Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 91-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 91-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԱՐԴ1/0019/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0019/02/13            2014 թ.

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Ն. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի  

                                              Վ. Աբելյանի   

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հուսիկ Թադևոսյանի ներկայացուցիչ Քրիստինա Գևորկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2014 թվականի որոշման դեմ ըստ հայցի Հուսիկ Թադևոսյանի ընդդեմ Արմեն Արիստակեսյանի, ՀՀ Արմավիրի նոտարական տարածքի նոտար Անժելա Ցականյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Հուսիկ Թադևոսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արմավիրի նոտարական տարածքի նոտար Անժելա Ցականյանի կողմից 07.10.2008 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված սեղանամատյանում 5241 համարով):

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Մելքոնյան) (այսուհետ Դատարան) 14.02.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2014 թվականի որոշմամբ Հուսիկ Թադևոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 14.02.2014 թվականի վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հուսիկ Թադևոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ 220-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ 23-րդ 52-րդ, 53-րդ և 123-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 22.04.2014 թվականին Հուսիկ Թադևոսյանի կողմից Վերաքննիչ դատարան է ներկայացվել դատավորի ինքնաբացարկի միջնորդություն, որը դատարանի կողմից չի քննարկվել: Ինքնաբացարկի միջնորդության հիմքում դրվել է նախկինում` 28.03.2013 թվականին, Վերաքննիչ դատարանի նույն կազմի կողմից նույն անձանց միջև նույն գույքի վերաբերյալ քաղաքացիական գործ քննելու հանգամանքը: Ավելին, ինքնաբացարկի միջնորդության ներկայացման մասին Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման մեջ չկա նույնիսկ որևէ նշում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Արմեն Արիստակեսյանը տիրապետել է վիճելի գույքի միայն մի մասը, ընդ որում` Արմեն Արիստակեսյանի ներկայացրած ապացույցներն առ այն, որ ինքը կատարել է գույքահարկի և այլ վճարումներ, նույնպես վերաբերում են վիճելի գույքի միայն մի մասին: Ավելին, գործում առկա` Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի գրառումների համաձայն` 149 համարի տակ որպես տնտեսության գլխավոր նշված է Ռուբիկ Հուսիկի Թադևոսյանը, իսկ 148 համարի տակ` Կոլյա Հայկի Արիստակեսյանը, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ տնտեսությունները վարվել են առանձին-առանձին` 148 և 149 համարների տակ, սակայն գրանցված են մեկ հասցեում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը հաշվի չի առել Հուսիկ Թադևոսյանի ներկայացրած և գործում առկա` 15.11.2010 թվականին Այգեշատի գյուղապետի կողմից տրված տեղեկանքն առ այն, որ Հուսիկ Թադևոսյանի հայրը տիրապետել է վիճելի գույքը` մինչև մահը, այսինքն` եղել է մոր` Միլյա Թադևոսյանի գույքը փաստացի տիրապետող ժառանգ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ սույն գործով հիմնական պահանջն Արմեն Արիստակեսյանի գործողությունների վիճարկումն է, քանի որ վերջինս նոտարին է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տվյալներ, ինչի արդյունքում տրամադրվել է ժառանգության իրավունքի վկայագիր, իսկ նոտարի կողմից ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը վիճարկելն ածանցյալ պահանջ է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Հուսիկ Թադևոսյանի կողմից 22.04.2014 թվականին Վերաքննիչ դատարան է ներկայացվել «Դատավորի ինքնաբացարկի մասին» միջնորդություն (հատոր 3-րդ, գ.թ. 34):

2. Գործում առկա չէ Հուսիկ Թադևոսյանի կողմից 22.04.2014 թվականին ներկայացված «Դատավորի ինքնաբացարկի մասին» միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից քննարկելու և դրա վերաբերյալ եզրահանգման գալու ապացույց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու անհրաժեշտության հարցին:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, իսկ նույն հոդվածի նույն մասի 2-րդ կետի համաձայն` դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է յուրաքանչյուրի` անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքի բովանդակության բացահայտմանը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը, ամրագրելով յուրաքանչյուրի` անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքի լիարժեք իրականացումը, սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:

Այդ հիմքերն են`

1) երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, կամ

2) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուրի` անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքն արդար դատաքննության բաղկացուցիչ տարրն է:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ, և երկրորդը` օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյոք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար (տե՛ս, ըստ դիմումի Կարինե Հարությունյանի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/1137/02/08 որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու դեպքում գործի քննությունը ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը: Նիստը կարող է ընդհատվել ոչ ավելի, քան երեք օրով:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հայտնված ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքներով դատավորը կամ ինքնաբացարկ է հայտնում, կամ կայացնում է որոշում միջնորդությունը մերժելու մասին:

Վերը նշված վերլուծության լույսի ներքո անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի իրավակարգավորումներին Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ինքնաբացարկի ինստիտուտն արդար դատաքննության իրավունքի իրացման երաշխիքներից է, որն արտահայտվում է դատավորի անաչառության վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում վերջինիս ինքնաբացարկ հայտնելու իրավական հնարավորությամբ: Ինքնաբացարկի ինստիտուտը նպատակ ունի կողմերի և գործին մասնակցող այլ անձանց մոտ ամրապնդել համոզմունք առ այն, որ գործը քննվել և լուծվել է անկողմնակալ և օբյեկտիվ, ինչն իր հերթին նախադրյալներ է ստեղծում տվյալ գործով օրինական դատական ակտ կայացնելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` օրենսդիրը, ամրագրելով դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը, միաժամանակ իմպերատիվ կերպով սահմանել է, որ ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու դեպքում գործի քննությունն ընդհատվում է մինչև ինքնաբացարկի հարցի լուծումը, քանի որ առանց դատավորի անաչառության վերաբերյալ կասկածները փարատելու գործի քննությունը շարունակելու դեպքում չի կարող խոսք լինել գործի անկողմնակալ և օբյեկտիվ քննության մասին: Ընդ որում, դատավորի անաչառության վերաբերյալ կասկածները փարատվում են կամ դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելով, կամ ինքնաբացարկի միջնորդությունը պատճառաբանված որոշմամբ մերժելով:

Սույն գործի փաստերի համաձայն` Հուսիկ Թադևոսյանի կողմից 22.04.2014 թվականին Վերաքննիչ դատարան է ներկայացվել «Դատավորի ինքնաբացարկի մասին» միջնորդություն, որով վերջինս հայտնել է, որ 28.03.2013 թվականին Վերաքննիչ դատարանը նույն դատական կազմով` նախագահությամբ Ս. Միքայելյանի, Ն. Տավարացյանի և Դ. Խաչատրյանի, նույն անձանց միջև միևնույն գույքի վերաբերյալ թիվ ԱՐԴ 1/0049/02/11 քաղաքացիական գործով քննության է առել վերաքննիչ բողոք, ինչը վերջինիս մոտ կասկած է հարուցել սույն գործով վերաքննիչ բողոքը քննող դատական կազմի անկողմնակալության վերաբերյալ:

Սույն գործում, սակայն, առկա չէ որևէ ապացույց վերը նշված միջնորդությունը Վերաքննիչ դատարանի դատավորների կողմից քննարկելու և դրա վերաբերյալ եզրահանգման գալու վերաբերյալ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ շահագրգիռ անձն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի` միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տփալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Հետևաբար, հաշվի առնելով նաև ինքնաբացարկի ինստիտուտի կարևորությունը` անձի արդար դատաքննության իրավունքի իրացման հարցում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է Հուսիկ Թադևոսյանի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը (արդար դատաքննության իրավունք):

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի հիմքում նշված դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ մյուս փաստարկներին, ապա կողմի դատավարական իրավունքի վերը նշված տեսքով սահմանափակման արդյունքում Վճռաբեկ դատարանը դրանց հնարավոր չի համարում անդրադառնալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2014
N ԱՐԴ1/0019/02/13
Որոշում