Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ՍԼԱՎԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԼԱՎԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐ ...

 

 

020.1191.240215

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԼԱՎԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 314.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 փետրվարի 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Ս. Պողոսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Սլավիկ Պողոսյանի դիմումի հիման վրա`ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 8-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Սլավիկ Պողոսյանի`2014 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի` սույն գործով վիճարկվող 314.1-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է.

«Հոդված 314.1. Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները

8. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է: Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում»:

Վերոհիշյալ իրավակարգավորումը գործողության մեջ է դրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 21.02.2007թ. ՀՕ-93-Ն և 08.02.2011թ. ՀՕ-44-Ն օրենքներով:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԿԴ1/0026/01/14 քրեական գործով 2014 թվականի մայիսի 20-ի նիստի ընթացքում փաստաբանի օգնական Սլավիկ Պողոսյանի նկատմամբ որպես դատական սանկցիա է կիրառվել դատական նիստերի դահլիճից հեռացումը: Դատական սանկցիա կիրառելու որոշման դեմ 2014 թվականի մայիսի 30-ին դիմողը ներկայացրել է վերաքննիչ բողոք, ինչը ՀՀ վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունիսի 13-ի որոշմամբ առանց քննության է թողնվել այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման: ՀՀ վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունիսի 13-ի որոշման դեմ դիմողը ներկայացրել է վճռաբեկ բողոք, ինչը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ վերադարձվել է:

3. Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին` պատճառաբանելով, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության արդյունավետ միջոցներով վերականգնելու իր խախտված իրավունքները: Մասնավորապես, ինչպես գտնում է դիմողը, տվյալ դեպքում իրավական պաշտպանության միակ և արդյունավետ հնարավոր միջոցն իր նկատմամբ կայացված դատական ակտի անմիջական բողոքարկումն է, քանի որ որևէ այլ ձևով, այդ թվում` գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում («հետաձգված բողոքարկում»), անհնար է վերականգնել իր խախտված իրավունքները: Միաժամանակ, ինչպես գտնում է դիմողը, սկզբունքորեն գոյություն ունի վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի կայացրած «ցանկացած որոշման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն»: Հետևաբար, ինչպես եզրակացնում է դիմողը, ինքն իրավունք ունի իր նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումը, որով հեռացվել է դատական նիստերի դահլիճից, վերադաս դատարան բողոքարկելու միջոցով վերականգնել իր խախտված իրավունքները:

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ քրեական դատավարության մասնակիցները, որպես վերաքննիչ բողոքարկման իրավունքի սուբյեկտներ, նիստերի դահլիճից հեռացնելու ձևով դատական սանկցիայի կիրառման իրավաչափության հարցը կարող են քննարկման առարկա դարձնել գործն ըստ էության լուծող դատական ակտի շրջանակներում` գործի հրապարակային քննության իրավունքի համատեքստում: Մինչդեռ այդպիսի սանկցիա կիրառելու վերաբերյալ որոշումը քրեական դատավարության այլ սուբյեկտների, այդ թվում` դատական նիստին ներկա գտնվող անձանց կողմից բողոքարկելու իրավունք օրենսդիրը չի նախատեսել, քանի որ «դրանք, ըստ էության, էականորեն չեն շոշափում վերջիններիս շահերը», և այն «կհակասի քրեական դատավարության նպատակներին»:

Անդրադառնալով փաստաբանի օգնականի կարգավիճակին` պատասխանող կողմը գտնում է, որ այն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերվում պարզեցված կարգով, վերաբերում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի «վերաբերյալ կարգավորումներին», և որ դատական վարույթին վերաբերող «առավել կարևոր գործառույթների իրականացման հարցում» փաստաբանի օգնականի համար սահմանվել են «արգելքներ», հետևաբար` «քրեական դատավարությունում փաստաբանի օգնականը չունի կողմի կարգավիճակ, ուստի չի կարող օգտվել փաստաբանի իրավունքներից»: Արդյունքում` պատասխանող կողմը գտնում է, որ ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, դիմողն ըստ էության բարձրացնում է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց:

5. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը որոշելիս նախևառաջ հաշվի առնել.

- դիմումի առարկա հանդիսացող վեճի շրջանակներում անձի դատավարական իրավունքների օրենսդրական սահմանափակման սահմանադրական իրավաչափությունը` ելնելով տվյալ անձի թե՛ ընդհանուր իրավական և թե՛ դատավարական կարգավիճակի առանձնահատկություններից ու այդ բնագավառում ձևավորված միջազգային իրավական փորձից,

- անձի իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը, այդ թվում` դատական մատչելիության, արդար դատաքննության երաշխավորման շրջանակները, դիտարկելով այն վիճարկվող իրավակարգավորմամբ նախատեսված դատական ընթացակարգի առանձնահատկությունների համատեքստում,

- վեճի առարկա իրավադրույթի, վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված այլ նորմերի, ինչպես նաև իրավակարգավորման միևնույն բնագավառի իրավական այլ ակտերի կիրառման իրավաչափության հարցի շրջանակներում սահմանադրական օրինականության պահպանման անհրաժեշտությունը:

6. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ինչպես սահմանված է վերջինիս 2-րդ և այլ հոդվածներում, ի թիվս այլ խնդիրների, կոչված է երաշխավորելու անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանրորեն առավել վտանգավոր (հանցավոր) արարքներից: Այդ օրենսգրքի համապատասխան նորմերը կոչված են սահմանելու իրավասու պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից քրեական գործերով վարույթի իրականացման կարգը, որպեսզի քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի, ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի, ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման:

Այսպիսով, քննության առարկա օրենսգիրքը կոչված է երաշխիք հանդիսանալու հանրային-իրավական այնպիսի կարևորություն ունեցող խնդիրների լուծման համար, որպիսիք անմիջականորեն բխում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 14-րդ, 14.1-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և բազմաթիվ այլ հոդվածների պահանջներից: Հիշյալ խնդիրների լուծումը ենթադրում է ոչ միայն դրանց նորմատիվ հաստատագրում, այլև իրավական համապատասխան ընթացակարգերի և վերջիններիս իրականացման բավարար ու անհրաժեշտ պայմանների երաշխավորում, այդ թվում` արդարադատության իրականացման բնագավառում: Այսինքն` քրեական վարույթի իրականացման այնպիսի փուլում, որի շրջանակներում իրավական վերջնական գնահատական է տրվելու անձի` քննության առարկա վարքագծին, և անհրաժեշտության դեպքում կիրառվելու է քրեական օրենքով սահմանված պետական հարկադրանքի այս կամ այն միջոցը: Այդպիսի նպատակի իրականացմանն է կոչված սույն գործով վեճի առարկա իրավակարգավորումը, քանի որ նախատեսված է հարկադրանքի համապատասխան միջոցի կիրառման հետ կապված հարաբերությունների կարգավորմամբ երաշխավորելու դատական նիստի բնականոն ընթացքը` այն ընթացակարգի շրջանակներում, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Մասնավորապես, օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

- նախազգուշացում,

- նիստերի դահլիճից հեռացնելը,

- դատական տուգանք,

- պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:

Միաժամանակ, օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը նախատեսել է հարկադրանքի այդ տեսակների կիրառման կոնկրետ իրավապայմանները, մասնավորապես` թվարկված սանկցիաները պետք է համաչափ լինեն արարքի ծանրությանը և նպատակ հետապնդեն ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը, կիրառվեն կոնկրետ (քրեական դատավարությանը մասնակցող և դատական նիստին ներկա գտնվող) անձանց նկատմամբ և այլն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ինչպես քննության առարկա, այնպես էլ համանման իրավահարաբերություններ կարգավորող այլ նորմերի (9-րդ հոդվածի 2-րդ մաս, 314-րդ հոդված) բովանդակությունից նաև հետևում է, որ դատավարական հարկադրանքի միջոցներ դատարանը կիրառում է միայն այն դեպքում, երբ այդպիսի որոշման անհրաժեշտությունը հիմնավորված է պատշաճ իրավական ընթացակարգով: Սակայն դատական նիստի սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում` այդ կարգի խախտման փաստով պայմանավորված, հարկադրանքի միջոցներ դատարանը կիրառում է իր նախաձեռնությամբ` ելնելով դատական նիստի կարգի խախտման հետ կապված հանգամանքների իր հայեցողական գնահատականներից: Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող իրավակարգավորման շրջանակներում դատական հայեցողությունից դուրս են դատավարական հարկադրանքի վերոթվարկյալ միջոցները կոնկրետ (դատավարությանը մասնակցող և դատական նիստին ներկա գտնվող) անձանց նկատմամբ կիրառելու իրավապայմանները: Մասնավորապես, դատարանի նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ: Ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը խախտելու և նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը կարող է կիրառել նախազգուշացում, կամ նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից: Միաժամանակ, գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել վիճարկվող հոդվածի առաջին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները (գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը), որն իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական սանկցիաների վերաբերյալ դատարանի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից (314.1-րդ հոդվածի 8-րդ մաս):

Այսպիսով, վիճարկվող իրավակարգավորման վերլուծությունից հետևում է, որ դատավարական հարկադրանքի միջոցների կիրառելիության հարցում օրենսդիրն առաջնորդվել է անձանց (դատավարությանը մասնակցող և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց) տարբերակման սկզբունքով, բացառելով դատավարությանը մասնակցող և դատավարական (իրավական) առանձնահատուկ կարգավիճակ ունեցող սուբյեկտների` դատախազի, պաշտպանի (փաստաբանի, կողմի ներկայացուցչի) նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացնելը որպես սանկցիա կիրառելը: Այն ունի իրավական հիմնավորում: Ինչպես դատախազը (գործով պետական մեղադրողը), այնպես էլ պաշտպանը (փաստաբանը, կողմի ներկայացուցիչը) ՀՀ Սահմանադրության 103-րդ, 20-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների, ՀՀ օրենսդրության այլ ակտերի հիմքերով կատարում են սահմանադրաիրավական գործառույթներ` կապված համապատասխանաբար` դատարանում մեղադրանքի պաշտպանման և անձանց իրավաբանական օգնության տրամադրման հետ, որպիսիք միտված են ինչպես անձի իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովման, այնպես էլ վերջինիս հետ շաղկապված` անկախ, արդար, անկողմնակալ, մրցակցային արդարադատության իրականացման` Սահմանադրությամբ հաստատագրված նպատակների իրագործմանը: Այսպիսով, դատավարության մասնակից հանդիսացող վերոհիշյալ սուբյեկտների իրավական (դատավարական) կարգավիճակի առանձնահատկությունը, համաձայն որի` նրանք ենթակա չեն դատարանի կողմից անմիջականորեն կիրառման ենթակա որոշ սանկցիաների (նիստերի դահլիճից հեռացում, դատական տուգանք), ուղղակիորեն պայմանավորված է քրեադատավարական հարաբերություններում օրենքով նրանց ունեցած իրավունքների ու պարտականությունների բնույթով:

Ինչ վերաբերում է վիճելի իրավակարգավորման սուբյեկտ հանդիսացող փաստաբանի օգնականի իրավական (դատավարական) կարգավիճակի առանձնահատկությանը, ապա այն մանրամասնված է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում: Վերջինիս 23-րդ հոդվածի համաձայն` տվյալ օրենքի իմաստով փաստաբանի օգնականի կարգավիճակը հավասարեցվում է փաստաբանի կարգավիճակին, որի ինքնությունը հաստատվում է փաստաբանի օգնականի վկայականով` տրված ՀՀ փաստաբանների պալատի կողմից («Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասեր): Փաստաբանի օգնականը «օգտվում է փաստաբանի բոլոր իրավունքներից» այն բացառություններով, որպիսիք հիմնականում թվարկված են վերոհիշյալ հոդվածի 3-րդ մասի 1-ից 3-րդ կետերում և միաժամանակ, որոշ բացառություններով, «կրում է բոլոր պարտականությունները», որոնք այդ օրենքով վերապահված են փաստաբանին, այդ թվում` փաստաբանի վարքագծի կանոնագրքի կանոններով նախատեսված (23-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասեր): Մասնավորապես, համաձայն տվյալ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի` փաստաբանի օգնականը չունի դատավարական բնույթի այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են. «...ստորագրելու և ներկայացնելու հայցադիմումներ, միջնորդություններ, առարկություններ, հայտարարություններ, պատասխաններ, բացարկներ, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև հարցեր տալու քննչական կամ դատավարական գործողություններին մասնակցելիս»:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի քննության առարկա վիճելի իրավակարգավորումը նախատեսող նորմերի համալիր վերլուծությունը վկայում է, որ փաստաբանի օգնականը քրեադատավարական հարաբերությունների ինքնուրույն սուբյեկտ չէ, այսինքն` իրավասու չէ առանց փաստաբանի (պաշտպանի) ինքնուրույնաբար իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով փաստաբանին (պաշտպանին) վերագրված դատավարական բնույթի հիմնական գործառույթները: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ օրենսգիրքը (6-րդ հոդվածի 31-րդ կետ) հստակ տարանջատել է «դատավարության մասնակցին» (դատախազ (մեղադրող), քննիչ, հետաքննության մարմին, տուժող, քաղաքացիական հայցվոր, նրանց օրինական ներկայացուցիչներ և ներկայացուցիչներ, կասկածյալ, մեղադրյալ, նրանց օրինական ներկայացուցիչներ, պաշտպան, քաղաքացիական պատասխանող և նրա ներկայացուցիչը)` դատավարական հարաբերություններում այդ սուբյեկտին օժտելով որոշակի իրավունքներով ու պարտականություններով:

7. Անդրադառնալով դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումների բողոքարկելիության` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 8-րդ մասում ամրագրված իրավակարգավորման սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման խնդրին` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում այն դիտարկել արդարադատության արդյունավետության, անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև դատական բողոքարկման իրավունքի իրացման սահմանադրական և միջազգային իրավական չափանիշներին դրա համապատասխանության գնահատման համատեքստում:

Ինչպես հետևում է վերոհիշյալ նորմի բովանդակությունից, դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Դրանք բողոքարկելի չեն, բացառությամբ` տուգանք կիրառելու մասին որոշման, որը կարող է բողոքարկվել եռօրյա ժամկետում:

Համադրելով հիշյալ նորմը քրեական գործերով դատաքննության փուլում դատական բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմերի հետ` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել վիճարկվող իրավակարգավորման հիմքում դրված հետևյալ սկզբունքային մոտեցումները.

- սանկցիայի կիրառման որոշումը դատարանը կայացնում է նույն դատական նիստում` միջանկյալ դատական ակտով, ընդ որում` այդպիսին կայացվում է կամ արձանագրային որոշման (314.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետեր) կամ առանձին որոշման ձևով (314.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետեր),

- կիրառված որոշ սանկցիաների կամովին չկատարման դեպքում նախատեսված է դրանց հարկադիր կատարման ապահովում (314.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետեր):

Այսպիսով, քննության առարկա նորմով իրավաբանական առանձնահատուկ ուժ է հաղորդված քրեական գործերով դատական նիստի` օրենքով սահմանված կարգը պահպանելուն, այն խախտող անձանց պատասխանատվության ենթարկելուն կոչված դատական ակտերին: Այդ առանձնահատկությամբ են պայմանավորված թե՛ այդ ակտերի կայացման և թե՛ կատարման ապահովման գործող ընթացակարգերը: Միջանկյալ դատական այսպիսի ակտերի բողոքարկելիության իրավական սահմանափակ հնարավորությունը պայմանավորված է դատաքննության բնականոն ընթացքը խոչընդոտող ոչ իրավաչափ ու անկանխատեսելի հանգամանքների արագ վերացման և արդար, արդյունավետ, անկողմնակալ, բազմակողմանի ու օբյեկտիվ դատաքննություն իրականացնելու համար օրենքով նախատեսված պայմանների ստեղծման (ապահովման) անհրաժեշտությամբ, որը նաև երաշխիք է անձի իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ իրացնելու համար: Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավակարգավորումը հետապնդում է իրավաչափ նպատակ և նման մեկնաբանման ու դրան համապատասխան կիրառման դեպքում սահմանադրականության խնդիր չի կարող հարուցել:

8. Անձի իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի և վերջինիս` իր սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան, օրենքով իրացումը երաշխավորելու, ինչպես նաև դատական ակտերի բողոքարկելիության արդյունավետությունը բարձրացնելու հիմնախնդիրներին սահմանադրական դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-665, ՍԴՈ-673, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-720, ՍԴՈ-747, ՍԴՈ-752, ՍԴՈ-754, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-780, ՍԴՈ-832, ՍԴՈ-922, ՍԴՈ-936 և այլն): Այդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ելնելով հատկապես սույն գործով քննության առարկա հարցադրումներից, սկզբունքորեն հանգեցնում են իրավահամակարգային նշանակություն ունեցող հետևյալ եզրահանգումներին.

- դատական ակտերի բողոքարկումն անձի խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության երաշխավորման, ինչպես նաև արդար դատաքննության իրականացման խնդրում առանձնահատուկ ինստիտուտ է,

- բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է` որոշակի ընթացակարգի, այդ թվում դատական հնարավոր սխալների ուղղման միջոցով իրականացնել արդարադատության նպատակները,

- օրենքով նախատեսված կարգով բողոքարկման ենթակա են ինչպես օրինական ուժի մեջ չմտած, այնպես էլ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը (գործով ըստ էության կայացված ակտերը, ինչպես նաև օրենքով թվարկված միջանկյալ ակտերը),

- բողոքարկելի են միջանկյալ դատական այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացումը, մինչդեռ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում գործի քննության հնարավորությունը և վերաբերում են գործի քննությունը կազմակերպելու` դատավորի հայեցողությանը,

- սահմանված են դատական ակտերը վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքների հիման վրա վերանայելու իրավասություն ունեցող դատարանները, ընթացակարգերը և արդյունքում կայացվող որոշումները,

- օրենքով սահմանված են դատական ակտերի բողոքարկման հիմքերը, այդ թվում` դատական սխալի հիմքով,

- գործով ըստ էության կայացված դատական ակտի բեկանման (վերանայման) հիմք կարող է հանդիսանալ ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի միայն այնպիսի խախտումը, որն ազդել է գործի ելքի վրա (հանգեցրել է գործի սխալ լուծմանը), մասնավորապես` խոչընդոտել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, խախտել է կողմերի դատավարական իրավունքները, հանգեցրել է արդարադատության սկզբունքների խախտմանը:

Միաժամանակ, ընդհանրացնելով դատական բողոքարկման ինստիտուտի կիրառման միջազգային իրավական փորձը` սահմանադրական դատարանը կարևորել է իրավակարգային այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են.

- մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ դատական բողոքներն ըստ էության քննության առնելու և դրանց լուծում տալու համար արդյունավետ ընթացակարգերի նախատեսումը, այդ թվում խելամիտ ժամկետներում դատաքննության ապահովումը,

- բողոքների ընդունման և քննության ընթացակարգերի դիտարկումն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման համատեքստում:

Վերոհիշյալ իրավաչափ նպատակների իրացման անհրաժեշտությունից ելնելով` սահմանադրական դատարանը նաև արձանագրել է միջազգային իրավակիրառական պրակտիկայի զարգացման այն միտումը, համաձայն որի` առկա է միջանկյալ դատական ակտերի անմիջական բողոքարկման հնարավորությունը նվազագույնի հասցնելու և դրանց «հետաձգված բողոքարկման» կարգին նախապատվություն տալու ընդհանուր միտում:

Եվրոպական միության շրջանակներում հաստատագրված իրավական պրակտիկան վկայում է, որ դատական նիստի կարգը խախտելու հիմքով փաստաբանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցի կիրառման հարցը լուծում է ոչ թե դատարանն իր հայեցողությամբ, այլ վերջինիս ներկայացմամբ` փաստաբանական կառավարման համապատասխան մարմինը:

9. Այսպիսով, վերահաստատելով վերոհիշյալ որոշումներով արտահայտած իր իրավական դիրքորոշումները, միջազգային իրավական պրակտիկայի ամփոփման արդյունքում արված եզրահանգումները, գնահատելով սույն գործով դիմումի առարկայի շրջանակներում օրենսդրական, այդ թվում` դատական բողոքարկման իրավունքի սահմանափակման սահմանադրական իրավաչափությունը, սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք համաչափ են հիշյալ իրավակարգավորմամբ հետապնդվող նպատակներին: Սահմանադրական դատարանը գտնում է, որ ինչպես փաստաբանի, այնպես էլ վերջինիս օգնականի կարգավիճակն իր իրավական բովանդակությամբ, իրավակիրառական պրակտիկայում պետք է մեկնաբանվի այդ կարգավիճակը բնորոշող իրավական ակտերի համակցության մեջ` նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքի իրացման օրենսդրական երաշխավորման գերակա անհրաժեշտությունը: Սահմանադրաիրավական այսպիսի դիրքորոշմամբ և համարժեք կիրառման դեպքերում վեճի առարկա իրավակարգավորումն ինքնին սահմանադրականության խնդիր չի հարուցի:

Այլ է խնդիրը, ինչպես վկայում են գործում առկա նյութերը, թե ինչպե՞ս են մեկնաբանվել ու կիրառվել վիճարկվող և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ նորմերը կոնկրետ գործով, տվյալ անձի (փաստաբանի օգնականի) նկատմամբ և փաստական ինչպիսի՞ հանգամանքների առկայությամբ: Դրանց ըստ էության քննությունն ու իրավագնահատումն ընդհանուր իրավասության դատարանների և, մասնավորապես, վճռաբեկ բողոքի շրջանակներում` ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական իրավասության խնդիրն է:

Սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կողմից 18.02.2015թ. Ն/142 գրությամբ ներկայացված գիտավերլուծական կենտրոնի եզրահանգումն առ այն, որ քննության առարկա գործի շրջանակներում «... ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից վիճահարույց չէ»:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 8-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 փետրվարի 2015 թվականի

ՍԴՈ-1191

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.02.2015
N ՍԴՈ-1191
Որոշում