավաքակցումը, աշխատանքի ճշտության ստուգումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ` նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մատակարարի կողմից այդ մասին գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետում առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը, աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը սպառողի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են նրա բացակայությամբ:

64. Մատակարարի կամ սպառողի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի փոխարինման, աշխատանքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման նպատակով դրա ապահավաքակցման դեպքում մատակարարը`

1) սույն Կանոնների 62-րդ կետով սահմանված կարգով տեղեկացնում է սպառողին.

2) կազմում է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, դրա ամբողջականության կամ վնասված լինելու մասին արձանագրություն (ակտ), որը ստորագրում են մատակարարը և սպառողը: Արձանագրության (ակտի) որևէ դրույթին սպառողի անհամաձայնության դեպքում այդ մասին արձանագրությունում (ակտում) կատարվում է համապատասխան նշում` նկարագրելով անհամաձայնության պատճառները: Արձանագրությունը (ակտը) կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար: Սպառողի չներկայանալու դեպքում մատակարարը արձանագրությանը (ակտին) կցում է սպառողին ծանուցելու մասին գրությունը և արձանագրության (ակտի) մեջ կատարում համապատասխան նշում` սպառողի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը չներկայանալու մասին.

3) տեղակայում է իր սեփականությունը հանդիսացող այլ առնվազն համարժեք առևտրային հաշվառքի սարք (բացառությամբ սպառողի սեփականությունը հանդիսացող 6 կՎ և բարձր լարման հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների), որի տվյալներն ամրագրվում են Պայմանագրում.

4) մինչև առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափումը Չափագիտական մարմնի հետ համատեղ կազմում է դրա ամբողջականության կամ վնասված լինելու, առևտրային հաշվառքի սարքի փաստացի ցուցմունքների, ինչպես նաև աշխատանքի ճշտության ստուգման արդյունքների մասին չափագիտական փորձաքննության եզրակացությունը և, առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սույն Կանոնների 59.4 կետով սահմանված ժամկետում, վերահաշվարկին առնչվող տեղեկատվության հետ միասին գրավոր ներկայացնում սպառողին:

65. Սույն Կանոնների 64-րդ կետի համաձայն` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը ոչ ավելի, քան 1 ժամ տևողությամբ` առևտրային հաշվիչի փոխարինման, և ոչ ավելի, քան 3 ժամ` հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների փոխարինման անհրաժեշտության դեպքում: Եթե սպառողն ունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն, ապա մատակարարն առևտրային հաշվառքի սարքը վերականգնելու նպատակով պարտավոր է սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման և վերականգնման ժամկետները համաձայնեցնել վերջինիս հետ: Այս դեպքում սպառողը պարտավոր է մատակարարի գրավոր դիմումի հիման վրա, այն ստանալու պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս հնարավորություն ընձեռել փոխարինել առևտրային հաշվառքի սարքը:

65.1 Մատակարարը պարտավոր է սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահավաքակցել առևտրային հաշվառքի սարքը:

65.2 Սպառողը երկու տարի անընդմեջ մատակարարին մեկից ավելի անգամ առևտրային հաշվառքի սարքերի, այդ թվում միաֆազ և եռաֆազ հաշվիչների (էլեկտրոնային կամ ինդուկցիոն), հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում պարտավոր է մատակարարին վճարել 1200 դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) կանխավճար: Եթե Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատվում է առևտրային հաշվառքի սարքի խախտման փաստը, ապա մատակարարը կանխավճարը հաշվի է առնում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում: Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը չհաստատվելու դեպքում կանխավճարը դիտարկվում է որպես առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման համար մատակարարին վճարված ծառայության վճար և սպառողին չի վերադարձվում:

65.3 Սույն գլխում ամրագրված դրույթները չեն սահմանափակում սպառողի իրավունքը` իր առևտրային հաշվառքի սարքերի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրելու հաշվառքի սարքի ճշտության ստուգման իրավունք ունեցող այլ կազմակերպություններին: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն կետով սահմանված սպառողի իրավունքը, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

1) մատակարարը սպառողի գրավոր դիմումն ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում սպառողի հետ համատեղ ապահավաքակցում, փաթեթավորում և կնքված տեսքով սպառողին է հանձնում առևտրային հաշվառքի սարքը` այն ժամանակավորապես փոխարինելով այլ, առնվազն համարժեք, առևտրային հաշվառքի սարքով,

2) սպառողը ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է վերադարձնում ստուգաչափված առևտրային հաշվառքի սարքը և դրա փորձաքննության արդյունքների մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացությունը, որը պետք է հաստատված լինի Չափագիտական մարմնի կողմից: Այն դեպքում, երբ ներկայացված փորձաքննական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի խախտում, մատակարարը պարտավոր է առաջնորդվել սույն Կանոնների 12-րդ գլխով սահմանված կարգով:

Սույն կետով նախատեսված դեպքում մատակարարն իրավունք ունի ներկա գտնվել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման և ստուգաչափման աշխատանքներին:

65.4 Սույն Կանոնների 65.3 կետում սահմանված դեպքում, երբ մատակարարը ցանկություն է հայտնել մասնակցել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը, սպառողը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ մատակարարին գրավոր, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը մատակարարի չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ:»:

i

38) Կանոնների 67-րդ կետի վերջին նախադասությունում «կանոնների 57-րդ կետով» բառերը փոխարինել «Կանոնների 12-րդ գլխով» բառերով:

i

39) Կանոնների 69-րդ կետի «ա» և «բ» ենթակետերից հանել «բազմասակագնային» բառը:

40) Կանոնների 15-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ԳԼՈՒԽ 15 ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ) ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

72. Սպառողը կամ Դիմող անձը` մատակարարին կարող է դիմում (բողոք, հարցադրում) ներկայացնել գրավոր, բանավոր (այդ թվում` հեռախոսազանգի միջոցով) և էլեկտրոնային փոստի միջոցով, եթե սույն Կանոններով առանձին դեպքերի համար այլ բան սահմանված չէ:

73. Սպառողի կամ Դիմող անձի գրավոր դիմումին տրվում է գրավոր պատասխան, բանավոր դիմումին` բանավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին պատասխանը տրվում է էլեկտրոնային փոստի միջոցով:

74. Մատակարարը պարտավոր է ապահովել շուրջօրյա հեռախոսակապ, որպեսզի սպառողները կարողանան հաղորդել տեղեկատվություն կամ ստանալ պարզաբանումներ իրենց դիմումների` ներառյալ էլեկտրամատակարարման դադարեցումների, դրանց պատճառների և վերականգնման ժամկետների, սպառված էլեկտրաէներգիայի արժեքի և քանակության, վճարման ժամկետների, մատակարարի և սպառողի իրավունքների ու պարտականությունների և այլնի վերաբերյալ:

75. Մատակարարը սպառողի կամ Դիմող անձի դիմումին պարտավոր է պատասխանել այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առանձին դեպքերի համար սույն Կանոններով այլ ժամկետ սահմանված չէ:

76. Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխան տալ դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դրա առնչությամբ գործող օրենսդրական դաշտը, սպառողի կամ Դիմող անձի իրավունքներն ու պարտականությունները և այն բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ կլինեն վերջինիս` ամբողջական պատկերացում կազմելու ներկայացված դիմումի վերաբերյալ:»:

i

41) Կանոնների 77-րդ, 78-րդ և 79-րդ կետերում «ծախսված» բառը փոխարինել «սպառված» բառով:

42) Կանոնների 77-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«զ) վճարման փաստաթղթում սխալի ուղղման սույն Կանոնների 11-րդ գլխում սահմանված կարգը»:

43) Կանոնների 77-րդ կետի «ը» ենթակետից հանել «սպառողի պահանջով» բառերը:

44) Կանոնների 77-րդ կետի «թ» ենթակետում «14-րդ գլխում» բառերից առաջ լրացնել «43.1 կետում և» բառերը:

45) Կանոնների 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«80. Մատակարարը սույն Կանոնների 77-րդ կետում նշված խախտումների համար տույժ չի վճարում, եթե դրանք հետևանք են ֆորս-մաժորի: Սույն Կանոնների իմաստով ֆորս-մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են մատակարարի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջինիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված նրա գործողություններին: Սույն Կանոնների իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները և ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս-մաժոր ճանաչելու համար:»:

46) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 85-րդ և 86-րդ կետերով.

i

«85. Սույն Կանոնների 43-րդ կետով սահմանված` սպառված էլեկտրաէներգիան էլեկտրոնային հաշվիչով հաշվառելու դեպքում առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքի փոխարեն ավտոմատացված ռեժիմում առևտրային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող` սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսը (ըստ սակագների) գրանցելու պահանջը գործում է 2015 թվականի մարտի 1-ից: Մինչև 2015 թվականի մարտի 1-ը մատակարարը գրանցում է էլեկտրոնային առևտրային (վերստուգիչ) հաշվիչի ցուցմունքը:

86. Սույն Կանոնների 64-րդ կետի 4)-րդ ենթակետով սահմանված պահանջը գործում է 2015 թվականի մարտի 1-ից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ 1-ին կետի 44)-րդ ենթակետը` 2015 թվականի մարտի 1-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
08.10.2014
N 379-Ն
Որոշում